Արվեստագետների կյանքում որոշ հանդիպումներ ճակատագրական են դառնում: Այդպիսի հանդիպումներն անջնջելի հետք են թողնում մարդկային մտածողության վրա: Ապրելով երկար և իրադարձություններով հարուստ կյանք` ճապոնացի աշխարհառչակ ռեժիսոր Ակիրա Կուրոսավան հնարավորություն է ունեցել հանդիպելու բազմաթիվ ռեժիսորների, դերասանների, արվեստաբանների, գրողների և լրագրողների հետ: Այդ հանդիպումների, իր ժամանակակիցների մասին հուշերից հնարավոր է դառնում բացահայտել ռեժիսորի մարդ տեսակը:

Ներկայացնում ենք Կուրոսավայի` Տարկովսկու մասին հուշերից մի հատված։

«Իմ առաջին հանդիպումը Տարկովսկու հետ  Խորհրդային Ռուսաստան կատարածս առաջին այցի ժամանակ էր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում իմ պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ: Ցածրահասակ, բարալիկ, ինչպես  եղեգ, Տարկովսկին ինձ վրա թողեց  ծայրաստիճան խելացի, զարմանալիորեն խորաթափանց և զգայուն մարդու տպավորություն: Հիշում եմ, թե ինչպես այն ժամանակ Տարկովսկին ներողություն խնդրեց ՝ ասելով, որ ինքը գործ ունի, և ինչ-որ տեղ անհետացավ:  Որոշ ժամանակ անց պայթյուն որոտաց, որից ցնցվում էին ճաշասենյակի ապակիները: Ես ապշած էի, և «Մոսֆիլմի» տնօրենը, բազմանշանակալից ժպտալով, շտապեց ինձ հանգստացնել. «Սա երրորդ համաշխարհային պատերազմը չէ: Տարկովսկին է հրթիռ արձակողը: Չնայած նրա ֆիլմը նկարահանելն ինձ համար մի ամբողջ պատերազմ արժեցավ»: Այսպիսով, ես իմացա, որ Տարկովսկին նկարահանում է «Սոլյարիսը»:

Ճաշելուց հետո ես որոշեցի ուսումնասիրել «Սոլյարիսի» դեկորացիաները: Չափազանց  տպավորիչ էր: Ես տեսա իրական տիեզերական կայան, անկյուններից մեկում մի հրթիռ այրվեց: Շատ եմ ցավում, որ մոռացա հարցնել Տարկովսկուն, թե ինչպես է նա նկարահանել հրթիռի արձակումը: Ուղեծրային կայանի դեկորացիան շատ լավ էր պատրաստված, և շատ թանկ կարժենար, քանի որ ամբողջությամբ դյուրալյումինից էր պատրաստված: Այն փայլում էր սառը արծաթե լույսով, կայանի ինչ-որ մասից նշմարվում էին կարմիր, կապույտ և կանաչ լամպերով լույսեր: Միջանցքի առաստաղի երկու դյուրալյումինե ռելսերից կախված էր կինոխցիկի մի փոքրիկ անիվ, որը կարող էր ազատ տեղաշարժվել կայանի շուրջ:

Տարկովսկին ինձ համար դեկորացիաներին նվիրված շրջայց կազմակերպեց՝ խանդավառությամբ բացատրելով ամեն բան` նման մի երեխայի, որ ուրախ էր իր սիրելի խաղալիքները ցույց տալու առիթով: Բոնդարչուկը, որ մեզ հետ էր, հետաքրքրվեց դեկորացիաների արժեքի մասին և, լսելով պատասխանը, աչքերը լայն բացեց: Գինը իսկապես ահռելի էր՝ մոտ վեց հարյուր միլիոն իեն, այնքան, որ անգամ «Պատերազմ և խաղաղություն» մասշտաբային ֆիլմի ռեժիսոր Բոնդարչուկի բերանը բաց մնաց:

Հիմա եմ հասկանում եմ, թե ինչու «Մոսֆիլմի» տնօրենը խոսեց «պատերազմի» մասին: Հարկավոր է օժտված լինել մեծ տաղանդով և շատ ջանքեր թափել, որպեսզի հնարավոր լինի այդպիսի փողերը պատշաճ կերպով կառավարել: «Անհավատալի առաջադրանք»,- մտածեցի ես, թաքուն հայացք նետելով Տարկովսկու վրա, մինչ նա ոգևորությամբ  ինձ առաջնորդում էր  դեկորացիաների միջով:

Ինչ վերաբերում է «Սոլյարիսին», նկատել եմ, որ շատերը բողոքում են, թե այն ձգձգված է: Չեմ կարող համաձայնել այդ կարծիքի հետ:

Առաջին անգամ այդ ֆիլմը տեսել եմ ուշ երեկոյան՝ Մոսկվայի կինոդահլիճներից մեկում, և երբ դիտում էի այն, ցանկություն ունեի շուտափույթ վերադառնալ Երկիր: Մենք վայելում ենք գիտության զարմանալի առաջընթացը, բայց դեպի ո՞ւր է այն ի վերջո առաջնորդելու մարդկությանը: Ֆիլմը հոգու մեջ իրական սարսափ է առաջացնում: Եվ սա, հավանաբար, ճիշտ է, հակառակ դեպքում գիտաֆանտաստիկ ֆիլմերը ոչ այլ ինչ կլինեին, քան զվարճալի հորինվածքների հավաքածու:

Այս մտքերը թափառում էին գլխումս, մինչ ես նայում էի էկրանին:

Դահլիճում ներկա էր նաև Տարկովսկին: Նա նստած էր անկյունում: Երբ ֆիլմն ավարտվեց, ռեժիսորը ոտքի կանգնեց ՝ վախեցած հայացքը շարունակ ինձ վրա: Ես նրան ասացի. «Շատ լավ է: Ես իսկական վախ զգացի»: Տարկովսկին ամաչկոտ, բայց երջանիկ ժպտաց: Այնուհետև մենք միասին օղի խմեցինք կինեմատոգրաֆիստների ինստիտուտի ռեստորանում: Չնայած Տարկովսկին սովորաբար չէր խմում, բայց այդ օրը բավականին շատ խմեց, նույնիսկ անջատեց ռեստորանի երաժշտական նվագարկիչը և սկսեց բարձրաձայն երգել «Յոթ Սամուրայ» ֆիլմի երաժշտական թեման: Ես միացա նրան:

Այդ րոպեների ընթացքում ես զգացի, որ երջանկություն է Երկրի վրա ապրելը:

Եթե «​​Սոլյարիսը» հանդիսատեսի մոտ այդպիսի զգացողություններ է առաջացնում, ապա դա միայն ապացուցում է, որ այն պարզապես սովորական գեղարվեստական ​​կինոնկար չէ: Այն իրոք ինչ-որ կերպ հոգու մեջ անհավատալի սարսափ է առաջացնում: Ֆիլմն այսպիսի էֆեկտ ունի հենց ռեժիսորի (իհարկե նաև` գրական հիմքի հեղինակ Ստանիսլավ Լեմի) խորաթափանց լինելու շնորհիվ:

«Սոլյարիսի» յուրաքանչյուր կադր վկայում է Տարկովսկու ցնցող տաղանդի մասին: Շատերը դժգոհում են, որ նրա ֆիլմերը բարդ են, բայց ես այդպես չեմ կարծում: Տարկովսկու ֆիլմերը նայելիս անմիջապես զգում ես հեղինակի արտակարգ զգայունությունը: «Սոլյարիսից» հետո նա նկարահանել է «Հայելի» ֆիլմը, որում առավելապես ցույց է տալիս իր մանկության հիշողությունները, և շատ հանդիսատեսներ կրկին ասում են, որ ֆիլմը չափազանց բարդ է: Այո, առաջին հայացքից պատմության մեջ սյուժետային հետևողական զարգացում չկա: Բայց չպետք է մոռանալ, որ մանկության հիշողությունները պարզապես անհնար է ամբողջական, տրամաբանական սյուժեի վերածել:

Վաղ հիշողությունների բեկորներից հյուսված ժապավենը՝ անորոշ ու անհասկանալի, որոշակի բանաստեղծականություն է հաղորդում մանկությանը: Եթե​​հավատանք, տրվենք դրանց անկեղծությանը, ապա «Հայելի»-ն չափազանց  հասկանալի ֆիլմ կթվա: Բայց Տարկովսկին չէր սիրում բացատրել իր ֆիլմերը՝ նախընտրելով լռել: Եվ այդպիսի դիրքորոշումը հավատ է ներշնչում նրա ֆիլմերի նշանակալից ներուժի հանդեպ:

«Մեծ ապագա չի կարող սպասել այն մարդուն, որը պատրաստ է բացատրել ամեն ինչ` սեփական ֆիլմի վերաբերյալ»:

Այս սկզբունքի կողմնակիցն էր նաև հենց ինքը՝ Կուրոսավան: Նա հարցազրույցների ժամանակ մեկնաբանում էր ֆիլմի տեխնիկական հարցերը, իսկ իր ֆիլմերի գաղափարների ընկալումը՝ թողնում հանդիսատեսին:

Աղբյուրը

Նյութը թարգմանեց և պատրաստեց   Էլեն Դանիելյանը