Կինոյի մասին օրենք. Տեսանելի և անտեսանելի կողմեր
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց: Այդ առիթով է՝ զրույցը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ, որի համակարգման ներքո է կինոյի ոլորտը:
Տասնամյակներ շարունակ տարբեր կարծիքներ են հնչում՝ արժե՞ «Կինոյի մասին» օրենք ունենալ, թե ոչ, ի՞նչ կտա այն մեր երկրի կինոարտադրությանը, իրապես կնպաստի՞ ոլորտի զարգացմանը, գործնականում կկիրառվի՞, որովհետև գաղտնիք չէ, որ արվեստը օրենքով կարգավորելը դյուրին չէ:
Արա Խզմալյանն էլ իր տեսակետն ու դիրքորոշումներն ունի, քանի որ պաշտոնյա լինելուց բացի, արվեստի մարդ է:
«Ոսկե միջին»՝ ամենացանկալի իրավիճակ
-Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի իմ գործընկերներին հետևողական և համատեղ աշխատանքի համար։ Իսկ դրանից զատ՝ «ոսկե միջինն» արվեստի ոլորտների վերաբերյալ օրենքներ չընդունելն է: Ես եկել եմ այն եզրակացության, որ արվեստի որոշ ոլորտների մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն չկա, որովհետև արվեստի մասին օրենքն անխուսափելիորեն դատապարտած է ունենալու հռչակագրային բնույթ: Կինոյի մասին օրենքը թերևս բացառություն է, որովհետև այն ուղղակիորեն նպաստելու է Ստեղծարար Եվրոպայի մեդիաբաղադրիչին միանալուն։
Արվեստի ոլորտին առնչվող օրենքները, որոնք վերաբերելու են կոնկրետ գործնական հարաբերություններին, առնչվելու են այլ, հարակից օրենքներին: Օրինակ՝ խոսում ենք մաքսային արտոնությունների, ընթացակարգերի դյուրացման մասին. շատ լավ, մենք ունենք Մաքսային կարգավորումների մասին օրենք: Խոսում ենք հարկային արտոնությունների, ԱԱՀ-ի նվազեցման կամ չեզոքացման մասին, դրա համար էլ կա Հարկային օրենսգիրք: Այսինքն՝ ես կողմ եմ, որ արվեստը ոչ թե ծանրաբեռնվի նոր օրենքներով, այլ կատարելագործվեն արդեն իսկ գործող օրենքները: Ես առաջարկում եմ գալ հակառակ կողմից՝ հարակից օրենքներում կատարել համապատասխան լրամշակումները, կատարելագործել գործող օրենքները, այնուհետև, եթե առանձին օրենք ունենալու անհրաժեշտություն կլինի, խնդրեմ, կարող ենք ստեղծել այն:
Արվեստ՝ հարակից օրենքներով
-Արվեստագետները պետք է շատ զգույշ խոսեն օրենքների մասին, որովհետև ում հետ խոսել եմ, բոլորի պատկերացումները հստակ չեն: Շատերը խոսում են Թատրոնի մասին օրենք ունենալու մասին, իսկ երբ հարցնում ես՝ ի՞նչ ես ակնկալում այդ օրենքից, պատասխանը կամ շատ անորոշ է, կամ լռություն է, կամ օրենքի հետ առնչություն չունեցող բաներ են ասում: Ի դեպ, մեր հարևան երկրների Թատրոնի մասին օրենքները դեկլարատիվ տեքստեր են: Խոսում ենք մեկենասության մասին օրենքի վերաբերյալ։ Ինչո՞ւ ստեղծել նման օրենք, եթե կարելի է Հարկային օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխությունները, դրանով շահագրգռել մեկենասներին, այնուհետև ստեղծել տեղեկատվական հզոր համակարգ՝ այդ մարդկանց, կազմակերպություններին ներկայացնելու համար և դրանով հարցը լուծել:
Գործադրի պահանջները՝ օրենքի համատեքստում
-Գործադիր իշխանության քաղաքականությունն է առանձին ոլորտների համար հարկային արտոնություններ չսահմանելը, որովհետև դա բարդացնում է հարկահավաքման ընթացքը: Գործադիրը կոնկրետ կանխատեսումների հաշվարկներ է պահանջում, հիմնավորումներ է ուզում տեսնել, թե հարկային արտոնությունների դեպքում որ ժամանակահատվածում և ինչ կարող ենք ակնկալել: Հարկային արտոնությունների դեպքում ներդրումային միջավայրը բարելավվելու հստակ կանխատեսումներ են պետք՝ քանի՞ ներդրող կգա, համատեղ քանի՞ ֆիլմ կնկարահանվի և այլն: Չափելի ցուցանիշներ է ուզում տեսնել գործադիրը, հակառակ դեպքում նա առաջարկում է այլ ճանապարհով գնալ՝ կինոյի ոլորտին աջակցել ֆինանսական այլ միջոցների ծավալը մեծացնելու եղանակով:
Որպես ոլորտը համակարգող փոխնախարար՝ անձամբ ես կուզեի, որ Կինոյի օրենքը բեռնաթափվեր կանոնակարգային, ընթացկարգային բովանդակությունից, որովհետև այն պետք է ուղղությունները թելադրի, շարադրի սկզբունքային դիրքորոշումները: Պետք է մեծացնել օրենքի քաղաքական կշիռը:
Մեդիա-բաղադրիչը՝ օրենքում
-Զարմանալի բան ասեմ. նույն կինոհանրության միջավայրում հստակ պատկերացում չկա, թե մեդիա-բաղադրիչին միանալու համար օրենք պե՞տք է ունենալ, թե ոչ: Կինոգործիչների բավական կոմպետենտ մասը պնդում է, որ գործող միջազգային չափանիշներին համապատասխան՝ մենք կարող ենք միանալ մեդիա-բաղադրիչին միայն այն դեպքում, երբ կունենաք Կինոյի մասին օրենք: Իսկ կոմպետենտ մյուս մասն ասում է՝ ոչ, թյուրըմբռնում կա, դա այնքան էլ անհրաժեշտ չէ: Ընդ որում, նույն թիմի մարդիկ են տարբեր կարծիքներ ու տեսակետեր առաջ քաշում:
Այն, ինչ ներկայացվել է ինձ, վկայում է այն մասին, որ օրենքի ընդունումը նպաստում է մեդիա-բաղադրիչին միանալու գործընթացին:
Օրենքի նախագիծ՝ եվրոպական կոնվեցիային հարիր
-Կինոյի մասին օրենքը շարադրված է համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների նկատառումով: Օրենքը բխում է կոնվենցիայի տրամաբանությունից: Համարտեղ արտադրության մասին հատվածի բոլոր կետերը կոնվենցիայով են համակարգված և մանրամասն տրված է՝ ինչ է ազգային ֆիլմը, ինչպես են կարգավորվում Եվրախորհրդարանի անդամ պետությունների իրավահարաբերությունները: Մենք կոնվենցիային նոր չենք միացել, ուղղակի կոնվենցիայում մի շարք էական փոփոխություններ են կատարվել, որոնք կոչված են փոքր բյուջե ունեցող պետություններին ավելի մեծ հնարավորություններ տալ: Կոնվենցիայի լրամշակումների վավերացմամբ մենք ձեռք ենք բերում փոքր միջոցներով մեծ շուկա մտնելու հնարավորություններ: Եվ այստեղ արդեն կինոարտադրողի հնարամտության, հետևողականության հարցն է, թե ինչ արդյունք կունենաք:
Ազգային մարմին
-Կինոյի ոլորտի բարեփոխումների համատեքստում շրջանառվում է նաև Ազգային մարմին ստեղծելու անհրաժեշտությունը: Բազմիցս է խոսվել, որ այն ներառելու է երեք կառույց՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» կինոստուդիան» և Կինո-ֆոտո-ֆոնո արխիվը:
Այս պահին օդում կախած է նախ և առաջ մեր մեկդարյա կինոարխիվի պահպանման հարցը, որի մեծ մասը գտնվում է Հայաստանի ազգային արխիվի Կինո-ֆոտո-ֆոնո մասնաճյուղում, իսկ մյուս հատվածը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Իմաստ ունի՞ ամբողջ մեր ժառանգությունը կենտրոնացնել մի կառույցում: Ես մտածում եմ, որ սա քննարկում պահանջող հարց է: Ժառանգության ապակենտրոնացումը նպաստում է նրա անվտանգությանը: Աստված մի արասցե, եթե տվյալ կառույցում խնդիր, անկանխատեսելի աղետ լինի, որքանո՞վ ապահովված կլինի մեր կինոժառանգությունը:
Վերջերս Կինո-ֆոտո -ֆոնո արխիվում եղա, այնտեղ ըստ հնարավորության պահպանված է մեր ժառանգությունը: Շրջայց կատարեցի նաև «Հայֆիլմում». այնտեղ պահպանվող ժառանգության վիճակն աղետալի է: Ուզում եմ, շնորհակալություն հայտնել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին, «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավար Դավիթ Կարապետյանին պատրաստակամ վերաբերմունքի և արագ արձագանքման համար:
Անձամբ եմ տեսել, թե ինչպես էր բառացիորեն ոտքի տակ հայտնվել մի ժապավեն, որի վրա գրված էր «Իմ սիրտը լեռներում է». կարդում են Վահրամ Փափազյանը, Խորեն Աբրահամյանը, Բաբկեն Ներսիսյանը: Անգամ եթե այդ ժապավենը կրկնօրինակ է, միևնույն է, դրա վրա մեր մեծագույն արտիստների անուններն են գրած, ուրեմն այն չպետք է հայտնվեր հատակին:
Մենք իրավիճակը ներկայացրինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, և այժմ ցաքուցրիվ ժառանգությունը կենտրոնացնում ենք այն մասնաշենքում, որտեղ պահպանվում են բնօրինակ պատճենները: Կինոժառանգությունն այս պահին գտնվում է մի կառույցում, որը հոսանքազրկված է, որի մուտքերը խարխուլ են, անվտանգության համակարգ չկա: Այսքանից հետո մենք ինչի՞ մասին ենք խոսում: Ուրեմն օր առաջ պետք է անվտանգության հարցերը լուծենք. նախահաշիվն արդեն կազմվել է: Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ պայմանավորածություն ենք ձեռք բերել, որպեսզի վարձակալենք այդ տարածքը:
Լրամշակվող կինոյի օրինագիծ
Բնական է, որ օրենքների նախագծի շուրջ գործադիր և օրենսդիր իշխանություններն ունենան տարակածություններ։ Կառավարությունը ներկայացրել է առաջարկությունների լայն փաթեթ, և նախաձեռնող խումբը կատարում է լրամշակումներ։ Հուսանք, որ վերջնական տարբերակը լիարժեք կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերի սպասելիքները։
Անկախ այն հակասություններից ու տարաձայնություններից, որոնք կան երկու նախագծերի հեղինակային խմբերի միջև, ուզում եմ «Ոսկե ծիրանի» թիմին ու մյուսներին շնորհակալություն հայտնել: Ուզում եմ, հատուկ շնորհակալություն հայտնել Արայիկ Մանուկյանին («Ոսկե ծիրանի» աշխատանքային թիմ)՝ նվիրված ու լրջագույն աշխատանքի համար։ Բոլորը լուրջ ջանքեր են գործադրել, որովհետև նույն նպատակն են ունեցել՝ հնարավորինս կատարյալ նախագիծ ստեղծել:
Հավատում եմ, որ մենք կունենանք մի օրենք, որը կարճ ժամանակում ցույց կտա իր կիրառելիությունն ու արդյունավետությունը:
«Կինոաշխարհ»