Պուլիցերյան մրցանակի արժանացած, Օ’Հենրիի անվան վեցակի մրցանակակիր Վիլյամ Սարոյանին երբ հարցրել են՝ ո՞վ է Ձեր սիրելի գրողը, առանց ավելորդ համեստության պատասխանել է՝ ես։ «Փնտրիր բարին ամենուրեք…և քանի ապրում ես, ոչ մի բան չավելցնես աշխարհի աղետներին ու տխրությանը․․․»։ «Կուզեմ Աստծուն մարդկանց շարքին մեջ տեսնիլ։ Ու թե հանդիպեմ անոր, կըսեմ՝ բարև՛»։

Աշխարհին ու կյանքին ավելացրած սարոյանական գույնն ու համն ամեն անգամ  զգալու ենք, երբ թերթենք նրա գրքերը, երբ նրա գրական տողերի ջերմությունն ու մտերմությունը մեզնից սեր ու ջերմություն քամի, երբ ուղղակի նայենք նրա վճիտ աչքերին, թավ բեղերին ու սուզվենք նրա խորունկ հայացքի մեջ։ Սարոյանն առաջին անգամ 1976-ին է եկել Սովետական Հայաստան։ Համաժողովրդական տոնի վերածված նրա այցելությունից  հայ ժողովրդը հոգով ավելի ամրացել է, իրեն աշխարհի տերն զգացել. համաշխարհային գրականության հսկան իր պապերի հայրենիքում է։ Սարոյան ազգանունով ընտանիքներում եթե արու զավակ էր ծնվում, անունը Վիլյամ էին կնքում՝ Վիլյամ Սարոյանի պատվին. այդ տարիներին Երևանում հաճախ կարելի էր տեսնել սարոյանական բեղերով տղամարդկանց։

Համաշխարհային մշակույթի տարբեր շերտերում փնտրեք Վիլյամ Սարոյանին, փնտրեք ամենամեծերի ու ամենահայտնիների կողքին, նրանց հետ կապված դիպվածներում և ամենաանհավանական պատմություններում կգտնեք նրա անունը։ Օրինակ՝ հայտնի է, որ Սարոյանն ու Հեմինգուեյը միշտ վեճերի, հակամարտության մեջ են եղել, ու ժամանակ առ ժամանակ նրանց հարաբերությունները սրվել են ինչպես մարդկային, այնպես էլ գրական շփումներում։ Մրցակցությո՞ւն անվանել, թե՞ գրական խանդ երկու հանճարեղ գրողների ոչ բարիդրացիական հարաբերությունները։ Գուցե ժամանակին նրանցից յուրաքանչյուրը ներքուստ լարվել, տհաճություն է զգացել անուն ու պատճառ չունեցող հակամարտությունից, բայց դրանից նրանց երկուսի կենսագրությունն ու ապրած կյանքն ավելի հետաքրքիր են դարձել։ Իսկ մենք այսօր կարդում ենք նրանց թեժ բռնկումների, գրական ձեռնամարտերի մասին ու մտածում. «Այս շանթ-կայծակները համշխարհային գրական անցուդարձը հաստատ ավելի հետաքրքիր են դարձրել։

Ու ինչ լավ է, որ Նոբելյան մրցանակակիր Հեմինգուեյի անվանը հար ու հավասար հնչում է Վիլյամ Սարոյանի անունը, ու Հեմինգուեյը (և ոչ միայն նա)  իրեն արժանի մրցակից է համարել Սարոյանին։

Սարոյանի և Հոլիվուդի հարաբերությունները չի կարելի ստացված ու հաջողված համարել։  Չնչին արդյունք. ուրիշ ոչինչ։ 1930-40-ականներին Սարոյանն ամերիկյան գրականության նորահայտ աստղ էր, և, բնականաբար, Հոլիվուդը նրանով հետաքրքրվեց, բայց այդ հետաքրքրությունը հետագա զարգացում չունեցավ։ 1941-ին Սարոյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Լուիս Մայերից սցենար գրելու առաջարկ  է ստանում՝ շաբաթական 1000 դոլար հոնորարով։ Որոշ ժամանակ անց Սարոյանը գրում է «Մարդկային կատակերգություն» սցենարը, որի հիման վրա ֆիլմն ուզում էր հենց ինքն էլ  նկարել։ Նա Լուիս Մայերին խոստանում է կարճ ժամանակահատվածում ցույց տալ իր ռեժիսորական ունակությունները, որպեսզի վերջինս իրեն վստահի «Մարդկային կատակերգության» նկարահանումները։  4 օրում Սարոյանը նկարահանում է «Լավ գործ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ ամերիկյան կինոյի պատմության մեջ առաջին անգամ արևմտահայերեն արտահայտություն է հնչում։ Սակայն Մայերը ֆիլմը չի հավանում, բացի այդ  «Մարդկային կատակերգությունը» պետք է տևեր 4 ժամ։ Իսկ հոլիվուդյան չափանիշներին դա չէր համապատասխանում։ Մայերը հրաժարվում է ֆիլմը Սարոյանին վստահելու մտքից։ Սարոյանը հուսալքվում է ու հեռանում Հոլիվուդից։ Եվ մտավախություն ունենալով, որ իր գրած սցենարն ինչ-որ միջակ ֆիլմի հիմք կդառնա, Սարոյանը դրա հիման վրա գրում է «Մարդկային կատակերգություն» վեպը, որը  նրա գրական  ժառանգության նշանավոր էջերից մեկն է։ Չհաջողված համագարծակցությունից բարկացած՝ Սարոյանը քննադատական հոդված է գրում, հետո նաև «Կորի՛ր, ծերուկ» պիեսը՝ «նվիրված» Մայերին, որը բեմադրվում է Բրոդվեյում։

1943 թվականին Վիլյամ Սարոյանը «Մարդկային կատակերգություն» ֆիլմի սցենարի համար Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ է ստացել։  Այդ նույն թվականին Էռնեստ Հեմինգուեյի «Ում համար է ղողանջում զանգը» վիպակի հիման վրա (վիպակը Հեմինգուեյը գրել է 1940 թվականին և այն կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր) էկրան է բարձրացել ռեժիսոր Սեմ Վուդի նկարահանած ֆիլմը, որը 9 անվանակարգում առաջադրվել է «Օսկարի», սական անվանակարգերից և ոչ մեկը չի վերաբերել սցենարին։ Ի վերջո, 9-ից միայն մեկն է «Օսկարի» արժանացել. «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»  է ճանաչվել հույն Կատինա Պակսինոն։ Ի դեպ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն առաջադրվել է 6 անվանակարգում, այդ թվում՝ լավագույն սցենար, և հենց այդ ու միակ անվանակարգում  Վիլյամ Սարոյանն է արժանացել «Օսկարի»։

Լ.Գրիգորյանի «Իմ սիրտը լեռներում է» 1975թ. ֆիլմից կադրեր

1975 թվականին  Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պատմվածքի  հիման վրա ռեժիսոր Լևոն Գրիգորյանը նկարահանել է գեղարվեստական ֆիլմ՝ ազդված Վարդան Աճեմյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունից։ Ֆիլմում ևս օգտագործվում է Առնո Բաբաջանյանի համանուն ստեղծագործությունը։ Բեն-Ալեքի դերում խաղացել է  Սոս Սարգսյանը, միստր Կոզակ՝ Ինոկենտի Սմոկտունովսկին,  Ջասպեր Մեք-Գրեգոր՝ Նիկոլայ Գրիցենկոն, տատիկ՝ Արուս Ասրյանը։

Ա.Զվյագինցևի «Վտարում» 2007թ. ֆիլմից կադրեր

2007 թվականին  ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը սարոյանական թեմաներով նկարահանել է «Վտարում» խաղարկային ֆիլմը՝  Կոնստանտին Լավրոնենկոյի, Մարիա Բոնևիի,  Ալեքսանդր Բալուևի մասնակցությամբ։ Ֆիլմն իր կառուցվածքով, սյուժետային կառուցվածքով մեծ առնչություններ չունի Սարոյանի «Այ քեզ ծիծաղելի բան»  ստեղծագործության հետ, որի հիման վրա էլ Զվյագինցևը «Վտարումն» էկրանավորել է։

Ռ.Խամդամովի «Իմ սիրտը լեռներում է» 1967թ. ֆիլմից կադրեր

1967  թվականին ռեժիսոր Ռուստամ Խամդամովը «Իմ սիրտը լեռներում է» պիեսի մոտիվներով ֆիլմ է նկարել, որը դարձյալ քիչ առնչություններ ունի Սարոյանի հետ. ֆիլմը նկարելիս Խամդամովն ուղղակի ոգեշնչվել է Սարոյանից։ Բայց որպես  աշխատանք՝ ընդհանուր առմամաբ հետաքրքիր է։ Ֆիլմը մնացել է ուշադրությունից դուրս, սովետական տարիներին արգելվել է։

Մ.Վարժապետյանի «Հեյ, ով կա այդտեղ» 1979թ. ֆիլմից կադրեր

1979 թվականին  Մարատ Վարժապետյանը «Երևան» կինոստուդիայում նկարահանել է «Հե՜յ, ո՞վ կա այստեղ» 48 րոպե տևողությամբ  գեղարվեստական  ֆիլմը՝ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմը սիրո ողբերգական պատմություն է։ Նկարահանվել են Անդրեյ Պոդոշյանը և Մարի Սեթխանյանը։

1939-ին Սարոյանը  գրել է «Ոսկե տղան» սցենարը, որը ևս հաջողություն չի ունեցել։

1948-ին նկարահանվել է «Քո կյանքի ժամերը» ֆիլմը՝ դարձյալ թույլ էկրանավորում, որովհետև  համանուն  գրական ստեղծագործությունը կարելի է համարել Սարոյանի դրամատուրգիայի գագաթներից մեկը։ Նորագույն ժամանակներում Սարոյանի գործերի հիման վրա ֆիլմերի փորձեր դարձյալ արվել են։ Ռեժիսոր, դերասան Շոն Փենը ևս տարիներ շարունակ ցանկություն է ունեցել Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսի հիման վրա ֆիլմ նկարել։ Թեև Փենը  Սարոյանի գրական ժառանգությունը չափազանց բարձր է գնահատում,  բայց   բախվել է ֆինանսական, արտադրական խնդիրների և այդպես էլ  ֆիլմը չի նկարել։

Մ.Ռայանի «Իթակա» 2015թ. ֆիլմից կադրեր

2015 թվականին էկրան բարձրացավ Մեգ Ռայանի «Իթակա» ֆիլմը՝ նկարահանված կինեմատոգրաֆիայի ժամանակակակից շնչով։ Խաղում են Մեգ Ռայանը, Թոմ Հենքսը, Սեմ Շոփըրդը. դերսանախումբը որակյալ է, բայց Մեգ Ռայանը չի կարողացել հաղթահարել Սարոյանին ներկայացնելու դժվարությունը,  և ի դեմս «Իթակայի»՝ «Մարդկային կատակերգությունը» մեր ժամանակներում ևս արժանի էկրանավորում չստացավ։

Սարոյանական էկրանավորումների ձախողումը մեկնաբանում է  կինոգետ Զավեն Բոյաջյանը.

«Եթե մի կողմ թողնենք սարոյանական թեմաներով թատերական բեմադրությունները, ապա մինչև օրս կինոյում քիչ թե շատ նշանակալի անդրադարձ Սարոյանի ստեղծագործությանը չի եղել։ Չկա մի էկրանավորում, որը կարելի լինի դնել Սարոյանի գրական ստեղծագործությունների կողքին։ Սարոյան էկրանավորելը շատ դժվար է . սա  պետք է ընդունել։ Սարոյանի գրականության արտահայտչամիջոցները էկրան բարձրացնելը դժվար է։ Կստացվի սենտիմենտալ, սովորական ամերիկյան պատմություն, ինչպիսին «Մարդկային կատակերգությունն» է։ Նա, ով չի կարդացել վեպը, կմտածի՝ Սարոյա՜ն, Սարոյա՜ն… սա՞ է Սարոյանը։ Մինչև հիմա Սարոյանի գործերն էկրանավորել են միջակ ռեժիսորներ, որոնք նկարահանել են հոլիվուդյան ստանդարտներին համապատասխան պատրաստվածքներ ։ Սարոյանն իր ժամանակին էլ է դա տեսել ու հիասթափություն ապրել։

Սարոյանի գործերը դեռ չեն գտել իրենց էկրանավորողին, սրտացավ պրոդյուսերին, այդ պատճառով էլ այդ էկրանավորումները ձախողվել են և կինոյի պատմության մեջ հետք չեն թողել»։

Պատրաստեց Նաիրա ՓԱՅՏՅԱՆԸ


«Քամուց քշվածները»․ 8 «Օսկար» ստացած փայլուն կինոբեսթսելլերի դերասանների ճակատագրերը

Վիվիեն Լի 52 տարի առաջ, 1967 թվականին կյանքից հեռացավ անգլիացի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը` երկու «Օսկարի» արժանացած Վիվիեն Լին: Համաշխարհային ճանաչում...