Այս տարվա սեպտեմբերի 25-29 Ռուսաստանի Օբնինսկ քաղաքում տեղի ունեցավ «ՀԱՆԴԻՊՈՒՄ» 21-րդ Ուղղափառ կինոփառատոնը, որը երկրում անցկացվող ուղղափառ կինոֆորումներից առավել հեղինակավորներից է և կայացման զգալի ճանապարհ է արդեն անցել: Այն հիմնադրվել է 2006-ին մի զարմանալի անձնավորության՝ մայր Սոֆիայի ջանքերով: Սոֆիա Իշչենկոն միանձնուհի էր, բայց բոլորը նրան դիմում էին անվանելով պարզապես Մատուշկա (Մայրիկ): Քրիստոնեական կինոյի այս միջազգային տոնը նրա գաղափարն էր: Այն անվանելով «Հանդիպում»՝ Մատուշկա Սոֆիան նկատի է ունեցել հանդիպումն Աստծո հետ: Նրա մասին պատմում են, որ ինքը հավատացած էր, համոզված, որ Աստծո խոսքի զորությամբ և բարին, մարդկայինը քարոզող ֆիլմերի միջոցով կարելի է փոխել մարդկանց կյանքը, կրթել, դաստիարակել նրանց հոգին և ցույց տալ դեպի Ճշմարտություն տանող ուղին:

Փառատոնի կարգախոսն է՝ «Հանդիպեք իմաստալից կինոյի հետ»:

Այս եռանդուն և աննկուն կնոջ նախաձեռնությամբ կինոփառատոնը կազմակերպվել է և մինչ օրս տեղի է ունենում Կալուգայի և Բորովսկի Մետրոպոլիտ Կլիմենտի օրհնությամբ և ՌԴ Մշակույթի նախարարության, ինչպես նաև Կինեմատոգրաֆիստների միության աջակցությամբ: Մատուշկան ծրագրեց և ղեկավարեց այս հոգևոր կինոմիջոցառումը մինչև իր վախճանը՝ 2021 թվականը: Տարիներ շարունակ ծառայելով իր գործին՝ նա ձևավորել էր ուղղափառ կինոյի երեք գլխավոր սկզբունքները, որոնք համարում էր առհասարակ իսկական կինեմատոգրաֆի սկզբունքներ: Դրանք են՝ քրիստոնեակենտրոնությունը, քրիստոնեական էթիկան և քրիստոնեական էսթետիկան: Նա ասում էր, որ կինոյում Աստծո մասին կարելի է խոսել ոչ միայն գմբեթներ և խաչեր ցուցադրելով, այլև երեխայի արցունքների և մայրության բերկրանքի, բարի խոսքի և գթասրտության բերած ուրախության միջոցով, անցյալի հանդեպ հարգանքի և նախնիների հիշատակի միջոցով: Իր իսկ սահմանած չափանիշներին համապատասխանող ֆիլմեր գտնելու դժվարությունը ոչ միայն չէր կասեցնում նրա ոգեշնչումը, այլ ընդհակառակը, ավելի էր ամրացնում Մատուշկայի համոզմունքները: Կարելի է ասել, նրա հիմնած փառատոնը տարիների ընթացքում մի նոր խթան հանդիսացավ քրիստոնեական կինոյի շարունակական տարածման համար:

handipum paraton

Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց այդ մեծ անհատականությանն անձամբ հանդիպելու: 2022 թվականին, երբ առաջին անգամ հրավեր ստացա՝ ընդգրկվելով հոգևոր բացառիկ նշանակություն ունեցող այս կինոփառատոնի ժյուրիի կազմում, առաջին անգամն էր, որ այն անցկացվում էր առանց Մատուշկա Սոֆիայի: Աշխատակազմի անդամների աչքերում հաճախ էի արցունքներ տեսնում, երբ տալիս էին նրա անունը: Միևնույն ժամանակ, տեսնում էի, թե ինչպիսի նվիրվածությամբ են բոլորն աշխատում՝ յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն է կրում նրա գործի շարունակության մեջ: Եվ ինձ համար, իբրև քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկրի ներկայացուցչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակի, անչափ կարևոր էր ու թանկ այդտեղ ներկա գտնվելը, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր ու ցանկալի:

Փառատոնի բացումից առաջ մասնակիցները գնում են եկեղեցի, որտեղ աղոթք է հնչում գործի բարի ընթացքի համար, իսկ փակման հաջորդ օրը, ավանդույթի համաձայն, մասնակիցները մեկնում են ուխտագնացության դեպի ուղղափառ քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը՝ Օպտինայի անապատ, որը տասնյակ եկեղեցիներից բաղկացած վանական համալիր է և դրախտանման սրբավայր: Օպտինյան հայրերի, նրանց աղոթքների մասին լսել էի տարիներ առաջ, և ինձ համար մեծ ուրախություն էր այդտեղ այցելելու բացառիկ հնարավորությունը: Նախանցյալ դարում շատ ավելի դժվար է եղել աշխարհից մեկուսացած այդ մենաստան հասնելը, սակայն պատմությունից հայտնի է, որ այն բազմիցս այցելել են ռուս մեծ գրողներ Դոստոևսկին, Գոգոլը, Տոլստոյը: Վերջինիս քույրը եկել ու այդտեղ որպես միանձնուհի մնալու որոշում է կայացրել…

optina anapat

Բովանդակության առումով, հոգեպես ինձ շատ մոտ ֆիլմերից բացի, ցանկանում եմ նշել արտակարգ մարդկային մթնոլորտը, որ տիրում է կինոփառատոնի բոլոր օրերին: Ինքնին ուշադրության է արժանի կինոփառատոնի անցկացման վայրի ընտրությունը նաև: Օբնինսկը խորհրդային տարիներին փակ քաղաք է եղել, որի բնակիչները 1950-ականներից սկսած միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի ասպարեզի գիտնականներն էին իրենց ընտանիքներով: Այստեղ է կառուցվել աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը: Հիմա այն դարձել է գիտահետազոտական կենտրոն և զբոսաշրջության տեսարժան վայր քաղաքի հյուրերի համար: Կինոփառատոնի բացման և փակման արարողությունները տեղի են ունենում քաղաքի ամենանշանավոր վայրերից մեկում՝ «Գիտնականների տանը»: Մարմարե այս շինության նախագծի հեղինակներից մեկը եղել է մեր հայրենակից ճարտարապետ Վանիկ Դավթյանը:

Այսպիսով, անցկացման տեղի ընտրությամբ ավելի է ընդգծվում կինոփառատոնի՝ հավատը, գիտությունը և արվեստը միավորող հայեցակարգը: Ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվում են կլոր սեղաններ, թեմատիկ դեբատներ, հնչում են հոգևորը և գիտությունը համադրող դասախոսություններ բիոէթիկայի վերաբերյալ, որոնց ներկա են լինում տարբեր սերունդների ունկնդիրներ, ներառյալ դպրոցականներ: Այս տարի հետաքրքիր նորույթ էին մտահղացել՝ առցանց դեբատներ Երևանի Հայ-Ռուսական համալսարանի և Օբնինսկի համալսարանի ուսանողների միջև: Առաջարկվել էր Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» ֆիլմի առնչությամբ երկու հակադիր մոտեցում-գնահատական, և խմբերը վիճակ հանելուց հետո պիտի կարողանային հիմնավորել ու պաշտպանել իրենց բաժին հասած տեսակետը: Ժյուրիի օբյեկտիվ որոշմամբ հաղթող ճանաչվեց Հայաստանից հանդես եկող ուսանողական թիմը:

Հենց առաջին տարում փառատոնի կազմակերպիչների կողմից հանդիպել եմ այնպիսի փոխըմբռնման և հայացքների ընդհանրության, որ հաճույքով ընդունել եմ և հետագա հրավերները: Փառատոնի հոգևոր ղեկավար վանահայր Սավան բացառիկ անձնավորություն է: Փառատոնի ծրագրերի տնօրենն է կինոգետ, ՎԳԻԿ-ի դոցենտ Եվգենի Սեմենյուկը: «Հանդիպում» ՄԿՓ կոնցեպտում ձևակերպված է, որ նպատակը Աստծո հետ հանդիպման մասին կինոստեղծագործությունների մասսայականացումն է, ու դա կրոնական կինո չէ. ընդհակառակը, համաշխարհային ֆիլմարվեստում լավագույն գործերը պատմում են Ճշմարտության որոնումների, սեփական «Ես»-ի ճանաչման, հոգու հետազոտության մասին: Հավելենք, որ այդ կարգի ֆիլմերը որպես կանոն համամարդկային են, այսինքն՝ կրոնական սահմաններ չեն ճանաչում: Կինոփառատոնը միջազգային է և աչքի է ընկնում ընդգրկուն ծրագրով, որը բաղկացած է խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ, ուսանողական, դեբյուտային, հեռուստատեսային և անիմացիոն ֆիլմերի մրցույթից: Այս տարի փառատոնի նշանաբանն էր. «Մշակույթների կապը. տարածություն ժամանակից անդին»: Ռուսաստանից բացի, ֆիլմեր էին ներկայացված Հայաստանից, Իրանից, Հնդկաստանից, Սերբիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Իտալիայից, Բելառուսից և Մոլդովայից:

mrcanaki handznum siranush Galstjan

Պատվաբեր եմ համարում, որ արդեն չորրորդ անգամ էի ընդգրկվել կինոփառատոնի ժյուրիի կազմում: Կոլեգաներիս՝ Նիկոլայ Տրոիցկու, Սերգեյ Զայցևի, Թամարա Ցոցորիայի, Ալեքսեյ Վեսելկինի, Թահերեհ Սոլգիի (Իրան), Պրատիկ Սրիվաստավայի (Հնդկաստան) պրոֆեսիոնալ բարձր մակարդակը և անաչառությունը նույնպես շատ եմ կարևորում: Փառատոնի Գլխավոր մրցանակը (Գրան-Պրի) ստացավ «Ֆիլիպի կանոնները» սրտառուչ կինոնկարը (ռեժ. Ռոման Կոսով, 2025), իսկ «Լավագույն խաղարկային ֆիլմ» ճանաչվեց սերբական մի հիանալի լիամետրաժ կինոնկար՝ «Սուրբ Գևորգի սրբապատկերի պահապանը» (ռեժ. Ելենա Բաիչ Յոչիչ, 2026): Այս ֆիլմը դիտելիս ակամա զուգահեռներ էի անցկացնում սերբ ժողովրդի և Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողի և սրբությունների տերը լինելու բնական իրավունքից զրկվելու ողբերգության միջև:

Աննկարագրելի էր հուզմունքս, երբ բեմ հրավիրվեցի «Լավագույն արտասահմանյան ֆիլմի» համար սահմանված մրցանակը ստանալու… «Լռություն» ֆիլմի հեղինակ Նարեկ Շահվերդյանը ներկայումս Սևանի Վազգենյան դպրանոցի սան է և չէր կարողացել ներկա լինել կինոփառատոնին: Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Նարեկը ԵԹԿՊԻ շրջանավարտներից է (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց) և մի քանի տարի առաջ եղել է իմ լավագույն ուսանողներից մեկը: Ընդամենը 15 րոպե տևողությամբ ֆիլմում երիտասարդ ռեժիսորը կարողացել է ընդգրկել ամենաբարդ, անճառելի թեմաներից մեկը՝ հավատի, Աստծո որոնման, ճանաչման և ըմբռնման խնդիրը: Վավերագրական հավաստիությամբ բեմադրված այս խաղարկային կարճամետրաժ ֆիլմում նկարահանվել են ճեմարանի սաները և նրանց դասախոսներից մեկը, որն իր խորագետ բանախոսությամբ ուղղորդում է պատանիներին «սրտով մաքուր լինել» հոգևորի ընկալման ներքին ոլորաններում: Նա մեջբերում է առաջին դարի աթենացի դատավոր, հետագայում՝ Պողոս առաքյալին լսելուց հետո քրիստոնյա դարձած, եպիսկոպոս Արիսպագացուն, ասելով, որ նա ամեն ինչի գագաթնակետ համարում էր լռությունը. «Պիտի կարողանաս հասնել մտքի կատարյալ լռության, լռություն, որի մեջ կլսես Աստծո ձայնը…»:

Mrcanak Narek Shaverdyan

Իրականը և գեղարվեստականը այդպիսով ձուլվել են ասկետիկ այս ֆիլմում: Սևանի ափին գտնվող դպրանոցում սովորողների կյանքը պատկերված է կարծես ինքնըստինքյան, մի տեսակ թվացյալ ինքնահոսով՝ առանց հատուկ ձևական արտահայտչամիջոցների: Կադրերը զուսպ են, երբեմն՝ կառուցիկ: Օրինակ, դպրանոցի միջանցքում հատուկ լուսավորության ներքո մեկ շարքով կանգնած ապագա հոգևորականները աղոթք ասելիս… Շատ տպավորիչ են նաև բնապատկերների ֆոնին նկարահանված այն տեսարանները, երբ սաները խմբով քայլում են դեպի դպրանոց: Զարմանալի ներդաշնակություն կա նրանց շարժման և շրջակա բնապատկերի միջև: Առանձնահատուկ բնանկարի նշանակություն են ստացել երկինքը հայելացնող լճի պատկերները…

Հիրավի ուրախալի էր, որ ֆիլմը ժյուրիի անդամ իմ կոլեգաների կողմից արժանացավ պրոֆեսիոնալ այդ բարձր գնահատականին:  

«Հանդիպում» կինոփառատոնը քրիստոնեական մի կղզի է այս բարդագույն ժամանակների համաշխարհային հորձանուտում, երբ վտանգված են համամարդկային արժեքները: Այն մի հանդիպատեղի է, ուր ստեղծագործական միտքը հանդիպում է քրիստոնեական հավատի հետ: Եվ այդտեղ գոյանում է հոգևոր հասունացման մի տարածություն, որում կարելի է գտնել բարդ հարցերի ոչ դյուրին պատասխաններ:

Սիրանույշ Գալստյան