«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ ֆրանսիացի կինոօպերատոր Բրյունո Դելբոնելը։ Օսկարի վեցակի նոմինանտ Դելբոնելը համաշխարհային կինոյում ստեղծել է առանձնահատուկ տեսողական լեզու, որի հիմքում լույսի նուրբ զգացողությունն ու գեղագիտությունն են։ Նրա կինեմատոգրաֆիան ձևավորել է այնպիսի ֆիլմերի ինքնությունը, ինչպիսիք են «Ամելին», «Ֆաուստը», «Հարի Փոթերըս», ինչպես նաև բազմաթիվ այլ ճանաչված կինոնկարներ։ Տարիների ընթացքում նա համագործակցել է ժամանակակից կինոյի ամենահեղինակավոր ռեժիսորների՝ Քոեն եղբայրների, Ուես Անդերսոնի, Թիմ Բըրթոնի, Ալֆոնսո Կուարոնի և այլոց հետ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Դելբոնելին շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Kinoashkharh.am հետ զրույցում Բրյունո Դելբոնելը նկատեց, որ ժամանակակից կինոյում ավելի մեծ ուշադրություն է դարձվում պատմությանը, մինչդեռ կինոյի լեզուն և տեսողական ոճը հաճախ երկրորդ պլան են մղվում։

«Անկեղծ ասած, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե այսօր ինչպես են կինոդպրոցներում դասավանդում կինոն։ Այդ ոլորտին խորությամբ չեմ հետևում։ Բայց եթե խոսենք ժամանակակից կինոարտադրության մասին, ինձ թվում է, որ այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում պատմությանը, քան կինոյի լեզվին կամ տեսողական արտահայտչամիջոցներին»,- նշում է աշխարհահռչակ ֆրանսիացի կինոօպերատոր Բրյունո Դելբոնելը։

Միաժամանակ նա համոզված է, որ իր անձնական փորձը չի կարող հիմք հանդիսանալ ամբողջ կինոարտադրության վերաբերյալ ընդհանրական եզրակացություններ անելու համար։ Դելբոնելն իրեն արտոնյալ է համարում, քանի որ իր ստեղծագործական ճանապարհին համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, որոնք, լինելով կինոարդյունաբերության մաս, կարողացել են պահպանել իրենց անհատական ձեռագիրը, ստեղծագործական ազատությունն ու գեղարվեստական ինքնատիպությունը։

Խոսելով իր մասնագիտական գործունեության սկզբի և մերօրյա կինոյի միջև եղած տարբերությունների մասին՝ Դելբոնելը ամենաէական փոփոխությունը համարում է տեխնոլոգիական հեղափոխությունը։ «Երբ սկսում էի աշխատել, օպերատորի օգնական էի։ Այն ժամանակ տեսախցիկները չափազանց ծանր էին, իսկ թվային տեխնոլոգիաներ պարզապես գոյություն չունեին։ Այսօր արդեն նույնիսկ iPhone-ով կարելի է ֆիլմ նկարել։ Տեխնոլոգիական առաջընթացն իսկապես անհավանական է»,- ասում է նա։

Դելբոնելի խոսքով՝ դժվար է միանշանակ գնահատել այդ փոփոխությունների ազդեցությունը, սակայն դրանց ամենակարևոր առավելություններից մեկը կինոարտադրության ժողովրդավարացումն է։ Այսօր երիտասարդ ստեղծագործողներին այլևս պարտադիր չէ ունենալ չափազանց թանկարժեք տեխնիկա՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար։ Նույնիսկ համեմատաբար մատչելի սարքավորումներով հնարավոր է ստեղծել հետաքրքիր, ինքնատիպ և գեղարվեստական արժեք ներկայացնող ֆիլմ։

«Չեմ կարող ասել, թե այս փոփոխությունները միայն դրական կամ միայն բացասական են։ Բայց մի կարևոր առավելություն հաստատ կա. երիտասարդ ռեժիսորին այլևս պարտադիր չէ ունենալ ամենաթանկ տեսախցիկը։ Ավելի մատչելի տեխնիկայով նույնպես կարելի է հետաքրքիր և արժանի աշխատանք ստեղծել։ Դա հրաշալի հնարավորություն է։ Իհարկե, այս ամենն ունի նաև իր բացասական կողմերը, բայց դրանց մասին հիմա չեմ խոսի»,- նշում է նա։

Անդրադառնալով իր ֆիլմերի առանձնահատուկ տեսողական աշխարհին՝ Դելբոնելը շեշտում է, որ այստեղ որևէ գաղտնիք չկա։ Նրա համոզմամբ՝ հաջողված պատկերային լուծումների հիմքում մանրակրկիտ նախապատրաստությունն է, սցենարի խորքային ուսումնասիրությունն ու ռեժիսորի հետ երկարատև ստեղծագործական քննարկումները։

«Ես աշխատում եմ ռեժիսորի համար, ոչ թե ինձ համար։ Իհարկե, ունեմ իմ սեփական պատկերացումները սցենարի, ֆիլմի տեսողական լեզվի և կադրերի կառուցման մասին։ Երբեմն փորձում եմ համոզել ռեժիսորին, որ իմ առաջարկած լուծումն ավելի ճիշտ է, բայց վերջնական որոշումը միշտ իրենն է։ Երբեմն նա պարզապես ասում է՝ «ոչ», և դա լիովին բնական է»,– ասում է կինոօպերատորը։

Տարիների ընթացքում Դելբոնելը համագործակցել է ժամանակակից կինոյի ամենահեղինակավոր ռեժիսորներից մի քանիսի՝ Թիմ Բըրթոնի, Ջոել և Իթան Քոենների, Ալֆոնսո Կուարոնի, Ժան-Պիեռ Ժյոնեի և այլ նշանավոր կինոգործիչների հետ։ Նրա համոզմամբ՝ նման ստեղծագործական համագործակցություններում ամենակարևորը փոխադարձ վստահությունն ու ընդհանուր գեղարվեստական տեսլական ձևավորելն է։

«Կինոն համագործակցության արվեստ է։ Այն, ինչ անում եմ, անում եմ ֆիլմի համար, ոչ թե ինձ համար։ Լավ ֆիլմը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ. այն ծնվում է ռեժիսորի, օպերատորի, դերասանների և ամբողջ նկարահանող խմբի համատեղ ստեղծագործական աշխատանքի շնորհիվ»,- եզրափակում է Բրյունո Դելբոնելը։

Վովա Արզումանյան

Լուսանկարը՝ Հայկո Բադալյանի