«Ֆորսաժը» կներկայանա սերիալային տարբերակով․ հայտնի շարքը «երկրորդ շնչառություն» է բացում
Փողոցային գրավիչ ավտոմրցավազքերից դեպի բազմասերիանոց սերիալայաին ֆորմատ․ ամերիկյան կինոարդյունաբերությունը, ինչպես նշում են կինոյի ոլորտի մասնագետները, շարունակում է զարմացնել հանդիսատեսին իր փորձարկումներով ու վերափոխումներով, երբ հայտնի եւ հաջտողված լիամետրաժ ֆիլմերը դառնում են ամերիկյան կինոինդուստրիայի ստրատեգների ձեռամբ՝ մեծածավալ մեդիանախագծեր։
Այսպիսին կարելի է որակել NBC-Universal կորպորացիային պատկանող Peacock սթրիմինգային ծառայության նախագիծը՝ ստեղծել սերիալ՝ հայտնի «Ֆորսաժ» շարքի հիման վրա։ Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 26 թվականի մայիսին։ Հոկտեմբերին արդեն կարելի է ասել՝ նախագիծը «ծննդյան վկայական» է ստացել՝ կյանքի կոչվելու համար եւ հնչել է «ի գործ» հրահանգը։
Համաձայն Variety պարբերականի հաղորդման, նախատեսվում է, որ սերիալի պրեմիերան կկայանա 2028 թվականին։
Նախագիծը բավականին հետաքրքիր ու սպասված լինելու հայտ է ներկայացնում։ Նախ՝ ավտոմոբիլային էքշընի սիրահարները եւս մեկ անգամ հնարավորություն կուենան վայելելու հաճելի պահեր էկրաններից իրենց փոխանցվող «դրայվից» եւ ապա՝ մասնագիտորեն եթե ավելի նայենք՝ ականատեսը կլինենք կինոարդյունաբերության ժամանակակից փուլի հետաքրքիր էքսպերիմենտներից մեկին։
Ինքնին հասկանալի է, որ երբ լիամետրաժ կինոնկարը կամ շարքը վերածվում է արդեն մեծածավալ սերիալի խոշոր մեդիակորպորացիայի կողմից, դա նշանակում է, որ արդեն հայտնի գեղարվեստական աշխարհն ու միջավայրը, որը ծանոթ էր ֆիլմից, ավելի ընդլայնվելու եւ հարստանալու է, ավելի գրավիչ ու դիտարժան դառնալու հայտ ներկայացնելով։
Իհարկե, այս ամենի մեջ կա նաեւ զուտ ամերիկյան բիզնեսի եւ կոմերցիայի բաղադրիչն էլ, բայց դա էլ բնական է, քանի որ ի վերջո՝ ստեղծվում է գործ ոչ թե ինքնին՝ որպես վայելքի առարկա, այլ որպես պրոդուկտ, որը հմուտ բիզնեսմենի ձեռքում կարող է շուկայում լավ իրացվել՝ ծածկելով եւ իր ծախսերը եւ ապահովելով լավ շահույթ։
«Ֆորսաժի» պատմությունը սկսվում է հեռավոր 2001 թվականից, երբ էկրան է բարձրանում ռեժիսոր Ռոբ Քոենի The Fast and the Furious կինոնկարը։ Սցենարի նախնական կոնցեպցիան կառուցված էր անօրինական փողոցային ավտոմրցավազքների, Լոս-Անջելեսի ավտոմշակույթի, քրեական սխեմաների եւ մարդկային փոխահաբարերությունների շուրջ, որոնց միավորում էր արագության հանդեպ ամենակուլ կիրքը։
Կենտրոնական կերպարներ էին Դոմինիկ Տորետոն, ում կերպարը մարմնավորել է Վին Դիզելը եւ Բրայան Օ՛Քոները, ում մարմնավորել է Փոլ Վոքերը։ Նրանց դիմակայությունը աստիճանաբար վերափոխվում է ընկերության ու փոխադարձ վստահության՝ ապահովելով հետագա ողջ շարքի էմոցիոնալ հիմքը։ Սակայն կինոպատմության զարգացման ընթացքում նախնական թեմատիկան էականորեն ընդլայնվում է։
Ավտոմրցավազքներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են խոշոր միջազգային գործողություններին, լրտեսական սյուժեներին, բարձր տեխնոլոգիական ներգրավվածությամբ հանցագործություններին եւ դիտարժան ու գրավիչ արկածներին։
Միաժամանակ՝ ձեւավորվում էր «Ֆորսաժի» գլխավոր գաղափարներից մեկը, ըստ որի՝ ընտանիքը ոչ միայն արենակցական միություն է, այլ նաեւ մարդկանց համախումբ, որոնք միավորված են հավատարմության, փոխօգնությամբ եւ ընդհանուր փորձություններով։
Կինոյի ոլորտի մասնագետները նման զարգացումը կամ էվոլյուցիան համարում են բնականոն եւ հատկանշական մեխանիզմ մասսայական մշակույթի զարգացման համար, երբ նախնական ժանրային բանաձեւը պահպանվում է որպես ճանաչելի հիմք, սակայն աստիճանաբար այն իր բովանդակային տարողությամբ լրացվում է նորանոր սյուժետային կառուցակարգերով, որոնց նպատակը լսարանի ընդլայնումն է անշուշտ։ Արդյունքում՝ «Ֆորսաժը» փողոցային ավտոմրցավազքների մասին կինոպատմությունից դառնում է միջազգային ժամանցային ֆրանշիզ, որը միավորում է մարտաֆիլմը, քրեական դրաման, արկածային կինոն եւ ընտանեկան սագան մեկ ամբողջության մեջ ընդելուզված։
Պատրաստեց Արամ Յանինը