Արա Խզմալյան․Ծանոթ ու անծանոթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու, մշակույթի տարբեր ոլորտները՝ հատկապես թատրոնն ու կինոն համակարգող, մշակութային քաղաքականություն ձևավորող Արա Խզմալյանը պաշտում է երաժշտությունը։ Նա կարծում է, որ առանց երաժշտության ընկալման, որևէ արվեստ ընկալել հնարավոր չէ։ Չի տարանջատում մասնագիտությունն ու հոբբին։ Հայկական ֆիլմերից սիրում է Մալյանի «Մենք ենք մեր սարերը»։ Համաշխարհային կինեմատոգրաֆում նրա կուռքը Բերգմանն է, սիրում է Վիսկոնտիի ու Ֆելինիի ֆիլմերը։ Ու, եթե մի օր չաշխատի՝ գնալու է գյուղում ապրելու։ Երազում է մի վիճակ, որտեղ ժամանակը պատկանելու է իրեն և ոչ թե ինքը՝ ժամանակին։
Որպես կանոն, կարևոր պաշտոնների թեկնածուներին քաղաքական, կուսակցական էլիտայից են ընտրում։ Երբեմն էլ ընտրությունը կանգ է առնում քաղաքական կամ կուսակցական շրջանակներից դուրս գտնվող անձանց վրա՝ ապավինելով նրանց մասնագիտական և մարդկային որակներին։
Սկզբունքներ ունեմ, որոնց փորձում եմ միշտ հետևել
Երբեք չպետք է կարծես, թե դու ամենախելացին ես։ Ղեկավարը պետք է կարողանա բոլորին լսել, կանխակալ վերաբերմունք չպետք է ունենա ոչ մեկի հանդեպ։ Ղեկավարը նաև պետք է համադրել կարողանա։ Հաջորդ կարևոր սկզբունքը՝ ղեկավարն անձնական շահեր չպետք է ունենա, անշահախնդիր վերաբերմունքը ոլորտը հավասարակշռության մեջ պահելու ամենամեծ գրավականն է։ Եթե ոլորտի որոշումների մեջ խառնվեն նաև ղեկավարի սեփական շահերը, նա ակամայից թիրախ կդառնա և անաչառ, հավասարակշիռ ու արդարամիտ գործելակերպի մասին խոսելու իրավունք այլևս չի ունենա։
Խնդիրները ճանաչելը՝ հաջողության ճանապարհ
Իմ գալուն պես պարզ դարձավ, որ ոլորտում բազմաթիվ հարցեր, անորոշություններ կան։ Տարբեր մարդկանց՝ ռեժիսորների, պրոդյուսերների, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Ազգային կինոկենտրոնի ղեկավարների հետ զրուցելով՝ փորձեցի հասկանալ՝ կինոյի ոլորտը զարգացնելու համար մեզ ինչն է խանգարում։ Մինչև խնդիրները հստակ չձևակերպենք, ռազմավարություն մշակելու, ոլորտը զարգացնելու մասին խոսել չենք կարող։ Մենք միշտ նշում ենք նպատակները՝ շրջանցելով դրանք խոչընդոտող խնդիրների ճշգրիտ ախտորոշումն ու ձևակերպումը։ Կես տարուց քիչ ավելի է ես փոխնախարար եմ, ու այս ամբողջ ժամանակը նվիրել եմ խնդիրների վերլուծությանն ու դասակարգմանը։
Կառավարումը՝ թիմային աշխատանք, թիմային պատասխանատվություն
Օրենսդրական, մարքեթինգի հետ կապված, կառուցվածքային, ֆինանսատնտեսական, ֆինանսաբյուջետային խնդիրներ կան, որոնք ստեղծագործող մարդկանց լուծելիք հարցերը չեն։ Դրա համար պետք է բոլոր խնդիրներին տեղեկանալ, լսել ու փորձել հասկանալ, թե դրանց որ մասն է վերաբերում օրենսդրությանը և որը մասնագիտական պատրաստվածությանը։ Վերջերս Աղվերանում «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողով եղավ, որի նպատակը պետական կառույցների ղեկավարներից, հանրային կապերի պատասխանատուներից ոլորտում առկա խնդիրները վեր հանելն էր։ Փորձագիտական հանձնախումբ էի ստեղծել, որտեղ ներգրավված էին մարքեթինգի մասնագետ, ֆինանսիստ- պետական գնումների համակարգող, իրավաբան, հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության մասնագետ։ Հավաքվեցինք, խնդիրները բարձրաձայնեցինք, լսեցինք. հաջորդիվ աշխատանքը գործադիրի տարբեր թևերի, ԱԺ-ի հետ քայլ առ քայլ իրականացնելը պետք է լինի։ Ես փորձում եմ բազմաթիվ գործառույթներ պատվիրակել և ոլորտը դարձնել ներառական։ Կառավարության որոշումների, ոլորտի բարեկարգման մեջ պետք է ներառված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, որպեսզի բոլորն էլ պատասխանատվություն կրեն։ Եթե նրանց չներառես, կդառնաս ոլորտի միանձնյա պատասխանատուն։
Կինոյի կառավարաման արդյունավետ կառուցվածք և օրենք
Օրակարգում կինոյի մասին օրենքի հիմնական երկու նախագիծ ունենք, մեկը՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության միասնական թիմի կողմից է ներկայացվել՝ Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ իրականացված հետազոտության հիման վրա, մյուսը՝ ԻՖԿԱ-ի նախաձեռնությունն է։ Շատ ուրախ եմ, որ այդ անկախ խումբը սրտացավ աշխատում է. նախարարության աջակցությամբ ԻՖԿԱ-ն վերջերս Աղվերանում մի աշխատաժողով իրականացրեց, որտեղ ներկա էին ոլորտի գործիչները՝ «Ոսկե ծիրանը», Ազգային կինոկենտրոնը։ Մեկ սեղանի շուրջ հավաքվելու և խնդիրների մասին անկաշկանդ զրուցելու ձևաչափը ես մեծ ձեռքբերում եմ համարում։ Կինոյի օրենքի ընդունմամբ ներդրումների համար ասպարեզ ենք բացում և ընդլայնում միջազգային համագործակցության շրջանակները։ Բայց օրենքի նախագծի մշակումը գործի կեսն էլ չէ. մենք լուրջ աշխատանք պիտի տանեք գործադիր մարմնի տարբեր կողմերի՝ ֆինանսների, արդարադատության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի հետ, որովհետև հարկային արտոնությունների մասով որոշակի բացասական արձագանք ունենք արդեն։ Ես կարծում եմ, որ ՊԵԿ-ի գործառույթը հենց պետք է մերժելը լինի, որն էլ պետք է մեզ մղի շատ լուրջ հիմնավորումներ, տնտեսագիտական ծանրակշիռ կանխատեսումներ առաջ քաշել՝ համոզելու մեր գործընկերներին, որ այսօր հարկային արտոնություններ տալով՝ ընդամենը մի քանի տարի հետո մենք ապահովում ենք տնտեսական աճ և լուրջ ներդրումներ։ Հիմա արդեն ոլորտի տնտեսագետների, փորձագետների համատեղ աշխատանքի փուլն է մոտենում։
Օբյեկտիվորեն մշակվել են միմյանցից անկախ երկու նախագծեր. դրանք պետք է համադրենք և գանք փոխադարձ համաձայնության, որովհետև, ի վերջո, քննարկման և քվեարկության է դրվելու օրենքի մեկ նախագիծ։ Այստեղ արդեն մասնագիտական հանրությունը պետք է պատրաստ լինի ընդառաջ գնալու և չմտածի, թե մենք Սուրբ գիրք ենք շարադրել։ Մենք շարադրել ենք օրենքի նախագիծ, որը ենթակա է բազմաթիվ շտկումների, խմբագրումների, լրամշակումների։ Ես համոզված եմ, որ իմ գործընկերներն ընդառաջ կգնան և կփորձեն համադրել ու ստեղծել մեկ փաստաթուղթ՝ ի նպաստ ոլորտի առաջընթացի։ Վերջնական փաստաթուղթն առաջիկա 3-4 ամիսների ընթացքում կունենանք։ Եվ արդեն մեր ունեցած մեկ փաստաթղթով կսկսենք աշխատել տարբեր գերատեսչությունների հետ։
Կինոյի համահայկական հեռանկարը
Ցավոք, մեր իրականության մեջ շատ թույլ է պրոդյուսերների ինստիտուտը. կինոն վաճառելու, միջազգայնացնելու և կինոյի միջոցով հավելյալ այլ արժեքներ ստեղծելու ինստիտուտը խարխլված է։ Ծագումով հայ պրոդյուսերների միջազգային համաժողով ենք հրավիրելու շուտով. սա առաջին քայլն է, և հույս ունեմ, որ այն շարունակական կլինի։ Մենք ուզում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ մեր հայրենակիցների փորձն ու իմացություններն օգտագործելու միջոցով կլուծենք և՛ կրթական, և՛ միջազգային շուկա մտնելու խնդիրները։ Սա նաև մեր արտաքին ռեսուրսը կապիտալիզացնելու քայլ կլինի։ Վստահ եմ, որ մեր հայրենակիցները պատրաստ են ձեռք մեկնել և ոլորտը ոտքի կանգնեցնել։
«Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաների միավորման հեռանկարը
«Հայֆիլմ» հիմնադրամ ստեղծելու մասին նշված է նաև կինոյի մասին օրենքի նախագծում։ Հիմնադրամը ֆինանսների գեներացման, ընդհանուր գործունեությունը կենտրոնացնելու, հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու և ավելի ճկուն աշխատաոճ յուրացնելու հնարավարություն է տալիս։ Սակայն ես կարծում եմ՝ պարտադիր չէ, որ այս ամենը օրենքով կարգավորվի։ Ընդհանրապես օրենքի նախագծում իմաստ չունի նշել, թե որ կառույցներն են միավորվելու։ Այս հարցը կառավարության որոշումով, ենթաօրենսդրական ակտով կարող ենք կարգավորել և անգամ չսպասել օրենքի ընդունմանը։ Բայց որ մենք ավելի կենտրոնացված աշխատելու, ոլորտը մեկ կենտրոնից ղեկավարելու անհրաժեշտություն ունենք, հաստատ է։ Ռեսուրսները ցաքուցրիվ են. մեզ նման երկրների դեպքում պետք է կենտրոնացման ճանապարհով գնալ՝ նոր կանոնադրությամբ և նոր գործառույթներով։ Ի դեպ, վավերագրական ու խաղարկային ֆիլմերի միաձուլումը չի նշանակում, թե պետությունը վավերագրական կինոարտադրությունից ձեռք է քաշում։
Մեր կինոժառանգությունը
Մենք լավ դոկումենտալիստիկա ունենք, մեր ժողովրդի տաղանդը հենց այս ժանրում է մեծ դրսևորումներ գտել։ Ավելին, վավերագրություն կա նույնիսկ մեր խաղարկային ֆիլմերում։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու կինոժառանգության վերականգնման, պահպանման և տարածման խնդրին։ Մինչև 2020 թվականի առաջին կիսամյակ, որոշակի քայլեր արդեն նախատեսված են։ Իմ համոզմունքն է՝ չի կարելի ժառանգության մասին խոսել՝ որպես պահոցային նյութի. եթե ժառանգությունը դուրս չի գալու երկրի սահմաններից, հասանելի չի դառնալու աշակերտին, ուսանողին, հանրության լայն շրջանակներին, ուրեմն այն իմաստազրկված է։ Մեր ժառանգությունը հանրային արժեք է։
Պետության ու մասնավորի մասնակցությունը կինոյում
Ի պատիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ դրամաշնորհների տրամադրման ընթացակարգը շատ է բարեփոխվել։ Նոր մշակված պայմանակարգը նախորդի հետ համեմատվելու եզրեր անգամ չունի. դրանք տարբեր փաստաթղթեր են։ Օբյեկտիվությունն ու անաչառությունը երաշխավորող լուրջ հիմքեր կան. անհերքելի է, որ կինոհայտերի քանակն ավելացել է։ Մասնագիտական հանրության վստահության մակարդակն է բարձրացել։ Կառավարման այնպիսի մոդելների ձևավորում է անհրաժեշտ, որ բացի պետական գումարներից, կարողանանք ընդգրկել նաև այլ միջոցներ, կարողանանք մեծացնել համարտադրության հայաստանյան չափաբաժինն ու մասնակցությունը։
Ինչո՞ւ ենք կինոյի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին այսքան խոսում, որովհետև այն թույլ է տալու ընդլայնել համարտադրության շրջանակները։ Պետության միջամտության մասին որոշ կետեր կան, որոնք պետք է հանել. կլինի՛ պետական աջակցություն, բայց մասնավորի գործունեության տրամաբանության շրջանակում։ Օրինակ՝ չենք կարող համարտադրությանը գումար տալ և գույքային այնպիսի պարտավորություններ դնել, որ այդ գույքը պատկանի պետությանը, ու միայն 5 տարի հետո՝ պրոդյուսերին։ Կինոյի վաճառքի շրջանը հենց այդ 5 տարիներն են. պետությունը չպետք է փորձի մասնավորի գործառույթները ստանձնել։ Պետությունը չպետք է մտածի միջոցների գեներացման, վերադարձելիության մասին։ Մենք տալիս ենք դրամաշնորհ, որը ենթադրում է անհատույց, առանց որևէ պահանջի ոլորտը խրախուսող նվիրատվություն։ Իր տված ֆինանսական միջոցների դիմաց պետության ակնկալիքը պետք է լինի գեղարվեստական արդյունքը, դրա բովանդակային ներգործությունը։
Պետությունը չի կարող իր հատկացումների դիմաց ակնկալել անմիջական ֆինանսական վերադարձելիություն. սա կործանարար ճանապարհ է և փակուղի։
Պետությունն ու նախարարությունն առևտրային կազմակերպություն չեն. մենք խրախուսում, խթանում ենք ոլորտը, ազատ ստեղծագործելու իրավունքը, միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունը։ Առանց այն էլ կինոն զարգացնելու համար մեր հատկացումները չնչին են, մյուս կողմից էլ այնպես չէ, որ ոլորտը հագեցած է իսկապես աշխատունակ, տաղանդավոր, միջազգային շուկային հետաքրքրող պրոդյուսերներով. սրանք շատ նուրբ հարցեր են։
Ինքնաճշտում և ինքնաբացահայտում
Կարծում եմ, որ հայ կինոն, հայ կինոռեժիսորը ինքնաճշտման, ինքնաբացահայտման, ինքնաորոնման մեջ է։ Ոլորտը միջազգային ասպարեզում շատ առաջ է գնացել, իսկ մենք միջազգային կինոարտադրության մեջ նոր ենք ընդգրկվում, բնականաբար, փորձում ենք միանգամից յուրացնել ու տեղավորվել այդ համատեքստում։ Ու հաճախ տեսնում ենք, որ ռեժիսորն ավելի շատ ուշադրություն է դարձրել ֆիլմի տեխնիկական կողմին։ Տեսնում ենք, որ ռեժիսորները տարվում են միջազգային լայն ճանաչում ունեցող դերասաններին իրենց ֆիլմում ընդգրկելու ցանկությամբ, կամ տեսնում ենք, որ ռեժիսորը ստանձնում է պրոդյուսերի գործառույթներ։ Ակամա հայտնվել ենք մի իրավիճակում, որը ինքնաճշտում է պահանջում։ Բայց ինքներս մեզ հարց տվե՞լ ենք՝ ի՞նչ ենք ձևավորել, որ ռեժիսորը կարողանա աշխատել։ Բացի տաղանդից, մենք ներկայացնելու շատ բան չունենք։ Չունենք երկրորդ, երրորդ մասնագիտություններ՝ լուսային, հնչունային ձևավորող, օպերատոր, տեխնիկական անձնակազմ։ Իսկ կինոն, առավել, քան որև այլ արվեստ, արդյունաբերություն է. եթե չլինեն նշածս օղակները, շատ բան պահանջել ռեժիսորից չենք կարող։
Կինոն՝ երկիրը ճանաչելի դարձնելու միջոց
Երբեմն ռեժիսորները հրաշագործի տպավորություն են թողնում։ Վերջին հայկական ֆիլմը, որ տեսել եմ, Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներն» են։ Պատեր քանդելով՝ նա դուրս է գալիս միջազգային համագործակցության։ Ես զարմանում եմ Ջիվանի կամային հատկանիշների, չնահանջելու ունակության, աշխատանքը մինչև վերջ տանելու կարողության վրա։
Թեպետ մյուս կողմից էլ ունենք կինոքաղաքականության խնդիր։ Մենք ռեժիսորների, պրոդյուսերների հետ հաճախ ենք զրուցում, որ պետք է կինոն օգտագործել նաև երկրի ճանաչելիությունը բարձրացնելու համար։ Այսինքն՝ ֆիլմի արտադրության ընթացքում նկարահանենք այնպիսի վայրեր, որոնք Հայաստանը գեղեցիկ կողմերից ցույց կտան։
Մի ֆիլմ էլ հիշեցի՝ Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր»-ը, որտեղ հայ մարդիկ շատ գեղեցիկ են ներկայացված։ Մեր բալետի պարող Ռուբեն Մուրադյանն է խաղում՝ խոշոր, արտահայտիչ աչքերով, տատիկի դերում Գրետա Մեջլումյանն է՝ էսթետիկ արտաքինով։ Ֆիլմը նկարահանվել է Ենոքավանում՝ զիփլայն, հրաշալի տեսարաններ, բնապատկերներ։ «Արև, սարեր ու սեր»-ը զբոսաշրջությունը խթանելու լուրջ գործառույթ է կատարում։ Միջազգային փառատոնում ցուցադրվելուց հետո օտարազգի հանդիսատեսը մոտենում-հարցնում էր՝ իսկ որտեղ է Հայաստանը։ Սրանք ֆիլմի գեղարվեստական արժանիքներից ոչ պակաս կարևոր դետալներ են։
Լավ սցենարն ու գաղափարը կինոյում հաճախ են մսխվում
Ժամանակակից կինեմատոգրաֆում ամենից շատ չեմ սիրում գաղափարակերպությունը։ Ռեժիսորը պետք է ոչ թե գափարներով, այլ վիզուալ պատկերներով մտածի։ Մենք կարող ենք վերցնել մեծ գաղափար ու խորտակվել դրա տակ։ Գաղափարը պետք է հանդիսատեսի մեջ ծնվի, ոչ թե ռեժիսորի։ Պարզ է, որ ռեժիսորն ունի մղում, ինչ-որ բանի ձգտում, բայց նա պետք է մտածի պատկերներով, ոչ թե հասկացություններով։
Հայկական ֆիլմերը վիզուալ պատկերի տեսակետից շատ խոցելի են. տաղտուկ, ձանձրույթ կա, բայց ընթացք, ռիթմ չկա։ Հայկական կինո ցուցադրող հեռուստաալիքով հաճախ եմ ֆիլմեր նայում. տարիներ շարունակ ինչքա՜ն տաղտկալի, տխուր, տափակ ֆիլմեր ենք ստեղծել։ Փառահեղ դրվագներով հանդերձ՝ շատ մեծ գեղարվեստական աղբ ենք ձևավորել, որտեղ գերիշխում է տխուր, դարդոտ, մարդկային էմոցիաներին փոխարինող երաժշտությունը։ Երաժշտությունն ուղղակի սպանել է հայ կինոն, որովհետև դոմինանտ է, խիստ ինքնուրույն, ճնշող, պարտադրող։
Ճնշումների ու ցնցումների արդյունքում՝ արվեստ
«Искусство рождают уродцы» (ծիծաղում է),- Վլադիմիր Ժիրինովսկին է ասել։ Արվեստի պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ մարդը շատ հաճախ ունենում է ներքին չլուծված խնդիրներ, որոնք էլ նրան մղում են սեփական անձը հաղթահարել արվեստի ճանապարհով։ Բերգմանի մանկությունը ծանր ապրումներով ու հոգեկան ցնցումներով է անցել։ Նրա արվեստը շաղախված է դրանով։ Մարդն արվեստի միջոցով օբյեկտիվացնում է իր ներքին բովանդակությունը։ Պրոբլեմն է շատ հաճախ արվեստ ծնում։
Արվեստը պիտի խոսի նաև մեր չգիտակցված վախերի, չգիտակցված մտահոգությունների մասին։ Այս առումով խնդիր ունեք թե՛ կինոյում, թե՛ թատրոնում, որովհետև, ի վերջո, այս երկու արվեստներն են , որ առավելագույնս մարդակենտրոն են։ Ազգային մտահոգությունները ճանաչելու կարիք ունենք մենք։ Մինչև դրանք չճանաչենք, հանդիսատեսի մտքի ու սրտի հետ չենք կարող խոսել։ Շատ հաճախ մեր ռեժիսորները ներփակվում և կործանվում են իրենց գծած գաղափարական շրջանակի մեջ, որը ոչ մի կապ չունի մեր իրականության, հանդիսատեսի սպասումների և ընկալումների հետ։ Հանրության հետ արհեստականորեն զրուցակից դառնալ հնարավոր չէ. սա մարդու ներքին տաղանդի խնդիր է։ Տաղանդը ինքնաբերաբար չի կարող իր ժամանակից դուրս լինել։ Տաղանդավոր մարդը երբ ստեղծագործում է, ակամա դառնում է իր ժամանակի խնդիրների արտացոլողը, բայց ինքը դա ինքնաբուխ է անում. դա ծրագրված պրոցես չէ։ Սոցիալական, հանրային և ազգային պրոբլեմատիկան տաղանդը խտացնում է իր մեջ և ակամա դրանց գեղարվեստական արտահայտություն տալիս։ Թումանյանը գրել է.
–Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,
Ու իմ միտքը իմ սրտի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ, երբ դառնում եմ դեպի քեզ …
Թումանյանը սա գրելիս չի մտածել, չէ՞՝ խոսո՞ւմ է ազգի հետ, թե ոչ։ Նա ուղղակի այդ պահին ազգի վիշտը կրողն է։ Հանրային մտահոգությունների արտահայտությունը ևս տաղանդի չափանիշ է՝ որքանով ես դու խտացնում քո մեջ ազգային պրոբլեմները, որքանով ես և՛ անձնապես, և՛ քո արվեստով դառնում առկա խնդիրների ընդհանրացնողը։
Ազգային նիհիլիզմ
Հակադրվածությունը, ոչ բարյացակամ վերաբերմունքը հատուկ են ոչ միայն կինոյի ոլորտին, այլև հանրությանը։ Դրական երևույթների մասին մենք շատ դժվարությամբ ենք խոսում, փոխարենը հաճույք ենք ստանում վատ բաների մասին խոսելիս։ Սա ազգային նիհիլիզմի, լավ չզգալու բնազդի կործանարար դրսևորում է։ Ստեղծագործող մարդիկ աշխարհի բոլոր ծագերում էլ բարդ մարդիկ են, եսակենտրոն, ինքնակենտրոն. ասես տիեզերքն իրենց շուրջն է պտտվում։ Սրանք սեղծագործող մարդուն բնորոշ հատկանիշներ են, որովհետև եթե դերասանը բեմ մտնելիս չմտածի, որ ինքը լավագույնն է, ջութակահարը ելույթից առաջ չմտածի, որ ինքը լավագույնն է, ստեղծագործել չի կարող։ Բայց, երբ դրանք ձեռք են բերում ինստիտուցիոնալ և համակարգային բնույթ, արդեն վտանգավոր են դառնում։
Հոբբի և հետաքրքրություններ
Պաշտում եմ երաժշտությունը և կարծում եմ, որ առանց երաժշտության ընկալման, որևէ արվեստ ընկալել հնարավոր չէ։ Երաժշտությունն ունիվերսալ չափանիշների և սկզբունքների իրականությունն է։ Քանդակի, ճարտարապետության մեջ կարելի է երաժշտություն տեսնել։ Երաժշտությունը հիմքերի հիմքն է, որի հիմքում ռիթմն է։ Կա ռիթմ, կա արվեստ. չկա ռիթմ, չկա արվեստ։ Ամբողջ տիեզերքն է ռիթմի վրա կառուցված։ Աշխատանքի գալիս մեքենայի մեջ երաժշտություն եմ լսում։ Ափսոսում եմ, որ իմ կյանքում գրքի ընթերցանությունն է պակասել։ Պակասել է գերզբաղվածության պատճառով։ Նախարարները, փոխնախարարները կամիկաձեներ են՝ անձնական կյանքից, սեփական հետաքրքրություններից հրաժարված մարդիկ։
Գուցե տարօրինակ բան ասեմ, բայց ինձ թվում է՝ ես իմ կյանքում չեմ կարող մասնագիտությունն ու հոբբին տարանջատել, որովհետև ինչ որ անում եմ, անում եմ հաճույքով։ Հոբբիից ստանում եմ մասնագիտական հաճույք, մասնագիտական գործունեությունից՝ հոբբիի հաճույք։
Եթե մի օր չաշխատեմ
Երբ գա ժամանակը, որ ես սպառեմ իմ մասնագիտական կարողությունները, կգնամ գյուղում ապրելու։ Թաքուն երազանք ունեմ՝ գյուղական միջավայր, բնություն, լռություն, ընթերցանության մեջ խորամուխ լինելու, ցանկացած պահի երաժշտություն լսելու, ընկերներիս ընդունելու, նրանց հետ նստել-զրուցելու հնարավորություն։ Մի վիճակ, որտեղ ժամանակը պատկանում է քեզ և ոչ թե դու՝ ժամանակին։
Սիրում եմ
Հայկական ֆիլմերից սիրում եմ Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը»․որոշ տեղերում ռեժիսորի հետ համաձայն չեմ, չօգտագործված պոտենցիալ եմ տեսնում, տեսարաններ, որ կարող էին ավելի խոր լինել։ Նուրբ դերասանական աշխատանք ու փիլիսոփայություն կա այդ ֆիլմում։
Հաջորդը՝ Բերգման։ Տարբեր առիթներով եմ ասել, որ Բերգմանը մնում է իմ կուռքը կինեմատոգրաֆում։ Ավելի մեծ գեղարվեստական ներգործություն, քան Բերգմանի ֆիլմերն են, ես մեկ էլ Բախի երաժշտությունից եմ ստանում։ Պոլիֆոնիզմ, մարդկային էության մութ անկյունների ընդգրկում. մարդկային բոլոր խնդիրներն արտահայտված են նրա ֆիլմերում։ Իր ամբողջ փիլիսոփայական ենթահիմքով փիլիսոփայություն չէ, այլ արվեստ է։
Երրորդը՝ Վիսկոնտի. իմ տեսած ամենատրագիկ էսթետիզմը «Մահ Վենետիկում» ֆիլմն է։ Վերջերս հաճախ եմ բերում այդ օրինակը, երբ խոսում ենք այս կամ այն թեման արգելել-չարգելելու մասին. ասում եմ՝ արվեստում թեման չի կարող թելադրող լինել, թեմայի արծարծման համար լեզուն է կարևոր։ Նույն թեման Վիսկոնտիի նման հանճարը կարող է ներկայացնել բարձրության, բացարձակ գեղեցիկի սահմաններում, և մի ապաշնորհ մարդ կարող է այն դարձնել ամենագռեհիկ բանն աշխարհում։
Չորրորդը՝ Ֆելինի «Ամարկորդ». երաժշտությունից սկսած, ֆանտաստիկ տեսարաններից մինչև չքնաղ թախիծի մշտական իրոնիան, նույն տրամադրության մեջ երկար մնալ թույլ չեն տալիս։ Այդքա՜ն ազգային-կոլորիտային ու միևնույն ժամանակ այդքա՜ն համամարդկային , այդքան էսթետ։ Մթության մեջ սիրամարգը ձյան տակ… երազների իրականություն։
Մի համեմատություն եմ տարել Վահրամ Փափազյանի հետ։ Հաճախ մեղադրել են, որ Փափազյանի պատմածը «Հետադարձ հայացքում» շատ ժամանակ կապ չունի իր ապրած կյանքի հետ։ Բայց հարց եմ տալիս՝ այն, ինչ գրել և նկարել է Ֆելինին իր կյանքի ու անցյալի մասին, որքանո՞վ կապ ունի նրա իրական կյանքի հետ։
Իրականությունը մեզ վերադառնում է բեկված երևակայության մեջ։ Եթե ստեղծագործողից պիտի փաստագրություն պահանջենք, այդտեղ արվեստը սպանվեց։ Ո՞վ կարող է ասել, թե իրականությունն ինչ է։ Իրականությունն իմ ընկալումներով՝ անցած պատկերն է՝ ինձ վերադարձած և ձեզ փոխանցվող։
Ռուզան Բագրատունյան