Օրինապահ պաշտոնյա է Կանջի Վատանաբեն (դերասան՝ Տակասի Սիմուրա), ունի ընտանիք,  կայուն աշխատանք և առաջին հայացքից ողբերգական կերպարի տպավորություն չի թողնում, այլ, ավելի շուտ, բյուրոկրատական մեխանիզմին սազական ու պատշաճ հեղույս՝ կնիքներ դնող, հրահանգներ փոխանցող, քաղաքացիների խնդրանքը պետական ապարատի ոլորաններում խեղդող, պատասխանատվությունից բարեհաջող խուսափող։ Քաղաքացիների դիմում-թղթերը փոխանցվում են սեղանից սեղան, իսկ ետպատերազմական քաղաքի ճահճուտն անփոփոխ է։

Ակիրա Կուրոսավայի «Ապրել» (Ikiru, 1952 թ․) ֆիլմում, որտեղ առաջին կեսն ընթանում է «մեռած» ռիթմով, իսկ երկրորդ կեսում գլխավոր հերոսը գրեթե անհետանում է, այնուամենայնիվ, հերոսի ապրելն սկսվում է հիվանդությունից հետո։

Վատանաբեն հրաշալի գիտի, թե ինչ է ասում բժիշկը հիվանդին, երբ ախտորոշումը քաղցկեղ է՝ «Կերեք ինչ կուզեք, վիրահատելու կարիք դեռ չկա»։ Եվ հանկարծ դատավճռի պես հնչող «բուժումն» ասվում է իր համար։ Անշուշտ, շոկային է՝ ճիշտ այնպես, երբ գիտես, որ մարդիկ մի օր մահանում են, բայց հանկարծ մահվան շեմին կանգնածը դու ես։ Ճիշտ այնպես, երբ գիտես, որ աշխարհում պատերազմներ են լինում, իսկ քո երկիրը պատերազմից բաժանվում է մեկ մազով, բայց հանկարծ այդ մազը պոկվում է ուղիղ քո երկրի քաչալ գլխին։ Ճիշտ այնպես, երբ գիտես, որ պատերազմներում մի կողմը պարտվում է, և հանկարծ այդ պարտվողը դու ես։ Ճիշտ այնպես, երբ գիտես, որ պատերազմից և հատկապես պարտություններից հետո լինում են անձնային և հասարակական խոր ճգնաժամեր, և հանկարծ այդ ճգնաժամը եռում է քո մեջ և քո շուրջ։

Փաստն այն է, որ Վատանաբեն՝ ինչպես և մեր հասարակությունը, կանգնեցինք հավաքական մահվան և կորստի իրականության առաջ։ Այսպիսի ցնցումներից հետո մարդիկ, ինչպես ֆիլմի հերոսը, հայտնվում են երկու տարբեր իրավիճակներում՝ նիհիլիզմի և «խրախճանք ժանտախտի ժամին» հոգեվիճակում, կամ՝ գիտակցելով ժամանակի սղությունն ու կյանքի փխրունությունը, ձեռքից եկածն անում կյանքն ավելի տանելի դարձնելու համար։

Ինչպե՞ս կարող է մարդն ապրել՝ չապրելով։ Ապրել՝ չիմանալով՝ ինչու՞, հանուն ինչի՞։ Եվ երբ, ի վերջո, որոշում է ապրել, չգիտի՝ ինչպե՞ս են դա անում ընդհանրապես։ Ինչպե՞ս լինել մարդ և ինչպե՞ս ապրել մարդավարի։ Վատանաբեն գտնում է հնարը՝ մահաբեր ճահճուտը խաղահրապարակի վերածելու կանանց՝ տարիներ ի վեր ներկայացրած դիմում-խնդրանքին ընդառաջելը, որին ինքը՝ որպես բյուրոկրատիկ մեխանիզմի մի մասնիկ՝  ապահովել է դիմում-թղթերի անպտուղ շրջանառությունը սեղանից սեղան։ Խաղահրապարակը կառուցվում է։ Վատանաբեն մահանում է։ Իհարկե, սրանով Վատանաբեի կյանքը չի ավարտվում։ Առհասարակ, ոչինչ արագ չի ավարտվում, հատկապես՝ մահվանից հետո։ Դեռ պիտի պարազիտանան մարդու հիշատակի հաշվին՝ հանգուցյալին վերագրելով յուրաքանչյուրն իրեն հարմար հատկանիշներ և եզրահանգումներ։ Վատանաբեի հիշատակի արարողակարգին հավաքվում է չինովնիկական փոքրոգի շրջանակը՝ անտարբեր և բավականաչափ բթամիտ, բայց ճկուն, ինչպես կոռուպցիոն կապերն ու փողերի լվացումը։ Հերոսի թաղմանը պաշտոնյաները, ազդված իրենց գործընկերոջ արարքից և ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ արցունքն աչքերին, երդվում են փոխվել և իրենց հանգուցյալ գործընկերոջ պես աշխատել հանուն մարդու։ Բայց դա հեշտ գործ չէ, և Կուրոսավան ինքն էլ մեզ չի թողնում էժանագին պատրանքների հույսին։ Հաջորդ իսկ առավոտյան ամեն ինչ վերադառնում է նախկին բյուրոկրատական հունին՝ ինչպես շատերս պատերազմից հետո՝ դեռևս սգի մեջ, խոստացանք չլինել առաջվա պես, բայց, ցավոք, համակարգային իներցիան արագորեն սպառում է այդ էներգիան․ ճահճուտը միշտ հակված է կլանելու։

Իր ֆիլմերի սցենարները Կուրոսավան ինքն էր գրում, իսկ նախապատրաստական աշխատանքների ժամանակ մանրակրկտորեն ուսումնասիրում էր համաշխարհային գրականության գլուխգործոցները։ «Պետք է հասկանալ,- ասում էր Կուրոսավան,- որտեղից գտնել հոգիդ պահպանող զգացմունքները»։

Հետաքրքրականն այն է, որ ֆիլմի ընթացքում գրական հոտառությամբ զգում էի չեխովյան նովելների, թերևս, ռուս գրականությանը հատուկ մի մթնոլորտ․  նախկին սովետական միության գաղութի քաղաքացուս չափազանց ծանոթ, սրտամոտ էր նկարագրված բյուրոկրատիան և չինովնիկական կույտը։ Եվ միայն ֆիլմը դիտելուց հետո պարզեցի, որ «Ապրել» ֆիլմը, փաստորեն, հիմնված է Լև Տոլստոյի «Իվան Իլյիչի» մահը վիպակի վրա։ Կուրոսավան և սցենարիստները նշել են, որ Տոլստոյի ստեղծագործությունն իրենց համար ծառայել է որպես գաղափարական հիմք, որը նրանք տեղափոխել են ետպատերազմական Ճապոնիա։

Տոլստոյը «Իվան Իլյիչի մահը» վիպակը գրել է 1886 թվականին՝ իր հոգևոր ճգնաժամից հետո, և ճապոնացի ռեժիսորի ֆիլմի և ռուս գրողի վիպակի հանգուցալուծումները աշխարհայացքային նուրբ տարբերությամբ են հյուսվում։

Տոլստոյի հերոս Իվան Իլյիչը ռուսական ցարական  բյուրոկրատիայի դատավոր է, որ անբուժելի հիվանդության լուրն իմանալուց հետո մահվան անկողնում է առաջին անգամ իրեն հարց տալիս՝ «Արդյո՞ք ես երբևէ ապրել եմ»։ Տոլստոյի աշխարհում մահը մարդու վերջին ուսուցիչն է, փրկությունը՝ ապաշխարությունն ու հոգևոր վերածնունդը։

Կուրոսավան պահպանում է նույն գոյաբանական հարցը, բայց ամբողջությամբ փոխում է պատասխանը՝ հնարավորություն տալով իր հերոսին այդ հարցն ինքն իր համար հնչեցնել հիվանդության լուրն իմանալուն պես՝ օրեր անց այն վերափոխելով այլ բովանդակությամբ՝ «Իսկ եթե դեռ ուշ չէ՞ մի բան փոխելու համար»։ Կուրոսավան ժամանակ է տալիս իր հերոսին, և ետպատերազմական ճապոնական բյուրոկրատիայի քաղաքապետարանի շարքային պաշտոնյան ապրելու իմաստը գտնում է հանրային ծառայության մեջ՝ երեխաների համար թողած խաղահրապարակ ստեղծելով։

Ֆիլմի ամենահուզիչ և հիշարժան պահերից է վերջին տեսարանը, երբ Վատանաբեն մեղմ թափվող ձյան տակ նստում է նոր կառուցված խաղահրապարակի ճոճանակին։ Ճոճվելիս հերոսը խաղաղ երգում է 1920-ականներին հայտնի «Գոնդոլայի երգը»։ Տեսարանում չկա ուրիշ երաժշտություն, լսվում է միայն նրա թույլ երգը՝ «Կյանքը կարճ է, սիրահարվի՛ր, սիրելի աղջիկ»․․․ Ճոճանակն անշեղորեն հետհաշվարկ է կատարում դեպի զրո՝ ազդարարելով հերոսի կյանքի վերջին վայրկյանները և անցումը դեպի․․․

Կյանքը կարճ է, սիրահարվի՛ր, սիրելի աղջիկ։

Մարինա Բաղդագյուլյան