Եգիպտացի լրագրող և ռեժիսոր Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանային կյանքի, Արցախի փախստականների մասին, որոնք այժմ բնակվում են Սյունիքում: Հանրության լայն շրջանակները ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան «Նարեկացի» արվեստի միությունում:

Ֆիլմի հեղինակը կարծում է, որ միջազգային հանրությունն այնքան էլ խորամուխ չի լինում Արցախյան հիմնախնդրի մեջ, ուստի իր պարտքն է  ֆիլմի միջոցով պատմել իրողությունը: Նագին պատերազմի ընթացքում Հայաստանում չի եղել: Եկել է պատերազմից վեց ամիս անց: Պատերազմի ժամանակ այնքան էլ հեշտ չէր գալ Հայաստան, քանի որ «դա չափազանց էմոցիոնալ կլիներ: Ես չէի ցանկանում այդ ապրումները փոխանցել աշխարհին, ուզում էի՝ մարդիկ հանդարտվեն, խորհեն կատարվածի մասին»: Էսամ Նագին գիտի, որ հայերը բազմիցս կոտրվել են ու վերականգնվել, և նրանք ամուր հոգի ունեն: Նա գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է տեղեկացված լինի, իմանա ճշմարտությունը, կանգնի Հայաստանի կողքին, որպեսզի կատարվածը չկրկնվի:

Էսամ Նագին վավերագրական ֆիլմեր է թողարկել և նկարահանել շատ երկրներում, որոնց թվում են Իրաքը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ռուանդան, Հայաստանը, Ուգանդան և այլն: Հիմնել է Firsttree.art արտադրական ձեռնարկությունը, որն արվեստին առնչվող նախագծեր է առաջ քաշում և թողարկում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Հ․Գ․Մառախլապատ Գորիսում 2020-ի պատերազմից մեկ տարի անց սկսվել են «Մոռացված հայրենիք» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմն ընդգրկում է հայ խիզախ կանանց նկարագրությունները՝ Հայաստանի պատմության հետ միահյուսված: «Մոռացված հայրենիքը» վեր է հանում Հայաստանի, հատկապես երկրի ամենահարավային մարզի՝ Սյունիքի աշխարհագրական և ռազմավարական կարևորությունը, պատմական ու ներկա մարտահրավերները և մշուշոտ ապագան այս անկայուն տարածաշրջանում: