Բեռլինալեն ողջունում է մրցանակակիր փաստավավերագրող ռեժիսոր Բրետ Մորգենին՝ Իմերսիվ համերգային փորձառության (Immersive Concert Experience) համաշխարհային պրեմիերայի շրջանակում

Միավորելով Դևիդ Բոուիի համերգային նախկինում չտեսնված կադրերը մրցանակակիր թիմի կողմից ստեղծված իմերսիվ ձայնային և լուսային լուծումների հետ՝ «Stage» նախագիծը առաջարկում է 20-րդ դարի ամենաազդեցիկ արվեստագետներից մեկի արվեստը զգալու բոլորովին նոր ձև:  2027 թվականի փետրվարի 14-ին Բեռլինի Uber Arena-ում կայանալիք ցուցադրության առանցքում Դևիդ Բոուիի բացառիկ բեմական ներկայությունն ու երաժշտությունը վայելելու հնարավորությունն է՝ այնպիսի ինտենսիվությամբ, որը շատ ավելին է, քան սովորական համերգային ֆիլմը կամ կինոդիտումը:

«Stage»-ը կառուցված է 1978 թվականի «Isolar II» համաշխարհային շրջագայության վերջերս հայտնաբերված և վերականգնված կադրերի հիման վրա, որի ընթացքում Բոուին կատարում էր իր նշանակալից «Heroes» ալբոմի ստեղծագործությունները: Բեռլինյան լսարանը բացառիկ հնարավորություն կունենա տեսնելու այս շոուն կենդանի լուսային և ձայնային փորձառությամբ՝ մի քաղաքում, որն այդքան մեծ նշանակություն ուներ Դևիդ Բոուիի համար:

Այս արտադրությունը Ռոբ Հալեթի «Wonderworld» ընկերության, Դևիդ Բոուիի ժառանգության հիմնադրամի (David Bowie Estate) և ռեժիսոր Բրետ Մորգենի համագործակցության արդյունքն է: Բեռլինի միջազգային կինոֆեստիվալի (Բեռլինալե) հետ համատեղ՝ «Stage»-ը նշելու է իր համաշխարհային պրեմիերան Բեռլինում 2027 թվականի փետրվարի 14-ին:

Ճանաչված փաստավավերագրող ռեժիսոր Բրետ Մորգենն առաջին անգամ հայտնաբերել է ժապավենի բնօրինակ նեգատիվները իր «Moonage Daydream» «Գրեմմի» մրցանակակիր ֆիլմի վրա աշխատելիս: Երեք էկրաններից բաղկացած եզակի ցուցադրությամբ այս իմերսիվ փորձառությունը համադրում է մեծամասշտաբ պրոյեկցիաներն ու թափանցիկ LED էկրանները լուսավորության հայտնի նկարիչ Փաթրիկ Վուդրոֆի կողմից մշակված լուսային դիզայնի հետ, ում աշխատանքները ներառում են համագործակցություններ «The Rolling Stones»-ի և Էլթոն Ջոնի հետ: Արտադրությունն ավելի է հարստացված «Օսկար» մրցանակակիր Փոլ Մասիի («Bohemian Rhapsody», «Michael», «Moonage Daydream») կողմից հատուկ ստեղծված ձայնային միքսով: Օգտագործելով ժամանակակից 7.1 surround տեխնոլոգիան և տարածական ձայնային (spatial audio) դիզայնը՝ նախագիծը հանդիսատեսին տեղափոխում է Դևիդ Բոուիի կենդանի համերգային մթնոլորտի կենտրոն:

Ռոբ Հալեթը՝ Wonderworld-ի հիմնադիրը և AEG International-ի նախկին նախագահը, նշում է․ «Դևիդ Բոուին մեզ արտասովոր գանձ է կտակել՝ աննախադեպ համերգային փորձառություն, որը դեռ ոչ ոք չի տեսել: Դևիդ Բոուիի ժառանգության հիմնադրամի և Բրետ Մորգենի հետ ձեռք ձեռքի տված աշխատելով՝ մենք ապահովում ենք, որ այս փորձառությունը 100%-ով հավատարիմ մնա նրա ժառանգությանը՝ միևնույն ժամանակ նրա հանճարը հասանելի դարձնելով աշխարհասփյուռ երկրպագուներին և նոր սերնդին»:

Բեռլինալեի տնօրեն Թրիշա Թաթլն ասել է․ «Բեռլինալեն մի վայր է, որտեղ հատվում են կինոն, արվեստը և պատմություն պատմելու (storytelling) նոր ձևերը: Սա կարծես իրականացած երազանք լինի․ Բոուին, Բրետ Մորգենը, բարձրակարգ ձայնային և լուսային թիմը հավաքվել են քաղաքի գլխավոր երաժշտական արենայում: Այս համաշխարհային պրեմիերան Բեռլինում՝ Դևիդ Բոուիի հետ այդքան սերտորեն կապված քաղաքում անցկացնելը այս փորձառությունը դարձնում է հատկապես իմաստալից»:

Ռեժիսոր Բրետ Մորգենը կլինի նաև Բեռլինալեի Եվրոպական կինոշուկայի (EFM) քննարկումների ծրագրի գլխավոր բանախոսներից մեկը:

Աղբյուր