Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ
Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են Աննա Լյարգես Մունյոսը, Վիտաուտաս Կատկուսը, Սեմ Մանաքսան, Անանթ Սուբրամանիամը, Ագուստինա Սանչես Գավիերը և Դորիեն Յեսպերսը։ Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:
Վեց ամիս շարունակ ծրագիրը նրանց կտրամադրի ստեղծագործական միջավայր և աջակցություն՝ առաջին կամ երկրորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա աշխատելու համար։ Մասնակիցները 27–35 տարեկան են․ նրանցից երեքը կին են, երեքը՝ տղամարդ, իսկ հինգը մշակում են իրենց առաջին լիամետրաժ ֆիլմը։ Նրանց մասնագիտական ուղիներն ու փորձը ներկայացնում են կինոարվեստի տարբեր մոտեցումներ։
Կատալոնացի կինոռեժիսոր Աննա Լյարգես Մունյոսն իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ Trenc d’alba («Լուսաբացի ճեղքը»), ներկայացրել է Կաննի 76-րդ կինոփառատոնի La Cinef ծրագրում։ Գեղարվեստական ֆիլմում համադրված են թվային տեսանյութը, Super 8 ձևաչափով նկարահանված և արխիվային կադրերը։Վիլնյուսում բնակվող լիտվացի ռեժիսոր և օպերատոր Վիտաուտաս Կատկուսը աշխատում է գեղարվեստական և վավերագրական կինոյում։ Այժմ նա մշակում է իր երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծը։ Ֆիլիպինցի կինոգործիչ Սեմ Մանաքսայի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է մի քանի ոլորտ։ Մասնավորապես, նա մի շարք ֆիլմերում աշխատել է որպես բեմադրող նկարիչ։
Թամիլական ծագում ունեցող մալայզիացի ռեժիսոր Անանթ Սուբրամանիամը Bleat! կարճամետրաժ ֆիլմի հեղինակն է։ Այն Մալայզիայից Կաննի ընտրությանն արժանացած առաջին կարճամետրաժ ֆիլմն է և ներկայացվել է 2025 թվականի Քննադատների շաբաթում։ Գերմանիայում բնակվող արգենտինացի սցենարիստ և ռեժիսոր Ագուստինա Սանչես Գավիերի ավարտական ֆիլմը՝ Nuestra Sombra («Մեր ստվերը»), ցուցադրվել է ավելի քան 70 միջազգային կինոփառատոնում։ Բելգիացի Դորիեն Յեսպերսը կրթություն է ստացել, այդ թվում, Le Fresnoy-ում։ Նրա նկարահանած երկու կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի ավելի քան 200 կինոփառատոնում։