«Ութ ու կես» ըստ Վուդի Ալենի.«Հիշողություններ աստղային փոշու մասին»
Մեր առջև իրականում Վուդի Ալենի տասնմեկերորդ ֆիլմն է։ Բայց եթե նայենք, ապա այն կարող ենք անվանել նրա «ութ ու կեսը» համարելով, ինչպես արդեն նշել էինք նախորդ աշխատանքում, «Ի՞նչ է պատահել, վագրաշուշան» կինոնկարը որպես կես ֆիլմ, ինչպես նաև չհաշված՝ «Տղամարդիկ ճգնաժամի մեջ. Հարվի Ուոլինգերի պատմությունը» հեռուստատեսային կարճամետրաժը: Գուցե մի փոքր տարօրինակ է հնչում, բայց Ալենի ողջ ստեղծագործության համար «Հիշողություններ ասղային փոշու մասին» գործը, ընդհանուր առմամբ չափազանց ոչ ստանդարտ ֆիլմ է, այսինքն՝ խիստ տարբերվում է մյուս կինոնկարներից։
«Հիշողություններ աստղային փոշու մասին»
1980 թվականի ամերիկյան սև և սպիտակ կատակերգություն է։ Վուդի Ալենի նկարահանած սիրելի և լավագույն ֆիլմերից մեկը։ Վուդիի արտասովոր այս ֆիլմը ռեժիսորի հոգու հատուկ բացահայտումն է ներսից: Ֆիլմը նույնիսկ ավելի խորն է, քան թվում է առաջին հայացքից։ Սա սև-սպիտակ ջազի հնչյուններով լցված ֆիլմ է լի առեղծվածներով, փիլիսոփայությամբ, հետաքրքիր մտքերով ու խորամանկությամբ։ Ինչպես նաև հնարքներով, ակնարկներով, կոպիտ մոնտաժով, կիսարթուն-կես երազներով, գրեթե անդադար երկխոսություններով և յուրահատուկ հումորով։ Այս ֆիլմի որոշ դրվագներ ընդմիշտ կմնան Վուդի Ալենի բոլոր ֆիլմերից գրեթե ամենատպավորիչը:
Վուդի Ալենի ստեղծագործությունները դիտարկելիս միշտ պետք է առանձնացնել այս ֆիլմը և ուշադրությամբ վերաբերվել դրան, քանի որ Վուդի Ալենի ֆիլմարվեստին ամենաբնորոշ գծերից մեկն է այստեղ շատ խիտ և վառ արտահայտված։ Այս ֆիլմն ինտելեկտուալ է, առանձնահատուկ, կարելի է ասել լայն հանրության համար չէ, այլ նրանց համար, ովքեր զգում են հատկապես Վուդի Ալենի կինոն ու կինոաշխարհը։ Նա նկարահանել է «Հիշողություններ աստղային փոշու մասին» ֆիլմը կարծես միայն իր համար, այլ ոչ թե լայն հանրության համար։ Այս ֆիլմն այնքան անհատական է, հոգևոր, որ հիշեցնում է ֆրանսիական կինոյի ոճը, չնայած որ ֆիլմը ակնհայտ Ֆելինիի գլուխգործոցի այլ կերպ Վուդի Ալենի կողմից պատկերումն է: Շատերի կարծիքով «Հիշողությունները» կենսագրական ֆիլմ է և վերցված է ռեժիսորի կյանքից, սակայն, ինչպես գիտենք, Ալենը կտրականապես հերքում է դա, այդուհանդերձ Ալենի կերպարի հետ կապված որոշ նմանություններ իսկապես կան։ Այս ֆիլմը որոշ չափով կարելի է որպես Վուդի Ալենի հակահարված դիտարկել Կինոակադեմիայի և հանդիսատեսի անտարբերությանը իր առաջին լուրջ աշխատանքի՝ «Ինտերիերներ»(1978) ֆիլմի նկատմամբ։ Դրանով բացատրվում է ֆիլմի դժգոհությունը քննադատող հասարակությունից, մասնավորապես այն մարդկանցից, ովքեր գնում են կինոթատրոններ։ Ռեժիսորը ուռճացնում է նման փորձը «Հիշողություններ աստղային փոշու մասին» ֆիլմի սյուժեում և հասցնում այն կատարյալ աբսուրդի, որը որոշ դիտողներ չափազանց բառացի ընդունեցին։
Ժամանակին այս ֆիլմը սառն ընդունվեց թե՛ հանդիսատեսի, թե՛ քննադատների կողմից։ Միայն տասնամյակներ անց այս կինոնկարը հասկացվեց և ընդունվեց, որպես խորը և հիանալի ֆիլմ։ Փաստն այն է, որ այստեղ ռեժիսորը ծիծաղում է երկրպագուների վրա, մերկացնում նրանց ոչ լավագույն լույսի ներքո։ Եվ սկզբնական շրջանում թեևս միայն դա էր նկատվում։ Ուստի այն ժամանակ դա վանեց շատ դիտողների և ֆիլմը մնաց թերագնահատված։
Ֆիլմում ներկայացվում է մեկ ռեժիսորի պատմությունը՝ նրա ստեղծագործական անհատականության պատմությունը և ներկա իրավիճակներից դուրս գալու անսովոր ուղիները, ինչպես նաև անհրաժեշտ ոգեշնչման որոնումները, որը պետք է գա նման մարդուն: Սյուժեն պտտվում է ըստ ֆիլմի հայտնի կատակերգական ռեժիսոր Սենդիի շուրջ։ Նա նկարահանեց մի քանի կատակերգություն, և դրանք չափազանց հայտնի դարձան։ Երկրպագուները նրանից նման բան էին սպասում, բայց նա այլևս չի կարող կատակերգություններ նկարել։ Իր շուրջը տեսնելով միայն մարդկային տառապանքը՝ նա այլևս չի կարող զվարճացնել հանդիսատեսին։ Ռեժիսորը ցանկանում էր դրամաներ, խորը ֆիլմեր նկարահանել։ Այնուամենայնիվ, նրա շրջապատի բոլոր մարդիկ՝ մենեջերներից և գործակալներից մինչև ոստիկան և նույնիսկ այլմոլորակայիններ, բոլորը խնդրում են նրան զվարճալի ֆիլմեր նկարահանել: Աշխատանքային խառնաշփոթից բացի, գլխավոր հերոսը դժվարությունների է հանդիպել նաև անձնական կյանքում։ Նա ուներ երկու կին, և երկուսն էլ առանձնահատուկ բարդ հարաբերություններ ունեին։ Հերթական անգամ Stardust հյուրանոցը հանգստյան օր է կազմակերպում ռեժիսորի պատվին, որին ինքը՝ Սենդին մասնակցում է մեծ դժկամությամբ։ Այդուհանդերձ, ծովափին կազմակերպված հանգստյան օրերը նրան հնարավորություն են տալիս հասկանալ ինքն իրեն, վերանայել և վերաիմաստավորել իր կյանքը, հիշել մանկության երազանքները, և ամենակարևորը, սերը, անցյալն ու ներկան։
Այստեղ Վուդի Ալենը գերազանցեց իրեն՝ ոչ ոքի չհարմարվելով և ստեղծագործական լիակատար ազատությամբ այս ֆիլմում նա արեց այն, ինչ ուզում էր։ Ինչպես արդեն նշեցինք ֆիլմ առանձնահատուկ է բոլոր առումներով, ինչը վերաբերում է նաև դերասանական աշխատանքին. Կանացի դերը բաժին հասավ արտասովոր, տաղանդավոր դերասանուհի Շառլոտ Ռեմփլինգին, որն ամենախորը և հետաքրքիր դերասանուհիներից մեկն է։ Նրա մեջ ինչ-որ հիպնոսացնող մի բան կա: Այս ֆիլմում նա մարմնավորում է Դորիին՝ կերպար, որը Վուդի Ալենը ստեղծել է իր նախկին կնոջ Լուիզա Լասերի տիպարով, որը նույնպես կատարել է այս ֆիլմում էպիզոդիկ դեր։ Ռեմփլինգը այս ֆիլմում պառզապես գերազանց է խաղացել Վուդի Ալենի հետ միասին։
Ալենի մասին դեռ բավական կխոսենք։ Պարզապես հարկ է նշել որ, ինքը՝ Ալենը, միշտ այնքան զվարճալի և մտածված է խաղում, որ երևում է՝ նա մեծ հաճույք է ստացել ֆիլմի ընթացքից։ Իսկ երջանկությունը ստեղծագործողի համար հենց այդ գործընթացում։ Այս կինոնկարն աչքի ընկավ նրանով նաև, որ երիտասարդ Շերոն Սթոունն առաջին անգամ հայտնվեց էկրանին։ Այստեղ նրա մասնակցությամբ զարմանալի փոքրիկ տեսարանը, որի մասին դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք, անկասկած կմնա հանդիսատեսի հիշողության մեջ։
Այս կինոժապավենը ռեժիսոր Վուդի Ալենի խոստովանությունն է՝ բայց և հասցված կատարյալ աբսուրդի ու քաոսի։ Հատկապես այն հասնում է իր գագաթնակետին, երբ ժամանում են այլմոլորակայինները և չեն պատասխանում վարպետի գլխավոր հարցին՝ «իրականում ո՞րն է ամեն ինչի իմաստը»:
Այդ հարցին շատ յուրօրինակ կերպով պատասխանել է ինքը ռեժիսորը իր մասին Ռիչարդ Շիկելի նկարահանած «Վուդի Ալեն․ կյանք կինոյում» վավերագրական ֆիլմում (Dir. Schickel R. Woody Allen: A Life in Film. 2002)։ Վուդի Ալենը ասել է, որ նապաստակի խոշոր պլանից հետո ֆիլմն արդեն ամբողջությամբ գլխավոր հերոսի ֆանտազիան է։
«Հիշողություններ աստղային փոշու մասին» ֆիլմը լի է հնարքներով, ակնարկներով, կոպիտ մոնտաժով, կիսարթուն-կես երազներով, գրեթե անդադար երկխոսություններով և յուրահատուկ հումորով։ Այս ֆիլմի որոշ դրվագներ ընդմիշտ կմնան Վուդի Ալենի բոլոր ֆիլմերից գրեթե ամենատպավորիչը:
Անդրադառնանք վերոհիշյալ Շերոն Սթոունի մասնակցությամ տեսարանին։ Էքսպոզիցիայում Սենդին (Վուդի Ալենը) գնացքում է: Հոգնեցուցիչ սպասումը և գնացքի մյուս ուղևորները նյարդայնացնում է նրան։ Զուգահեռ գնացքում մի հմայիչ շիկահեր (Շերոն Սթոունը) բարձր ծիծաղում է, ապա ուշադրություն դարձնում Սենդիի վրա համբույրի հետք թողնելով ապակու վրա։ Սենդին, Վուդի Ալենի հերոսին հատուկ անպատեհությամբ և անփութությամբ, ցանկանում է իջնել գնացքից, բայց բոլոր դռները կողպված են, խցիկը չի աշխատում, և ճամպրուկի միջից ավազ է թափվում դարակի վրա։ Թվում է, թե դա վատ երազ է: Բայց ոչ, սա Սենդիի նոր ֆիլմի եզրափակիչ մասն է։ Պրոդյուսերները կատաղած են։ Իսկ այդ ընթացքում իրական Սենդին ժամանում է «Stardust» հյուրանոց՝ իր նոր ֆիլմի պրեմիերային և մամուլի ասուլիսին:
1980-ականների սկզբին, երբ կինոյում շոշափվում էր գաղափարների որոշակի սղություն, Ալլենը ռիսկի է դիմում հանդիսատեսին ներկայացնելով մի կինոժապավեն, որը նման է քանդված և հավաքված խճանկարի:
Օվկիանոսի ափին փիղ է կանգնած, Սենդիին նվերներ են տալիս։ Ամեն տեղ, ուր Սենդին գնում է, նրանից անընդհատ ինքնագիր են խնդրում, սցենարի գաղափարներ են առաջարկում, դերասանները լսումներ են խնդրում, և բոլորը խոսում են, խոսում և խոսում: Թվում է, թե սա Ալենի ամենաշաղակրատ և ամենախոցելի ֆիլմերից մեկն է՝ Ալլենը վախենում է, որ այս համբավը կկործանի իր կյանքը, քանի որ նա այն ծախսում է հիմարությունների վրա։ Այո, սա նախապաշարմունք է, բայց ինչ-որ պատճառով ռեժիսորը ցույց է տալիս Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվ գողացողներից» (1948թ.) մի կադր՝ ասելով, որ կցանկանար ստեղծել հավերժական մի բան։
Սենդին ժամանակ առ ժամանակ հեռանում է իրականությունից և տեղափոխվում իր ենթագիտակցության երևակայական աշխարհ։ Սենդիի գլխում նրա պատկերացրած տեսարանները բախվում են իրական հիշողություններին՝ միասին ձևավորելով ինքնության կոնֆլիկտ: Սենդիի հիշողությունները ցույց են տալիս նրա կյանքի տարբեր կողմերը. փնտրված ու սիրված ռեժիսոր, բայց հոգնած ու տխուր անձնավորություն՝ մտահոգված իր կյանքի իմաստը գտնելու համար:
Այս ֆիլմը զարմանալի ճանապարհորդություն է։ Ի վերջո, դուք երբեք չեք իմանա, թե ինչի մասին էր լուրջ խոսում ռեժիսորը, և ինչն էր ծաղրում, ինչի մասին անկեղծ խոսում, ինչի մասին խորամանկում։ Ամեն դեպքում, Վուդի Ալենը միշտ ունի նուրբ, զգայական, գրեթե հուզիչ կինոժապավեններ, որոնցում տեղ են գտել ամենաանհեթեթ ու միամիտ մանրուքները։ Մտավորականները ֆիլմում փնտրում էին թաքնված իմաստներ, իսկ Վուդի Ալլենը հեգնում էր դրանք.
-Ի՞նչ դեր է խաղացել Rolls-Royce-ը ֆիլմում, ըստ Ձեզ:
-Կենթադրեմ, որ հերոսի մեքենայի դերը,- պատասխանում է ռեժիսորը:
Անցնենք Ֆեդերիկո ՖելլինիՖելլինիի ամենահայտնի ֆիլմի՝ «Ութ ու կես»-ի հետ եղած կապին։ Եվ միայն վերոհիշյալ թվերով չէ այդ կապը սահմանվում։ Նկարահանման պահին երկու ռեժիսորներն էլ ստեղծագործական փնտրտուքի, ինչպես ասում են` ճգնաժամի մեջ էին։ Ֆելինին պարզապես չգիտեր, թե ինչ նկարահանել, իսկ Ալենը չէր հասկանում, թե ինչ է իրենից ակնկալում հասարակությունը, և ինչ է ուզում անել ինքը։ Բայց նրանք գտան ելքը՝ ֆիլմեր նկարահանելով կյանքի իմաստի և, իհարկե, նկարահանվելիք ֆիլմի հենց որոնման մասին։ Ինքը՝ Վուդի Ալենը, սկզբում ցանկացել է ֆիլմն անվանել «Վուդի Ալենի Թիվ 4»։ Սակայն Ալենը հարցազրույցներից մեկում, իրեն ոչ այնքան հատուկ համեստությամբ, ասել է. «Ես Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմի կեսն էլ դեռ չարժեմ»(Տե՛ս կայք. Кинопоиск. Интересные факты. https://www.kinopoisk.ru/film/6446/?utm_referrer=www.kinopoisk.ru)։
Ռեժիսորը հմտորեն հագեցնում է կինոնկարը համապատասխան մթնոլորտով (երբեմն նույնիսկ բացահայտ ծաղրում է այն), իսկ ֆիլմի առաջին տեսարանը, որտեղ հերոսը փակված է գնացքի վագոնում, վերաբերում է «Ութ ու կես»-ի նմանատիպ տեսարանին։ Ֆելինիի մթնոլորտի վերստեղծումը նաև Գորդոն Ուիլիսի գերազանց օպերատորական աշխատանքի շնորհիվ է, որը Ալենի մշտական օպերատորն էր ներառյալ մինչև «Հաննան և նրա քույրերը» կինոնկարը։ Հատկապես նկատի ունենք նրա միջին պլանները, կինոխցիկի դիտանկյունները և օրիգինալ միզանսցենները։
Քանի որ ֆիլմը ստեղծագործական մտքի դեգերումների մասին է, բնականաբար այն ստացվեց շատ անհամաչափ՝ տատանվելով մի ծայրահեղությունից մյուսը։ Մեր առջև ձևի իմաստով մաքուր դրամա չէ, իհարկե, մելոդրամա չէ, և նույնիսկ տրագիկոմեդիա դա չափազանց դժվար է անվանել, սա Վուդի Ալենի ստեղծած «ինտելեկտուալ կատակերգության» վառ օրինակն է: Տեսարանները վարպետորեն խաղացված են և հնարամիտ, գեղարվեստականորեն մթնոլորտը հիանալի է, իսկ վիզուալ կողմը՝ աչքի համար շատ հաճելի։ Սև ու սպիտակ պատկերը շահեկան է տվյալ դեպքում։
Բացի այդ, սաունդթրեքը պարզապես գերազանց է։ Միշտ հիացնելով և գոհացնելով հանդիսատեսին օգտագործվող երաժշտության ընտրությամբ՝ Վուդի Ալենը իր կինոժապավեններում հաճախ օգտագործում է Լուի Արմսթրոնգի, Չարլի Փարքերի, Դյուկ Էլինգթոնի և Դիզի Գիլեսպիի ստեղծագործությունները։ Նա շատ հստակ հասկանում է, որ տրամադրություն ստեղծելու համար կարևոր է նաև կարոտի հնչյունների հպումը, քանի որ երաժշտությունը մի տեսակ գունապնակ է, զգացմունքների ավելացում ֆիլմին, երբ օրինակ՝ դերասանուհու հրավիրող հայացքը խամրում է կադրում: Կինոխցիկը պարզապես կանգ է առնում նրա հայացքի վրա, և ամեն ինչ հանկարծ պարզ է դառնում՝ և՛ աստղերը, և՛ հիշողությունները։
«Հիշողություններ աստղային փոշու մասին» գլուխգործոցը դարձավ կինոդրամատուրգիայի ասպարեզում նորարարության օրինակ և, միևնույն ժամանակ, դրանով ավարտին հասցվեց Վուդի Ալենի ռեժիսորական յուրահատուկ ոճի ձևավորումը, որն սկսվել էր «Էննի Հոլում» և շարունակվել «Մանհեթենում»։ Քանի որ, այս ստեղծագործությունը Ալենի խոսակցական հումորի և կերպարներին հատուկ հոգեբանական նուրբ երանգի կատարյալ սիմբիոզն է։ Այդ իսկ պատճառով էլ, ֆիլմն առանձնահատուկ է։ Այդ իսկ պատճառով, ինչպես ասեցինք սկզբում, և պետք է առանձնացնել այս ֆիլմը Վուդի Ալենի ստեղծագործությունները դիտարկելիս։
Կատակերգություններ ստեղծելուց հոգնած կատակերգու․․․
Նման իրավիճակ էր տիրում և Ալենի դեպքում, որ հաջողված «Էննի Հոլլ»-ից հետո նկարահանել էր իր առաջին Բերգմանից ոգեշնչված ֆիլմը՝ «Ինտերիերները»։ Կարելի է հասկանալ հանդիսատեսի որոշ չափով հիասթափությունը և վրդովմունքը, որը Վուդի Ալենից սպասում էր հերթական ինտելեկտուալ կատակերգություն, բայց ստացավ խորը հոգեբանությամբ լցված կամերային դրամա։
Արման Գրիգորյան



