Արհեստական բանականությունը որպես էթիկական մարտահրավեր:

Արհեստական բանականության շուրջ ծավալվող քննարկումների երկրորդ առանցքը վերաբերում է ոչ թե դրա ստեղծագործական հնարավորություններին, այլ էթիկական սահմաններին։ Վերջին տարիներին համաշխարհային կինոարդյունաբերությունում ավելի ու ավելի հաճախ բարձրաձայնվում է այն հարցը, թե ում են պատկանում արվեստագետի դեմքը, ձայնը, ստեղծագործական ոճը և թվային ինքնությունը։ Եթե նախորդ տեխնոլոգիական հեղափոխությունները հիմնականում փոխում էին աշխատանքի եղանակները, ապա արհեստական բանականությունը առաջին անգամ հնարավորություն է տալիս վերարտադրել մարդու ինքնությունը՝ առանց նրա անմիջական մասնակցության։ Հենց այս հանգամանքն է ձևավորել կինոգործիչների մտահոգությունների նոր շրջանակը։

Այս մոտեցման ամենաակտիվ պաշտպաններից է Քեյթ Բլանշեթը, որը համահիմնել է Human Consent Standard նախաձեռնությունը։ Դրա նպատակն է մշակել սկզբունքներ, որոնք կապահովեն, որ արվեստագետի արտաքին տեսքը, ձայնը և ստեղծագործական ինքնությունը չօգտագործվեն առանց նրա հստակ համաձայնության։ Նման դիրքորոշում է որդեգրել նաև Մերիլ Սթրիփը՝ ընդգծելով, որ խնդիրը տեխնոլոգիան չէ, այլ ստեղծագործական աշխատանքի և անձնական ինքնության ապօրինի յուրացումը։ Այս տեսանկյունից նրանց քննադատությունը չի ուղղվում արհեստական բանականության գոյության դեմ, այլ այն կիրառելու եղանակների։

Նույն խնդրին է անդրադարձել նաև Մորգան Ֆրիմանը, որի ձայնը համարվում է ժամանակակից կինոյի ամենաճանաչելի ձայներից մեկը։ Դատապարտելով իր ձայնի չարտոնված թվային կրկնօրինակումը՝ նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արհեստական բանականությունը կարող է յուրացնել ոչ միայն ստեղծագործական արդյունքը, այլև հենց անհատի ինքնությունը։ Այս համատեքստում ձայնը կամ դեմքը դիտարկվում են ոչ թե պարզապես տեխնիկական տվյալներ, այլ արվեստագետի հեղինակային և անձնական ինքնության անքակտելի մաս։

Հետաքրքիր է, որ նույն խնդրին այլ տեսանկյունից է մոտենում Մայքլ Քեյնը։ Նա իր ձայնը լիցենզավորել է վերահսկվող պայմաններով՝ փաստացի ընդունելով, որ արհեստական բանականության կիրառումը կարող է լինել ընդունելի, եթե պահպանվում են հեղինակի համաձայնությունը, իրավական պաշտպանությունը և արդար փոխհատուցումը։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ տեխնոլոգիայի ընդունումը և հեղինակային իրավունքների պաշտպանությունը պարտադիր չէ, որ լինեն միմյանց հակասող դիրքորոշումներ։

Իսկ Ջորջ Քլունին՝ միացել է այն նախաձեռնություններին, որոնք պահանջում են, որ կինոարդյունաբերությունը հստակ իրավական սահմաններ սահմանի արհեստական բանականության կիրառման համար։ Նրա համոզմամբ՝ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող արդարացնել արվեստագետի դեմքի, ձայնի կամ ստեղծագործական աշխատանքի օգտագործումը առանց նրա թույլտվության։

Այս տեսակետները ցույց են տալիս, որ արհեստական բանականության շուրջ համաշխարհային բանավեճը վաղուց դուրս է եկել զուտ տեխնոլոգիական շրջանակներից։ Այն աստիճանաբար վերածվում է քննարկման մարդու ստեղծագործական ինքնության, հեղինակային իրավունքի և մշակութային սեփականության մասին։ Այս իմաստով հիմնական հարցն այլևս այն չէ, թե որքան կատարելագործված կարող են դառնալ ալգորիթմները, այլ այն, թե ինչ իրավական և բարոյական սահմաններում պետք է դրանք գործեն՝ պահպանելով արվեստագետի արժանապատվությունն ու հեղինակային ինքնավարությունը։

Սակայն նույնիսկ այս էթիկական հարցերը չեն սպառում բանավեճի ամբողջ խորությունը։ Կինոգործիչների մեկ այլ խումբ համոզված է, որ խնդիրը ոչ միայն հեղինակային իրավունքն է, այլև արվեստի էությունը։ Նրանց կարծիքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ պահպանված են համաձայնության, իրավական պաշտպանության և փոխհատուցման բոլոր սկզբունքները, մնում է մեկ հիմնարար հարց՝ արդյո՞ք մեքենան կարող է ստեղծել այնպիսի արվեստ, որի հիմքում ընկած են մարդկային փորձառությունը, հիշողությունը, կարեկցանքը և ապրած կյանքը։

(շարունակելի)

Էլեն Դանիելյան