2003-ին, երբ կինոն այնքան էլ լավ վիճակում չէր Հայաստանում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որն այն տարիների համար ուներ բավական գրավիչ զինվածություն կինոարտադրողների համար, ծնվեց «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գաղափարը: Փառատոնի հիմնադիր և ՆՓԱԿ-ի գեղարվեստական խորհրդի ղեկավար Գագիկ Ղազարէի հետ զրուցել ենք թե´ անցած ճանապարհի դժվարություններից ու ձեռքբերումներից, թե´ 2019-ի հունիսի 5-11-ը կայանալիք «Մեկ կադրի» առանձնահատկություններից:

Անուղղակի կրթության հարթակ

Փառատոնը միշտ անցկացրել ենք ՆՓԱԿ-ում, բայց այս տարվա ընդհանուր մթնոլորտն արդեն այնպիսին է, որ կարծես ստիպում է մտածել այլ տարածքներ վերցնելու մասին: Մենք միշտ զարգացումը տեսել ենք բնական ընթացքի մեջ, ու հենց դա էլ կթելադրի անելիքներն արդեն հաջորդ տարիներին:

«Մեկ կադրն» իր ներսում ունի կրթական շատ հզոր ֆունկցիա: Լինելով հիմնադիր անվանակարգ՝ այն հնարավորություն է տվել մեր փառատոնի դեռ ամենաառաջին մասնակիցներին ինքնահաստատվել ու քայլել առաջ: Մասնագետ լինելը պարտադիր պայման չէ. կարող են լինել էությամբ արվեստագետ, որ պատահականության բերումով որոշել են մասնակցել մեր փառատոնին: Եվ քանի որ չեն խախտել ոչ մի կանոն, անցել են մրցութային փուլ, հայտնվել փառատոնային միջավայրում: Եվ երբ հրավիրյալ ժյուրիները, որ հեղինակավոր մարդիկ են, սկսում են նրանց հարցեր տալ,  հանկարծ պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Սկսվում է մտորելու, փորձ ձեռք բերելու ընթացքը: Արդեն հաջորդ տարի նույն մարդը, որն առաջին անգամ շատ թեթև էր մոտեցել իր աշխատանքին, հանկարծ ներկայացնում է  ընդգծված դիրքով, վիզուալ պատկերի հանդեպ լուրջ վերաբերմունքով, հետաքրքիր կինոմտածողությամբ մի գործ, որում ակնհայտ երևում է  նրա աճն ու զարգացումը: Այսինքն՝ պասիվ վիճակից նա դառնում է մրցույթի հավակնոտ մասնակից: Այս տարի էլ մենք ունենք նմանատիպ օրինակներ, ինչը հենց ոգևորում և հերթական անգամ հաստատում է, որ արժեր այս ամբողջ հոգսը վերցնել մեր ուսերին: Ի վերջո, կինոն նաև փորձառություն է, և «Մեկ կադրը» փորձվելու հրաշալի հնարավորություն է բոլոր մասնակիցների համար: Տարիներ շարունակ, հետևելով նրանց ճակատագրին, ականատես ենք եղել՝ ինչպես են մեր փառատոնի մասնակիցները դարձել լավ լրագրող, վավերագրող և այլն: Մենք անուղղակի կրթության ճանապարհով մրցութային ծրագրի մասնակիցներին հնարավորություն ենք տալիս ներկա լինելու տարաբնույթ հանդիպումների, քննարկումների, ինչպես նաև ընձեռում ենք խոսելու, լսելու, երկխոսության մեջ մտնելու տարբեր առիթներ: Իսկ արդեն մեր փառատոնում լավագույն ճանաչված ֆիլմերը, գոտեպնդվելով իրենց հաղթանակներից, մասնակցում են եվրոպական որոշ փառատոների, հրավերներ են ունենում, ստանում մրցանակներ:

Միշտ լավատես

Լինելով այս ողջ կազմակերպչական աշխատանքների կենտրոնում՝ դժվար է գնահատական տալ մեր գործին, վերլուծել, թվարկել ձեռքբերումները: Ավելի հաճախ մտածում ես խնդիրների լուծման, տարաբնույթ հոգսերի ու դժվարությունների հաղթահարման մասին, ինչը մենք անում ենք տարիներ շարունակ և կանգ չենք առնում:  Արդեն այս տարի ես շոշափելիորեն տեսա, որ կարճամետրաժ կինոն սկսում է հաստատվել: Նաև ակնհայտ էր ներքին մրցակցությունը. կային ժանրային նույն տեսակին պատկանող ֆիլմեր՝ համաչափ ուժեղությամբ, ինչը դժվարացրեց ֆիլմերն ընտրելու ընթացքը, բայց և ուրախալի էր նման ակտիվությունը: Բազում խնդիրներ ունենալով հանդերձ և հասկանալով, որ ամեն ինչ չի կարող իդեալական լինել, պահպանում ենք մեր լավատեսությունը,  շարունակում ենք սովորել, ուղղել մեր սխալները, գժություններ անել՝ առանց վախենալու, որ ինչ-որ մեկը կնախատի մեզ:

Անվանակարգեր, մրցանակներ, ժյուրիի անդամներ

Փառատոնի անվանակարգերն են՝ «Մեկ կադր մեկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»:  Առաջին անվանակարգում մենք ի սկզբանե հատուկ ընտրություն չենք անում, միակ չափանիշը, որ չխախտվեն նախապես որոշված կանոնները: Երկրորդ անվանակարգում հրավիրվում են ընտրիչներ, որոնք էլ հենց ընտրում են մրցութային ֆիլմերը: Այս տարի նրանք երկուսն են եղել՝ Սարգիս Հովսեփյան (արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ) և Սևակ Բաղդասարյան (արվեստագետ, ռեժիսոր): Վերջին անվանակարգում ընտրությունը ես եմ անում:

Բուն փառատոնի ընթացքում արդեն յուրաքանչյուր անվանակարգ կունենա ժյուրիի երեքական անդամ: Այս պահին անուններ չեմ կարող հայտնել: Միայն կասեմ, որ կլինեն նաև միջազգային հարթակներից ներգրավված պրոֆեսիոնալներ:

«Մեկ կադր մեկ րոպե» անվանակարգում դրամական մրցանակ կտրվի Լավագույն հայկական մեկ կադրի համար (100.00 դրամ), իսկ «Կարճ ֆիլմեր» անվանակարգում՝ Լավագույն հայկական կարճ ֆիլմի համար (200.000 դրամ): Բոլոր անվանակարգերը միջազգային են, բայց շեշտում ենք հայկականը, որովհետև, ի վերջո, ուզում ենք աշխատել մեր կինոյի համար: Եվ ամենակարևորը, որ այս տարի ստեղծել ենք Զրո բյուջե ֆիլմարտադրության հարթակը՝ մեկ միլիոն ՀՀ դրամ մրցանակով:  Նպատակն է փառատոնի միջոցով նպաստել նոր ֆիլմերի արտադրությանը: Պարզապես պայման ունենք, որ ֆիլմը պիտի արտադրվի մեկ տարվա ընթացքում և տևի առավելագույնը 15 րոպե:

750-ից ավելի մասնակից, մրցութային 97 ֆիլմ

-Մեր փառատոնը չունի մասնակցության ոչ մի սահմանափակում թե´ նկարահանման տեխնիկայի, թե´ մասնակիցների առումով: Տարիների ընթացքում համոզվել ենք, որ «Մեկ կադրն» ավելի երիտասարդությանն է ձգում: Այս տարի 750-ից ավելի մասնակցության հայտ ենք ունեցել աշխարհի 30-ից ավելի երկրներից, բայց  փառատոնին կմասնակցի ընդամենը 97 ֆիլմ, ինչը հենց ուժեղ մրցակցության լավագույն ցուցիչն է: Առանց չափազանցության բոլոր անվանակարգերում կան ֆանտաստիկ լավ ֆիլմեր, որոնք իսկապես կուզեի՝  մարդիկ գային ու տեսնեին: Մեր փառատոնի համար ասում են, որ մասնակիցներին սահմանափակ հնարավորություններով է ապահովում, բայց քանի որ իր դիրքերը ընդգծված կինեմատոգրաֆիկ են, մեզ վստահում են և դիմում: Ուրախ եմ նաև, որ այս տարի նախորդ 2-3 տարիների համեմատ քչացել են դեպրեսիվ կինոները, և շատացել են կյանքային, թեթև, գրավիչ ֆորմաները: Ունենք նաև մի քանի շատ ուժեղ լուծումներով վավերագրական ֆիլմեր:

Աջակիցներ

-Մեր առաջին հովանավորը հենց ինքներս ենք՝ ՆՓԱԿ-ը, որ տարիներ շարունակ հիմնական բեռն իր ուսերին է վերցրել: Մեր երկրորդ հարգանքի արժանի աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է, որի համար շատ ուրախ եմ: Դրամաշնորհային բաց հարթակի առաջին դիմողներից ենք եղել  և չենք մերժվել: Իհարկե, ակնկալիքներն ավելի մեծ էին, բայց հենց միայն չմերժվելն արդեն իսկ ուրախացնող էր, որովհետև մեր փառատոնի պատմության մեջ դա առաջին անգամն էր: Վստահ եմ, որ սա հեղափոխության ազդեցությունն է, որը մեր մշակութային միջավայրում էական այլ փոփոխություններ ևս բերելու է: Այս տարի մեր գործընկերների մեջ է նաև Շվեյցարիայի դեսպանատունը, ում աջակցությամբ հենց դրսից մեկ ժյուրի կհրավիրենք: Մեր աջակիցներից է նաև ՀԲԸՄ-ն: Մեզ օգնողներն ընդհանուր առմամբ շատ են, այդ թվում՝ մեր հին ընկերներից kinoashkharh.am-ը, որին ևս շնորհակալ ենք:

Շարժում՝ խորհրդանիշ և դարավոր երազանք

-Մեր փառատոնի խորհրդանիշը (բրոնզաձույլ արձանիկի տեսքով) վերցված է Գեղամա լեռների 5000-ամյա ժայռապատկերներից և նման է նախկինում դասական կինոյի ժապավենը շարժման մեջ դնող հայտնի մեխանիզմին: Շարժում խորհրդանշող արձանիկը հիշեցնում է՝ կինոն էլ շարժանկար է, որով հարազատ է դառնում ժայռի  շարժվող պատկերին, այսինքն՝ մարդու պատկերը շարժելու և մեկ ուրիշ մարդու ցույց տալու դարավոր երազանքին, որ միայն 1830-ականներից սկսեց աստիճանաբար իրականանալ:

Հանդիսատեսի լայն շրջանակ

-Մեր հանդիսատեսը կինոյի սիրահարներն են, կինոյով հետաքրքրվողները՝ առանց տարիքային սահմանափակման:  Տոմսեր էլ չենք վաճառում: Ուրախալի է փառատոնի ընթացքում հանդիպել մարդկանց, որոնց չես ճանաչում, բայց դեպքերի բերումով պարզվում է, որ նրանք «Մեկ կադրի» հավատարիմ հանդիսատեսն են, միշտ հետևել են մեզ, հիշում են բոլոր ֆիլմերը:

Մեկ կադր մեկ րոպեում՝ հե՞շտ, թե՞ դժվար

-Երբ ֆիլմը նկարելուց առաջ հստակ գիտես՝ ի՞նչ ես ուզում անել, շատ հեշտ է նկարել մեկ կադր մեկ րոպեում, իսկ եթե չգիտես՝ անտանելի դժվար է: Ֆիլմեր կան, որոնք դիտելիս ակնհայտ է՝ այդ ֆորմատը հենց տվյալ մարդունն է, կան ֆիլմեր էլ, որոնցից երևում է՝ հեղինակը սովորելու տեղ ունի, և դա բնավ անհանգստանալու պատճառ չէ: Մենք սովորում ենք՝ հաջողված աշխատանքներ դիտելով: Ուրախալի է, որ տարեցտարի նկատվում է փորձառություն ու կրթություն ունեցողների աճ բոլոր անվանակարգերում:

Բարձրաձայնած ու չբարձրաձայնած ձեռքբերումներ, ավանդույթներ

-Հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ առօրյայում փողոցով անցնելիս, երբ տեսնում եմ պատանիների, երիտասարդների, որոնք բարձր տրամադրությամբ ինչ-որ բան են նկարում բջջային հեռախոսով, միշտ մտածում եմ՝ երևի «Մեկ կադրի» համար են փորձում:  Երբ 2003-2004-ին մենք շատ հանգիստ ընդունում էինք բջջային հեռախոսով նկարված ֆիլմեր, որոնք անգամ մրցանակ էին ստանում, մեզ փնովում էին՝ ինչպես կարող է նման բան լինել, այնինչ մենք գիտեինք, որ դա առջևում է: Եվ հանկարծ ընդամենը մի քանի տարի անց բոլորը սկսեցին հեռախոսով կինո նկարել, անգամ հայտնի արտասահմանյան փառատոները սկսեցին նման ֆիլմեր ընդունել: Ուստի ես համոզված կարող եմ ասել, որ մենք եղել ենք այն տարածքը, որը բաց է եղել նոր էքսպերիմենտների, նոր տեխնոլոգիաների համար: Եվ, ի վերջո, մենք այն վայրն ենք, որտեղ հայտագրվողից մասնագիտական փաստաթուղթ չեն ուզում, որովհետև ամենակարևորը էկրանից մեզ փոխանցվող  պատմությունն է:

Մենք նաև չենք ունենում նախօրոք հայտարարված թեմաներ, բովանդակությունը բերում են մրցութային անվանակարգերում ներգրավված արվեստագետները, որ ներքին ազատության կրողներն են, փառատոնի ինչպիսին լինելը թելադրողները:

Փառատոնի բացման ժամանակ ունենք չհայտարարված ներքին ավանդույթ: Տարբեր տարիներին մեր փառատոնի բացման արարողություններին ներկա գտնվածներն արդեն հասկացած կլինեն, որ դա նփակյան ավանդույթ է՝ պեղել և գտնել տաղանդավոր երաժիշտների, որոնք հարթակ տրամադրելու, առաջ մղելու անհրաժեշտություն ունեն: Դրա համար մեր բացման արարողություններին միշտ մասնակցում են քիչ հայտնի խմբեր, բայց երբեք չի եղել, որ ձախողենք:

17 տարի շարունակ մեկ կադր մեկ րոպեում

-Այս տարի ապրիլին վերջնականապես հասկացանք, որ մեր ֆորմատը հետաքրքիր է մարդկանց: Նրանց ակտիվ մասնակցությունն ու իրենց գաղափարները մեզ վստահելը շատ պարտավորեցնող է: Մենք հայկական իրականությանը տվել ենք ազատ էկրան, մեզ մոտ ցուցադրվել են ֆիլմեր, որոնք իսկապես ուրիշ տեղ չէին կարող ցուցադրվել: Ներազդել ենք նվազագույնը գոնե Երևանում այն մտածելակերպի հաստատմանը, որ կինոն կարող է ցուցադրվել ոչ միայն կինոթատրոններում, այլև այլ տարածքներում: Մենք առաջիններից էինք, որ անընդհատ կինո էինք ցույց տալիս մեզ մոտ՝ ՆՓԱԿ-ում, ձևավորում ֆորմատներ ու տալիս հանրությանը:

Ճիշտ է, դրսում էլ կան մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր, բայց դրանք չեն նկարվում մեկ կադրով, այլ մոնտաժ են արվում: Իսկ մենք արդեն 17 տարի շարունակ ստեղծում ենք մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր մեկ կադրով, ինչը մեր եզակի հորինվածքն է աշխարհում:

Արփի Խաչատրյան