13 մեկ րոպեանոց ֆիլմերը, ջուրն ու տերևը… 24-րդ «Մեկ կադրը»
Փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն ժպիտով ու պատանեկան խանդավառությամբ է հիշում՝ 2003 թվականին սկսեցինք։ «Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, թե 24 տարի առաջ ինչպես որոշեցի սկսել «Մեկ կադր» փառատոնը…կարևորն այն է, որ սկզբունքը, գաղափարը, նպատակը չփոխվեց՝ երիտասարդ, կինոյում առաջին քայլերն անող ստեղծագործողին տեղ տալ, ինքնադրսևորվելու, սեփական ուժերը ճանաչելու և փորձելու հնարավորություն տալ, աջակցել նրան, լինել մի հարթակ, որտեղ տարբեր լեզուներ, տարբեր կարծիքներ, տարբեր պատմություններ կարող են մեկտեղվել։
«Չի կարելի»-ներ չկան, չեն եղել։
Միակ չափանիշը՝ ստեղծված կինոն լինի արվեստի սահմաններում, մանիպուլատիվ, կեղծ չլինի։ Դրանք հեշտ են նկատվում, հեշտ են «բռնվում», նայում-տեսնում ես, որ տարբեր պատրվակներով, տարբեր շարժառիթներով բաներ են արվում, որը վատ չի, բայց մեզ համար չի էլի, մերը չի»,- «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 24-րդ փառատոնի առիթով Kinoashkharh.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ղազարէն։
«Բաց հարթակ»-ում հունիսի 8-ից՝ ամեն օր, ժամը 15։00-ից մինչև ուշ երեկո ցուցադրվում են «Մեկ կադր» փառատոնի ֆիլմերը։ Կինոդիտումներին հաջորդում են քննարկումները, որոնց մասնակցում են նաև ֆիլմերի հեղինակները։ Հենց սա է «Մեկ կադրի» առավելությունը՝ կենդանի շփում հանդիսատեսի ու ֆիլմի հեղինակի միջև, կարծիքների փոխանակում, անկաշկանդ զրույց, կադրի, սյուժեի, գործողության մեկնաբանություն։
24 տարի առաջ՝ 13 մեկ րոպեանոց ֆիլմերով:
Այդ ֆիլմերն արդեն նկարահանվել էին, ու դա անհնարին բան էր թվում։ Դժվար ժամանակներ էին, իսկ դրանից առաջ Հայաստանը կինո էր ունեցել, կինոթատրոններ էին եղել, որտեղ ֆիլմեր էին ցուցադրվել, բազմաթիվ ռեժիսոներ էին եղել, սցենարիստներ, դերասաններ, իմ սերունդը կինոյի կյանքով է ապրել… անկախությունից հետո այդ ամենից ոչինչ չէր մնացել։ Հանկարծ չկա կինոյի մասին խոսակցություն, ֆիլմեր չեն ցուցադրվում, համարյա չեն էլ նկարահանվում։ 2003 թվկանին այդ պատկերն էր։ Տնտեսական կոլապսի պայմաններում, սակայն, մենք կինո էինք սիրում, կինո նկարել էինք սովորել, ապրում էինք կինոյի նախորդ շրջանի տպավորություններով։ Ու ցանկություն առաջացավ գտնել այն լեզուն, այն ձևաչափը, որով հնարավոր կլիներ հավաքել կինո սիրողներին։ Եվ 13 հոգու կարողացա համոզել մեկ րոպեանոց ֆիլմեր նկարել։ Հետո համոզեցի, որ հրաշալի մեկնարկ է, լավ ֆիլմեր են, ու կարող ենք փառատոն ստեղծել։ Երիտասարդ տղա էի՝ խենթություննրի պատրաստ, անհավանական բաների ձգտող, համարձակ, նպատակասլաց, գաղափարի հետևից ուղիղ գնացող։ Մի խոսքով՝ 13 հոգով կարողացանք նույն մտքին գալ ու պրեմիերաներ անել։ Բայց կային նաև մարդիկ, որոնք կասկածում էին, թերահավատ էին՝ ո՞նց կարող է մեկ րոպեանոց կինո լինել, այն էլ՝ մեկ կադրով։ Բայց 13 ֆիլմերն էլ ցուցադրվեցին, իսկ հաջորդ տարի արդեն 20-ից ավելի ֆիլմեր ունեցանք ու դուրս եկանք միջազգային ասպարեզ, համագործակցեցինք օտարերկրյա ընկերությունների հետ, կապն ավելի ամրապնդվեց ու ընդլայնվեց, ինչին նպաստեց համացանցը։ Համացանցի միջոցով մենք հարյուրավոր ֆիլմեր էինք ստանում աշխարհի տասնյակ երկրներից։
Մեկ րոպեանոց ֆիլմի համար՝ դեպի մաքսատուն:
Իսկ մինչև նորին մեծություն համացանցի ի հայտ գալը, այսպիսի դեպք էլ է եղել։ Հիմա չեմ հիշում՝ որ երկրից մեկ րոպեանոց ֆիլմ էին ուղարկել։ Ֆիլմը եկել-հասել էր Հայաստանի սահման՝ մաքսատուն։ Թե ինչ գնով, ինչ ջանքերով ենք կարողացել հասնել սահման ու ֆիլմի սկավառակը հանել մաքսատնից, բացատրել, որ դա ֆիլմ է՝ արվեստի գործ։ Հարկեր ենք վճարել, մեծ դժվարություններով վերջապես հետներս բերել Երևան։ Միացրինք, որ վերջապես տեսնենք այդքան չարչարանքից հետո մեկ րոպեանոց այդ ի՜նչ ֆիլմ են մեզ ուղարկել… տեսանք…ջուր է հոսում, վրան՝ մի տերև… դանդաղ հոսում է ջուրը՝ վրան տերև։ Ջրատարի միջով գնում է տերևը ու անհետանում. Վերջ, այսքանն էր ֆիլմը։
Հետո համացանցի դարն եկավ, երբ կոճակի մեկ սեղմումով ցանկացած ֆիլմ մեկ վայրկյանում հասնում է ցանկացած տեղ։ Մենք առաջիններից ենք եղել, որ լեգիտիմացրել ենք ձեռքի հեռախոսով ֆիլմ նկարելն ու ցուցադրելը։ 2006 թվականին հեղափոխություն ենք արել. հեռախոսով նկարված ֆիլմը ցուցադրել ենք էկրանին ու ասել՝ օ՜, շատ լավ է, մրցանակ ենք տվել։ Հիմա իսկապես ամեն ինչ շատ է հեշտացել, բայց միևնույն ժամանակ դժվարացել է, որովհետև կորել է ֆիլմեր նկարելու արվեստի սահմանը։ Նկարել ֆիլմ, բայց այն չդարձնել քո ընտանիքի, մտերիմների, համայնքային դիտման նյութ։ Նկարի՛ր թեկուզ հեռախոսով, բայց նկարածդ պիտի նայեն կինոդոհլիճներում, տարբեր երկրներում։ Այ սա պետք է պահպանել. այս սահմանը։
Կինոն այսօրվա աշխարհի փոփոխությունների հետևից չի հասցնում:
Գաղափարը երբ առաջանում է, երբ ուզում ես կինոյի լեզվով արձագանքել այս կամ այն խնդրին, մինչև դա մտցնում ես արտադրության մեջ՝ դրամաշնորհ, ֆինանսավորում, նկարահանումներ և այլն, մինչև ֆիլմն արտադրվում է, այդ թեման արդեն իրեն սպառած է լինում։ Դեպքերը, երևույթների արագությունը, ռիթմն այնքան արագ են փոփոխվում, որ չես հասցնում դրանց հետևից հասնել ու դրանք դարձնել կինոյի նյութ։ Աշխարհն ամեն օր, ամեն վայրկյան է փոխվում, պատերազմներն այնքան են շատացել, պատերազմի օջախներն այնքան տարբեր են, մարդակային ողբերգություններն այնքան մեկը մյուսից դաժան են, որ կինոն չի հասցնում դրանք արձանագրել, գեղարվեստական նյութ դարձնել։
Նկարել ես շատ կարևոր մի բան, բայց մեկ րոպե հետո կարող է այնպիսի բան տեղի ունենալ, այնպես փոխել ամեն ինչ, որ արածդ դառնա ուղղակի պահի արձանագրություն, ուրիշ ոչինչ։
Ընտրությունների հաջորդ օրը՝ փառատոնի բացում:
109 ֆիլմ՝ 18 երկրից. սա է այս տարևվա «Մեկ կադրի» «կինոավարը»։ Հայտագրման շրջանը համընկավ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետ։ Չնայած պատերազմին՝ Իրանից մեկ հոգի կարողացել է գալ Երևան և մասնակցել փառատոնին։ Ես կանխատեսում էի, որ պատերազմի պատճառով ավելի քիչ ֆիլմերի հայտ ենք ստանալու։ Մենք այնպիսի տարիներ ենք ունեցել, երբ ֆիլմերի հեղեղ է եղել։ Իսկ այս տարի պարզ է՝ քարտեզը բացել են, տեսել Հայաստանը. քիչ այն կողմ պատերազմ է։ Մեղադրել չես կարող, մարդիկ զգուշանում են։
Մինչև հիմա ֆիլմերի հեղինակները շատ հաճախ անձամբ էին գալիս-մասնակցում փառատոնին, ներկա լինում իրենց ֆիլմերի ցուցադրմանը, քննարկումներին։
«Մեկ կադր՝ մեկ րոպե» անվանակարգի մրցութային ծրագրի ֆիլմերի ցուցադրությունն ավարտվել է, հունիիս 12-ին ավարտվել են նաև «Կինո՝ առանց սահմանների» անվանակարգի մրցութային ծրագրի դիտումները, հերթը «Կարճամետրաժ ֆիլմերի» ցուցադրությանն է։
Ունենք ֆիլմեր՝ Չինաստանից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Իրանից, արաբական աշխարհից։ Նախորդ տարիներին հեղինակներն անձամբ էին ներկա լինում փառատոնին, բայց պատերազմները, աշխարհաքաղաքական փոփոխություններն այս տարի շատերին թույլ չտվեցին անձամբ ժամանել Հայաստան, նրանք իրենց ֆիլմերն են ուղարկել մեր փառատոնին։
Վերջին տարիներին փառատոնը միշտ սկսում էինք հունիսի 7-ից։ Այս տարի այն համընկավ ԱԺ համապետական ընտրությունների հետ, և որոշեցիքն մեկ օրով հետաձգել ու սկսել հունիսի 8-ին։ Ամսի 15-ին փառատոնի փակումն է, 16-ին՝ մրցանակաբաշխությունը։ Հայաստանից բավականին մասնակիցներ ունենք, լավ ֆիլմեր են ներկայացրել։
Մեզ հետաքրքրում է դրսի հայացքը, որը կգնահատի նաև հայկական ֆիլմերը, հատկապես որ «Մեկ կադրում» մեծ մասամբ դեբյուտային ֆիլմեր են ներկայացվում։
Դրսի հայացքը՝ մեր ֆիլմերին. մենք հետաքրքիր ենք
Այս տարվա ժյուրիի կազմում են Ուկրաինայից կինոգետ, ժամանակակից պլաստիկ թատրոնի դերասանուհի Ֆլորա Բորովիկը, Եգպտոսից վավերագրող ռեժիսոր Էսամ Նագին, որը 18 տոկոսով հայ է։ ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը ժյուրիի նախագահն է։
«Մեկ կադրի» առանձնահատկությունն այն է, որ ֆիլմերի ցուցադրությանն անմիջապես հաջորդում են տեղում քննարկումները, որպեսզի տպավությունները, ասելիքը, հարցերը թարմ լինեն։ Միջազգային ժյուրիի անդամները ևս մասնակցում են քննարկումներին։
Հայկական մի քանի ֆիլմերի ցուցադրությանը հետևած ակտիվ քննարկումները, ընդհանուր մթնոլորտը, բնական ռեակցիաները թույլ են տալիս մտածել, որ «Կարճամետրաժ ֆիլմեր» անվանակարգի հայկական երիտասարդական կինոն բավականին հետաքրքիր է։ Ինձ, համենայն դեպս, մեծ լավատեսություն է հաղորդել այդ կինոն։ Ժյուրիի անդամներն էլ են ոգևորված, նոր բացահայտումներ են անում, հայ հեղինակների հետ են ծանոթանում, լսում նրանց, շփվում։ Մեծ զարգացում կա. այս տարվա «Կարճամետրաժ» անվանակարգում մի քանի ֆիլմեր կան, որոնք նոր սերնդի ընդգծված ձեռագրով ճանաչելի են դարձնում մեր «թաքուն» անկյունները, որոնց մասին սովորաբար չենք խոսում։ Օրինակ՝ տղան համակրում է մի աղջկա։ Նրա ընկերական շրջապատն իմանում է դրա մասին։ Նրանք տեսնում են, որ տղան չի կարողանում իր զգացմունքներն արտահայտել։ Տղայի ու նրա ընկերների միջև դրամա է զարգանում։ Նորմալ տղա է՝ փողոցի, դրսի կյանքով կոփված, ֆիլմի հեղինակն էլ նորմալ տղա է։ Ու պարզ, բնական իրավիճակի մասին նկարահանվել է պարզ, բնական, առանց միջամտությունների ֆիլմ։ Ու միջազգային ժյուրին այս հայկական դրաման հասկանում է, ընկալում է, քննարկում է, ոգևորվում է։ Ֆիլմը մեծ էներգիա է հաղորդել բոլորին։ Սա իսկապես հրաշալի է։ Սա լավ ազդակ է երիտասարդ ռեժիսորներին, որ համարձակ լինեն, դեբյուտներ նկարեն ու ներկայացնեն մեր հարթակում։
«Մեկ կադրը» բոլորին տալիս է այդ հնարավորությունը՝ առաջին անգամ ֆիլմ նկարել ու առաջինը ցուցադրել մեր փառատոնին, տեսնել առաջին արձագանքներն ու տպավորությունները։ Սա է հենց մեր հիմնական գործառույթը՝ բացահայտել կինոյում առաջին քայլն անողներին, խրախուսել նրան, որպեսի այդ քայլը շարունակություն ունենա։ Եվ այդպես էլ լինում է՝ առաջին ֆիլմեին հաջորդում են մյուսները։ Կինոյի ոլորտում, մեդիա դաշտում շատերի կարճամետրաժ առաջին ֆիլմի առաջին ցուցադրողը «Մեկ կադր» փառատոնն է եղել։ Իհարկե, քիչ չեն նաև այն ռեժիսները, որոնք 2-րդ, 3-րդ անգամ են նկարում ու ներկայացնում մեր փառատոնին։
Կինոհարթակ, որն ամեն գնով պետք է պահպանել:
24 տարի «Մեկ կադրը» ինչ-որ միջավայր, մթնոլորտ, հարթակ ստեղծել է, ինչ-որ չափով նպաստել է կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը, երիտասարդ դեբյուտանտների ինքանադրսևորմանը։
Անցյալ տարի փառատոնն ամբողջությամբ իրականացրել ենք մեր միջոցներով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մրցանակային ֆոնդի հարցում աջակցեց։ Այս տարի ԿԳՄՍՆ-ը մասնակիորեն օգնել է «Մակ կադրին», իհարկե, աջակցել են նաև մեր գործընկերները։ Չնայած ամեն տարի ասում եմ՝ վերջ, էլ չեմ անելու, հերիք է, բայց հենց հայտագրման օրերը մոտենում են, ամեն ինչ անում եմ, որ փառատոնը շարունակվի, կայանա։
Ինչ էլ լինի՝ դժվարությամբ, բարդություններով, բայց «Մեկ կադրը» պիտի ամեն տարի լինի։ Այն մի հարթակ է, որին սպասում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հնդկաստանից գրել էին՝ անցյալ տարի ձեր փառատոնի հայտագրումն այսինչ օրն է սկսվել, այս տարի չե՞ք անելու։ Մարդիկ սպասում են… չենք կարող նրանց սպասումները չարդարացնել։
Զրույցը՝ Նաիրա Փայտյանի

