Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան մի անգամ ընկերների հետ խոսելիս նկատել է, թե ճիշտ կլիներ, որ Նոբելյան մրցանակաբաշխությունը ներառեր նաև կինոռեժիսորներին, և առաջինն այդ մրցանակը կարելի է շնորհել Ակիրա Կուրոսավային: Այդ մասին նա անգամ Նոբելյան կոմիտե հեռագիր է ուղարկել: Բայց Նոբելյան մրցանակաբաշխությունն իր հաստատուն, խիստ կանոններն ունի, և Կուրոսավան այդպես էլ չարժանացավ այդ մրցանակին:

Դրանով թե առանց, Ակիրա Կուրոսավան համաշխարհային կինոյի բացառիկ ու ամենագնահատված ռեժիսորներից է: Նա դեռ կենդանության օրոք արժանացել է կինոյի բոլոր բարձրագույն մրցանակներին: Նրա ֆիլմերն արժանացել են պատվավոր եռյակի` Վենետիկի, Կաննի, Բեռլինի մրցանակներին: Համաշխարհային կինոարվեստում իր ավանդի համար արժանացել է «Օսկարի»: Ավելին, 2004 թ. Տոկիոյի միջազգային կինոփառատոնում Ակիրա Կուրոսավայի անվան կինոմրցանակ է սահմանվել, որ տրվում է այն ռեժիսորներին, որոնք կինոյի լեզվով խոսում են մարդասիրության մասին:

Կուրոսավան առավել մեծ ճանաչում ունի Արևմուտքում: Յուրաքանչյուր ոք, որ քիչ թե շատ հետաքրքրվում է կինոարվեստով, ճանաչում է Կուրոսավային: Եվ պատահական չէ, որ Կոպոլան ցանկանում էր նրան Նոբելյան մրցանակակիր տեսնել: Կուրոսավայի մեծությունը դուրս է զուտ կինեմատոգրաֆի շրջանակներից: Կյանքի վերջին տարիներին նա հաճախ էր կրկնում իր ուսուցիչ Կաձիրո Յամատոյի խորհուրդը, թե լավ ռեժիսորը պետք է նկարահանող խմբի լավ ղեկավար լինելուց զատ, լավ սցենար գրել կարողանա: Կուրոսավան ասում էր, որ լավ գիրքն ամեն անգամ բացելիս նորովի պիտի հայտնագործես այն: Ինքը, օրինակ` Տոլստոյի «Պատերազմ և խաղաղութունը» վերընթերցել է ավելի քան 30 անգամ: Լավ գրականությունը մեծ կինոյի լավագույն հիմքն է. Կուրոսավայի համար սա աքսիոմ էր: Ինքը հաճախ էր անդրադառնում դասական գործերի: Սիրում էր ռուս դասականներին` Տոլստոյին, Չեխովին, Գորկուն: Դոստոևսկուն ընդհանրապես «գրողների գրող» էր համարում: Շեքսպիրին մեծարում էր: Նրանց ստեղծագործություններով շատ կինոնկարներ է ստեղծել: Նա կախարդական փայտիկով գործողությունները տեղափոխում էր Ճապոնիա, հարմարեցնում իր հայրենիքի իրականությանը: Շեքսպիրյան հերոսները փոխակերպված հայտնվում էին Ճապոնիայի պատմական իրադարձությունների մեջ ու կրկնակի ճակատագրով ապրում` դասական հերոսի ու պատմական հերոսի: Այսպես, օրինակ` Շեքսպիրի «Լիր արքան» Կուրոսավան փոխեց «Ռանի», «Մակբեթը»` «Արքունիքն արյան մեջ», «Համլետը»` «Չարքերը հանգիստ են քնում» կինոնկարների: Վերջինս, լինելով աշխարհի ամենահանրահայտ դասական ստեղծագործության էկրանավորում, ամենաքիչն է իր բնօրինակը հիշեցնում:

Ճապոնացի բիզնեսմենի որդին կռիվ է տալիս մահացած հոր համար: Ըստ կինոնկարի` որդին պետք է պարզի, թե ով է, ի վերջո, մեղավոր հոր ինքնասպանության համար: Երիտասարդ Կոիտի Նիսին ցանկանում է վրեժխնդիր լինել հոր ինքնասպանության համար: Որպեսզի ոճրագործության մասնակիցները ձերբակալվեն, նա կեղծ փաստաթղթերով իբրև քարտուղար աշխատանքի է ընդունվում հոր աշխատած ընկերությունում, ձեռք բերում ընկերության ղեկավարի վստահությունը, մտերմանում և անգամ ամուսնանում է նրա դստեր հետ: Ժամանակակից Ճապոնիայում դժվար է ճանաչել շեքսպիրյան հերոսներին: Անցյալ դարում ստեղծված այս կինոնկարը գուցե կինոթրիլլերի նախահայրն է: Ու գուցե մնա այս ժանրի չգերազանցված ամենավառ օրինակը:

Համաշխարհային կինոն հարուստ է նաև Կուրոսավայի սցենարներով ստեղծված ֆիլմերով: Կուրոսավան հասկանում էր, որ արվեստը հայրենիք չունի: ճապոնացիների համար դա վիրավորական էր հնչում: Ավանդապահ ճապոնացիները տաղանդի չափն էլ են ազգայնացնում: Ուստի հաճախ էին նրան, որպես վիրավորանք, արևմտամետ կամ կոսմոպոլիտ կոչում: Այդուհանդերձ Կուրոսավան համաշխարհային մասշտաբի մեծություն է, և ճապոնացիներն իրենք էլ նրան մեծարել են Ուսուցիչ, Վարպետ և անգամ Կայսր պատվանուններով:

kinopoisk.ru

Ակիրա Կուրոսովան ծնվել է 1910 թ. մարտի 23-ին Տոկիոյի արվարձաններից մեկում՝ սամուրայի ընտանիքում: Նա ութ երեխաներից ամենափոքրն էր: Ավագ եղբայրը համր ֆիլմերի մեկնաբան էր և հաճախ էր կրտսեր եղբորն իր հետ կինոթատրոն տանում: Ակիրան բոլոր երեխաներից ամենատպավորվողն էր ու ամենազգայունը: Պատմում են, որ մի անգամ տունդարձի ողջ ճանպարհին բարձրաձայն հեկեկում էր, որովհետև կինոնկարում սատկել էր շան փոքրիկ ձագը: Նրա համար դեռ մանկությունից կինոյի ու կյանքի սահմանները մի տեսակ ջնջված էին: Եղբոր հետ ամեն օր նոր կինոնկար դիտելիս, ինչպես ինքն էր ասում, «կյանքի օրացույցի թերթերն էր բացում»:

1930 թ. Ակիրայի եղբայրը` Խեյգոն, ընկերուհու հետ ինքնասպան է լինում: Ընտանիքը գտնում է եղբոր թողած գրությունը. «30 տարեկանից հետո մարդն այնքան հեռու է կատարելությունից, որ ապրելն այլևս անիմաստ է»: Այս ինքնասպանությունը խորապես ցնցում է Կուրոսավային: Նա երեք տարի փակվում է հայրական տանը և դադարեցնում արտաքին աշխարհի հետ բոլոր շփումները: Հետագայում կյանքի ու մահվան թեմաները դառնում են նրա ստեղծագործության առանցքը:

Կուրոսավան 17 տարեկանում ընդունվում է «Doshusha» արևմտյան կերպարվեստի դպրոց և միառժամանակ աշխատում որպես նկարիչ: 1936-ին, հաղթելով ռեժիսորի օգնականի համար հայտարարված մրցույթում, որտեղ մեկ տեղի համար պայքարում էր 100 մարդ, աշխատանքի է անցնում «Տոխո» ստուդիայում Կաձիրա Յամատոյի մոտ: Կուրոսավան գրում է.«ՙՅամատոն անգնահատելի ուսուցիչ էր: Նրա շնորհիվ ես գտա իմ իրական շնորհը, և կինոն դարձավ ողջ կյանքիս գործը: Նա սովորեցրեց ինձ աշխատել կինոստեղծման բոլոր էտապներում. սցենար, բեմադրություն, մոնտաժ և այսպես շարունակ: Սովորեցրեց ռեժիսուրայի ողջ այբուբենը»:
Կուրոսավան գերզգայուն պատանի էր: Դրանից օգտվում էին նրա հասակակիցները: Նրան շատ հեշտ էր նեղացնել, չափազանց շուտ էր հուզվում ու արտասվում: Այդ պատճառով գերադասում էր փակվել ինքն իր մեջ և ապրել իր ստեղծած մոլորակում: Աշխարհում կատարվող ամեն ինչ նրան այնքան էր հետաքրքրում, որքան, ինչպես ինքն էր հետագայում ասում, «քամին ու անձրևը ջերմոցի ծաղկին»:

Կինոն Կուրոսավայի համար դարձավ կամուրջ, որը նրան կապեց արտաքին աշխարհի հետ: Այնտեղ նա իսկական ընկերներ ձեռք բերեց: Նրանցից մեկի` Կեինոսկե Ուեսկայի սցենարներով շատ ֆիլմեր է նկարել: «Մենք նման ենք արևին ու լուսնին,- ծիծաղում էր Կուրոսովան,- արևի լույսի շնորհիվ է երևում լուսինը: Եվ լուսնի դուրս գալն է պայմանավորում այգաբացը»: Կինոյի շնորհիվ նա գտավ իր կնոջը` դերասանուհի Իյոգո Յակուտիին, որ նաև նրա ամենահավատարիմ ու հարազատ ընկերը դարձավ: Եվ վերջապես, կինոյում գտավ իր կոչումը և ինքն իրեն:

Կուրոսավայի կյանքում ձեռքբերումները հերթագայում էին ողբերգություններին: Նա սարսափելի մեծ ցնցում է ապրում, երբ կորցնում է ամենահարազատ մարդուն` հորը: Նույն տարում ծանոթանում է Տոսիրո Միֆունեի հետ, որը դառնում նրա լավագույն ընկերը և կինոնկարների ամենավառ դերասանը: Երբ կորցնում է մորը՝ իր բնորոշմամբ «ամենաքնքուշ էակին», նույն տարում նկարահանում է իր ամենաանձնական, ամենահրաշալի ֆիլմը` «Ապրել» (1952): Երբ կորցնում է սիրելի կնոջը, նույն տարում կինոյում ունեցած վաստակի համար արժանանում է «Օսկարի»: Այս շղթան կարելի է շարունակել:

Կուրոսավան մեծ կինո բերեց իր անչափ ինքնատիպ կինոարվեստը: «Ես նկարում եմ այնպես, ինչպես կուզեի տեսնել: Երեք կինոխցիկ տարբեր հեռավորությունից նկարում են միևնույն գործողությունը: Եվ արդեն մոնտաժի ժամանակ ես միշտ ունեմ ազատ ընտրության իրավունք` ինչպիսին տեսնել նկարս»:

4Հենց այս սկզբունքով է Կուրոսավան նկարել իր «Ռասյոմոնը»: 1950 թ. Սա դարձավ նրա առաջին դարակազմիկ ֆիլմը: Այն միանգամից համաշխարհային հռչակ ու ճանաչում բերեց վարպետին: «Ռասյոմոնը» կամ, ինչպես ճապոնացիներն են ասում, «Ռաշամոնը», Ակուտագավայի երկու ստեղծագործությունների էկրանավորումն է: Ձիդահեյկի, այսպես են ճապոներեն կոչվում այն կինոնկարները, որոնք պատմում են ֆեոդալական Ճապոնիայի սամուրայների մասին: Կինոպատմության մեջ «Ռասյոմոնը» հեղաշրջում մտցրեց: Ստեղծման պահից պարզ էր. այս ֆիլմը դասականների դարակում իր հաստատուն տեղն է գրավելու: «Ռասյոմոնը» Վենետիկի փառատոնում անմիջապես արժանացավ գրան-պրիի` «Ոսկե առյուծի», իսկ Միացյալ Նահանգներում` «Օսկարի» որպես լավագույն օտարալեզու կինոնկար:

Ավազակը սպանում է սամուրային, ապա տիրանում նրա կնոջը: Այս պատմությունը պատմվում է չորս անգամ: Պատմում է ավազակը, սամուրայի կինը, պատահական անցորդը և սամուրայի հոգին: Այս չորս պատմությունները գալիս, հյուսվում, խառնվում են իրար, հակասում մեկը մյուսին: Սրանք ճշմարտության անհասանելիության մասին են: Բացարձակ ճշմարտությունը անբացահայտելի է: Ու գուցե հարկավոր էլ չի: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Կամ ինչպես Կուրոսավան է ասում, «ամեն ոք ունի Սխալի իր իրավունքը»: Միստիկ Արևելքի հանելուկն այդպես էլ խորը պահած` «Ռասյոմոնը» միաժամանակ ռեալիզմի բյուրեղացում է: Կարևորը քո հայացքն է կյանքին` ինչպես այն կտեսնես: Կարևորը քո ընտրության իրավունքն է` ինչը կյանքից կվերցնես: «Կյանքի տարբեր պատահարներին ես նայում եմ որպես հասարակ մի մարդ և պարզապես ցանկանում եմ ստացածս զգացողություններն էկրան բարձրացնել»,- ասում էր Կուրոսավան:
Մեկ ուրիշ կիոնկար, որ հեղաշրջում մտցրեց թե՛ իր ստեղծագործության, թե՛ կինոպատմության մեջ՝ «Յոթ սամուրայ» (1954): Կարելի է ասել, որ սա կինոյի պատմության մեջ էքշն ժանրի լավագույն օրինակն է: Ֆիլմը պատմում է սամուրայների մասին, որոնց գյուղի բնակիչները վարձել են իրենց պաշտպանելու համար: Կինոնկարը պատմություն է սամուրայների մեկ օրվա մասին՝ օրվա վերջին նրանցից մեկի խառակիրիով: Կուրոսովան ինքը, լինելով տոհմիկ սամուրայների ընտանիքից, բարձր էր գնահատում մարդու պատիվը, որը սամուրայների կարևորագույն հատկանիշն է:

Ֆիլմը նկարահանելուց առաջ Կուրոսավան կես կատակ-կես լուրջ ասել է, որ իր կինոնկարը մթագնելու է այս ժանրի բոլոր ֆիլմերը: Այդպես էլ եղավ: Ֆիլմը նկարվեց շատ բարդ պայմաններում: Կինոնկարի վերջին տեսարանները նկարահանվել են ձմռանը: Դերասանները տանջված վազում են, ընկնում սառը ջրափոսերի մեջ: Գլխավոր դերակատար Կաձիրո Ֆուձիվարան պատմում էր. «Նկարահանումների ժամանակ մենք շատ էինք վազում: Բայց ոչ մի տարաձայնություն, անհաշտություն չկար: Կուրոսավան վազում էր բոլորիցս շատ ու այդ պատճառով ոչ ոք չէր դժգոհում»: Կուրոսավան իր բոլոր հերոսների համար գրել էր կենսագրականներ, մանրամասն նկարագրել նրանց արդուզարդը, ով ինչ կերակուր է սիրում ու ընդհանրապես ինչ նախասիրություններ ունի: Կինոյում Կուրոսավայի համար մանրուքներ գոյություն չունեին:

Այս կինոնկարը չէր կարող ազդեցություն չունենալ համաշխարհային կինոյի վրա: Ամերիկյան «Հրաշալի յոթնյակը» (1960) Կուրոսավայի «Յոթ սամուրայի» փոխակերպումն էր: Շատ ֆիլմերում ևս ուշադիր կինոդիտողը կնկատի, որ ամերիկյան վեսթերնը հաճախ կադր առ կադր, մեկը մեկին կրկնում է Կուրոսավայի ֆիլմերը: Ամերիկյան կինոյի շատ օրինակներ թե՛ իրենց կառուցվածքով, թե՛ գաղափարական ազդեցությամբ պարտական են ճապոնացի ռեժիսորի կինոնկարներին: Դա խոստովանում են ամերիկյան այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Սփիլբերգը, Սքորսեզեն, որ հետագայում որպես դերասան Վան Գոգի դերում նկարահանվել է Կուրոսովայի մի ֆիլմում: Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի հաստատմամբ՝ իր «Աստղային պատերազմներ» ֆիլմը, որ «ամենաամերիկյան կինոարտադրանքն» է համարվում, հենց Կուրոսավայի «Յոթ սամուրայ» ֆիլմի ազդեցությամբ է նկարվել: Ամերիկյան կինոարդյունաբերության մեծանուն ռեժիսորներն իրենց կինոդպրոցի համար ուղղակիորեն պարտական են վարպետին:

Իսկ ինքը` Կուրոսավան, ամերիկյան կինոարտադրության պատճառով քիչ մնաց ինքնասպան լիներ: 1968-ին «XX դար. Ֆոքս» կինոընկերությունը Կուրոսավայի հետ խոր տարաձայնությունների պատճառով չեղյալ հայտարարեց պայմանագիրը և դադարեցրեց «Փերլ Հարբոր» ֆիլմի նկարահանումները: Ավելին, ամերիկացիները հայտարարում էին, որ ռեժիսորը նյարդային լուրջ խանգարումներ ունի: Կուրոսավան փոխհատուցում է ֆիլմի ծախսերը, ջուրն է նետում մեկ տարվա տքնաջան աշխատանքը, վերադառնում հայրենիք և կտրում է երակները: Բարեբախտաբար, փրկում են: Բավական ժամանակ է պահանջվում, որ ռեժիսորն իրեն վերագտնի և կինո վերադառնա:
«Ես նկարահանում եմ կինոնկարներ մանուկների ու ծերերի մասին, քանի որ տարիների հետ ավելի եմ գնահատում մաքրությունը: Այն տրվում է մեզ ծնունդի ժամանակ, թաքնվելով մեր մեջ՝ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, ամրանում ծերության մեջ: Անգոյություն մենք վերադառնում ենք նույնքան մաքուր, որքան իբրև մանուկ գալիս ենք դեպի Գոյություն»:

snyi-akiryi-kurosavyiՓորձություններից մաքրված նրա Գոյը երևաց արդեն «Երազներ» (1990) ֆիլմում, որում ութ նովելի միջոցով խոսվում է կյանքի ու մահվան, ստեղծագործելու հավերժական ծարավի մասին: Հասուն տարիքում նկարած այս ֆիլմում ռեժիսորը ներկայանում է պատանու անկեղծությամբ: Նույն անկեղծությամբ են ստեղծված և ռեժիսորի վերջին`«Օգոստոսյան ռապսոդիա» (1991) և «Դեռ ոչ» (1993) ֆիլմերը:
Կուրոսավան գրեթե բոլոր ֆիլմերում հավատարիմ մնաց դերասանական իր խմբին: Նա զարմանալի փոխակերպումների էր հասնում միևնույն դերասանի հետ աշխատելիս: Ամեն անգամ նրա մեջ հայտնաբերում էր նոր որակ: Նա անչափ հետաքրքիր հոգեբանական աշխատություններ ունի, որոնցում պատմում է իր և հանդիսատեսի վրա Կաբուկի և Նո թատրոնների ազդեցության մասին, թե ինչ է իր համար դիմակը, ինչպես այն օգտագործել կինոյում, ինչպես կարող է մարդն իր մեջ կրել իրավիճակը:

Ճապոնացու ավանդական պատկերացման համաձայն` մարդը ծնվելու պահից պատրաստվում է մահվան: Սակայն XX դարի վերջին հոգեվերլուծաբանները ճապոնացուն բնորոշ այս մտածողությունը վերագրեցին ոչ այնքան ավանդույթի ուժին, որքան պրոբլեմ չունեցող, տեխնոկրատ մարդու հոգեբանությանը, որը որևէ բան հաղթահարելու, ինչ-որ բանի համար պայքարելու կարիք չունի, չբավարարված հետաքրքրություններ ու երազանք չունի: Այդ իրավիճակում ինքնասպանությունը դառնում է միակ հետաքրքիր ու գայթակղիչ լուծումը: Կուրոսավան թե՛ արևելյան, թե՛ արևմտյան կինոյում ապացուցեց ճիշտ հակառակը: Ավագ եղբոր ինքնասպանության մասին հիշողությունը, ինքնասպանի անձնական փորձառությունը նրան օգնել էին գնահատելու կյանքի իրական արժեքը, հաղթահարելու սեփական վախերը: «Ապրելն այնքան հրաշալի է… Ես սիրում եմ ապրելը: Ապրելն այնքան հետաքրքրիր և ուրախ է»: Եվ սա ասում էր մի մարդ, որը կորցրել էր իր ամենամտերիմներին, իր իսկ խոսքով` «հոգու ներքին օղակը կազմող սիրելիներին»: Մարդ, որի ողջ կյանքը ողբերգությունների ու խոստովանությունների շարան է:
Նա ընտրյալների հանգրվանին հասավ իր անսպառ էներգիայի, տաղանդի, աշխարհը մանկական հիացմունքով ընկալելու բացառիկ կարողության, կինոյի հանդեպ մեծ սիրո ու հզոր երևակայության շնորհիվ: Նրա վերջին ֆիլմում հերոսը «Իսկ դու պատրա՞ստ ես մահվան» հարցին պատասխանում է. «Ոչ, դեռ ոչ»: Կուրոսավան ֆիլմն այդպես էլ անվանել է` «Դեռ ոչ»:
1998 թ. սեպտեմբերի 6-ին մեծ ռեժիսորը 88 տարեկան հասակում կնքեց մահկանացուն:

Լիլիթ Հակոբյան