Քրիստոֆեր Նոլանը ոգեշնչվել էր Էմիլի Ուիլսոնի «Ոդիսականի» թարգմանությունից, սակայն վերջինս բավական կոշտ է արտահայտվել նրա ֆիլմի մասին․ «Ես կամաչեի այս սցենարի որևէ տող գրած լինելու համար»։

Մինչ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» համաշխարհային կինովարձույթում (2-րդ շաբաթ-կիրակի օրերին՝ միայն ԱՄՆ-ում, հավաքել է $90 միլիոն) հաղթարշավ է գրանցում, ֆիլմի հաջողությունը, սակայն, չի փրկում այն Հոմերոսի խոշորագույն մասնագետներից մեկի կոշտ քննադատությունից։ Փենսիլվանիայի համալսարանի դասական գրականության պրոֆեսոր, Հոմերոսի հայտնի մասնագետ և 2017 թվականին հրատարակված «Ոդիսականի» լայնորեն ճանաչված անգլերեն թարգմանության հեղինակը՝ Էմիլի Ուիլսոնը London Review of Books-ի էջերում բառացիորեն ջախջախում է Նոլանի բլոկբաստերը։

Ու այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Նոլանն ինքը ժամանակին խոստովանել էր՝ Ուիլսոնի թարգմանությունն էական ազդեցություն է ունեցել իր ֆիլմի վրա։ Ֆիլմի գովազդային արշավի ընթացքում Empire ամսագրին տված հարցազրույցում ռեժիսորը նշել էր, որ իր Ոդիսևսի կերպարը կերտելիս ոգեշնչվել է Ուիլսոնի թարգմանության առաջին իսկ նախադասությունից՝ «Պատմե՛ք ինձ մի բարդ մարդու մասին»։ Այդ «բարդ մարդը» Նոլանի ֆիլմում մարմնավորում է Մեթ Դեյմոնը։

Սակայն, ինչպես պարզվում է, ազդեցությունը միակողմանի է եղել։ «Հույս ունեի, որ Նոլանի հակվածությունը հոմերոսյան մեծ թեմաների նկատմամբ նրան կմղի դեպի ստեղծագործական նոր բարձունքներ և թույլ կտա ստեղծել ավելի հավաստի կերպարներ։ Բայց «Ոդիսականը» վերարտադրում է նրան բնորոշ պաթոսի և մակերեսայնության սովորական խառնուրդը… Ֆիլմի տեսլականը չափազանց մշուշոտ է, իսկ կերպարները՝ չափազանց թերի զարգացած, որպեսզի արդարացնեն մեծ խոստումները»,– գրում է Ուիլսոնը։

Նրա հիմնական դժգոհությունը, սակայն, վերաբերում է ոչ միայն ֆիլմի գեղարվեստական լուծումներին, այլև նրան, թե ինչ է Նոլանը բաց թողել Հոմերոսի էպոսի էությունից։ «Ֆիլմը համոզիչ ոչինչ չունի ասելու ժամանակի, հիշողության, պատմության, պատերազմի կամ նույնիսկ ռազմիկի փառահեղ վերադարձի և նրա ընտանիքի, ընկերների ու թշնամիների կյանքի միջև կապի մասին։ Դրան պակասում է հոգեբանական, էմոցիոնալ, քաղաքական և էթիկական խորությունը»,- նշում է նա։

Ուիլսոնը հատկապես անողոք է ֆիլմի սցենարի նկատմամբ։ «Պատմողական կառուցվածքը հենված է արհեստական հնարքների վրա։ Սցենարն անդնդային աստիճանի թույլ է։ Ոչ մի կերպար չունի համոզիչ մոտիվացիա իր արարքների կամ խոսքերի համար։ Ֆիլմում չկա ոչ մի սեքսուալ տեսարան… իսկ ողջ ուտելիքն անախորժ տեսք ունի։ Ես կամաչեի այս սցենարի որևէ տող գրած լինելու համար»։

Վերջին նախադասությունն, ըստ էության, ավելորդ մեկնաբանությունների կարիք չունի։ Այնուամենայնիվ, Ուիլսոնի քննադատությունը միակողմանի չէ։ Չնայած ֆիլմի նկատմամբ իր ակնհայտ բացասական վերաբերմունքին՝ The Sunday Times-ին տված հարցազրույցում նա ընդունում է, որ «Ոդիսականի» էկրանավորումն ունի նաև մի կարևոր դրական կողմ։ ««Ոդիսականի» էկրանավորումը, միևնույն է, իրադարձություն է, որով պետք է ուրախանալ։ Այս էպոսը հանդիսատեսին վերադարձնում է կինոթատրոններ։ «Ոդիսականի» թարգմանությունները, ներառյալ իմը, շատ լավ վաճառվում են։ Եվ թերևս ֆիլմը կհամոզի համալսարանների որոշ ղեկավարների չփակել իրենց գրականության, հին լեզուների կամ պատմության ֆակուլտետները…»։

Այսպիսով, Նոլանի ֆիլմը կարող է ունենալ հսկայական բյուջե, աստղային դերասանական կազմ և համաշխարհային կինովարձույթի տպավորիչ ցուցանիշներ, սակայն Հոմերոսի աշխարհի ամենահայտնի ժամանակակից մեկնաբաններից մեկի համար դրանք բավարար չեն։

Ավելին՝ դժվար է պատկերացնել ավելի սուր հեգնանք. ռեժիսորը ոգեշնչվում է Հոմերոսի մասին մասնագետի թարգմանությունից, իսկ այդ նույն մասնագետը հետագայում հայտարարում է, որ կցանկանար երբեք չգրել ֆիլմի սցենարի որևէ տող։

Նոլանի երկարամյա կարիերայի համատեքստում սա, անկասկած, նրա հասցեին հնչած ամենադաժան քննադատություններից մեկն է։

Աղբյուր

Պատրաստեց Ռուզաննա Բագրատունյանը