Տեխասյան մի սովորական ընտանիքում, որտեղ հեռագիրը կարդալուց հետո ժամանակն ասես կանգ է առել, որդեկորույս մայրը հնչեցնում է մարդկության ամենացավոտ ու հավերժական հարցը՝ «Որտե՞ղ էիր Դու, երբ ես ցավ էի ապրում… Ինչո՞ւ թույլ տվեցիր սա»:

Բացարձակ խավարի միջից՝ որպես տիեզերական արձագանք, «Կենաց ծառը» (The Tree of Life) ֆիլմի սկզբում հնչում են Հոբի գրքի աստվածաշնչյան տողերը՝ «Ո՞ւր էիր դու, երբ ես դնում էի երկրի հիմքերը, երբ առավոտյան աստղերը երգում էին միասին, և Աստծո բոլոր որդիները ցնծում էին ուրախությունից»:

Որպեսզի մարդը հասկանա այդ պատասխանի ողջ ահեղությունն ու խորությունը, Թերենս Մալիկը հետադարձ անցում է կատարում միլիարդավոր տարիներ և ցույց տալիս տիեզերքի ծնունդը՝ մեծ պայթյուն, գալակտիկաների ձևավորում, լույսի հաղթարշավ խավարի նկատմամբ և Երկիր մոլորակի վրա կյանքի առաջին բջիջների ու դինոզավրերի արթնացում։Մալիկը մարդկային անձնական ողբերգությունը տեսնում է տիեզերական անսահմանության և աստվածային անքննելի ծրագրի համատեքստում։

Ֆիլմը, որ սովորական սյուժետային պատմություն չէ, այլ շքեղ կինոպոեմ, ստիպում է ամբողջական կտորներ կրկին լսել, անգամ գրի առնել և վերընթերցել․ «Կյանքում երկու ուղի կա՝ բնության ուղին և շնորհի ուղին։ Պետք է ընտրես, թե որով ես գնալու։ Շնորհը չի փորձում հաճոյանալ ինքն իրեն։ Հաշտ է, որ իրեն կարող են անտեսել, մոռանալ, չսիրել։ Ընդունում է վիրավորանքներն ու հարվածները։ Բնությունը միայն ինքն իրեն է ուզում հաճույք պատճառել։ Եվ ստիպում է, որ ուրիշներն էլ իրեն հաճույք պատճառեն։ Սիրում է իշխել ուրիշներին և ամեն ինչ իր ուզածով անել։ Նա դժգոհ է անգամ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը շողում է և սերը ժպտում է ամեն ինչի միջով»։

B_F_tree-of-life

Ֆիլմում Բնության ուղին մարմնավորում է ընտանիքի հայրը՝ պարոն Օ’Բրայենը (Բրեդ Փիթ)՝ կոշտ, եսակենտրոն, մշտապես մրցակցության և գոյատևման պայքարի մեջ՝ իբրև էվոլյուցիոն ընտրության ուղի, որտեղ միշտ հաղթում է միայն ուժեղը։ Տաղանդավոր երաժիշտ հայրն ստիպված է աշխատել գործարանում։ Չստացվեց լինել բավականաչափ ուժեղ, որպեսզի իր շնորհքին արժանի տեղ զբաղեցնի այս կյանքում։ Գոնե որդիները բավականաչափ պինդ և անզիջում լինեն այս դաժան աշխարհում տեղ գտնելու համար։

Շնորհի ուղին ընտանիքի մայրն է՝ տիկին Օ’Բրայենը (Ջեսիկա Չեսթեյն)՝ քնքուշ, ներողամիտ, հեզ և գեղեցկությունը տեսնելու ունակությամբ։

Որդիներին հաջողակ և հարուստ կյանքի համար է կոփում հայրը։ Տանը խիստ ռազմականացված կանոնակարգ է հաստատված, և ցանկացած չնչին շեղում ենթարկվում է կատաղի պատժի։ Ընտանիքում երջանիկ են միայն այն ժամանակ, երբ հայրը գործուղման է մեկնում։ Երբ հայրը մեքենայի տակ աշխատում է, ավագ որդի Ջեքը երազում է հանել հենակը, որպեսզի մեքենան ճզմի հորը։ «Թող նա չլինի, թող նա այլևս չլինի, ինչու՞ է նա ծնվել»,- այսպես է աղոթում Ջեքը։

Բռնությունը ծնում է բռնություն․ սա բնության ուղու անվերջանալի, արատավոր շրջանն է, որ սնվում է վրեժով, հարվածին ու ճնշմանը կրկնակի ցասումով պատասխանելու պահանջով՝ մինչև «ակն ընդ ական» հնագույն օրենքն, ի վերջո, կոչնչացնի բոլորին։

Թե՛ ընտանիքում, թե՛ քաղաքականության մեջ բռնակալների ձևավորումն ունի գրեթե նույն հոգեբանական ու սոցիալական արմատները։ Բռնակալները ոչ թե բնածին ուժեղ մարդիկ են, այլ խոր վախեր ունեցող անհատներ։ Նրանք սարսափում են վերահսկողությունը կորցնելուց, խոցելի երևալուց, մերժվելուց։ Ուրիշներին ճնշելը նրանց համար սեփական անվտանգությունն ապահովելու և վախերը թաքցնելու միակ միջոցն է։ Հատկապես իշխանություն ստանալուն պես նրանք սկսում են վրեժ լուծել բոլորից։ Բռնակալների ճնշող մեծամասնությունը մանկության տարիներին ինքն է եղել դաժանության, արհամարհանքի կամ խիստ վերահսկողության զոհ, և ներքին պաշտպանական մեխանիզմով հնարավորության դեպքում իդենտիֆիկացվում է ագրեսորի հետ, որպեսզի այլևս չզգա զոհի անօգնականությունը։ Բռնակալը երբեք չի ձևավորվում առանց միջավայրի թողտվության։ Եթե շրջապատը կամ հասարակությունը լռում է, հանդուժում է, հնազանդվում է և սահմաններ չի դնում առաջին ագրեսիայի ժամանակ, բռնակալի մոտ առաջանում է անպատժելիության պատրանք։ Իշխանությունը կուրացնում է, իսկ դիմադրության բացակայությունը՝ լեգիտիմացնում դաժանությունը։

Եվ այսպես, ավագ որդու պատանի սրտում արդեն ցանված են ագրեսիայի սերմերը․ ընտանեկան բռնության ցավը փոխանցված է հաջորդ սերնդին։ Սակայն Թերենս Մալիկը վիզուալ սիմվոլների միջոցով հանճարեղ նրբանկատությամբ հուշում է, որ բռնության արատավոր շղթան հնարավոր է կոտրել՝ ընտրելով մոր՝ Շնորհի ուղին։

Ջեքը ստիպում է կրտսեր եղբորը ձեռքը դնել պատուհանի ճեղքին, երբ ինքը հարվածում է դրան, կամ օդամղիչ հրացանով կրակում է նրա վրա։ Այդպես է «խաղում» Ջեքը։ Եղբայրն ի պատասխան ոչինչ չի ձեռնարկում։ Տարակուսանքով և ցավով նայում է Ջեքին։ Ջեքը փորձում է ներման արժանանալ։ Եղբայրը ժպտում է։ «Մի՛ արա այն, ինչ ես եմ անում»,- ասում է Ջեքն իրեն ներած եղբորը։ Ջեքն ինքնակամ է որոշում չլինել հոր նման։ Ջեքը որոշում է չլինել հոր նման։ Ջեքն այդպես է որոշում։

Շնորհը թուլություն չէ, հոգևոր ուժ է՝ կանգնեցնելու չարիքի փոխանցումը։ Շնորհի ուղին ընտրելը նշանակում է լինել այն վահանը, որի վրա ջարդվում է ատելությունը։

Ի դեպ, ֆիլմը մեծապես հիմնված է հենց իր՝ Թերենս Մալիկի մանկության և ընտանիքի պատմության վրա։ Իրական կյանքում նրա կրտսեր եղբայրը՝ Լարին, որ տաղանդավոր երաժիշտ էր, ինչպես ֆիլմում կրտսեր եղբայրը, ինքնասպանություն է գործել։ Մալիկը խուսափել է այդ ծանր իրադարձության ուղիղ վերարտադրումից՝ այն վերածելով կորստի մասին ընդհանուր փիլիսոփայական պոեմի, որտեղ տղայի մահվան կոնկրետ պատճառը կամ հանգամանքները երբեք ուղղակիորեն չեն նշվում կամ ցուցադրվում: Ֆոկուսը ոչ թե մահվան ձևի, այլ դրա ազդեցության՝ կորստի ցավի, հոգևոր ճգնաժամի, տիեզերական հարցադրման և դրա իմաստավորման փնտրտուքի վրա է։

Օպերատոր Էմանուել Լյուբեցկու աշխատանքը ֆիլմի սիրտն է։ Տեսախցիկը միշտ շարժման մեջ է։ Այն կարծես «լողում» է կերպարների կողքով՝ ստեղծելով մանկության պատառիկների, երազի և հիշողության ցնցող էֆեկտ։ Բնական լույսի, հատկապես՝ մայրամուտի ոսկե ժամերի պրոֆեսիոնալ օգտագործումը ֆիլմին հաղորդում է աստվածային, սրբազան երանգ։

«Կենաց ծառը» ֆիլմի վերջին տեսարանը Մալիկի կողմից մարդկությանը տրված մխիթարություն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Բոնեվիլ աղի հարթավայրում, որտեղ հողը պատված է աղի սպիտակ, չոր կեղևով, իսկ կողքին շողում է ջրի բարակ, հայելանման շերտը։ Այնտեղ չկան տներ, ծառեր, քաղաքակրթության հետքեր կամ ժամանակի նշաններ։ Դա ասես այն վայրն է, որ մարդն անցնում է միայնակ՝ իր հիշողությունների ու Աստծո հետ դեմ հանդիման կանգնելու համար: Եվ ահա, այս բնազանցական տարածության մեջ, որտեղ ողջերն ու ննջեցյալները քայլում են կողք կողքի, հանդիպում են մայրը, հայրը և որդիները։ Այստեղ մայրը կատարում է իր հոգևոր բարձրագույն քայլը՝ Շնորհի ճանապարհի վերջնական արարքը․ «Ես նրան քեզ եմ տալիս։ Ես քեզ եմ տալիս իմ որդուն»․․․

Մարինա Բաղդագյուլյան