Կինոյի տանը՝ օգոստոսի 8-ին, տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում  ՀՀ ԿԳՄՍՆ-ի առաջարկած փոփոխությունների և լրացումների քննարկման նպատակով։ Կինոհամայնքը դեմ է այդ փոփոխություններին՝ ահազանգելով անդառնալի հետևանքների մասին։ Բանախոսներն էին՝ Րաֆֆի Մովսիսյանը (կինոքննադատ), Արմինե  Անդան (Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ), Արևիկ Ավանեսյանը (Վավերագրական կինոյի ասոցիացիայի նախագահ), Զառա Ջյանը (ռեժիսոր, պրոդյուսեր), Տիգրան Առաքելյանը (Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ)։

Նախագիծը հուլիսի 9-ից տեղադրված է  e-draft հարթակում  (հղումը՝ https://www.e-draft.am/projects/8898/about), որտեղ հավաքագրվել են կարծիքներ, որոնք դեմ են այս նախագծին։

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում ԿԳՄՍՆ-ի առաջարկած փոփոխություններն ուժի մեջ մտնելու դեպքում պետությունն ամբողջապես յուրացնելու է հայկական կինոարտադրության գույքային և հեղինակային իրավունքները։ ՀՀ սահմանադրությամբ  ամրագրված ստեղծագործական ազատությունը կսահմանափակվի։ Գրաքննվելու են ֆիլմերի սցենարները՝ բովանդակային և գեղարվեստական բոլոր դրսևորումներով։Վերահսկվելու է կինոստեղծման ողջ ընթացքը՝ գաղափարի հաստատումից մինչև կինոփառատոնային նավարկության փուլ։

kinoartadroxner,Kinoyi orenqi naxagcin dem en

Հակասելով առնվազն երեք միջազգային կոնվենցիաների՝ անհնար է դառնալու միջազգային կինոարտադրող ընկերությունների հետ համագործակցությունը, քանի որ պետությունն իրավաբանորեն չի կարող հանդես գալ որպես արտադրող ընկերություն։ Իսկ ըստ միջազգային օրենքի՝ միայն արտադրող-արտադրող մոդելն է գործում, պետությունները հանդես են գալիս միայն որպես աջակցողներ։Մեծանալու են կոռուպցիոն ռիսկերը, քանի որ Հայաստանի կինոյի հիմնադրամը բացարձակ մենաշնորհ է ունենալու։ Խաթարվելու է առողջ մրցակցային միջավայրը։Խզվելու են արդեն իսկ ձեռք բերված միջազգային կապերը, քանի որ տոտալիտար համակարգով կառավարվող կինոոլորտի հետ գործ ունենալ քչերը կցանկանան։Հայկական կինոյի ոլորտում վերջին տարիներին գրանցված հաջողությունները նոր ընթացք չեն կարողանա ստանալ։

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը անդրադարձավ նաև պետության կայացման գործում կինոյի կարևորության հարցին․

ՀՀ ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականությունը, որը 2023-2027թթ-ի ռազմավարության առանցքն է, բնութագրված է հետևյալ կերպ՝ նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը՝ Հայաստանին որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ներկայացնելով։ Այս տեսակի տեսլական ունենալ և գնալ այդ տեսակի օրենսդրական փոփոխությունների՝ առանց քննարկելու ոլորտի ներկայացուցիչների հետ, բացարձակապես հակասում է այդ ռազմավարությանը, որը ներկայացված է և գրված է իբրև ապագա տարիների անելիք։ Իսկ կինոն մեր խոսքն առաջ մղող ամենակարևոր ուժերից մեկն է, այս օրերին տեսնում ենք՝ Լոկառնոյի միջազգային կինոփառատոնն ինչ տեսակի ֆիլմով է բացվում (խոսքը Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի մասին է), ինչ տեսակի թեմա է ներկայացվում, և թե որքան կարևոր զենք է։ Իսկ մեր հարևան պետությունները ինչ մեծ լոբբինգների, ֆինանսների շնորհիվ են կարողանում հասնել նրան, որ այդ տեսակի ֆիլմեր այդտեսակ փառատոների որևէ մի, եթե ոչ մրցութային ծրագրում ընդգրկվեն։ Մեր պետական քաղաքականությունը մշակողները այսօր մեզ ստիպում են ուղղակի չունենալ այդ տեսակի կինոարտադրություն և դա իրականությունն է։ Որևէ չափազանցություն չկա։

Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան էլ իր հերթին չի զլացել, 30 էջանոց վերլուծություն է գրել՝ ներկայացնելով, թե նոր նախագծի որ կետը որ օրենքին կամ օրենքի դրույթին է հակասում։ Արմինեն կիսվեց միջազգային փորձի իր ուսումնասիրություններով․

Հիմա ես կապացուցեմ, թե ինչով այս առաջարկված նախագիծը չի համապատասխանում միջազգային կոնվենցիային։ Կոնվենցիան հստակ ասում է՝ գույքային իրավունքը պետք է պատկանի համատեղ արտադրողին։ Կոնվենցիան ունի կետ՝ համատեղ արտադրողը ֆիլմ արտադրող ընկերությունն է։ Պետությունը կարո՞ղ է հայտարարել, որ ինքը ֆիլմ արտադրող ընկերություն է։Իհարկե ոչ։ Պետությունը չի կարող հանդես գալ որպես ֆիլմ արտադրող ընկերություն իրավաբանորեն։ Բոլոր միջազգային կոնվենցիաները խոսում են անկախ կինոարտադրության մասին։ Եվ գործում է միայն մեկ մոդել՝ պետություն-պետություն հարաբերություն, արտադրող-արտադրող հարաբերություն։ Ի՞նչ է դա նշանակում։ Պետությունը պետության հետ օրենք է ստորագրում, արտադրողն արտադրողի հետ՝ արտադրում։ Իսկ պետությունները արտադրողներին աջակցում են։ Սա միակ մոդելն է, որ գոյություն ունի աշխարհում, որը հիմնադրել է Ֆրանսիան 1946 թ-ին՝ իր Կինոյի օրենքով։ Մենք բոլորս անհարմար ենք զգում մեր գործընկերներին ասել, որ, գիտե՞ք 60 տարի առաջ հիմնադրված մոդելը մինչև այսօր մեր պետությանը չենք կարողանում համոզել, որ պետք է վերջապես ամբողջությամբ գործի։ Հիմա 15-ից ավել օրենք է խախտվում՝միջազգային և ներպետական։ Եվ վերջապես մի բան ասեմ՝ եթե հնարավոր լիներ մեկ ոլորտ զարգացնել՝ ընդամենը մեկ հիմնադրամ ստեղծելով, և ամբողջ ոլորտի ֆինանսավորումը այդ հիմանդրամին որպես սեփականություն տալով, բոլոր երկրներն այդպես կանեին։ Ինչո՞ւ էդպես չեն արել։ Կա միջազգային փորձ։ Եվ այս փորձը բերել է եզրակացությունների։ Մենք, օրինակ, ունենք ձախողված փորձ՝ 2006 թ-ի մոդելը։ Եվ այսօր այս նախագիծը այդ նույն մոդելն է, որն առաջարկվում է այլ բառերով։ Կա Ֆրանսիայի մոդելը, որը 60 տարի արդյունավետ գործում է։ Ինչո՞ւ չենք ուզում օրինակ վերցնել այդ մոդելից, այլ վերադառնում ենք 2006 թ-ի տապալված մոդելին։ Այս հարցի պատասխանը ոչ ոք չի կարողանում տալ»։

Վավերագրական կինոյի ասոցիացիայի նախագահ Արևիկ Ավանեսյանն էլ մեկ ուրիշ կարևոր խնդրի մասին բարձրաձայնեց.

-Ո՞վ գիտի, եթե տվյալ կառույցը՝ Կինոյի հիմնադրամը, սկսում է մենաշնորհ առաջ քաշել, վաղը մյուս օրը կորոշի կոմերցիոն կինո արտադրել, որպեսզի փող աշխատի։ Այդ ժամանակ ստիպված կլինենք հրաժեշտ տալ հեղինակային կինոյին և առհասարակ ստեղծագործական ազատությանը։

Կինոգործիչներն այնքան մտահոգված են, որ ծայրահեղ դեպքում մտածում են դրամահավաք հայտարարել, որպեսզի հնարավորություն ունենան իրավաբանական թիմ վարձելու՝ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով։

© 2025 Անի Հակոբյան, կինոգետ