Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան, հայտնել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Սարգսյանը նշել է, որ ամենակարևորը հերոսի կնոջ՝ Սեդայի և եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։

Նա նաև պատմել է, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանմանը։ «Երևի պատկերացնում եք, որ նման ֆիլմի համար դա կատաստրոֆա է։ Դու որպես մարդ ՀՀ-ում չես կարող ինքնագլուխ պատերազմական տեսարաններ նկարել, որովհետև նման տեսարաններին հիմնականում աջակցում է Պաշտպանության նախարարությունը, և նրանց ներկայացուցիչներն են գալիս։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել, ու երևի թե իմ կյանքի ամենաանելանելի իրավիճակներից մեկն է եղել դա, որ կոկորդիդ կանգնած է»,- հիշել է ֆիլմի հեղինակը։

Նա նշել է, որ, չնայած դժվարություններին, այդ տեսարանները, այնուամենայնիվ, նկարահանվել են։ Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, իսկ Մոնթեի դերը կատարում է Վլադիմիր Մսրյանը։ Սարգսյանը հավելել է, որ ֆիլմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, և դրա նպատակը հերոսի հիշատակը հավերժացնելն է։ «Այս ֆիլմերը լինելու են, մնալու են, և դա արվում է, որպեսզի հետագայում մեր սերունդները՝ մեր երեխաները, մեր թոռները, եթե անգամ գրքերում էլ այնպես ստացվի, որ չկարողանան կարդալ մեր հերոսների անունները, գոնե լինեն ֆիլմեր, որոնց միջոցով նրանք կկարողանան ծանոթանալ մեր մեծերի հետ»,- շեշտել է նա։