«Եթե ինձ հարցնեին՝ ուրիշ ի՞նչ կուզեիր դառնալ, ես կրկին կասեի՝ դերասանուհի։ Երբեմն ինձ թվում է՝ ես ծնվել եմ այդ զգացողությամբ։ Երբեմն մտածում եմ՝ ես ընտրեցի՞ թատրոնը, թե՞ ճակատագիրն ընտրեց ինձ թատրոնի համար… Միակ տեղը, որտեղ ես հաղթել եմ, բեմն է։ Իմ կյանքի բոլոր հաղթանակները տարել եմ բեմից, բեմում, բեմով» (Մետաքսյա Սիմոնյան)։

Մետաքսյա Սիմոնյան – 100

«Հայ թատրոնի հմայք». այսպես էին անվանում մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանին։ Բնությունը նրան պարգևել էր հմայիչ արտաքին, գեղեցիկ ու դյութիչ ձայն, նրբին նազանք և բացառիկ բեմական զգացողություն։ Նրա ստեղծած կերպարները միշտ եղել են հմայիչ, գունեղ ու հիշվող, իսկ խաղը՝ անկեղծ ու ներթափանցող։ Սիմոնյանի արվեստի առանցքային թեմաներից էին կնոջ արժանապատվության, մարդկային իրավունքների և բարոյական արժեքների պաշտպանությունը, որով նա արժանիորեն շարունակեց հայ բեմի նշանավոր դերասանուհիների՝ Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։

Մետաքսյա Սիմոնյանը Երևանի նորաբաց Թատերական ինստիտուտի առաջին ուսանողներից էր։ 1944 թվականին հիմնադրված բուհում նա սովորեց Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Դեռ ուսանողական տարիներից խաղում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ մարմնավորելով Կատերինային («Քնքուշ սրտից պատուհաս»), Անանին («Էլի մեկ զոհ»), Արմանուշին («Այս աստղերը մերն են») և Նինային («Դիմակահանդես»)։ Արմանուշի կերպարի համար 1950 թվականին, ընդամենը 24 տարեկանում, արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

Metaqsj Simonyan-100

Շատ կարճ ժամանակում նա դարձավ թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը։ Նրա մասնակցությամբ ներկայացումները դիտելու համար մարդիկ օրերով հերթ էին կանգնում, իսկ տոմսերը երբեմն ձեռք էին բերում նույնիսկ դրանց պաշտոնական արժեքից մի քանի անգամ ավելի բարձր գնով։

Ժամանակակիցների վկայությամբ՝ Մետաքսյա Սիմոնյանի բեմական ներկայությունը բացառիկ էր. «Ինչ էլ նա խաղար, հետաքրքիր էր, զարմանահրաշ էր։ Իր մարդկային տեսակը բեմում չէր երևում, փոխարենը երևում էր հրաշքը։ Նա կերտել է ողբերգական ու քնարական կերպարներ։ Կյանքում ուրիշ էր, իսկ երբ բեմ էր մտնում, բեմը լցվում էր։ Ուրիշ ոչ ոք չէր երևում։ Մնում էր ինքը և հանդիսատեսը, վերջ»։

Դերասանուհու կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև նրա ընտանիքի պատմությունը։ Մայրը Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածներից էր։ Եղբոր հետ նրան նստեցրել էին որբերի գնացքը, սակայն ճանապարհին եղբայրը ցատկել էր շարժվող գնացքից՝ փոքրիկ քրոջը թողնելով մենակ։ Աղջիկը հասել էր Միջին Ասիա, հայտնվել որբանոցում, իսկ տարիներ անց ընտանիք կազմել Աշխաբադում։ Հենց այնտեղ էլ՝ 1926 թվականի հունվարի 21-ին, ծնվեց Մետաքսյա Սիմոնյանը։ 1933 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան։

Տասներկու տարեկանում Մետաքսյան Պիոներների պալատում հաճախում էր Արուս Ոսկանյանի ասմունքի և թատերական արվեստի խմբակը։ Աղջկա տաղանդը նկատեց ռեժիսոր, դերասան և Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանը, որը նրան հրավիրեց թատրոն։ Սկզբում նա մասնակցում էր զանգվածային տեսարաններին, իսկ կարճ ժամանակ անց արդեն «Վրեժ» ներկայացման մեջ մարմնավորեց Լարիսային։ Ներկայացման առաջնախաղին ներկա էր գրող Նաիրի Զարյանը, որը բարձր գնահատեց երիտասարդ դերասանուհու խաղն ու տաղանդը։

Մետաքսյա Սիմոնյանը շուրջ 45 տարի խաղացել է Մեծ (Սունդուկյանի) թատրոնում: Լինելով դրամատիկ-քնարական շնչի դերասանուհի և առանձնապես չկարևորելով դերի կենցաղային ու ազգային հատկանիշները՝ նա հասել է խաղացանկի լայն ընդգրկման՝ հաջողությամբ հանդես գալով հայկական, ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների պիեսներում: Տասնյակ տարիներ Սիմոնյանը եղել է թատրոնի առաջատար դերասանուհին: Լավագույն դերերից են՝ Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես») և այլն: Նրա ստեղծագործական ճանապարհի ձևավորման և զարգացման մեջ մեծ դեր ունեցան Վարդան Աճեմյանը, Վաղարշ Վաղարշյանը, Մուրադ Կոստանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Արմեն Գուլակյանը և Վահրամ Փափազյանը։

«Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, բայց լավագույնը, ըստ իս, ձայնային տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է և ախորժալուր, այլև հասնում է սրահին ՝դերասանուհու ներաշխարհի լրիվ ամբողջությամբ» (Վահրամ Փափազյան):

Իր տեղծագործական կյանքի ամենավառ տարիներին  Մետաքսյա Սիմոնյանին վստահվել է Դոստոևսկու «Ապուշը» ներկայացման մեջ Նաստասյա Ֆիլիպովնայի դերը: Այս ներկայացումից հետո ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստանոգովը ասել է.«Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում»:

1949 թվականին Արմեն Գուլակյանը բեմադրում է  Լերմոնտովի «Դիմակահանդեսը»։ Մեծն Փափազյանը Լերմոնտովի «Դիմակահանդեսում» Մետաքսյայի (Նինա) հետ խաղացել է Արբենինի դերը։ Արտիստը նրան  սովորական դերասանուհի չէր համարում. «Որովհետև սովորական մի  դերասանուհի չէ Մետաքսյան, և այդ հանգամանքով իսկ պարտադրված է նա հեռու մնալ ամեն սովորականից և իր բոլոր անձնավորումներում լինել ավելին, քան եղավ նա Լերմոնտովի Նինայում։ Սովորականից վեր եղավ նա «Դիմակահանդեսում», ու Նինայի դերակատարման մեկից  ավելի դրվագները անմոռաց ապրումներ եղան, ինչպես և գեղեցիկ էջեր ոչ միայն մեր թատրոնի, այլև առհասարակ թատերական արվեստի մատյանում» (Վահրամ Փափազյան, «Մետաքսյա». Վարսիկ Գրիգորյան, էջ 5 ):

 Իր կանացի անզուգական հմայքի, թավշյա ձայնի, նրբագեղ արտաքինի, դերասանական անքննելի տաղանդի շնորհիվ Մետաքսյա Սիմոնյանին վստահվել են ամենաբարդ դերերը։ Նրա մասին ասում էին՝ Մայր թատրոնի Պրիմադոննա։ Ժպտում էր նա իրեն հատուկ առինքնող ժպիտով ու չգիտես իրեն անչափ հարազատ ու սիրելի իշխանուհի Աննայի ժպի՞տն է դա, թե Նինայի հեզանազ, երջանկությունից կարծես մի քիչ արբած ժպիտը: Մետաքսյան իր գեղեցկությամբ, իր վեհ կերպարով ուղղակի դյութում էր բոլորին՝ բեմում՝ թե՛ դահլիճում, փողոցում՝ թե՛ էկրանին։

Դերասանուհու ձայնի բացառիկության մասին գրել է Վահրամ Փափազյանը. «Մետաքսյայի արտահայտական միջոցները շատ են, ճիշտ է, բայց լավագունը, ըստ իս, ձայնական տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է և ախորժալուր, այլև հասնում է սրահին՝ դերասանուհու ներաշխարհի լրիվ ամբողջութթյամբ։ Խոսքի վարպետությունը Մետաքսյայի շրթներում լավագույն զենքն է նրա համար բեմում, և նա իր կարիերայի սկզբի օրերից սովորեց գործածել այդ զենքը» («Մետաքսյա Սիմոնյան», 1982թ. էջ 2):

Մետաքսյա Սիմոնյանը խաղացել է նաև կինոյում։ Այդ տարիներին թատրոնի գրեթե բոլոր դերասանուհիները նկարահանվում էին նաև Հայկինոյի արդեն հնչյունային շրջանի ֆիլմերում։ Համո Բեկնազարյանը դեռևս ինստիտուտում ուսանող Մետաքսյային նկարահանել է «Անահիտ» (1947) ֆիլմում, որտեղ Վաչագանի դերում նրա խաղընկերը Ֆրունզե Դովլաթյանն էր։ Ղազարոս Աղայանի հանրահայտ հեքիաթի էկրանավորումը նոր ուժով հնչեցրեց գրողի այն գաղափարը, որ գեղջկուհին կարող է ավելի հնարամիտ, խելոք և ներդաշնակ անձ լինել, քան թագավորի զավակը։ Երկու տարի անց Բեկնազարյանը Մետաքսյային նկարահանեց նաև «Արարատյան դաշտի աղջիկը» (1949) ֆիլմում։ 1954 թվականին դերասանուհին մարմնավորեց Վարդուհու կերպարը Գրիգոր Մելիք-Ավագյանի «Մանրուք» կարճամետրաժ ֆիլմում, իսկ մեկ տարի անց Յուրի Երզնկյանի «Հասցեատիրոջ որոնումները» (1955) ֆիլմում խաղաց Մանուշի դերը։

«Սակայն այն, ինչ գտնվեց հեքիաթային կինոկերպարում՝ դերասանուհու առօրյայից վերացարկված ռոմանտիզմն ու բանաստեղծականությունը, չգտան իրենց դրսևորումը հետագա ֆիլմերում» («Մետաքսյա Սիմոնյան. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի» գրքում 1982, էջ 7)։

Խորհրդային շրջանում, հատկապես 1950–1960-ական թվականներին, արվեստում իշխում էր «անկոնֆլիկտայնության տեսությունը»։ Խորհրդային ժողովուրդների կյանքը պետք է ներկայացվեր արտադրական առաջընթացի, կուսակցական գաղափարախոսության և ուրախ, խանդավառ առօրյայի շրջանակներում։ Այդ գաղափարական սահմաններից դուրս արվեստ ստեղծելն իսկապես դժվար էր. առավել համարձակ արվեստագետները հաճախ բախվում էին Կրեմլի կոշտ հակազդեցությանը։

Metaqsj Simonyan-100

Այս մասին նշվում է նաև «Մետաքսյա Սիմոնյան. ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի» գրքում. «Պետք է նշել, որ 50-ական թվականներին կինոյում, ինչպես և գրականությունում, դեռ իշխում էր սխեմատիկ մտածողությունը։ Կերպարներն օժտված էին բացարձակապես դրական կամ խիստ բացասական հատկություններով, իսկ կենսական խնդիրները լուծվում էին անկոնֆլիկտայնության տեսության շրջանակներում։

Այդուհանդերձ, որոշ դերասանների հաջողվում էր հաղթահարել սխեմայի կաղապարները և կենդանի երանգներ հաղորդել իրենց կերպարներին։ Այդպիսին էր Մետաքսյան Անուշի դերում՝ գյուղատնտեսական աշխատավորների առօրյային նվիրված Համո Բեկնազարյանի «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմում։ Դա փորձ էր ցույց տալու գյուղատնտեսության առաջամարտիկներին, բացահայտելու նրանց բարձր հոգևոր աշխարհը։ Մետաքսյա-Անուշի մասին այն տարիներին գրվեց, որ դերասանուհուն հաջողվել է կերտել աշխատասեր, սկզբունքային, կազմակերպչական ջիղ ունեցող աշխատավորուհու կերպարը, և որ այդպիսի կանանց կարելի է վստահել կոլեկտիվ տնտեսության ղեկը» (1982, էջ 7–8)։

Մետաքսյա Սիմոնյանի շուրջ երկու տասնյակ (գլխավոր, երկրորդական, էպիզոդիկ)  կինոդերերի մասնագիտական գնահատականների հարցում ժամանակը խիստ ժլատ է եղել։ Ի տարբերություն նրա թատերական գործունեության, որի մասին թատրեագետներն ու քննադատները հրապարակել են բազմաթիվ վերլուծություններ, հոդվածներ, գնահատականներ, Մետաքսյա Սիմոնյան կինոդերասանուհին մնացել է ստվերում: Մինչդեռ հենց կինոն է հավերժացնում և սերունդներին փոխացում ռեժիսորների, դերասանների, սցենարիստների, կոմպոզիտորների և ամբողջ ստեղծագործական խմբի համատեղ աշխատանքը, որն ընդմիշտ արձանագրվում է  կինոժապավենի վրա և պահպանվում է էկրանին։

Եվ այդպես, բոլոր ֆիլմերում, ինչ դերում էլ լիներ՝ մանկապարտեզի դաստիարակչուհու՝ Զարուհու ( «Ում է ժպտում կյանքը», 1957թ., «Հայֆիլմ»), հոգատար բուժքրոջ («Նրա երևակայությունը» ( Սթափ գինի), 1959թ., «Հայֆիլմ»  ), Նինայի («Թռիչք՝ անդունդի վրայով», 1959թ., «Հայֆիլմ»),  թե Աննայի («Սայաթ-Նովա»,1960թ.,Երևանի հեռ. կինոխմբագրություն), կոլտնտեսության նախագահ Արևի («Ջրերը բարձրանում են»,1962թ.,«Հայֆիլմ»), կամ վարպետ Մկրտիչի մոր («Հեղնար աղբյուր»,1970թ., «Հայֆիլմ»), կամ էլ պրոֆեսորի կնոջ («Կամոյի վերջին սխրանքը», 1973թ.,«Հայֆիլմ» ), ամենուր նա պատմում էր կնոջ զգայուն սրտի մասին, նրա նվիրվածության կամ չիրականացած սիրո մասին։

Metaqsj Simonyan-100

Սակայն կինոն միայն որոշ չափով հնարավորություն տվեց Մետաքսյային բացահայտելու իր տաղանդի հարուստ ու անսպառ երանգապնակը։ Նրա ստեղծագործական հնարավորությունների բարձրակետը քնարական ողբերգությունն էր, իսկ դա նա լիարժեք կարողացավ իրականացնել միայն թատրոնում։ Ահա թե ինչու Մետաքսյայի իսկական օթևանը դարձավ թատրոնը։

«Թատրոնը դա իմ երջանկությունն է և դժբախտությունը, թատրոնը դա իմ կորցրած և գտած սերն է, թատրոնը դա իմ ջարդված կյանքն է, կյանք որտեղ մխիթարվում եմ  նաև երեխաներովս, թատրոնը դա իմ կյանքից ստացված հարվածների և տառապանքների արտահայտությունն  է իմ խաղացած դերերի մի ամբողջ շարք, իմ կյանքի կենսագրություններն են, ամեն մեկի մեջ կա իմ ապրած կյանքից մի հատված, նրանք իմ դեմքի կնճիրներն են, իմ ճերմակած մազերն են, որոնք այսօր անփույթ թաքնված են ներկի տակ, իմ աչքերի թախիծը, որոնք քողարկված են անտարբերության ժպիտով․․․ այդ  պատճառով ես սիրում եմ մարդկանց լացացնել բեմից, ոչ թե ուրախացնել, մարդկանց աչքերից արցունք քամել, որպեսզի երկար հիշեն ինձ, իսկ ծիծաղացնելը դա հեշտ է, սակայն հոգում  հետք չի թողնում» (ԳԱԹ, «Մետաքսյա Սիմոնյան» ֆոնդ, ձեռագիր նամակ):

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանը բեմական գործունեությանը զուգահեռ երկար տարիներ զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով։ 1968 թվականից նա դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (այժմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ)։ Դասախոսական գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ արդեն համարվում էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը և ուներ շուրջ երկու տասնամյակի բեմական փորձ։

Նրա աշխատանքի հիմնական նպատակը երիտասարդ դերասաններին մասնագիտական գիտելիքների, ստեղծագործական մտածողության և բեմական մշակույթի փոխանցումն էր։ Նա համոզված էր, որ դերասանը պետք է ոչ միայն տիրապետի մասնագիտական հմտություններին, այլև լինի բարձր մշակույթ ունեցող անհատ, որն իր արվեստով ծառայում է հասարակությանը։ Այս գաղափարները մշտապես արտահայտվում էին նրա դասախոսություններում և գործնական պարապմունքներում։

Չնայած նրան հաճախ անվանում են «պրոֆեսոր», Մետաքսյա Սիմոնյանը գիտական աստիճան (թեկնածու կամ դոկտոր) չի ունեցել։ «Պրոֆեսոր» կոչումը նրան շնորհվել է 1983 թվականին՝ որպես բարձրագույն դպրոցի մանկավարժի և արվեստի գործչի վաստակի գնահատում։ Մետաքսյա Սիմոնյանի ամենամեծ ժառանգությունը ոչ թե գիտական հրապարակումներն են, այլ նրա ստեղծած դերասանական դպրոցը։ Նրա բազմաթիվ սաներ հետագայում դարձել են Հայաստանի թատրոնի և կինոյի ճանաչված դերասաններ ու մանկավարժներ։

Մետաքսյա Սիմոնյանը մահացել է 1987 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևանում։

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը