2025-ին հանդիսատեսի լայն շրջանակներին ներկայացվող վավերագրական ֆիլմերի ստուգատեսի մեկնարկը տրվեց Գագիկ Ղազարէի «Հևք» -ով. հունվարի 29-ին Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ նշված կինոաշխատանքի անդրանիկ ցուցադրությունը։ Պետք է ասել, որ մեկնարկը խոստումնալից էր։ Ու նաև` իմաստավոր` թեմայի արդիականության առումով (ինչը քիչ բնորոշ է մեր կինոհարթակներին)։

«Հևքը» 44 -օրյայի ավարտին հաջորդած այն շրջանի վավերագրությունն է (ի դեպ, բավականին եզակի), երբ անհատները ինքնուրույն ստանձնում էին մեր երկրի սահմանների, և, չափազանցություն չի լինի ասել, նաև մեր արժանապատվության պաշտպանությունը։ Տվյալ դեպքում`  կոնկրետ տեղանքում կոնկրետ կամավորներ, որոնց հուսահատ սխրանքին էլ ծանոթանում ենք Գագիկ Ղազարէի տեսախցիկի օբյեկտիվի արձանագրածով ու մատուցմամբ։

Գագիկ Ղազարէ

Ինքը՝ Գագիկը, կարծես այպես էլ չավարտվող այս պատերազմի մասին վավերագրության ակամա հերոսներից մեկն է` նույն կամավորական խմբի անդամ, բայց, հուրախություն ժանրի սիրահարների (եթե, իհարկե, հայկական վավերագրական կինոյի առնչությամբ առհասարակ կարելի է խոսել նման առանձին ժանրի մասին), և ի շահ պատերազմական քրոնիկոնների մեր, ցավոք, հարուստ նյութերի թարմացման, նորացման, տեղում նաև նկարահանել է զինվորագրվածների առօրյան…

 Գագիկ Ղազարէն ռեժիսոր է, կինոգործիչ, Հայաստանի ամենահին ու թերևս ամենազիլ կինոփառատոնի` «Մեկ կադրի» հիմնադիրը։

44-օրյայից հետո, կանխատեսելիորեն ու օրինաչափորեն, մեր կինեմատոգրաֆի գլխավոր նյութ է դարձել պատերազմական թեման (տարբեր հաջողության մի շարք գործերով) և առաջիկայում էլ միտումը նույն է մնալու։ Մնալու է նաև հույսը` որ մեր կինոն իսկապես ըստ արժանվույն կիմաստավորի, կանդրադառնա մեր կյանքի ու մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությանը։ Գագիկ Ղազարէի ֆիլմը, համենայն դեպս, այդ հույսը տալիս է։

Սկզբում, թեմայի ամբողջ ծանրությամբ հանդերձ, բայցև ֆիլմի պատումի համեմատական թեթևության, ֆիլմի հերոսների կենսասիրության դրվագների ֆոնին, ավելի շատ կարող է թվալ թե սա «Չէին սպասում»-ի զինվորական/կամավորական թողարկում» է` ռեժիսորը այցելել է կամավորներին, նրանց բնակատեղին ու կենցաղը ներկայացնելու։ Ի դեպ, բնակատեղի` «պոստ», որը կամավորները հենց իրենք են 0-ից կազմակերպում, ստեղծում` մեր բարձր լեռների ծերպերում, որտեղից մեր հայրենիքի սիրուն տեսարաններ են բացվում` Արաքս գետով, ասես սահյանական «գլխիվայր բուսնած» թուփ ու ծառով և անծայրածիր մառախուղներով, «պատերազմի մառախուղներով», որը տեսախցիկի մյուս կողմից խոսող Ղազարէի խոսքով ասած` «գրկում է» շուրջբոլորը։

Չնայած ընթացքում մեկ-մեկ հնչող նման  բացատրություններին ու դրվագներին (մի կադրում օրինակ զինվորներն են Ղազարէին հուշում, որ նկարի սիրուն մայրամուտը.մահվան ճիրաններում հայտնված մարդու ինչպիսի էսթետիկ պոռթկում), բայց ամբողջ պատումը չեզոք է, սահուն, անբռնազբոս։ Անշուշտ հոգեբանորեն շատ ծանր է տեղափոխվել 2020-ի նոյեմբեր, բայց բոլորս պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ դա անելու։

Տվյալ դեպքում, Ղազարէն հետաքրքիր ձևով ինքն էր 2020-ի նոյեմբերին հաջորդած մի քանի օրերը (իրականում 1-2 ամսվա խտացում) բերել կինոդահլիճ` պահի տակ կինոդահլիճում բառացիորեն թնդացող, անհարմարության զգացում պատճառող իրական կրակոցներով ու ապա զինվորի խաղաղ երգով, բարձունքների պատկերներով ու հույսերի խորքով և մեր զինվորի մեսիջով` ինքն իրեն. մի չքնաղ դրվագ կա, երբ տղաները իրենք իրենց ձեռքով են անում կադրում ու հույս հայտնում, թե դեռ կտեսնեն այդ նկարահանումը… Ի դեպ, այս ցուցադրությանը ներկա էին նաև չավարտվող թվացող պատերազմի ղազարէական այս քրոնիկոնի հերոսները ևս։

Լայն իմաստով կարևոր էր մեզ` քաղաքացիական անձանցս, բերել այս ամենի զինվորական «չափումը» կամ մեր չափումը տանել նրանց ավելի մոտ։ Կամ որ ավելի ճիշտ կլինի ասել` մոտեցնել մեր ու մեր զինվորի` երբեմն իրարից շատ տարբերվող  չափումները։ Դա զգացվում է, օրինակ, ամեն անգամ, երբ կամավորը օրը ֆիքսում է դեռ ողջ լինելու հանգամանքով. «Օր 3, դեռ ողջ ենք», «Օր 9, ողջ են»…

Գագիկ Ղազարէ

«Հևքը» մեր պատերազմական քրոնիկոնների (որոնց պակասը չի եղել), վավերագրումների նոր ու թարմ, շատ հետաքրքիր ու կարևոր դրվագ է` համեմված ծառայության քաղցրության և «լափողների ու թռածների» մասին`«պոստում» գտնվող զինվորների դատողություններով, և ապագա հաղթանակների հույսին մեզ մասնակից դարձնելով։ Եվ այս ամենը` աստծուց գոհանալու մասին մտորումներով ու աղոթքով, սրտաբուխ երգով ու էլ ավելի սրտաբուխ ու տեղին հայհոյանքով, կիսած երազանքներով ու  հումորով, կոլորիտային կենացներով, և ամենակարևորը, մեծ ազնվությամբ։

«Հևքը» ազնիվ աշխատանք է, ինչպես զինվորի հևքը` «պոստ» ու անհայտություն, դեպի պատերազմական մշուշ բարձրացող զինվորի մոտ բնականորեն առաջացած հևքը (ինչը հետաքրքրորեն ֆիքսված է նաև ֆիլմում)։ Այս կինոաշխատանքը կարևոր է հատկապես` հատկապես այս օրերին, երբ ինչ տեսակ խոսույթ ասես ամենաբորբոքված ուղեղների ծալքերից շպրտվում է բզկտված հասարակության ջանին` ասես ի զրոյացում ցանկացած սխրանքի, հիշողության ու անելիքի։

Հ․Գ․Պատերազմի կամ հետպատերազմականի ֆոնին առկա մառախուղը, որ իր ուրույն ու խորհրդանշական տեղն ունի նաև այս աշխատանքում ակամա աղերսվում է նաև իրական «պատերազմի մշուշ» (Fog of War) ռազմական հասկացության հետ`« ռազմի դաշտում ընթացիկ իրադրության մասին արժանահավատ տեղեկության բացակայություն», «թատերաբեմում եղած անորուշություն» իմաստներով։ Հասկացությունը նաև այլաբանական կիրառություն ունի։

Առաջիկայում ֆիլմը հնարավոր կլինի դիտել «ԲԱՑ ՀԱՐԹԱԿ»-ում մարտի 28-ին։

 

Դավիթ Պ. Վարդազարյան

Հայաստանի Կինոլրագրողների և կինոքննադատների ասոցիացիայի անդամ