Փայփայված աղբ և անանասներ
Երբեմն ընդամենը մի քանի րոպե տևողությաամբ և սահմանափակ ռեսուրսներով նկարահանված ավարտական ֆիլմն այնպիսի միտք է բյուրեղացնում, որ այն քեզ այլևս հանգիստ չի տալիս։ Ուզում ես անպայման գտնել ֆիլմի ռեժիսորին ու հարցնել՝ «Դու ինչպե՞ս գլխի ընկար։ Ինչպե՞ս զգացիր սա․ չէ՞ որ դեռ այդքան երիտասարդ ես»։ Լիբանանահայ ռեժիսոր Նարե Քյուրքչյանի ավարտական աշխատանքը՝ «Փայփայված աղբը» (Cherished Junk), ընդամենը 5 րոպե տևողություն ունի։ Կարճ է, բայց այնտեղ մեր մեծ մայրերն ու մայրերն են, որ այնպես խնամքով կարկատում և ձգում էին բոլոր իրերի կյանքն այս աշխարհում։ Ու մեկ էլ՝ տոպրակը պատռվում է, խնձորները թափվում են, և անվրեպ նետված արկի պայթյունը մեկ վայրկյանում փոշիացնում է այն շենքերը, որտեղ պահվում էին խնամքով փայփայված իրերը և այն մարդկանց, որ համառ քնքշությամբ երկարացնում էին այդ առարկաների կյանքը։
Հարցազրույց Մեծ Բրիտանիայի ամենահայտնի և հեղինակավոր դրամատիկական դպրոցներից մեկի՝ Էսեքսի (University of Essex) համալսարանի ուսանող, ռեժիսոր Նարե Քյուրքչյանի հետ․
-Նարե, Ձեր ավարտական ֆիլմում Դուք չեք փորձել ցուցադրել ռեժիսորական տեխնիկական հմտություններ, այլ ներկայացրել եք շատ անձնական և խորապես ապրված պատմություն՝ 5 րոպեում տեղավորելով ինքնության որոնում, պատերազմ, ցավ, տան կարոտ և հումոր։ Ինչպե՞ս, ինչու՞ որոշեցիք հենց այսպիսի ֆիլմ ստեղծել։
– Ֆիլմի սյուժեի ստեղծման օրերին Լիբանանը խառնիճաղանջ վիճակի մեջ էր։ Կզգայի, որ համակուրսեցիներս շատ պարզ խնդիրների մեջ են, իսկ ես անհամբեր սպասում էի, որ մի հեռաձայն, մի լուր ստանամ ընտանիքիցս։ Կենտրոնացումս բոլորովին խանգարված էր։ Պրոֆեսորս ասաց՝ «Ինչ մտքներիդ կգա, գրեք թղթի վրա, որ հետո ֆիլմի վերածվի»։ Առաջին բանը, որ գրեցի թղթի վրա՝ «Ես հոս եմ, բայց ուրիշ բան կտեսնեմ և ուրիշ բան կլսեմ»։ Ընդհանրապես, կինոյում և թատրոնում սիրում եմ, որ արվեստը ձևով մը բուժի։ Լոնդոնում երբ մարդը ներքին հարցեր ունի, կարող է դիմել հոգեբանի․ այնտեղ հոգեբանական ծառայությունները ձրի են։ Բայց մենք Լիբանանում վարժված չենք մեր խնդիրների մասին այդքան դյուրությամբ խոսել, արտահայտել զգացածը։ Իսկ թատրոնը կամ կինոն կարող են բուժել իմ ունեցած հարցերը անուշիկ ձևով։ Մյուս միտքս այն էր, որ Լոնդոնում ինքս ինձ այլմոլորակային էի զգում։ Տեսնում էի, որ հատկապես Արևմուտքի մարդիկ որքան տարբեր են տեսնում մազերիս, մաշկիս և աչքերիս գույնը։ Ասում էին՝ «Օ՜, ինչ անուշիկ են աչքերդ, մազերդ․․․»․․․ Եթե սա Լիբանանում ասեին, կուրախանայի, անշուշտ։ Բայց այստեղ ես ասես էկզոտիկ պտուղ լինեմ։
– Երբ ֆիլմն արդեն պատրաստ էր, դասախոսներդ և համակուրսեցիներդ ինչպե՞ս ընդունեցին։
– Սկզբում ասում էին՝ «Չենք հասկանում՝ ինչի՞ մասին է պատմությունը։ Մենք չենք հասկանում նպատակդ»։ Ամենամեծ դժվարությունն իմ ճանապարհն անցած մարդկանց զգացողությունը փոխանցելն էր նրանց, որոնց կյանքում լուրջ հարց է, ասենք, կաթի սղությունը, բենզինի գնի բարձրացումն ու իջեցումը։Ես մինչև վերջ հավատացի ֆիլմի իմ տեսիլքին, բայց նրանց արձագանքներն ու հարցերն ինձ օգնեցին, որպեսզի ասելիքս հասցնեմ նրանց։ Երբ դիտեցին վերջնարդյունքը, բոլորը շատ Աստված ելան (հուզվեցին – Մ․Բ․)։ Պրոֆեսորն ասաց, որ 5 րոպեանոց ֆիլմն այսքան զգացական լարեր է խառնում․․․
– Նարե, ո՞վ է լիբանանահայը։
– Շատ աղվոր հարցում է։ Երբ Լիբանանում եմ, չեմ զգում, որ լիբանանահայ եմ։ Միայն երբ Լոնդոն եկա, առաջին բանը, որ հարցրին՝ «Ուրտեղե՞ն կուգաս»։ Եվ ասում էի՝ «Լիբանանեն կուգամ, բայց հայ եմ»։ Եթե մեկն ասի՝ «Ֆրանսիայեն կուգամ», ամեն մարդ էլ Ֆրանսիան գիտի։ Սակայն երկուսն էլ՝ Լիբանանն ու հայը, այդքան լսված ու ծանոթ չեն։ Շատ քիչ մարդիկ են Լիբանանի մասին լսել։ Կամ եթե լսած են՝ Արևմուտքի մեդիայից է, որտեղ անընդհատ կապվում է տեռորիստական և նեգատիվ պատմությունների հետ։ Ուզեցի ցույց տալ, որ այս երկրներից եկողներն ապուշ մարդիկ չեն։ Նրանք, իհարկե, չեն ասում, թե այդ երկրներից եկողներն ապուշ մարդիկ են, բայց ինչ-որ ձևով զգացնել են տալիս, որ երկրորդ-երրորդ աշխարհից եկած անձ ես։ Միշտ բացատրում են բաներ, որոնք դու գիտես։ Իսկ օտար երկրում հայ լինելն արդեն նշանակում է, որ պիտի պատմես ազգիդ պատմությունդ և Ցեղասպանության մասին պիտի պատմես, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես եղավ, որ հայ ես, բայց ապրում ես Լիբանանում։ Եվ եթե պապերդ փրկվել են, ուրեմն դու գոյատևելու, ապրելու, ստեղծելու մեծ ուժ ունես։ Հայ լինելը մեղրի համ է տալիս իմ ինքնությանը, և եթե սկզբում իմ՝ երրորդ աշխարհից եկած լինելու նրանց կարծիքի շուրջ մտածում էի, որ անարդար է, ապա ինչ-որ պահից հասկացա, որ 50 հոգանոց կուրսի մեջ, որի մեծ մասը Ամերիկայից է, Ճապոնիայից, Անգլիայից ու Ֆրանսիայից, ես՝ Լիբանանում ծնված ու ապրած հայս, այնպիսի կյանք եմ ապրել, որ իրենք մինչև մեռնելը գրքեր կարդան և փիլիսոփայություններ անեն, չեն ունենա իմ փորձառությունը։ Կյանքի դժվարությունները քեզ այդ 50 հոգու մեջ առավել կրեատիվ լինելու առավելություն են տալիս։
– Լիբանանահայ լինելն ինքնին տարագրության և հիշողության բազմաշերտ պատմություն է։ Ի դեպ, եվրոպական «էկզոտիկ» ընկալումները ֆիլմում առողջ ինքնահեգնանքով եք ներկայացրել՝ ինքդ քեզ նմանեցնելով անանասի, որ միաժամանակ զվարճալի է և տխուր հնարք է։ Հետաքրքիրն այն է, որ Ձեզ կրկնակի «անանաս» է բաժին ընկել, քանի որ հայ եք, բայց ծնվել եք Լիբանանում, այժմ ուսանում և ապրում եք Լոնդոնում։ Ֆիլմի երկու գլխավոր մետաֆորները՝ անանասը՝ էկզոտիկ օտարությունը և հին իրերի կարկատանը՝ ինքնությունը, արդյո՞ք պաշտպանական մեխանիզմ է, թե՞ սեփական ինքնությունը չկորցնելու միակ ճանապարհը։
-Լիբանանում իմ ընտանիքն ամեն կիրակի հավաքվում էր և իրար հետ ճաշ էինք ուտում։ Այստեղ ընտանիքի հասկացությունը բոլորովին տարբեր է։ Պզտիկ տարիքեն զավակներն առանձնանում են և գնում մենակ ապրելու։ Ինքս իմ պզտիկ տարիքին ուզել եմ առանձին ապրել։ Բայց երբ իսկապես հեռանում ես ընտանիքի փափուկ և հոգատար միջավայրից, առաջին բանը, որ փնտրում ես, ընտանիքդ է։ Եվ հեռվում ընտանիքիդ ցավը հազար անգամ ավելի զորավոր է։ Ապրանքներ փայփայելը ես հիվանդություն էի համարում։ Հիմա իմ տունը դատարկ է, որովհետև չեմ սիրում գույք հավաքել։ Ոչ միայն մեծ մամայիս, այլև Լիբանանի բոլոր տների պատմությունը նույնն էր՝ միայն մեծ մամաս չէ, որ այդպես հոգ է տանում իրերին։ Լիբանանում պետք էր անընդհատ պատրաստ լինել, որ կարող է կարիք լինի արագ տնից դուրս գալ, որովհետև պիտի զարնեն տունը։ Մտածում էի՝ ի՞նչ պիտի դնեմ այդ պայուսակի մեջ՝ անձնագիրս կվերցնեմ, նկարներս կհավաքեմ, մկրտության թուղթս, համալսարանի դիպլոմը՝ բաներ, որ ինքնությունդ կպահեն։ Եվ վերջ՝ պայուսակդ լցվեց։ Շտկած վարտիքներ չես վերցնում, գավաթներն ու պնակները չես վերցնում։ Ուրիշ ոչինչ չես վերցնում։ Մարդիկ 60-65 տարեկանում կորցնում են իրենց տունը, որտեղ ամեն օր մի բան են ավելացրել։ Էլ չասած, որ մածունի տուփը չեն թափել, լվացել, պահել և օգտագործել են մի բանի համար։ Տունն այդ մարդկանց կյանքն է։ Ամեն ինչ այնտեղ են հավաքել։ Բոլոր հիշողություններն այնտեղ են ապրել։ Միշտ ասում են, որ ամենածանրը մարդ կորցնելն է, ասում ենք՝ «Լավ է, քարին եկավ, մարդուն չեկավ»։ Չեն խոսում տուն կորցնելու մասին։ Ի՞նչ է ապրում մարդն իր տունը կորցնելուց հետո։
– Ձեր ֆիլմն իր ցավով ու սիմվոլներով շատ ուղիղ արձագանքում է նաև արցախցիների ողբերգությանը, որ տասնամյակներ շարունակ քարը քարին են դրել, շենացրել իրենց տունն ու աշխարրհը, բայց ստիպված եղել ընդամենը րոպեների ընաթացքում թողնել այդ ամենն ու դուրս գալ։ Վերջիվերջո, ի՞նչ է «թանկարժեք աղբը»։
– «Թանկարժեք աղբը» տանդ պատերն են, որ փլվեցին։ Այն պատերը, որտեղ դու կարող էիր մնալ ինքդ քեզ հետ, դու դու լինել, և այդ պատերը գնացին․․․ Ֆիլմն այդ հարցումն է անում՝ ի՞նչ է լինում այն մարդու հետ, որի ստեղծած, պահած, փայփայած, պաշտպանած տան պատերը փլվեցին։ Այո, մարդը հետո գուցե դարձյալ տուն կկառուցի, բայց արդյո՞ք դա նույն մարդն է այլևս։ Արդյո՞ք մարդն ինքն իրեն չի կորցնում իր տան հետ։ Ի՞նչը կարող է մարդուն օգնել, որ շարունակի ապրել․․․ Մտածեցի՝ երկու մարդու սերն է և ընկերությունը, որ փլած պատերի վերքերից ու ցավերից հազար անգամ զորավոր է։ Կան տարածքներ, որտեղ մարդը միշտ ստիպված է լինելու այդ պայուսակը պատրաստ պահել՝ մի քանի րոպեում տունը լքելու համար։ Ուրիշ մեկն էլ թող լինի, որ միասին քաշեք այդ պայուսակը։ Կռիվը, պատերազմը չի անհետանում այդ երկու մարդու սիրուց։ Բայց ցավն ու հոգսը պզտիկանում է, երբ երկուսով եք քաշում։
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

