Հայկական կինո․Համարձակության պակա՞ս, թե՞ սահմանափակ հնարավորություններ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ՊլատֆորմԴոկի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում Լոս Անջելեսում բնակվող անկախ կինոգետ Զարեհ Արևշատյանի հետ։ Ներկայումս նա դասավանդում է «Միջազգային կինոյի պատմություն», «Ամերիկյան հեռուստատեսության պատմություն», «Ամերիկայի կինոյի պատմություն» առարկաները Կալիֆորնիայի UCLA համալսարանում։ Կինոգետը շարունակ հանդես է գալիս հայկական կինոյին նվիրված դասախոսություններով՝ կարևորելով հայ ռեժիսորների կատարած աշխատանքն ու գեղարվեստական հետքը կինոոլորտում։ Հենց այդ դասախոսություններից մեկի ժամանակ հայկական ֆիլմերին վերաբերող մի քանի կարևոր հարցադրումներն էլ դարձան ԵԹԿՊԻ ուսանողության հետ հանդիպման առանցքը, որը կազմակերպել էր ՊլատֆորմԴոկի հիմնադիր, կինոպրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը։
Ոչինչ չի փոխվել
-Նորից վերադարձել եմ, այստեղ եմ, բայց շատ բան չի փոխվել։ Իհարկե, արտադրվող ֆիլմերի թիվը ավելացել է, բայց որակը կասկածելի է։ Հայկական կինոարտադրությունը ենթակառույց չունի և կան մեծ խնդիրներ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ամենակարևոր ու խոշոր ֆիլմերը առայժմ Հայաստանում նկարահանել են կանայք։
Հնարավորություններ կան՝ անհրաժեշտ է ճիշտ գործել
– Միշտ ուսանողներին ասում եմ, եթե ուզում եք ռեժիսոր կամ սցենարիստ դառնալ, բացի տեխնիկական ոլորտը՝ արդյունաբերական, մյուս աշխատանքները չեն պահանջում, որ կինոդպրոց անցնես։ Դարաշրջանը տալիս է հնարավոր ամեն բան, անհրաժեշտ է ճիշտ գործել։ Այնպիսի մի շրջանում ենք ապրում, որ մարդը կարող է անվճար սովորել հենց տանը նստած՝ յութուբով կամ այլ հարթակով։ Իհարկե, երբ կինոդպրոց ես անցնում, փոքրիկ գաղտնիքների էլ ես տիրապետում։ Բայց ամենամեծ դպրոցը, որը կարող է շատ օգտակար լինել՝ ֆիլմ նայելն է։ Ես խոսում եմ՝ ելնելով իմ տարիների փորձից։
Հայկական կինո, հստակ ձևակերպում, ժամանակագրություն, դասակարգման սխեմա
– Ընդհանուր առմամբ, եթե դուք ֆիլմ եք նկարում և ցուցադրում, փառատոների եք մասնակցում, մրցանակ եք շահում կամ չեք շահում, այո, հայկական կինո է։ Ես չգիտեմ։ Բարդ հարց է։ Մենք ավելի շատ Հայաստանի կինո ենք, ոչ թե հայկական, քանի որ ֆիլմերը Հայաստանում են նկարված և հայկական թեմաների շուրջ են։ Բայց, եթե սփյուռքում է հայը նկարում և ցուցադրում, ինչպես Ատոմ Էգոյանը։ Սա հայկակա՞ն է համարվում։ Էգոյանը, իմ կարծիքով, ունի երկու հայկական ֆիլմեր՝ «Արարատը» և «Օրացույցը»։ Նրա վերջին ֆիլմերը հայկական ֆիլմեր չեն։ Երբ սկսում ենք համեմատել խնդիր է առաջանում։
Այս հարցը սուբյեկտիվ պատասխաններ կարող են ստանալ։ Մեծ մասամբ, երբ հերթը հասնում է փառատոներին, այն երկիրը, որը ֆինանսավորել է ֆիլմը և իրենց բաժինը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է, ֆիլմը համարվում է այդ երկրինը։ Բայց եթե մենք մի համակարգ ունենանք, որ կունենա հստակ չափանիշներ, որ այս կետերը պարտադիր են հայկական ֆիլմ ունենալու համար, այդտեղ կշահենք։ Բնականաբար, մենք միշտ թեմային ենք նայում, դերասաններին, լեզվին։
Սփյուռքահայ ռեժիսորների ֆիլմերը՝ ուսումնասիրության առարկա
-Ամենաշատը «Նռան գույնն» ենք դիտում, վերլուծում։ Շատերը սիրահարվում են, այլ կերպ են ընկալում, խորն են զգում։ Իսկ ահա «Նահապետը» առանց ենթագրերի եմ ցույց տալիս։ Հանճարեղ ֆիլմ է։ Իսկ Բեկնազարյանի ֆիլմերը իրավունք չունենք այնտեղ ցույց տալու, թեև դրանք յութուբում կան։ Որակի, ենթագրերի խնդիր կա։ Բայց, եթե ունենանք իրավունքը՝ հրաշալի կլինի։
Առանձին դեմքով՝ հայկական կինո
-Ամենևին պարտադիր չէ, սակայն թերին ռեժիսորների համարձակությունն է, նրանք ձեռք չեն մեկնում կարևոր թեմաների։ Չունենք համարձակություն և տարբեր խնդիրներ կան Հայաստանում, որը չի շոշափվում այսօր արտադրվող ֆիլմերում։ Դրանցից են, օրինակ ընտանեկան բռնությունը, ԼԳԲՏ խմբերի գործունեությունը, արտագաղթը և այլն։
«Օսկարն» ու հայաստանյան ֆիլմերը
-«Օսկարի» համար դիմել ենք «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմով, որը արտասահմանյան հանդիսատեսի համար անհեթեթ ֆիլմ է։ Սա կարող է հանճարեղ մի գործ լինել Հայաստանում, բայց այնտեղ թողնում ու գնում են, շատ վատ տպավորություն է թողնում։ Շողակաթի ֆիլմն էլ այլ խնդիր է։ Բայց, օրինակ, «Մեդալի մյուս կողմը» ֆիլմը չեմ տեսել, բայց ծանոթ լինելով «Օսկարի» հանձնախմբի աշխատանքներին և իրենց մոտեցմանը, ես կասեի՝ այդ ֆիլմն ավելի մեծ շանսեր ունի, քան այն, ինչ ներկայացվել է Հայաստանից։ Որովհետև «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում համամարդկային բան կա։ Բայց մի կարծեք, թե մյուս երկրներն իրենց լավագույն ֆիլմերն են ուղարկում։ Նրանք շատ անգամ հասկանում են, որ շանս էլ չունեն։ «Օսկարը» նայելիս միանգամից կտեսնեք՝ գրեթե միշտ նույն երկրներն են հաղթում։
Հ․Գ․Զարեհ Արևշատյանը ստացել է սցենարագրության և կինոգիտության աստիճաններ Կալիֆորնիայի Նորթրիջի պետական համալսարանում։ 1987-1993 թթ. աշխատել է Ամերիկյան Կինոյի ինստիտուտում՝ որպես կինոաշխատությունների գրադարանավար և փառատոնի ծրագրերի պատասխանատու, ապա միացել է Կալիֆորնիայի UCLA-ին որպես դասախոս։ Կինոգետը 1993 թվականին Ամերիկյան Սինեմատեքի հետ համատեղ իրականացրել է Սերգեյ Փարաջանովի առաջին համապարփակ հետահայաց ցուցադրությունը։ Արևշատյանը հեղինակել է «Հայկական կինո. սկզբից մինչև ներկան» (2007) և «Կյանք-Ժամանակ-Հիշողություն» (2014) գրքերը։
Վովա Արզումանյան