Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որով սանկցիաներ են սահմանվել ռուսական հայտնի «Մաշան ու Արջը» մուլտսերիալի ստեղծողների դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։

Համաձայն հաղորդագրության, նախագահ Զելենսկին չորս հրամանագիր է ստորագրել, որով սանկցիաներ են սահմանվել ռուսական մի շարք ձեռնարկությունների, ռուս պաշտնոնյաների եւ «Մաշան ու Արջը» մուլտսերիալի ստեղծողների դեմ (սանկցիաները սահմանվել են թողարկող ընկերության, սցենարիստի, ռեժիսորի եւ ստեղծման աշխատանքներին մանսակցած այլ մասնագետների վրա)։ Կիեւում կարծում են, որ մանկական աշխարհահռչակ այս մուլտսերիալը «տարածում է ռուսամետ նարատիվներ, որոնք քողարկված են մանկական բովանդակության ներքո եւ սպառնալիք է հանդիսանում Ուկրաինայի ազգային անվտանգության համար։

Հիշեցնենք, որ ռուսական հայտնի մուլտսերիալի հանդեպ Արեւմուտքում վերաբերմունքը միանշանակ չէ։ Էստոնիայի ԱԳ նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ մուլտսերիալում կան «Կրեմլյան կայսերապաշտական նկրտումներ», իսկ Մեծ Բրիտանիայում էլ Համայնքաների պալատի 50 պատգամավորներ պահանջել էին արգելել «Մաշան ու Արջը»՝ այնտեղ տեսնելով «ռուսական քարոզչություն»։

Հիշեցնենք նաեւ, որ Netflix-ը ձեռք էր բերել մուլտսերիալի ստեղծած «Անիմակկորդ» ընկերությունից «Մաշայի եւ Արջի»Խ ցուցադրման իրավունքը աշխարհի ավելի քան 100 երկրում՝ ներառյալ Միացյալ Նահանգները եւ Կանադան։

Նյութի աղբյուրը՝ RG.ru