Էսսամ Նագի. «Յուրաքանչյուր փակ դռան հետևում մի անկեղծ պատմություն կա»
Եգիպտացի լուսանկարիչ և կինովավերագրող Էսսամ Նագին արդեն երեք տարի է, ինչ Հայաստանը դարձրել է իր տունը, բայց ոչ թե որպես սոսկ դիտորդ, այլ որպես մարդ, որը փնտրում է «փակ դռների հետևի» պատմությունները։ Kinoashkharh.am-ի զրույցը Էսսամի հետ ստեղծագործական փնտրտուքի, կինոգործչի ապրելակերպի և այլ հարցերի շուրջ է։
-Էսսամ, որքան ժամանակ եք բնակվում Հայաստանում, և ինչպե՞ս է ձեր կապը Հայաստանի հետ սկսվել:
-Ես Հայաստանում եմ ապրում 2023 թ․ օգոստոսից, բայց առաջին անգամ այցելեցի երկիր 2017-ին։ Իմ կապը Հայաստանի հետ սկսվեց մի քանի մակարդակներում, բայց ամենակարևորներն են մասնագիտականն ու անձնականը։ Որպես վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր և ռեժիսոր՝ Հայաստանը շատ հետաքրքրաշարժ երկիր է, հարուստ պատմությամբ, որն ապրել է տարածաշրջանային պայքարների ընթացքում ու ձևավորվել է բազմաթիվ դժվարությունների ու մարտահրավերների ներքո։ Բայց այսօրվա իրականությունը շատ չի տարբերվում այն բարդ անցյալից, սակայն այս ժողովուրդը դեռ գոյատևում է և շարունակում է իր ճանապարհը՝ չնայած բոլոր խոչընդոտներին։ Անձամբ, քանի որ իմ ընտանիքի հեռավոր արմատները կապ ունեն հայկական ծագման հետ, չէի կարող չհետևել այդ կապին և բացահայտել իմ այս հողի հանդեպ ունեցած հին կապը։
-Ի՞նչն եք գնահատում հայկական բնավորության և Հայաստանի մեջ։
-Ընդհանուր առմամբ, հայկական բնավորության բազմաթիվ հատկություններ կան, և դրանք շատ տարբեր են, եթե դուք Հայաստանում ապրող հայ եք կամ սփյուռքահայ։
Բայց ավելի լայն առումով՝ դիմացկունությունը, թերևս, ամենատարածված հատկություններից է, որը ես նկատում եմ։ Հայաստանի մասին խոսելիս՝ այն հսկայական նշանակություն ունի ինձ համար։ Կարող եմ ասել, որ Հայաստանը մեծ պատմություն է պահպանում, և այն մեծ ազդեցություն կարող է ունենալ նրանց վրա, ովքեր ուզում են խորությամբ ուսումնասիրել ոչ միայն Մերձավոր Արևելքի պատմությունը, այլև մարդկության պատմությունը ընդհանրապես։ Հայաստանը և նրա պատմությունը շատ բան է ասում մեր՝ որպես տեսակ պատմության մասին։
-Ինչպե՞ս եք սկսել ձեր ռեժիսորական կարիերան։
– Իմ «արվեստի կարիերան» սկսվել է վաղուց, երբ աշխատել եմ որպես բեմի ռեժիսորի օգնական Կահիրեում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Դանիայում և այլուր։ Հետո աշխատել եմ որպես դերասան, բեմի ռեժիսոր, ռադիոյի հաղորդավար, հեռուստատեսության պրոդյուսեր ու հաղորդավար, սցենարիստ, հետո՝ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։
Վավերագրական ֆիլմերում կարևոր է շատ բան իմանալ, շատ բան փորձել, որպեսզի կարողանաս պատմել ուրիշների պատմությունները այնպես, որ կարողանաս հավասարակշռել օբյեկտիվն ու սուբյեկտիվը:Աշխատել տարբեր մշակութային միջավայրերում տարբեր ազգությունների հետ՝ ինձ թույլ է տվել դիտարկել մանրամասները նրանց աչքերով, ովքեր պատմությունը կերտում են։
-Ի՞նչ կարող եք ասել ձեր ֆիլմերի մասին:
– Մեկ այլ նախագիծ, որը շատ եմ սիրում, 7 րոպեանոց պարի ֆիլմն է՝ «Արմատը», որը նկարահանվել է Կահիրեի, Սինայի և Բեյրութի միջև։ Այն պատմում է պարողի անձնական մեկնաբանությունների մասին, որը փորձում է գտնել իր կյանքի իմաստը։ Ֆիլմը տարբեր միջազգային փառատոներում մրցանակներ է ստացել։
-Այստեղ ապրելով՝ հայտնաբերե՞լ եք պատմություններ, որոնք կարող են դառնալ ֆիլմի հիմք:
– Ես ստեղծում եմ ինչ-որ բան՝ մասնատված պատմություններից, բայց դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Ներկայումս մեծ մասը ժամանակս անցկացնում եմ Հայաստանի սահմանամերձ համայնքներում, որտեղ կիսում եմ իմ մասնագիտական փորձը երիտասարդների և նորահայտ տաղանդների հետ՝ փորձելով ստեղծել նրանց ու հողի միջև մշակութային կապի ամուր հիմք: Մենք բոլորս ծառերի նման ենք. «որպես պտուղներ»՝ պետք է կապված լինենք մեր «արմատների» հետ՝ առողջ պտուղներ տալու համար։ Ես ինձ հնարավորություն եմ տալիս լիովին ներգրավվել, որպեսզի կարողանամ մշակել և պատմել պատմությունը։ Կարծում եմ, եթե ուզում եմ վայելել ինչ-որ մեկի գինին, նախ պետք է կիսեմ նրա արցունքները։
-Հիշում եմ ձեր «Մոռացված հայրենիք» ֆիլմը, որը ներկայացվել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։
–«Մոռացված հայրենիք» ֆիլմը համարում եմ իմ «առաջնեկը», այն շատ առանձնահատուկ է։ Երբ այն ցուցադրվեց ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լիբանանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և այլուր, ես զգացի, թե ինչպես տարբեր հանդիսատեսներ արձագանքեցին թեմային և, ի վերջո, Հայաստանին։ Քանի որ ֆիլմը պատմում է բարդ հայկական պատմական նարատիվի մասին՝ նրանց միջոցով, ովքեր 2020 թ. պատերազմի հետևանքով ստիպված էին փախչել Հայաստան, միջազգային լսարանները սկսեցին ծանոթանալ Հարավային Կովկասի պայքարի ծավալներին և դրա ազդեցությանը այս «Մոռացված հայրենիքի» ժողովրդի կյանքում։ Հիշում եմ, Փարիզում մի լրագրող այնքան հուզվեց ֆիլմից, որ՝ չնայած իմանալով, որ Ֆրանսիան արդեն շատ բան է անում Հայաստանի համար, կոչ արեց անել ավելին՝ օգնելու Հայաստանի ժողովրդին տնտեսական և մարդասիրական մակարդակներում։
-Ֆիլմարտադրության առումով ինչպիսի՞ երկիր է Հայաստանը։ Կա՞ն ծրագրեր։
-Հայաստանը թարմ և դեռ չուսումնասիրված տարածք է, երբ խոսքը ֆիլմարտադրության մասին է։ Կարծում եմ, Հայաստանը կարող է մեծ ճանաչում ձեռք բերել ոչ միայն կինոարդյունաբերության մակարդակում, այլև տնտեսական առումով, եթե երկիրն իր շքեղ տեսարաններով, ճիշտ ձևով մատուցվի ճիշտ «հաճախորդներին»։ Չնայած այս ոլորտում արված դրական ջանքերին, Հայաստանին դեռ երկար ճանապարհ է պետք անցնել, որպեսզի արժանի դիրք զբաղեցնի ֆիլմարտադրության արդյունաբերությունում։ 
-Այսօր շատերը ընտրում են կինոյի ուղին, բայց քչերն են կարողանում զարգացնել իրենց ոճը, մտածողությունը և ձայնը։
-Նախ նայեք ներս՝ նախքան դուրս նայելը։ Կայացած ռեժիսոր դառնալու ձգտումը հրաշալի նպատակ է, բայց դրանից էլ կարևոր է նախ ճանաչել ինքներդ ձեզ և հասկանալ, թե իրականում ինչ եք ցանկանում ասել։ Դա գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, համբերություն և մեծ ջանք։ Այն շարունակական որոնում է, և մենք սովորում ենք հենց այդ ճանապարհին։ Ժամանակի ընթացքում կգտնվի օբյեկտիվի և սուբյեկտիվի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը, իսկ ձեր ոճն ու հեղինակային ձայնը կբացահայտվեն այդ ընթացքի մեջ։
Ֆիլմարտադրությունը ծանր, երկարատև և պահանջկոտ գործընթաց է։ Այն կարող է լինել և՛ ճնշող, և՛ անչափ պարգևատրող։ Պարզապես պետք է առաջ գնալ քայլ առ քայլ և ինքներս մեզ թույլ տալ սխալվել, քանի որ հենց սխալների միջոցով էլ սովորում և տիրապետում ենք արհեստին։
Երբեմն երիտասարդները կարծում են, որ քանի որ ծնվել են թվային դարում, իրական կյանքում նույնպես ամեն ինչ պետք է լինի այնքան արագ և հեշտ, որքան թվային աշխարհում։ Այդ սպասումը հաճախ հիասթափության պատճառ է դառնում կամ ստիպում է նրանց շատ շուտ հանձնվել։ Ես կցանկանայի, որ նրանք ժամանակ տան իրենց՝ հասկանալու մի պարզ ճշմարտություն. «թվայինը»՝ թվային է, իսկ «կյանքը»՝ կյանք։ Կյանքը միշտ պահանջում է ժամանակ, համբերություն և ուսման շարունակական գործընթաց։ Մենք պետք է ընդունենք դա, զգանք կյանքի բնական ռիթմը և չփորձենք մեր ռիթմը պարտադրել նրան։
-Այժմ ստեղծագործական ո՞ր փուլում եք գտնվում։
-Ես միշտ օգտագործում եմ իմ ստեղծարարությունը՝ որպես արձագանք այս կամ այն կարիքին։
Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Հայաստանը դարձել է իմ տունը։ Խորապես հավատում եմ, որ յուրաքանչյուր փակ դռան հետևում կա մի անկեղծ պատմություն, որը սպասում է պատմվելուն։ Հենց այդ համոզմունքից ելնելով՝ որոշեցի ժամանակիս մեծ մասը նվիրել երիտասարդ տաղանդներին աջակցելուն և Հայաստանի հեռավոր գյուղերում նրանց կրթական ու ստեղծագործական կարիքները հոգալուն։
Ես մասնագիտացած եմ երկարաժամկետ, հատուկ մշակված դասընթացների կազմակերպման մեջ, որոնք հարմարեցված են յուրաքանչյուր համայնքի առանձնահատկություններին և կարիքներին։ Այդ ծրագրերի միջոցով երիտասարդներին զինում եմ վիզուալ պատմասացության հիմնարար գործիքներով, որպեսզի նրանք կարողանան ճանաչել, ձևակերպել և պատմել իրենց սեփական պատմությունները՝ իրենց ինքնատիպ, արտահայտիչ և ստեղծագործական ձայնով։
2024 թվականին հիմնադրել եմ «Ձեռքեր» շահույթ չհետապնդող վիզուալ արվեստի նախաձեռնությունը, որի առաքելությունն է զարգացնել անհատական պատմությունների մշակույթը Հայաստանի գյուղական համայնքներում։ Մենք օգնում ենք յուրաքանչյուր երիտասարդ պատմողի ուսումնասիրել, դիտարկել, վերլուծել և կյանքի կոչել իր տեսլականը՝ լուսանկարի կամ տեսանյութի միջոցով լավագույնս արտահայտելով սեփական աշխարհընկալումը։ Եվ փոխանակ սպասելու, որ նրանք գան ինձ մոտ, ես վերցնում եմ իմ գործիքները, սարքավորումները, ավելի քան երեսուն տարվա մասնագիտական փորձը և ինքս գնում եմ նրանց ընդառաջ։
Մինչ օրս սեմինարներ են անցկացվել Սյունիքի մարզի Հարժիս և Վերիշեն գյուղերում, իսկ շուտով նոր ծրագիր կսկսվի Լոռու մարզում։ Ես չեմ շտապում, որովհետև յուրաքանչյուր ծրագրի մշակման և իրականացման ընթացքում ինքս էլ շատ բան եմ սովորում։ Յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր մասնակից և յուրաքանչյուր պատմություն նոր փորձառություն են, որոնք ձևավորում են նաև ինձ։
Այս ամռանը տեղի կունենա ծրագրի մասնակիցների պատմողական լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը՝ ներկայացնելով նրանց տեսլականները, պատմություններն ու ստեղծագործական ձայները։
-Որքանո՞վ է կարևոր կինոգործչի համար մշտական փնտրտուքի մեջ լինելը:
-Որպես կինոգործիչ՝ կյանքն իմ գլխավոր ուսուցիչն է։ Ձայնը, ժեստը, գույնը կամ անցորդի պատահական ասած մի բառը կարող են գրավել ուշադրությունս և դառնալ դիտարկումներից ծնվող նոր հետախուզական ճամփորդության սկիզբ։ Ամեն օր դուրս եմ գալիս, քայլում, լսում և սովորում։ Մեկ կամ երկու գաղափար գրում եմ իմ փոքրիկ նոթատետրում, ոչ թե հեռախոսի հավելվածում (ծիծաղում է- Վ. Ա.)։ Ինձ համար գրելը գաղափարի ծննդյան վկայականն է։ Այդ մտքերի կուտակումից ձևավորվում է գաղափարի տեսողական հիմքը, իսկ հետո՝ կախված յուրաքանչյուր պատմության բնույթից, փորձում եմ գտնել լավագույն միջոցը, որպեսզի հանդիսատեսը լիարժեք ներգրավվի վիզուալ փորձառության մեջ։
Որպես վիզուալ պատմող՝ ես ուշադիր լսում եմ յուրաքանչյուր պատմության «կամքը»՝ զգալու, թե այն ինչպես է ցանկանում պատմվել։ Երբեք թույլ չեմ տալիս, որ իմ տեխնիկան գերակայի պատմությանը։ Ընդհակառակը՝ փորձում եմ պատմությանը հնարավորություն տալ շնչելու, հասկանալ դրա նուրբ իմաստները և ճիշտ դասավորել բոլոր տարրերը։ Հենց այս սկզբունքներն են օգնում ինձ տեսնել, թե ինչպիսին պետք է լինի պատմության վերջնական տեսքը։ Դա նման է բժշկի աշխատանքին, որն անում է ամեն ինչ, որպեսզի երեխան լույս աշխարհ գա։ Ես հերոսը չեմ. հերոսը երեխան է՝ պատմությունը։
Մշտական փնտրտուքը կինոգործչի համար շքեղություն չէ, այլ ապրելակերպ։ Հայաստանը լի է պատմություններով, պատկերներով ու մանրուքներով, որոնք սավառնում են շուրջբոլորը՝ սպասելով, որ ինչ-որ մեկը նկատի, որսա, դասավորի և վերամշակի զգոն սրտի, ականջի, աչքի և մտքի միջոցով։ Միայն այդպես դրանք կարող են վերածվել ստեղծագործության, որն ազդեցություն կունենա հանդիսատեսի վրա։ Ինձ համար հանդիսատեսը պարզապես դիտորդ չէ. նա ստեղծագործական գործընթացի լիարժեք մասնակիցն է։ Միայն նրա զգայական ու մտավոր ներգրավվածության շնորհիվ է, որ ստեղծագործական փորձարկումը կարող է վերածվել հիշվող, արժեքավոր և երկար ապրող փորձառության։
-Եթե Հայաստանը լիներ մեկ կադր կամ մեկ ձայն, ի՞նչ կլիներ այն Ձեզ համար:
-Կարճ, բայց դժվար պատասխանելի հարց է։ Հեշտ չէ Հայաստանը տեղավորել մեկ կադրի կամ մեկ ձայնի մեջ, բայց կփորձեմ։
Այն տեսարանը, որը լավագույնս նկարագրում է, թե ինչպես եմ այսօր տեսնում և զգում Հայաստանը, տատիկի ձեռքերն են։ Ձեռքեր, որոնք ուղղորդել, պաշտպանել ու սիրել են, բայց այսօր արդեն իրենք են դարձել տկար ու նուրբ։ Հիմա մեր հերթն է հոգ տանել այդ ձեռքերի մասին և վերադարձնել այն սերը, որ ստացել ենք դրանցից։
Իսկ թե ինչ ձայն կուղեկցի այդ տեսարանին, թող ընթերցողներն իրենք պատկերացնեն։
Զրուցեց Վովա Արզումանյանը
