Չասվածի բեռը
Թատերական ռեժիսոր Կաֆուկուն պատահմամբ ականատես է լինում, թե ինչպես է սիրելի կինն իրեն դավաճանում մի երիտասարդ դերասանի հետ։ Ամեն ինչ սպասելի է այդ պահին՝ գոռալ, բացատրություն պահանջել, ջարդել, սպանել․․․ Բայց մարդը դրանցից և ոչ մեկը չի անում։ Նա պարզապես լռելյայն շրջվում է ու հեռանում։ Դրանից հետո նրանց համատեղ կյանքի օրերը հոսում են առաջվա պես։ Կաֆուկուն ապրում է այնպես, ասես չգիտի, չի տեսել, չի հասկանում։ Իսկ կինն ապրում է՝ անգամ չկասկածելով, որ ամուսինն արդեն ամեն ինչ գիտի․․․ Մինչև այն օրը, երբ կինն ինքն է խնդրում երեկոյան տանը լինել՝ կարևոր բան խոսելու համար։ Կաֆուկուն, վախենալով այն ճշմարտությունից, որն անդառնալիորեն կփոխի նրանց կյանքի ընթացքը, դիտմամբ ուշանում է․ չի ուզում կորցնել այն, ինչ դեռ ունի։
Ու հենց այդ ուշացած երեկոյան Կաֆուկուն կնոջը գտնում է անշնչացած։ Ինսուլտ։ Եթե շուտ գար, թերևս, կհասցներ բուժօգնություն կանչել կնոջ համար։ Կաֆուկուն չհասցրեց լսել, չհամարձակվեց խոսել, և այդ չասված և չլսված խոսքը վերածվում է հավերժական մեղքի, որն այլևս հնարավոր չէ ուղղել։
Սա ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Վարիր իմ մեքենան» (Drive My Car-2021 թ․) օսկարակիր ֆիլմի նախերգանքն է՝ ընդամենը առաջին 40 րոպեն, որի ընթացքում լռության մեղքն ու բեռը դառնում են ֆիլմի հիմնական դրամատուրգիական առանցքը։
Համագուչիի ռեժիսուրան հեռու է արտաքին էֆեկտներից, դրամատիկ ցուցադրականությունից․ նա օգտագործում է լեզվական, տարածական և վիզուալ հնարքներ, որոնք ոչ թե նարատիվի պերճանքն են, այլ կերպարների տրավմաների արտացոլումը։ Ֆիլմը ինտերտեքստուալ լուծումների շքեղ շքերթ է՝ տեքստի մեջ տեքստ, տեքստի տեքստի մեջ՝ ուրիշ տեքստ, չասված խոսքերի լռության մեջ՝ էլի տեքստ․․․ Ֆիլմում հավասարապես գործուն և ազդեցիկ են և՛ ասված, և՛ չասված խոսքերը։ Ոչ մի բառ և ոչ մի լռություն հենց այնպես չի կորչում այս ֆիլմում։ Եվ, անշուշտ, նաև կյանքում։ Մինչև ռեժիսորն իր ձեռքով զրկում է բոլոր բառերն իրենց հայտնի, ընդունված, չարկչրկված նշանակություններից։ Մինչև այլևս հնարավոր չի լինում թաքնվել բառերի իմաստների ետևում։
․․․Արդեն ամուրի Կաֆուկուն իր կամիր մեքենայով մեկնում է Հիրոսիմա, որտեղ պետք է բեմադրի Չեխովի «Քեռի Վանյան»։ Եվ հենց այստեղ նրա կյանք է մտնում Միսակին՝ երիտասարդ, զուսպ, գրեթե անխոս մի աղջիկ, որին նշանակում են Կաֆուկուի անձնական վարորդ։ Ռեժիսորի մեքենայում անդադար հնչում են Չեխովի պիեսի աուդիոձայնագրությունները՝ հանգուցյալ կնոջ անզգացմունք ձայնով։ Նա ստիպում է դերասաններին տեքստը կարդալ բացարձակապես չեզոք` առանց որևէ ինտոնացիայի կամ զգացմունքայնության։ Եվ հանգուցյալ կինը հենց այդպես էլ կարդացել է ձայնագրության մեջ։ Հնչում է Օտոյի ձայնը։ Բայց Օտոն այլևս չկա։ Կաֆուկուն այլևս չի կարող պատասխանել նրան։ Եվ Քեռի Վանյայի խոսքերն էլ չկան․ դրանք Կաֆուկուի ռեպլիկներն են, որ կինը թողել է մտքի մեջ ասելու համար։
– Քեռի՛ Վանյա, դու լաց ես լինում․․․ Խեղճ, խեղճ քեռի Վանյա․․․
․․․ (Լռություն ձայներիզի վրա)․․․
– Ի՞նչ արած, պետք է ապրել․․․
Հիրոսիմայի փողոցներով երթևեկում է կարմիր մեքենան՝ իբրև կոնֆինալ տարածք, որի մեջ թատերագետն է, վարորդն է, Չեխովն է, քեռի Վանյան է, հանգուցյալ Օտտոյի ձայնն է և չպարզաբանված հարաբերությունների և անդառնալիության երկու ական՝ Կաֆուկու-Օտտոյի և Միսակի-մոր։ Մեքենայում մշտական տագնապ, կասկած, վախ և ինքնամեղադրանք կա՝ «եթե ես այլ կերպ վարվեի», «եթե շուտ գայի», «եթե չլռեի»․․․
Չպարզաբանված-չապաշխարած հանցանքը վտանգավոր է ոչ միայն վիրավորանքը կրողների համար, այլև խոցողի համար՝ ինչպես եղավ Կաֆուկուի սցենարիստ կնոջ հետ, որ մահացավ՝ առանց պատմելու իր դավաճանության մասին, և Միսակիի մոր դեպքում, որ հանգչեց ավերակների տակ, քանի որ դուստրը չփորձեց փրկել իրեն բռնության ենթարկած մորը։ Լռության իներցիան զրկեց երկուսին էլ ապաշխարելու հնարավորությունից և կյանքից:
Համագուչին տարածություններն օգտագործում է ոչ որպես սովորական ֆոն, այլ իբրև հոգեբանական մեկուսարաններ։ Եթե կարմիր մեքենան յուրօրինակ շարժվող խոստովանարան է, ապա Հիրոսիմայի աղբի վերամշակման գործարանը դառնում է մաքրագործման տեսողական մետաֆոր։
Երբ Կաֆուկուն խնդրում է Միսակիին ցույց տալ քաղաքի դիտարժան վայրերը, աղջիկը նրան տանում է Հիրոսիմայի աղբի վերամշակման գործարան․ լռակյաց աղջկա համար սա է Հիրոսիմայի ամենաանեղծ ու անձնական տարածքը։ Աշխարհահռչակ ճարտարապետ Յոշիո Տանիգուչիի նախագծած շենքի մեջտեղով անցնում է ապակեպատ, լուսավոր միջանցքը։ Այնտեղից երևում է աղբի վերամշակման ընթքացքը։ Հսկայական «ճանկերն» անձայն տեղափոխում ու այրում են այն ամենն, ինչից մարդիկ ազատվել են, դուրս են նետել իրենց կյանքից։ Կեղտոտ, անպիտան աղբն այրվում է հսկայական վառարանում, թեթև թափանցիկ մոխիր դառնում։ Օդում պտտվում, վեր է բարձրանում մոխիրը և հանդարտ իջնում։
Երկուսն էլ չեն կարող աղբի վերամշակման վառարանը նետել իրենց կյանքի չասված բառերը, չներված մեղքերը, սրտի բեռները, հանգիստ չտվող կասկածները։ Ու քանի որ կյանքում դրանցից ազատվելը հեշտ գործ չէ, առավել ևս՝ կանոնակարգված՝ ինչպես աղբի վերամշակման գործարանի ճարտարապետն էր մտածել քաղաքի աղբից ազատվելու համար, ռեժիսոր Կաֆուկուն փորձում է չասվածն առերեսել բեմում՝ «Քեռի Վանյայի» բազմալեզու բեմադրության մեջ։
Այստեղից էլ սկսվում է Համագուչիի ռեժիսորական ամենասուր փորձարկումը․ նա բեմ է բերում ինտերտեքստուալության և լեզվի ապակառուցման ցնցող ցուցադրում՝ «Քեռի Վանյայի» անսովոր բեմադրությամբ՝ դերասանները խոսում են տարբեր լեզուներով՝ ճապոներեն, կորեերեն, մանդարին և ժեստերի լեզու։
Պիեսը բազմալեզու դերասանական կազմով բեմադրելը պարզապես թատերական էկզոտիկա կամ լեզվական Բաբելոն չէ։ Կաֆուկուն, կորցրած լինելով սեփական ձայնով սեփական ողբերգության մասին խոսելու անմիջականությունը, դիմում է «օտար» տեքստի օգնությանը։ Չեխովյան դիալոգը դառնում է նրա միակ հնարավոր լեզուն, որտեղ նա թաքնվում է և միաժամանակ՝ առերեսվում։ Դերասանները նույնպես զրկված են իրենց մայրենիի պաշտպանությունից․ չհասկանալով դիմացինի հնչեցրած բառացի տեքստը՝ կորցնում են դերասանական շաբլոնները, պատրաստի ինտոնացիաներն ու հայտնի հնարքները։ Տեքստի իմաստային կոդը փլուզվում է, որպեսզի դրա ավերակների վրա ծնվի մաքուր էմպատիան․ նրանք ստիպված են կարդալ դիմացինի հայացքը, շնչառության ռիթմը, մարմնի լեզուն ու լռության տոնայնությունը։ Այն հաղորդակցությունը, որից փախչում էին Կաֆուկուն ու Օտոն, սկսվում է հենց այնտեղ, որտեղ բառերը դադարում են լինել վահան։
Խուլուհամր դերասանուհի Սոնյան, որ զրկված է ձայնից, չունի բառեր, պիտի խոսի այն մասին, որ ինչ էլ պատահած լինի, որքան էլ մեծ լինի վիրավորանքը, որքան էլ սխալված լինենք, որքան էլ անխոս լինենք, որքան էլ անտանելի լինի ասված-չասվածի բեռը, այնուամենանիվ, պետք է ապրել, պետք է ապրել, պետք է ապրել։ Անշուշտ, ապրելուց հետո, այսպես թե այնպես, մեռնելու ենք։ Եվ մի օր բոլորս հանգստանալու։ Եթե Չեխովը չգրեր «Քեռի Վանյան», կկարողանա՞ր հանգիստ ապրել։ Եթե քեռի Վանյան ափերից դուրս չգար և թեկուզ վրիպած՝ չկրակեր պրոֆեսոր Սերեբրյակովի վրա, գուցե զենքի փողն ուղղեր սեփական ճակատի՞ն։ Համագուչին, որ նկարեց այս ֆիլմը, արդյո՞ք ասաց չասածը։
Մարինա Բաղդագյուլյան
