«Լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք»
1992 թվականին, երբ էկրան ելավ Մարտին Բրեստի «Կնոջ բույրը», Ալ Պաչինոն վերջապես ստացավ իր առաջին «Օսկարը»։ Անշուշտ, մինչև 1992 թվականն Ալ Պաչինոն արդեն կինոյի կենդանի լեգենդ էր, 7 անգամ ներկայացվել էր «Օսկարի» անվանակարգում, այդ թվում՝ «Կնքահայրը» ֆիլմի համար։ Բայց հենց «Կնոջ բույրը» ֆիլմն ու Ֆրենկ Սլեյդի դերը նրան բերեցին իր առաջին ու միակ «Օսկարը» «Լավագույն դերասան» անվանակարգում, որ ոչ միայն կոնկրետ դերի գնահատականն էր, այլև Ամերիկյան կինոակադեմիայի խոնարհումը նրա ողջ վաստակի առջև։
Կույր և կատաղի նախկին բարձրաստիճան զինվորական Ֆրենկ Սլեյդի դերակատարումը նաև եղավ Ալ Պաչինոյի կարիերայի բեկումնային ջրբաժանը, որից հետո նրա զսպված, ներամփոփ խաղին փոխարինելու եկան էքսպրեսիվ ու էքսցենտրիկ դրսևորումները, ի դեպ, որոշներից Ալ Պաչինոն մինչև վերջ այդպես էլ չազատվեց։ Նրա հանրահայտ HOO-AH! մռնչոցը, որը հորինել էր կուրացած զինվորականների հետ շփվելու ընթացքում, դարձավ արտիստի այցեքարտը հետագա ֆիլմերում։
Պաչինոն Ֆրենկ Սլեյդի դերին երկար էր պատրաստվել․ հաշմանդամների հարցերով զբաղվող կենտրոններում, օրինակ, սովորել էր չֆոկուսանել հայացքը որևէ առարկայի վրա և այնքան էր մտել կույր մարդու դերի մեջ, որ նկարահանման հրապարակից դուրս էլ չէր նայում մարդկանց աչքերին։ Իսկ տեսարաններից մեկում իրականում չտեսնելով արգելքը՝ ընկել էր թփերի մեջ և վնասել աչքի եղջերաթաղանթը։ Որքան արժեքավոր էր դերի պարգևատրումը, նույնքան թանկ էր եղել նրա ոչ դյուրամարս կերպարի մաշկի մեջ մտնելը։
Զուգահեռաբար, մասսայական մշակույթի հիշողության մեջ ֆիլմն ընդունվեց որոշակի էսթետիկ խաբկանքով։ «Կնոջ բույրը» փաթեթավորված էր հոլիվուդյան դասական կանոններով՝ Նյու Յորքի փողոցների, հյուրանոցների, ռեստորանների շքեղությամբ, «Ֆերարիի» արագությամբ և Ալ Պաչինոյի ու Գաբրիել Անվարի վիրտուոզ տանգոյով։ Իսկապես, ֆիլմը զուտ զգայական վայելքների ցուցադրություն ընկալելու գայթակղությունը մեծ է։
Գնդապետ Սլեյդի կերպարն անհույս ներկայով, չքննարկվող ապագայով և ակնհայտ տրավմատիկ անցյալով մարդու տիպն է։ Իսկ երբ պարզվում է, որ այս անվերջ հոխորտացող նախկին զինվորականը կուրացել է ամենևին ոչ հերոսական պայմաններում, այլ սեփական անհեռատես ու հարբած արարքի հետևանքով, այդ հանգամանքը, մի քիչ ազնիվ մտածելու դեպքում, չափազանց ծանոթ և հարազատ է դառնում՝ նեղ-անձնական Սլեյդը, հանրային Սլեյդը, մտերիմ Սլեյդը, այս աշխարհի Սլեյդը․․․ Անփույթ, մեծամիտ, ինքնահավան, գոռոզամիտ, ինքնակործանման հակված Սլեյդը։ Սլեյդը, որ կույր է տեսնելու իր բուն սխալը, բուն խնդիրը, ցավի բուն պատճառը։
Սլեյդը, ում համար նախկին աշխարհը՝ իր սպայական պատիվը, տեսողությունը, կյանքը, արդեն անվերադարձ կործանվել է, սովորական դեպրեսիա չի ապրում։ Սլեյդն արդեն լրջորեն պատրաստվել է․․․ Եվ նրա հրաժեշտի յուրօրինակ տուրը դեպի Նյու Յորք միայն խոր ցավն ու անօգնականությունը քողարկող անհոգ սպառողականություն կամ կեղծ աղմուկ չէ, այլև ինքնասպանության նախապատրաստական շքեղ ռեքվիեմ։ Տանգոյի հռչակավոր տեսարանում նա վարպետորեն կառավարում է պարահրապարակի տարածությունը, հրաշալիորեն տիրապետում է իրավիճակին, բայց դա վայրկենական իլյուզիա է, որը չի լուծում նրա էքզիստենցիալ ճգնաժամը։
Եվ ահա, պատահում է դրամատուրգիական դասական և հանճարեղ իրոնիան, երբ հերոսը մանրակրկտորեն պլանավորել է այս աշխարհից փասա-փուսան հավաքելու և վերջնականապես ու միանգամայն կոկիկ հեռանալու տեսարանը, մինչդեռ ճակատագիրն այլ սցենար է պատրաստել մի ոտքով արդեն մյուս աշխարհ գնացած Սլեյդի համար։
Երիտասարդ, անբասիր, ազնիվ Չարլին (Քրիս Օ’Դոնել)՝ Բեյրդ դպրոցի ուսանողը, որ Նյու Յորքի փողոցներում պիտի լիներ Սլեյդի «աչքերը», դառնում է կյանքի բարոյական հայելին՝ ո՛չ ամերիկյան, հայկական, սպայական կամ բուհական, այլ այս աշխարհի ամեն տեղ գոյություն ունեցող ամենասովորական կյանքի, որ խժռում է հենց գեղեցիկին, արդարին, ազնիվին։ «Ինչպե՞ս ես դու ապրելու այս աշխարհում»,- հարցնում է Սլայդը Չալզին, ով դեռ տեղյակ չէ, անգամ չի պատկերացնում, որ Բեյրդի համակարգն արդեն պատրաստվում է ջարդել և կուլ տալ իրեն, մինչդեռ Սլեյդն արդեն լինելիքը պարզ տեսնում է։
«Լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք»,- ասել է պատմահայր Եղիշեն դեռևս 5-րդ դարում։ Համարյա նույն բանն է ասում նաև Սլեյդը Բեյրդ դպրոցում՝ ի պաշտպանություն իր երիտասարդ ընկեր Չարլզի և ի գանահարում մտքով կույր տնօրենի, բարոյազուրկ ծնողների և նրանց հղփացած զավակների։ Չարլզի հանդեպ ունեցած պատասխանատվությունը ստիպում է նրան դուրս գալ իր ողբի ու ցավի կենտրոնից։ Սլեյդը, որ համարյա մեռնելու վրա էր, վերադառնում է կյանք հանուն իր կրտսեր ընկերոջ պատվի և ապագայի։
Քանի-քանի անգամ է մեզնից յուրաքանչյուրին մեր կյանքի տարբեր իրավիճակներում պակասել այդ ճառը։ Հայաստանում, իհարկե, աղմկոտ հռետորաբանության ու բարձրագոչ հայտարարությունների պակաս երբեք չենք ունեցել։ Բայց ճառասացներից քանի՞սն է կանգնել իբրև սեփական մեղքերից ու սխալներից կուրացած, անդունդի եզրին կանգնած մարդ, որ համարձակություն է ունեցել խոստովանելու․ «Ես միշտ իմացել եմ, թե որն է ճիշտ ուղին, բայց երբեք չեմ ընտրել դա, որովհետև չափազանց դժվար էր»․․․
Մարինա Բաղդագյուլյան