Ֆրից Լանգի «Մետրոպոլիս» դարակազմիկ ֆիլմի 100-ամյակի առթիվ Բեռլինի 77-րդ միջազգային կինոֆառատոնի (Բեռլինալե) Ռետրոսպեկտիվ բաժինը նվիրված կլինի ապագայի և ընդվզման կինեմատոգրաֆիական տեսլականներին: Ֆիլմերի դիստոպիաները տատանվում են հետապոկալիպտիկ, կիբերպանկ և քաղաքական ալեգորիաների միջև՝ ստեղծելով այլընտրանքային աշխարհներ, որտեղ ազատությունը, ինքնությունը և ինքնորոշումը ենթակա են վերանայման: Ամենից առաջ, այս ֆիլմերը բարձրացնում են հարցեր, որոնք այսօր առավել քան արդիական են. Ինչպե՞ս են գործում ավտորիտարիզմն ու վերահսկողությունը (սուրվեյլանսը): Արդյո՞ք մենք ենք վերահսկում տեխնոլոգիան, թե՞ այն է վերահսկում մեզ: Ընդդիմության և դիմադրության ի՞նչ ձևեր են հասանելի: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Ռետրոսպեկտիվի ֆիլմերը բացահայտում են այս թեման տարբեր ուղղություններով՝ քաղաքաշինություն (ուրբանիզմ), արհեստական բանականություն, ֆեմինիզմ և կապիտալիզմ, ինչպես որ ներկայացված է Deutsche Kinemathek-ի «Մետրոպոլիսի դարաշրջանը. Դիստոպիա և ընդվզում» ցուցահանդեսում (2027 թվականի մարտի 18-ից սեպտեմբերի 26-ը): Բեռլինալեի ծրագրում ընդգրկված են ինչպես ամերիկյան բլոկբասթերներ, օրինակ՝ Փոլ Վերհովենի «Ռոբոկոպ»-ը (1987), այնպես էլ անդերգրաունդային ֆիլմեր, ինչպիսիք են «Դեկոդեր»-ը (1984, ռեժիսոր՝ Մուշա) և ապրանքանիշային անիմեներ, ինչպիսին է «Մետրոպոլիս»-ը (2001, ռեժիսոր՝ Ռինտարո): Գերմանիայի կինոժառանգությունը ներկայացված է Հելմա Սանդերս-Բրամսի «Գոմորայի վերջին օրերը» (1974) ֆիլմով՝ միջազգային այլ ֆիլմերի կողքին, որոնք կենտրոնանում են հասարակության մարգինալ խմբերի տեսակետների վրա: Դրանցից մեկն է Նգոզի Օնվուրայի «Բարի գալուստ Տերորդոմ» (1995) ֆիլմը՝ սևամորթ կնոջ կողմից նկարահանված առաջին լիամետրաժ բրիտանական ֆիլմը, որը Ռետրոսպեկտիվի շրջանակներում կցուցադրվի նոր վերականգնված տարբերակով:

Բեռլինալեի տնօրեն Թրիշա Թաթլ. «Deutsche Kinemathek-ը երկար ժամանակ եղել է Բեռլինալեի արխիվային ծրագրերի գերազանց պարտնյորը, և մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում այս երկրորդ Ռետրոսպեկտիվին՝ գեղարվեստական ղեկավար Հելեն Գերիցենի գլխավորությամբ: Արդյո՞ք կա նոր բան ասելու Լանգի «Մետրոպոլիս»-ի մասին, որը 100 տարեկան է և համր կինոյի դարաշրջանի ամենաուսումնասիրված ֆիլմերից մեկը: Այո, անշուշտ: Հելենը և նրա թիմը թարմեցնող մոտեցում են ցուցաբերել «Մետրոպոլիս»-ի ապշեցուցիչ հեռատեսությունը և ժամանակակից կինոյում ու մշակույթում դրա շարունակական արձագանքները ուսումնասիրելու հարցում՝ մի հայացքով, որը թվում է թե՛ հրատապ, թե՛ ժամանակակից՝ փանկ, ֆեմինիստական, երիտասարդական, սադրիչ և ոգեշնչող»:

Ընդվզումը լեյտմոտիվ է բոլոր ֆիլմերում. պայքար մեքենաների, համակարգերի և արհեստական բանականության դեմ. ֆեմինիստական ապստամբություն հայրիշխանական համակարգերի դեմ. անհատների և ճնշված խմբերի ընդդիմություն պետությանը, գաղափարախոսությանը և սոցիալական վերահսկողությանը:

Հելեն Գերիցեն, Deutsche Kinemathek-ի գեղարվեստական տնօրեն, Ռետրոսպեկտիվ և Berlinale Classics բաժինների ղեկավար. ««Մետրոպոլիս»-ից մեկ դար անց ուշադրության կենտրոնում այն ռեժիսորներն են, որոնք ստեղծել են ապագայի իրենց սեփական աշխարհներն ու տեսլականները: Գեղագիտական սպեկտրը լայն է՝ խոշոր բյուջեով մեյնսթրիմ ֆիլմերից մինչև անդերգրաունդային աշխատանքներ: «Գոմորայի վերջին օրերը», օրինակ, նկարահանվել է առևտրի կենտրոններում և աչքի է ընկնում փանկ ոճով: Ինձ հատկապես ոգևորում է այն, թե ինչպես է այս ժանրը փոքրամասնություններին հնարավորություն տալիս մշակել ապագայի այլընտրանքային տեսլականներ, որոնք քննադատաբար են մոտենում գոյություն ունեցող համակարգերին»:

Ռետրոսպեկտիվը կներկայացնի շուրջ 20 ֆիլմ, ամբողջական ցանկը կհրապարակվի 2026 թվականի դեկտեմբերին: E-Werk-ում գտնվող Deutsche Kinemathek-ը կհյուրընկալի նաև հարակից պանելային քննարկումների և մասնագիտական շփումների (networking) շարք: