Կինոյի մասին բաղձալի օրենք ունենալու հեռանկարը դեռևս անցյալ տարվանից իր շուրջը համախմբեց ոլորտի պատասխանատուներին, օրենսդրին, կինոգործիչներին ու իրավաբաններին: Ինչ խոսք, կինոյի մասին օրենքին վաղուց ենք սպասում,  գաղտնիք չէ, որ շատերը հայկական կինոարտադրության երկարամյա ամլությունը կապում են հենց օրենքի բացակայության հետ, իսկ մյուսներն  ընդհակառակը, պնդում են, թե արվեստին օրենք պետք չէ, օրենքը կխանգարի, կկաշկանդի, ազատությունից կզրկի կինոյին ու կինո ստեղծողին:

Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան, և այդ համատեքստում քիչ հավանական էր, որ չլինեին տարակարծություններ, քննադատություններ, միմյանց տեսակետերը մերժելու իրողություններ: Այդպես էլ եղավ: Աշխատանքային տարբեր խմբեր մշակեցին տարբեր նախագծեր . արդյունքում ԱԺ ներկայացված նախագիծը կինոյի ոլորտի ներկայացուցիչների մի մասին բավարարում է, մյուսներին՝ ոչ, ոմանք գոհ են՝ լիահույս, ոմանք՝ դժգոհ ու հուսահատ, անգամ վրդովված ու պատրաստ ընդվզման:

Kinoashkharh -ը  փորձել է ի մի բերել և ներկայացնել տարբեր աշխատանքային խմբերում՝ Կինոյի օրենքի նախագծի վրա աշխատած կինոգործիչների ընդհանուր տրամադրություններն ու վերաբերմունքը։

Արայիկ Մանուկյան Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» աշխատանքային խմբի համակարգող)

Կինոյի մասին օրենքին տասնամյակներ շարունակ սպասելով՝ կինոհանրությունն այսօր ստիպված է խոսել ԱԺ-ում դրված մի նախագծի մասին, որը կինոյի ոլորտում մեծ հաշվով  որևէ բան չի փոխում, ընդամենը արձանագրում է  այն իրավիճակը, որն այսօր կա: Ցավում եմ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ լավագույն օրենք ունենալու նախադրյալներն ունեինք, բայց ԱԺ-ի հանձնաժողովը գործընթացը ձախողել է: Հերթական «պտիչկայի» համար շրջանառության է դրվում դեկլարատիվ մի  փաստաթուղթ, որը գրեթե ամբողջությամբ կրկնում է այն սահմանումները, որոնք այսօր էլ առկա են  Սահմանադրության մեջ և տարբեր  օրենքներում:

Մինչև հիմա Կինոյի մասին օրենքի նախագիծ փորձել են գրել ստեղծագործողները, ինչը շատ սխալ է. ստեղծագործողները կարող են իրենց կարծիքն ունենալ, բայց չեն կարող օրենք գրել: Եվ ահա  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ  առաջին անգամ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի պրոֆեսիոնալ իրավաբանական ընկերություններն ու միջազգային պրոֆեսիոնալ փորձագետները զբաղվեն  օրենքի նախագծի մշակմամբ: «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» աշխատանքային  խումբն օրենքի նախագիծը ներկայացնելու մրցույթը շահել էր:  Ստեղծագործողների տեսակետերը լսելու և հաշվի առնելու համար մենք անց ենք կացրել 35 ֆոկուս-խմբային հանդիպում, որոնցում ընդգրկվել են կինոհանրության բոլոր ուղղությունների, ոլորտների ներկայացուցչները՝ կինոթատրոնների մարկետինգային ղեկավարներ, ռեժիսորներ, օպերատորներ, պրոդյուսերներ: Նպատակն այն էր, որ լիարժեք  արձանագրվեին ու գույքագրվեին տասնամյակներ շարունակ կուտակված բոլոր խնդիրները: Դրանից հետո միայն պրոֆեսիոնալ իրավաբանական  ընկերությունների հետ սկսվել է օրենքի մշակման գործընթացը:  Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի՝ CNC-ի իրավաբանական դեպարտամենտի պատասխանատուն Երևանում մեկ շաբաթ մեր թիմի հետ աշխատել է նախագծի վրա:

Հույս ունեինք, որ մեր ստեղծած նախագիծը կհամալրվի լավագույն դրույթներով և  կներկայացվի: Բայց, ցավոք, այդ գործընթացը ձախողվեց որոշ մարդկանց ամբիցիաների պատճառով: Հիմա չեմ ուզում փակագծեր բացել, բայց առաջիկայում դրանք բացվելու են: Մեզ թյուրիմացության մեջ են գցում, որովհետև մի բան է  թեկուզ ամենալավ օրենքից վերցնել դրույթներ ու դրանք տեղավորել ինչ-որ տրամաբանության մեջ, մեկ այլ բան է, երբ այդ դրույթներն աշխատում են  հենց իրենց տրամաբանության մեջ: Մենք ստեղծել էինք մի նախագիծ, որը կինոյի ոլորտի համար ամբողջությամբ հեղափոխական էր ու փոխում էր այսօր առկա տրամաբանությունը: Իսկ շրջանառության մեջ դրվելիք նախագիծն առկա տրամաբանությունը պահպանելու է, եթե ոչ առկա խնդիրներն ավելի է խորացնելու: Ես չեմ ասում, թե մեր նախագիծը կատարյալ էր, բայց  կարելի էր դրա հիման վրա աշխատել: Կինոմիությունը, «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» աշխատանքային խումբը և տարբեր կազմակերպություններ չեն ընդունելու ԱԺ ներկայացված օրինագիծը:  Ամեն ինչ անելու ենք, որ այն շրջանառությունից հանվի, հույս ունեմ, որ ԱԺ-ն ողջամիտ կգտնվի և չի ընդունի այն,  կփոխի պատասխանատուներին ու նոր նախագիծ ստեղծելու համար նոր փուլ կսկսի: Իսկ եթե կինոհանրությունն այսօրվա նախագիծը պատրաստ է ընդունել, ուրմեն ոչինչ չունեմ ասելու նրանց:

Վիկտորյա Ալեքսանյան (սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, Հայաստանի անկախ կինոգործիչների միության համահիմնադիր)

Այս նախագիծը առաջին հերթին վերաբերում է պետություն-արտադրող հարաբերության ձևակերպումներին և կարգավորումներին։ Այն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի կինոարտադրողին լիովին՝ առաջին հերթին նպաստելով կինոարտադրողի առաջընթացին, զարգացմանը։ Բոլորս գիտակցում ենք՝ զարգացած արտադրողը զարգացած պետության գրավական է։ Իրավականորեն պետությունը, որը աջակցության գումար է տրամադրում  պետական բյուջեից իր երկրում որակյալ կինոարվեստ ստեղծելու համար, պետք է գումարի բաշխմանը հստակ ոլորտային սահմանումներ տա և ապահովի պետական գումարի անաչառ և արդյունավետ տրամադրումը կինոարտադրողներին։ Թույլ և բևեռացված արտադրողը պետության սխալ ռազմավարության հետևանք է, մի արտեֆակտ է, որը պետք է արդեն ուղղվի։ Պետական ֆինանսավորման՝ բոլորի կողմից թերընկալման փաստը երկար տարիներ վնասել է  թե՛ արտադրողին, թե՛ հենց  պետությանը, քանի որ մնացել է սովետական և հետսովետական ավտորիտար ռեժիմից ժառանգած արտադրական գաղափարների և իրար հետ չհամակցվող բաշխման մեխանիզմների շղթայում։ Կինոյի՝ պետության կողմից արտադրություն իրականացնողի ընկալումը, աշխարհում մնացել է պատմական անցյալում։

Հենց այդ պատճառով էլ այսօր գործող և այդ գումարը բաշխող օղակի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը ծավալվում է թղթատար, իրար հակասող գործիքակազմով, և կինո արտադրելը մի վտանգավոր մարտական զորաշարժ է։ Օրենքն այս ամենը լուծում է՝ հօգուտ բոլորի։

Բոլոր տեսակի բախումները պետք է բացառվեն, և օրենքն այստեղ նույնպես խաղալու է շատ կարևոր դեր՝ արտադրողին դնելով իր իսկ արտադրածի հանդեպ ավելի պատասխանատու դիրքում, ինչը շատ կարևոր պայման է ցանկացած ճյուղի ինքնուրույն զարգացման համար։ Մեր ազգային կինոն, պատկերացրեք, առաջին հերթին կախված է ճիշտ իրավական հարաբերություններ ստեղծելուց։ Մանրամասնեմ. հենց պրոդյուսերների գործունեության արդյունավետությամբ է պայմանավորված մնացած բոլորի՝ սցենարիստների, ռեժիսորների, բեմադրող նկարիչների և այլոց ստեղծագործական արդյունավետությունը։

Շատ կարևոր է, որ պետությունը և արտադրողը դիտեն ոլորտային զարգացման ուղիները միասնականության համատեքստում։ Ինձ՝ որպես ստեղծագործողի և արտադրողի, պետք է առողջ համագործակցություն և օրենք, այդ պատճառով էլ ես միացել եմ՝ աջակցելու դրա ստեղծմանը։

Արտադրող ընկերությունը պետք է լինի պաշտպանված՝ բոլոր տեղական օրենքները և ստորագրած կոնվենցիաները պահպանող պայմանագրով, իսկ ռեժիսորը և ստեղծագործական անձնակազմը՝ հավասար և ազատ պայմաններում ստեղծագործելու իրավունքով։ Այն ոլորտները, որոնք պետությունը որակավորում է որպես զարգացման ենթակա, հիմնականում ունեն նաև որոշ հարկային արտոնություններ՝ զարգացումն արդյունավետ ապահովելու համար, օրինակ՝  ՏՏ ոլորտը հենց այդպես էլ զարգացավ, և հենց այդ համաչափ ներդրումները հետագայում զարգացած ոլորտի շնորհիվ պետությանը շատ անգամներ  օգուտ են բերում։

Այսօր ամենաէական հիմնահարցն այն է, որ պետության կողմից կինոյին հատկացվող գումարը չունի կինոարտադրողի համար նպաստավոր և միջազգային նորմերին համապատասխան՝ բաշխող համակարգ։

Արթուր Վարդիկյան (կինոքննադատ)

– ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը դեկլարատիվ բնույթ ունի, գրված է  տերմինալոգիայով,  ոչ թե  խնդիրներ է  լուծում, այլ խնդիրներ է առաջացնում: Նախագծում պետությանը  տրվում է շատ մեծ գործառույթ. լիցենզիաներ պետք է տրամադրի, թեև ասվում էր, որ պետությունը չպետք է խառնվի կինոարտադրությանը: Հաճախ է խոսվում, թե օրենքը պետք է օգնի ստեղծագործողին, նպաստի նրա ազատությանը: Պետությունը պետք է երաշխավորի  ստեղծագործողի ազատությունը, անկախությունը:

Ես մեջբերում եմ Սահմանադրության  43-րդ հոդվածը. «Յուրքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»: Օրենքի նախագիծն այս հայտարարությունից այն կողմ չի անցնում, ավելին չի ասում: Փաստաթուղթը բացատրական վատ բառարան է հիշեցնում: Առնվազն 4-5 էջերը դեկլարատիվ բնույթ են կրում և կարծես  բարի ցանկությունների հայտարարություններ լինեն: Ինչպե՞ս պետք է կյանքի կոչեն դրանք, գրված չէ: Հոդված 27-ը համատեղ արտադրություններին է վերաբերում, ըստ որի՝ համատեղ է կոչվում այն ֆիլմարտադրությունը,   որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին՝ առկա է մասնակցության առավել մաս ներկայացնող ֆիլմարտադրող, որն ունի ստեղծագործական ու տեխնիկական փաստացի մասնակցություն ֆիլմարտադրության մեջ և բավարարում է այն բոլոր պահանջներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համատեղ արտադրության ֆիլմը համարվի ազգային ֆիլմ:

Ազգային ֆիլմի առաջին պայմանանն էլ այն է, որ ռեժիսորը կամ սցենարի հեղինակը պետք է ազգությամբ հայ, Հայաստանի քաղաքացի լինեն: Սա նշանակում է, որ եթե համատեղ արտադրության ֆիլմի ռեժիսորը կամ սցենարի հեղինակը ՀՀ քաղաքացի չլինեն, ֆիլմը չի՞ կարող համարվել համատեղ արտադրություն: Այդ դեպքում Ատոմ Էգոյանի «Օրացույցը» չի՞ կարող ազգային ֆիլմ համարվել: Կամ եթե ֆրանսահայ ռեժիսորը ցանկանա համարտադրությամբ ֆիլմ նկարահանել, պետք է անպայման ՀՀ քաղաքացիությո՞ւն ընդունի:

17-րդ  հոդված՝  5-րդ գլուխ. ՀՀ-ում ֆիլմի վարձույթը թույլատրվում է կառավարության սահմանած կարգով՝  ֆիլմը դասակարգելու, վարձույթի վկայական ստանալու դեպքում: ՀՀ-ում արգելվում է այն ֆիլմերի վարձույթը, որոնք կրում են մարդու առողջության և ենթագիտակցության վրա բացասական ազդեցություն գործող  ակնհայտ պոռնոգրաֆիկ բնույթ: Ո՞վ և ինչպե՞ս  է որոշում՝  դա ակնհայտ պոռնոգրաֆիկ  է, թե ոչ:

Ֆիլմերի դասակարգման մասին է խոսվում, բայց չի նշվում, թե տարիքային բաժանումն ինչի հիման վրա է լինելու: Աբսուրդ է, որ վարձույթի վկայական կարող են տալ կամ չտալ՝ նման անհեթեթ պատճառաբանությունների վրա հիմվելով:

Արմինե Անդա (դերասանուհի, պրոդյուսեր)

Ես մի հարցազրույց եմ կարդացել և մեկ Zoom-հանդիպում եմ տեսել` 5 գործչի մասնակցությամբ, որոնց մոտեցումը, ճիշտն ասած, սովետական ժամանակներ էր հիշեցնում` «ինչու պետք է օրենք ունենանք, ինչու պետք է պայմանագիր ունենանք» տրամաբանությամբ: Ուրիշ քննադատության  չեմ հանդիպել: Իսկ հարցազրույցում քննադատվում էր, թե օրինագիծը չի առաջարկում Ազգային մարմնի բացարձակ անկախություն, այլ առաջարկում է ապակենտրոնացված կառավարում: Եվ այո, այդ գործիքը հենց մենք էլ առաջարկել ենք: Ապակենտրոնացված կառավարման մի կողմը Ազգային մարմինն  է, մյուսը` նախարարությունը, երրորդը` անկախ ժյուրին, որը ընտրված չէ ո՛չ մեկի, ո՛չ մյուսի կողմից, որպեսզի բացառի մենաշնորհը և չստեղծի ֆավորիտիզմի թագավորություն, ինչի գայթակղությունը շատ  մեծ է: Ինչ վերաբերում է օրինագծի ֆորումին, այնտեղ կան հարցեր և առաջարկներ, որոնք քննարկվելու են լսումների ընթացքում:

Առանց օրենքի ուժ ունեցող ռազմավարության, մենք միշտ անհատների հույսին ենք մնալու, որոնք կարող են ճիշտ կամ սխալ լինել: Պետական ֆինանսավորումն աննպատակ է ծախսվում արդեն 15 տարի, ի դեպ, մշակույթի բոլոր ոլորտներում: Համաշխարհային կինոիրականությանը մոտ կանգնելը կախարդական փայտիկով չի արվում, իրենք օրենք ունեն, մենք էլ պիտի ունենանք, իրենք համատեղ արտադրությամբ են զարգացնում իրենց կինոն, մենք էլ միայն այդպես կարող ենք, առավել ևս, որ մենք իրենցից ավելի մեծ ռեսուրսներ չունենք: Եվ վերջապես, մեկ երկրում չէ, որ օրենքից հետո զարթոնք է եղել. ռազմավարություն, շահերի բախման կառավարում և մենաշնորհների վնասազերծում, համատեղ արտադրություն, հարկային արտոնություններ և այլն:

Այլ պետությունների օրինակով, որոնք զարգացրել են իրենց կինոարտադրությունը (և մեզ հետ  ստորագրել են կոնվենցիան), պետական ֆինանսավորումը մեր երկրում էլ վերջապես գործելու է որպես պետական աջակցություն, և մենք, առաջին հերթին գործելու ենք մեր միջազգային գործընկերների հետ` օրինականության դաշտում. երկրորդ՝ լինելու ենք հավասար պայմաններում (ինչում այսօր չենք), և խոսքն այստեղ ռեսուրսների չափի մասին չէ, այլ իրավունքների: Հարկային արտոնություններ են տրամադրվելու կինոարտադրությանը, նաև հեռուստատեսությանը (հայկական ֆիլմերի ցուցադրության դեպքում), կինոթատրոնին, աջակցություն տրամադրողներին: Սրանք միայն օրինակներ են:

Օրենքը հանդիսանալու է այն հողը, որի վրա սկսելու է հայ կինորտադրության զարգացումը: Առանց օրենքի, ևս մի տանսամյակ մենք սպասելու ենք… Մեզ` արտադրողներիս, օրենքը անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս:

Սուսաննա Հարությունյան (Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ)

Շրջանառության դրված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծին անդրադառնալով՝ պիտի առաջին հերթին փաստեմ, որ օրենքի հեղինակները անհասկանալի պատճառով անտեսել են Եվրոպական միության աջակցությամբ ստեղծված  «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» աշխատանքային խմբի և միջազգային էքսպերտների կողմից մշակված և տարվա սկզբին ԱԺ-ի ԿԳՄՍԵՍ հանձնաժողովին ներկայացրած «Կինոարվեստի մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբերակը: Այդ մասին խոսք չէր լինի, եթե  շրջանառված  նախագիծը իրապես ստեղծվեր երկու (կամ մի քանի) ներկայացված նախագծերի խոր ուսումնասիրության և համադրման արդյունքում: Իրականում շրջանառության դրված նախագիծը ամիսներ առաջ «Անկախ կինոգործիչների ակումբ» կազմակերպության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի պատճենն է՝ մի քանի փոփոխություններով, որոնցում, ի դեպ, ներառված են նաև մի երկու դրույթներ մեր նախագծից: Սակայն այդ դրույթները որևէ կերպ չեն կարող «աշխատել», քանի որ դրանք հանված են ընդհանուր տրամաբանական շղթայից և նախագծի հեղափոխական փիլիսոփայությունից: Համոզում ունեմ, որ ԱԺ-ում խորապես չեն ուսումնասիրել «Կինոյի զարգացման «Ոսկե Ծիրան» հիմնադրամի» նախագիծը: Ճիշտ հասկացեք, այստեղ բնավ ամբիցիաների կամ նախագծի «հեղինակային իրավունքի» հարցը չէ:

Ցավոք, շրջանառության դրված նախագիծն իր հիմնական դրույթներով խիստ դեկլարատիվ բնույթի փաստաթուղթ է՝ թերի և շփոթմունք առաջացնող ձևակերպումներով, և չի կարող համարվել ոլորտի զարգացմանը նպաստող: Այս նախագիծը լուրջ վերամշակման կարիք ունի:

Հասմիկ Հովհաննիսյան (կինոյի փարձագետ, պրոդյուսեր)

Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ կինոյում, բնական է, որ կան տարբեր տեսակետեր կամ հայեցակարգեր, որոնք հակասում են իրար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ օրենքը պետք է վեր լինի որևէ խմբի շահերից և պետք է համախմբի ոլորտի կարիքները, որը այս դեպքում ամուր իրավական դաշտն է։ Առանց այդ դաշտի, ո՛չ ներքին շուկա և ո՛չ էլ, առավել ևս  միջազգային համագործակցության և տարածման միտված ֆիլմեր հնարավոր չէ ստեղծել։ Մինչ այսօր համատեղ արտադրության փորձ ունեցող ցանկացած ոք գիտե, թե որքան դժվար է աշխատել համատեղ արտադրողների հետ, երբ մեր երկրում կինոարտադրության հարաբերությունները հստակ չեն, իսկ որոշ հարցերում նաև հակասում են միջազգային նորմերին։

Օրենքը չի կարող ելնել առանձին բևեռի շահերից միայն. այն կհանգեցնի մենաշնորհի։ Իսկ տարիների փորձը ցույց է տվել նաև, որ զարգացմանը խոչընդոտող մեծ խնդիրներից մեկն է նաև որոշ կառույցների  մենաշնորհն է։

Տեղի կինոարտադրողները սովետական ժամանակներում չեն ապրել, քանի որ բոլոր անկախ ֆիլմարտադրող ընկերությունները ստեղծվել են սովետական միության փլուզումից հետո։ Սովետական ժամանակներում պետությունն է որոշել, թե ինչ պետք է արտադրվի, ինչպես, ով.  պետությանն են պատկանել բոլոր իրավունքները։ Մինչև այսօր էլ, չնայած որ համակարգը բոլորովին այլ է, մենք դեռ բախվում ենք այն խնդրին, որ պետական աջակցության դիմաց պետությունը ստանում է ֆիլմից մասնաբաժին կամ մեծ տոկոսով վերադարձ, ինչն էլ խոչընդոտում է արտադրողների և ոլորտի զարգացմանը։ Այսպիսի հարցերի կարգավորումը օրենքի կարևոր նպատակներից մեկն է։

Օրենքը գործունեության հիմք է տվյալ երկրի արտադրողների համար։ Այն հենասյուն է, որով մենք նույն հարթության մեջ ենք կանգնում եվրոպական երկրների արտադրողների հետ, մեզ թույլ է տալիս դառնալ ավելի մեծ՝ միջազգային կինոարտադրության մաս։ Միևնույն ժամանակ արտադրողը պաշտպանված է, նրա իրավունքները պաշտպանված են ֆիլմի արտադրության և հետագա տարածման բոլոր փուլերում։

Նարեկ Աշուղաթոյան (իրավաբան)

«ԼեգալԼաբի մեր թիմը և «Տեր-Տաճատյան իրավաբանական ընկերության» թիմը «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի պատվերով համատեղ ստեղծեցին «Կինոարվեստի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մեզ հետ աշխատում էր նաև ոլորտի փորձագետների խումբ: Թիմային աշխատանքի արդյունքում ստացանք իրավական և պրակտիկ տեսանկյունից շատ տրամաբանած մի նախագիծ:

Մի քանի պատգամավորներ շրջանառության են  դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ. տեղեկացնում եմ, որ այն որևէ առնչություն չունի մեր առաջարկածի հետ: Հուսով եմ, որ օրենսդրի մեր գործընկերները վերստին կուսումնասիրեն մեր առաջարկած խոր, բովանդակային մոտեցումները, և կընդունվի օրենք, որն առավել կնպաստի ոլորտի զարգացմանը:

Րաֆֆի Մովսիսյան (կինոգետ)

Հեղափոխությունից հետո մենք հնարավորություն ունեցանք կառավարության մջոցով, տարբեր կառույցների,  հասարակական նախաձեռնությունների ներգրավմամբ՝ ստեղծել օրենքի նախագիծ: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Մի քանի խմբեր, փաստորեն,  ստեղծեցեին իրենց տարբերակները, բայց կոնսեսուսի չկարողացան գալ: Կինոյի մասին օրենքի նախագիծը մասնագիտական համայնքին բաժանել է երկու մասի: Տարաձայնությունները շատ են, բայց  ես դեռևես չեմ հանդիպել մի հիմնավորման, թե  Աժ-ում առաջին ընթերցմամաբ ընդունաված Կինոյի օրենքի այս նախագիծն ինչու է վատը, ինչ թերություններ ունի: ԱԺ պատգամավորներից կազմված հանձնախումբն աշխատել է չափազանց բաց, և ցանկացած ոք կարող էր մասնակցել քննարկումներին, գաղափարներ, կարծիքներ հայտնել, հիմնավորել՝  ինչու է այս դրույթը ճիշտ, իսկ մյուսը՝ սխալ և այլն: Դրա փոխարեն  տարբեր կողմերից  վիրավորանքի հասնող մեկնաբանություններ, քննարկումներ  են հնչում: Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ պետք է իրականանա կինոյի մարդկանց մեծ երազանքը՝ ունենալ օրենքով պաշտպանված կինոարտադրություն:

Առավել քան վստահ եմ, որ  ինչ նախագիծ էլ որ լիներ, աշխատանքային գործընթացում մի շարք խնդիրներ էր առաջացնելու, որովհետև  Կինոյի մասին օրենք առաջին անգամ է գրվում, բնականաբար, լրացումների, մշակումների կարիք է լինելու: Ցանկացած օրենքի կիրարկումից հետո է երևում նրա կենսունակությունը, թերի և դրական կողմերը, և փոփոխությունների, հարակից ակտերի միջոցով դառնում է ավելի լավը:

Ինչո՞ւ է օրենսդրական այս նախաձեռնությունը գնահատելի, որովհետև այն ունի հայեցակարգ: Օրինակ՝ ինձ համար պարզ է դառնում, որ անկախությունից ի վեր կինոյի ոլորտում ունեցած խնդիրները՝ սկսած պետություն-մասնավոր ընկերություն, պետություն-Ազգային մարմին, Ազգային մարմին-անկախ կինոարտադրող փոխրարաբերություններից մինչև համարտադրող երկրների հետ կապերը, հեղինակային իրավունքների խնդիրներ, եթե նախկինում իրականացվել են այս կամ այն պաշտոնյայի անձնական կամքի կամ նախաձեռնության շնորհիվ կամ դրանք չեն էլ իրականացվել,ապա հիմա այս ամնբողջն օրենսդրորեն է կարգավորվելու:

Ուրախալի է, որ մինչև ԱԺ առաջին լսումներից հետո  հրաշալի հնարավորություն է ստեղծվել՝  ովքեր  առաջարկ, նախաձեռնություն ունեն,  ներկայացնեն, որպեսի մինչև երկրորդ լսումները մենք ունենանք ավելի կատարելագործված նախագիծ: Այսուայն անկյունից, նամակագրության, գաղտնի զանգերի միջոցով քննադատելն ու դժգոհելը ճիշտ չէ:

Ուրախ եմ, որ ԱԺ-ը, հանձնաժողովի անդամները,  հասկանալով, որ երկխոսության միջոցով   կոնսեսուս չի լինում, իրենք որոշեցին՝  ինչ ճանապարհով են գնալու: Բոլորիս միավորողը պետք է լինի կայուն կինորատադրություն ունենլու, օրենսդրական դրույթների միջոցով կոռուպցիոն ռիսկերը տապալելու նպատակն ու գաղափարը:

 

Հ․Գ․Նյութը պատրաստման փուլում էր, երբ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը: Թվում էր, հասել ենք այն փուլին, որ տարակարծությունները պետք է հարթված լինեին, կինոյի մարդիկ պետք է համերաշխության հողի վրա ընդհանուր լեզու գտած լինեին և հասնեին մեկ ընդհանուր հանգրվանի։ 

Պատրաստեց Նաիրա Փայտյանը