Երկու «հսկաների» միավորումով Հոլիվուդում նոր «հսկա» ստեղծվեց
Paramount եւ Warner Bros. Discovery ընկերությունների միջեւ միաձուլման գործարքը վերջնականացվեց կամ ինչպես գործարար աշխարհում է ընդունված ասել՝ փակվեց։ Հոլիվուդի պատմության եւ առհասարակ՝ ժամանակակից մեդիաարդյունաբերության ոլորտի համար սա կարելի է համարել ամենախոշոր գործարքների մեկը։ Հոլիվուդյան երկու հսկաներ միավորվեցին։ Եւ դա բնականաբար որոշակիորեն նոր խաղի կանոններ է սահմանում ամերիկյան կինոարդյունաբերության մեջ՝ արտադրության պրոցեսից մինչեւ տարածում եւ սպառում։
Միաձուլումով ստեղծվեց նոր ընկերություն, որը անվանվեց Skydance։ Նոր սուպերմիավորը գլխավորելու է Դեյվիդ Էլիսոնը։ Նրան հանձնարարվել է իրականացնել միավորված բիզնես միավորների օպերատիվ կառավարությունը։ Եթե անդրադառնանք թվերին, ապա պարտավորություններով հանդերձ, որոնք դեռ մարված չեն, խոսքը 110 միլիարդ դոլարի կապիտալի մասին է։ Դրանից 81 միլիարդ դոլարը անմիջականորեն Warner Bros. Discovery-ի զուտ արժեքն է։ Նոր հսկայում միավորվել են՝ Paramount Pictures եւ Warner Bros․ կինոստուդիաները, Paramount+ եւ HBO Max սթրիմինգային ծառայությունները, CBS եւ HBO ՀԸ-ները, CNN եւ CBS News լրատվական ցանցերը, սպորտային բաժանմունքները եւ ֆիլմերի ու սերիալների ահռելի մի գրադարան։ Տնտեսագետները նկատում են, որ սա միայն մեկ ընկերության կողմից մյուսի ձեռքբերման գործարք չէ։ Փաստացի՝ ձեւավորվում է նոր մեդիա-կոնգլոմերատ, որը գործնականում կարող է աշխատել ժամանցային արդյունաբերության բոլոր ուղղություններում։
Զուտ բիզնեսի տեսանկյունից նման միավորումը մեծ հաշվով կանխատեսելի էր։ Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ հեռուստատեսության ժամանակակից մոդելները գտնվում են ճգնաժամային փուլում։ Կյանքը ցույց տվեց, որ կաբելային հեռուստատեսության հարաբերականորեն կայուն եւ ապահով ժամանակները ավարտվել են, քանի որ ասպարեզում իր տիրապետությունն է հաստատում թվային դարաշրջանը։ Իսկ այդ դարաշրջանում կենսունակությունը պահպանելու եւ առաջ գնալու համար պետք է կարողանալ մրցակցել այնպիսի միավորների հետ, ինչպիսիք են՝ Netflix, YouTube, Amazon Prime Video, Disney+ եւ այլ թվային հարթակները։
Skydance նորաստեղծ հսկան արդեն հանդես է եկել բավականին հավակնոտ հայտարարությամբ՝ տարեկան թողարկել ոչ պակաս, քան երեսուն լիամետրաժ կինոնկար եւ ավելի քան 180 հեռուստահաղորդում եւ հեռուստասերիալ։ Երեք տարվա ընթացքում ակնկալվում է ստանալ ոչ պակաս, քան վեց միլիարդ դոլարի եկամուտ։ Իհարկե, այս միաձուլումը ենթադրում է նաեւ վերակառուցում, հաստիքակազմի փոփոխություն, որոշակի աշխատակիցների համար նաեւ՝ աշխատանքի կորուստ։ Բայց դե, բիզնեսը մնում է բիզնես եւ ներդրողներն ու բաժնետերերը սկսած գործը կիսատ չեն թողնելու հաստատ ու գնալու են մինչեւ վերջ։
Գործարքը բավականին բարդ է եղել, բանակցությունները՝ բավականին ծանր։ Warner Bros. Discovery-ն, ինչպես ընդունված է ասել՝ «համով պատառ» էր ներկայացնում իրենից եւ այն ձեռք բերելու համար բացի Paramount-ից, պայքարել են նաեւ այլ խաղացողներ, ներառյալ՝ Netflix-ը։ Արդյունքում՝ առաջարկները անընդհատ բարելավվել են, խոստումները դարձել ավելի շռայլ։
Եւ բացի այդ՝ չպետք է մոռանալ նաեւ ամերիկյան օրենսդրությունը, հատկապես՝ հակամոնոպոլիստական օրենսդրությունը։ 12 նահանգային գլխավոր դատախազներ այդ հակամոնոպոլիստական օրենսդրությանը հղում տալով փորձել են արգելափակել գործարքը՝ հայտարարելով, որ նման միաձուլումը կարող է մրցակցությունը սահմանափակել, խախտել մրցակցային կանոններն ու հավասարության սկզբունքը։
Միայն այս տարվա սեպտեմբերին են կողմերը համաձայնության եկել, որից հետո՝ ֆեդերալ դատարանը թույլատրել է, որ գործարքը կայանա՝ վերջնականացվի։ Դա էլ միայն պայմանով, որ առաջիկա հինգ տարիներին՝ միավորված ընկերությունը 1,5 միլիարդ դոլարով ավելացնելու է ֆիլմարտադրության ծավալները՝ 2025 թվականի ֆիլմարտադրական ծավալների համեմատ, որը դիտարկվել է որպես ելակետային հիմք։ Դրվել են նաեւ այլ պայմաններ, որով պետությունը փորձել է կոմպենսացնել շուկայի հնարավոր կենտրոնացումը։ Ի դեպ, հատուկ պայման կա, որ պետք է նկարահանվեն նաեւ անկախ ֆիլմեր։
Սակայն խնդիրները միայն դրանով չեն սահմանափակվել։ Հատկապես զգայուն էր գործարքի այն բաղադրիչը, որը կապված էր լրատվական ոլորտում գործունեություն ծավալող միավորների հետ։ Խոսքն այս դեպքում CNN-ի եւ CBS News-ի մասին էր, որոնք ամերիկյան լրատվական աշխարհում հանդիսանում են ամենից խոշոր եւ հեղինակավոր բրենդներից մեկը։
Այստեղ արդեն նրանց միավորումը մեկ «տանիքի ներքո» ակամա առաջացնում էր ամերիկյան հասարակության քաղաքական-հասարակական կարծիքի վրա ազդեցության հետ կապված խնդիրներ։ Այլ կերպ ասած՝ գործարքը շոշափում էր նաեւ անկախ լրագրության հարցը։
Հարցը լուծվեց հետեւյալ կերպ․ որոշվեց, որ պետք է կազմվի հինգ անձից բաղկացած Խմբագրական անկախությունը հսկող խորհուրդ, որը պետք է մշակի խմբագրական աշխատանքի սկզբունքները, քննի վեճերը, հնարավոր խախտումները, որոնք կարող են թույլ տալ վերոնշյալ երկու խոշոր լրատվական միավորները։ Իհարկե ռիսկային է նաեւ այն, որ նոր ստեղծված հսկան ունի 80 միլիարդ դոլարի չկատարված պարտավորությունների կատարման հանձնառություն, բայց ինչպես ասում են՝ գործարքը արդեն իրականացված կարելի է համարել, ու պատասխանատվություն ստանձնած Դեյվիդ Էլիսոնը պետք է կարողանա առաջ տանել նորաստեղծ Skydance-ը։
Պատրաստեց Արամ Յանինը