Անվերջ Սարոյան

Մեզ ապրեցնողներից ես, Սարոյան։ Ծնունդդ շնորհավոր։

Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ պատմվածքն ազատություն է, կարող է գրվել հընթացս, ընդամենը երեք ժամվա ընթացքում։

Հիրավի, նրա բոլոր պատմվածքները նման են լեռնային աղբյուրներից անկաշկանդ հոսող գետակների։ Երբ ելույթ էր ունենում Երևանի գրողների տան բեմից, զգացինք, որ բանավոր խոսքն էլ էր այդպիսին։ Այդպիսի վարպետություն քչերն ունեն։ Հեմինգուեյի կատարյալ պատմվածքները շաղ եկող ակնեղեն չեն։ Դրանք նման են ջանասիրաբար հղկված ադամանդների։ Բակունցն էր ադամանդ մշակող։ Դա երևում է «Ալպիական մանուշակից» սկսած։

Բայց կար մի երիտասարդ գրող, ով հայտնվեց վաթսունականների շեմին։ Ռաֆայել Արամյան, հիմա, ավաղ, գրեթե մոռացված անուն։ Մի ժողովածու էր տպագրվել, հայրս գրախանութից առել, բերել էր։ Ասաց՝ աչքս դիպավ, վերցրի։ Վերնագիրը գրավիչ էր։

Ավելի ուշ հասկացա, թե ինչ ենթատեքստ է եղել այդպիսի վերնագրի ներքո։ Անթամբ, անսանձ, անհեծյալ նժույգներ։ Դա գիրք էր հենց ազատ տարերքի մասին, որը գրվել էր Սովետական Միության դեռևս անազատ ժամանակներում։

Սարոյանը անթամբ, որևէ հեծվորի կողմից չկառավարվող նժույգ էր ի ծնե։

✦ ✦ ✦

Նրա հերոսների միջավայրում հաճախ կարելի է հայրերի ու որդիների հանդիպել. փոքրիկ Ջոնին ու ձախողակ բանաստեղծ Բեն Ալեքսանդրը՝ «Իմ սիրտը լեռներում է» պատմվածքում ու պիեսում։ Խանութպան Արան և իր տղան՝ «Մարդկային կատակերգություն» վիպակում։ «Երեխաները» նովելի և, վերջապես, «Հայրիկ, դու խենթ ես» վեպի գլխավոր հերոսները։

Սարոյանի վերաբերմունքը հանդեպ այս աշխարհն ու մարդիկ՝ սիրող, իմաստուն, նվիրված ու մեծահոգի հոր վերաբերմունք է։ Ու նաև՝ սիրող, չարաճճի ու տաքգլուխ որդու վերաբերմունք, ով ընդմիշտ կմնա իր ընտանեկան հիշատակների ու կենաց արմատի հետ։

Սարոյանի ստեղծագործություններում ապրող, երազող, փիլիսոփայող, կյանքի հարվածներից այդպես էլ չընկճվող հայրերն ու որդիները նրա էության երկու կիսադեմերն են, որոնք միասնաբար նայում են մեզ՝ որպես մի անշփոթելի դեմք։

(Շատ տարիներ առաջ «Առագաստ» թերթում տպագրված հոդվածից):

✦ ✦ ✦

Հիշում ենք Սարոյան։ Ֆրեզնոյի արխիվում տեսա դստրիկին գրած իր նամակները։ Դստրիկ Լյուսին հայերեն չգիտեր, նամակներն անգլերեն են։

Սարոյանն ասաց. «Անունը մեծ մորս պատվին դրած եմ, Լուսնթագ։ Անիկա պատմվածքներ կգրեր, բայց չուզեցավ գրող դառնալ։ Հարգեցա իր կամք։ Իսկ մանչս հայերեն կհասկնար, բայց չուզեցավ հայ ըլլալ։ Կըսեր՝ հայը դժբախտ է։ Իր կամքն ալ հարգեցա, բայց ես միշտ կուզեի հայ ըլլալ»։

✦ ✦ ✦

Սարոյանի հայկական աչքերը

Դու առաջին անգամ Հայաստան եկար դեռևս 1935-ին, բայց քո գրականությունը մեզանում… ուշացավ, Սարոյան։ Մենք սկսեցինք կարդալ 50-ականների վերջերից։ Բայց գուցե դա ճիշտ ժամանակի՞ն էր։

Հետստալինյան սերունդ էր պետք, որ ստանար այդ կենարար անձրևը, ազատ ու անկաշկանդ գրչի թևածումները, ամբողջովին հայ ու հետն էլ՝ աշխարհամարդ լինելու ներդաշնակությունը, որը մի զարմանալի բնականությամբ բերում էիր դու։ Չգիտեմ, իմացա՞ր, թե չէ՝ ինչպիսի մեծ գործ արեցիր այդ սերնդի ու նորագույն հայ գրականության համար։ Իհարկե, բերողները ավագներից էին։ Դաշտենցը, Հրաչյանը։ Մի փոքր ավելի ուշ՝ Գրիգոր Քեշիշյանն ու Կարպիս Սուրենյանը։ Բայց ո՞վ ասաց, որ նրանք ծերուկներ էին այդ ժամանակ։

Իսկ հետո, կենսատու շատրվանի նման, ժայթքեց «Իմ սիրտը լեռներում է» պիեսի աճեմյանական բեմադրությունը՝ Առնոյի կախարդական շեփորականչով։ Հրաչյա ու Փափազ՝ արդեն իրենց մայրամուտին։ Եվ նրանց հնախորհուրդ թախիծը, երազն ու պատգամը մեզ։ Այո, կա՞ արդյոք ավելի հայկական պիես, թեպետ և գրված է անգլերենով և՝ ամերիկյան կյանքի մասին։ Կա՞ մեկ ուրիշ թատերական գործ, որտեղ այդքան ներկա է մեր հոգու ձայնը՝ իր բոլոր ելևէջներով։

«Ադ խաղ գրած եմ որպես երգ»,- ասացիր Երևանում, արդեն 76-ին։ Իսկ 60-ին եկար որպես համաժողովրդական անուն։

Մեր պատանեկությունն ու երիտասարդությունը կիսատ էին լինելու առանց քեզ։ Քո՝ «ես»-ով գրելը։ Այսինքն՝ ինքս եմ նայում ու տեսնում՝ սուվերեն հայացքի իրավունք։ Քո «հայու պատմությունները»՝ մի ցորենի հասկ, որ համարձակորեն ճեղքել էր ամերիկյան ֆրի-ուեյների բետոնն ու ցոլարձակում էր՝ ոսկելույս։

Այո, դժվար մարդ ես եղել։ Տաղանդը ծանր փորձություն է թե՛ այդ տաղանդի տիրոջ և թե՛ մերձավորների համար։ Այո, որդիդ՝ Արամը, ով անունը դարձավ քո գրականության՝ «Իմ անունն Արամ է», ի՛ր գիրքը գրեց քո մասին՝ ինչ-որ տեղ պատրանքազերծելով քեզ։ Դա իր ազատությունն էր և իր խղճի գործը։ Մանավանդ երբ մերժեց մեր պաշտոնական հրավերը՝ Երևանում քո արձանի բացմանը մասնակցելու։ Բայց մի՞թե դա փոքրացնում է քեզ։

David Muradyan-Frezno

✦ ✦ ✦

Իսկ ես լուռ կանգնել եմ այն միահարկ տան դիմաց, որտեղ անցել է քո մանկությունը Ֆրեզնոյում։ Երբ դու թերթավաճառ էիր, դեռահաս։ Այդ տանը մեքսիկացիներ էին բնակվում։ Ցածրադիր պարիսպ էր, բակում՝ ցանցկեն մահճակալ, որպիսիք նախակոնդի բակերում էլ կային, ու լվացք էր կախված՝ վաղ գարնան քամուց ծածանվող։

Հիմա, հիմա դուրս կելնի Թագուհին՝ մայրդ, ու կհավաքի այդ լվացքը։ Անշարժ սպասում էինք ես ու Կարինեն՝ Խոդիկյանը, իսկ պարսպից ներս դափնու ծառ էր ծփում, ճյուղերը դեպի դուրս, և Կարինեն ասաց. «Այս ծառից մի ճյուղ եմ տանելու Երևան»։

Այնպիսի դիրք ընդունեցի, որ հնարավորինս փակեմ նրան՝ ո՞վ գիտի ինչ տուգանքներ ուներ Ամերիկան նման կարգազանցությունների համար, և Կարինեն պոկեց մի ոչ մեծ ճյուղ։

Վստահ եմ՝ պահել է մինչև հիմա։

Մեզ ապրեցնողներից ես, Սարոյան։ Ծնունդդ շնորհավոր։

✦ ✦ ✦

Դավիթ Մուրադյան

Տարբեր տարիների գրառումներից