Հայաստան, 2021 թվականի գարուն։ Ֆրանսահայ Լեոնը վերադառնում է հայրենիք՝ մասնակցելու իր զարմիկ Հրանտի հուղարկավորությանը, որը վեց ամիս առաջ զոհվել է 44-օրյա պատերազմի առաջնագծում։ Հենց այս պատմությունն է ռեժիսոր, սցենարիստ Էմիլ Պարսեղյանի «Նրանց համար» ֆիլմի առանցքում։  Էմիլը 2022 թվականին ավարտել է Ֆրանսիայի ազգային կինոդպրոցը՝ La Fémis-ը։ Նրա ստեղծագործություններում հաճախ հատվում են իր երկու հայրենիքները՝ Հայաստանը և Ֆրանսիայի հարավը՝ դառնալով ինքնության, պատկանելության և հիշողության մասին պատմությունների հիմք։

Kinoashkharh.am-ի հետ զրույցում Էմիլ Պարսեղյանը պատմում է ֆիլմի ստեղծման, իր երկու հայրենիքների միջև ձևավորված ինքնության, 44-օրյա պատերազմին անդրադառնալու անձնական դիրքորոշման, կորստի կինեմատոգրաֆիական լեզվի և իր առաջիկա նախագծերի մասին։

-Ֆրանսիայի հարավը և Հայաստանը զգայական ու տեսողական առումով շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ արևոտ ու ջերմ աշխարհագրություններ են։ Ինչպե՞ս են այս երկու միջավայրերը ձևավորել Ձեր ռեժիսորական հայացքը և պատմություն պատմելու ոճը։

-Ինձ համար իմ երկու ծագման վայրերի կապը դրսևորվում է երկու մակարդակում։ Նախ՝ իհարկե, կա միջավայրը՝ արևի մշտական ներկայությունը, երբեմն խստաշունչ բնապատկերները, լույսի գեղեցկությունը, որն այժմ, ապրելով Փարիզում, շատ եմ կարոտում։ Բայց զգում եմ, որ այս երկու վայրերը կիսում են նաև շատ ավելի խորքային մի բան, հատկապես այն առումով, թե ինչպես ենք արտահայտում մեր զգացմունքները և շփվում միմյանց հետ, մասնավորապես՝ ընտանիքի ներսում։ Ես մեծացել եմ շատ ջերմ մթնոլորտում, սակայն այնպիսի միջավայրում, որտեղ զգացմունքներն արտահայտելը բարդ էր, հատկապես տղամարդկանց համար։ Ջերմության և զգացմունքային հեռավորության միջև այս լարվածությունը՝ միաժամանակ և՛ զգայական, և՛ հուզական, մեծապես ձևավորում է աշխարհայացքս և, հետևաբար, նաև իմ աշխատանքը։

film by-parseghyan-2

–Երբեմն «երկու հայրենիք» ունենալը նշանակում է ամենուր փնտրել պատկանելության զգացումը։ Ձեր անձնական փորձառությունների և վերադարձի զգացողության ո՞ր մասն եք արտացոլել Լեոնի կերպարում։

-Թեև ֆիլմը բառի բուն իմաստով ինքնակենսագրական չէ, այն մեծապես բխում է հայ հոր և ֆրանսիացի մոր զավակ լինելու իմ փորձառությունից։ Ես մեծացել եմ մի փոքրիկ քաղաքում, որտեղ ընդհանրապես չկար սփյուռքյան համայնք, մինչդեռ հորս կողմից գրեթե բոլորն ապրում են Հայաստանում։ Այդ պատճառով ես երբեք այն միջանկյալ փորձառությունը չեմ ունեցել, որը, օրինակ, կարող են ունենալ Լիոնի կամ Մարսելի նման՝ ուժեղ սփյուռքյան համայնքներ ունեցող քաղաքներում մեծացած երեխաները։ Արդյունքում, իմ ինքնությունը միշտ մասնատված է թվացել և մինչ օրս էլ այդպես է․ Հայաստանում ինձ ֆրանսիացի եմ զգում, Ֆրանսիայում՝ հայ, և միաժամանակ երկու երկրներում էլ ինձ և՛ տանը, և՛ օտար եմ զգում։ Երբ դրան ավելանում է նաև լեզվի հարցը՝ հաշվի առնելով, որ շատ քիչ հայերեն եմ խոսում, պատկանելության խնդիրը դառնում է ավելի բարդ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ավելի ու ավելի եմ հաշտվել այս հարցերի հետ, քանի որ ինչ-որ տեղ ամբողջությամբ պատկանելու անհնարինությունն ընդունել եմ որպես ուժեղ կողմ։ Բայց այս հարցն ինձ դեռ շարունակում է հետաքրքրել, և հենց դրա միջով է Լեոնը դեռ անցնում։

–44-օրյա պատերազմից հետո ցավի, կորստի և հիշողության հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է ենթադրում, հատկապես երիտասարդ ռեժիսորի համար։ Ի՞նչն էր Ձեզ համար ամենադժվարը սցենարը գրելիս և նկարահանման հրապարակում։

-Ինձանից շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի իրականում սկսեմ գրել սցենարը, քանի որ դժվարանում էի գտնել ճիշտ դիտանկյունը։ Ես ինձ իրավասու չէի զգում այդ հարցին անդրադառնալ բացառապես հայկական տեսանկյունից, քանի որ ինքս սփյուռքահայ եմ։ Միակ ճանապարհը, որով կարող էի պատմել այս պատմությունը, սեփական տեսանկյունիս հնարավորինս հավատարիմ մնալն էր և այդ շրջանին մոտենալն այն զգացմունքների միջոցով, որոնք ինքս էի ապրել՝ տխրություն, զայրույթ, բայց, ամենակարևորը՝ մեղքի զգացում։

Երբ 2021 թվականի մարտին վերադարձա Հայաստան, այդ բոլոր զգացմունքները միախառնվեցին և ստիպեցին ինձ վերաիմաստավորել իմ ինքնությունն ու պատկանելության զգացումը, որոնք ձևավորվել էին Հայաստան կատարած նախորդ այցերիս ընթացքում։ Այս շատ երկար հասունացման շրջանը հանգեցրեց համեմատաբար կարճ սցենարային գործընթացի, քանի որ այդ պահին ամեն ինչ բավական բնականորեն սկսեց ի հայտ գալ։

Սցենարի աշխատանքի ավարտական փուլում մեր հայ համապրոդյուսերների՝ Fermata Film Studio-ի հետ համատեղ արտադրության կազմակերպումն օգնեց լուծել մի քանի հարց, որոնց վերաբերյալ դեռ անորոշություններ ունեի․ սցենարի շուրջ քննարկումները շատ բան պարզեցին։

Բացի այդ, ցանկանում էի ֆիլմը նկարահանել այնպես, որ դրա ձևը համահունչ լինի գաղափարներին և թեմաներին։ Արդյունքում մեզ հաջողվեց ձևավորել հրաշալի ֆրանս-հայկական դերասանական կազմ և ստեղծագործական խումբ․ թիմի մոտ մեկ երրորդը ֆրանսիացիներ էին, իսկ մնացածը՝ հայեր։ Դա մեզ հնարավորություն տվեց մեկտեղել թե՛ դրսից նայողների, թե՛ թեմային անմիջականորեն առնչվող մարդկանց տեսակետները։

film by-parseghyan-2

–Ֆիլմի վերնագիրը՝ «Նրանց համար», շատ խոսուն է և միաժամանակ բազմաշերտ։ Ովքե՞ր են այդ «նրանք»-ը Ձեզ համար, և ի՞նչ պատգամ է հղում ֆիլմը ապրողներին։

-Անկեղծ ասած՝ վերնագիրը շատ տարօրինակ կերպով ստեղծվեց։ Առաջին սևագիրը գրելիս լսում էի իմ բազմաթիվ պատահական երաժշտական փլեյլիսթներից մեկը և հանդիպեցի 2000-ականների ֆրանսիական ռեփի մի դասական երգի, որը նույնպես կոչվում է Pour Ceux։ Այդ երգը իմ ֆիլմի հետ ոչ մի ընդհանուր բան չունի․ այն շատ էներգետիկ, ուրախ և թեթև երգ է։ Բայց վերնագիրն ինչ-որ կերպ մնաց մտքումս և այդ օրվանից ի վեր չի փոխվել։ «Նրանք» հոգնակի ձևը վերաբերում է և՛ նրանց, ովքեր մահացել են, և՛ նրանց, ովքեր մնացել են ու ստիպված են առերեսվել կորստի և սգի հետ։ Ինձ համար ամբողջ ֆիլմը մահացածների և ողջերի հարաբերությունների մասին է, և այն տարօրինակ ռազմավարությունների, որոնք մենք՝ ողջ մնացածներս, ստիպված ենք գտնել այս հարցերի հետ առերեսվելու համար։ Ֆիլմում յուրաքանչյուրն իրեն զգում է այնպես, կարծես անում է «ճիշտը» նրանց համար, ովքեր մահացել են, սակայն ճիշտի մասին նրանց պատկերացումները խիստ տարբեր են։ Հենց սա է ֆիլմի կենտրոնական հակամարտության հիմքում, բայց ես փորձել եմ պահպանել տեսակետների հավասարակշռությունը․ ոչ Լեոնն է ճիշտ, ոչ էլ Տիգրանը՝ սխալ, և հակառակը։ Նրանց արձագանքները նրանց ինքնության և դաստիարակության հետևանքն են, և երկուսն էլ, համենայն դեպս՝ հուսով եմ, հասկանալի են։

–Պատերազմի հետևանքները կինոյում հաճախ ներկայացվում են կամ ինտենսիվ մելոդրամայի, կամ լիակատար լռության միջոցով։ Ի՞նչ կինեմատոգրաֆիական լեզու եք ընտրել ցավն ու կորուստը պատկերելու համար։

-Իհարկե, իմ մոտեցման վրա մեծ ազդեցություն են ունեցել տարբեր ֆիլմեր, օրինակ՝ Պիալայի The Mouth Agape-ն և Աբել Ֆերարայի The Funeral-ը, սակայն ես փորձել եմ գտնել այն, ինչը հատուկ է հենց իմ թեմային, և ֆիլմը կառուցել դրա շուրջ։ Երկու մշակույթների միջավայրում մեծանալով՝ կորստի հետ կապված փորձառությունս ընտանիքիս երկու կողմերում շատ տարբեր է եղել։ Հայկական կողմում ինձ հատկապես տպավորել է ծեսերի կարևորությունը՝ օրինակ՝ 40-օրյա սուգը, հայելիները ծածկելը, որպես մահվան անհեթեթությունն ու դաժանությունը կազմակերպելու և իմաստավորելու միջոց։ Բայց ի վերջո ցավն ու տխրությունը միշտ վերադառնում էին մակերես՝ հաճախ շատ կարճ պահերով և շատ հանկարծակի։ Ֆիլմի ձևն ինձ բավական արագ պարզ դարձավ․ սահմանափակ թվով կադրային լուծումներ՝ հիմնականում ընդհանուր պլաններով, քիչ շարժումով կամ դանդաղ պանորամային շարժումներով, որպեսզի փոխանցեմ սգո այդ կառուցվածքային շրջանը։ Միևնույն ժամանակ ցանկանում էի, որ այդ կադրերի ներսում ժամանակն անցնի՝ ի վերջո հնարավորություն տալով, որ զգացմունքը դուրս գա մակերես։

–La Fémis-ը աշխարհի առաջատար կինոդպրոցներից է՝ ֆրանսիական կինոյի հարուստ ավանդույթով։ Ինչպե՞ս արձագանքեցին դպրոցում և ֆրանսիական կինոմիջավայրում Հայաստանում նկարահանված այս պատմությանը։

Ես չորս տարի առաջ ավարտել եմ La Fémis-ը՝ որպես պրոդյուսեր, ոչ թե ռեժիսոր, ուստի սա ուսանողական նախագիծ չէր, այլ արդեն արտադրված կարճամետրաժ ֆիլմ, թեև իմ առաջին ֆիլմն է։ Ֆինանսավորման գործընթացը համեմատաբար սահուն ընթացավ, սակայն մեր դիմած տարբեր դրամաշնորհների և հիմնադրամների արձագանքներում հանդիպեցի իրարամերժ կարծիքների։ Մարդիկ հաճախ հետաքրքրություն էին արտահայտում թեմայի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ՝ այն բնորոշելով որպես «ոչ հաճախ քննարկվող» թեմա։ Միևնույն ժամանակ, արձագանքների զգալի մասը վկայում էր ֆիլմի համատեքստի և շրջանակի վերաբերյալ խորքային չհասկացվածության մասին։ Ի վերջո հենց դա ստիպեց ինձ ֆիլմի սկզբում ավելացնել համատեքստային տեքստային քարտեր, թեև սկզբում ամեն կերպ ցանկանում էի խուսափել դրանցից։ Ինչ վերաբերում է հենց ֆիլմի ընդունելությանը, այն մարդկանց կողմից, ում ցույց եմ տվել, լավ արձագանքներ եմ ստացել, սակայն դեռ սպասում եմ այն ֆրանսիական հանդիսատեսին ներկայացնելուն՝ հուսով եմ, որ դա շուտով կլինի։

film by-parseghyan-2

–Ֆրանսիայի, Բելգիայի և Հայաստանի այս համատեղ արտադրությունն ի՞նչ կամուրջներ բացեց, և արդյո՞ք սա այն մոդելն է, որով ցանկանում եք աշխատել նաև հետագա նախագծերում։

-Ինչպես արդեն նշեցի, ֆրանս-հայկական համատեղ արտադրության ստեղծումն ինձ համար առանցքային նշանակություն ուներ։ Թեև Հայաստանում ֆինանսավորման համար չէինք դիմել, այդ համագործակցությունը մեզ համար կարևոր էր ոչ միայն ֆիլմը նկարահանելու հնարավորություն ունենալու, այլև այն կոնկրետ իրականության մեջ արմատավորելու տեսանկյունից։ Սկզբում անհանգստանում էի, թե ինչպես է այդ ամենը աշխատելու, սակայն իմ ֆրանսիացի և հայ դերասաններն ու ստեղծագործական թիմի անդամները շատ արագ և շատ լավ լեզու գտան միմյանց հետ։ Որպես մեկը, ով երկու մշակույթների մեջ էլ իր տեղն ունի, դա շատ գեղեցիկ էր տեսնել։ Բելգիան միացավ ավելի ուշ և մեզ հնարավորություն տվեց բարձրորակ ձայնային հետարտադրություն իրականացնել, որը, ցավոք, որոշ չափով կորել էր հուլիսին Երևանում ցուցադրված տարբերակում։ Ինձ համար այս երեք երկրների համատեղ գործընթացը շատ հետաքրքիր փորձ էր, քանի որ այն ինձ ծանոթացրեց աշխատանքի շատ տարբեր մշակույթների հետ և ստիպեց դուրս գալ հարմարավետության գոտուց։ Հուսով եմ՝ ապագա նախագծերում նույնպես կկարողանամ կիրառել այս մոտեցումը։

–«Նրանց համար» ֆիլմը Ձեր առաջին քայլն է կարճամետրաժ կինոյում։ Արդյո՞ք այն հիմք է դառնալու Ձեր լիամետրաժ ռեժիսորական դեբյուտի համար, և ի՞նչ թեմաներ են Ձեզ այժմ հետաքրքրում։

-Այս պահին աշխատում եմ մի շարք նախագծերի վրա։ Հույս ունեմ՝ 2027 և 2028 թվականներին նկարահանել երկու կարճամետրաժ ֆիլմ, որոնք այժմ զարգացման և ֆինանսավորման փուլում են։ Ինքնության և պատկանելության հարցը նույնպես կենտրոնական տեղ է զբաղեցնում այդ նախագծերում, սակայն սա գրեթե միակ ընդհանրությունն է, որ դրանք ունեն Pour Ceux-ի հետ, քանի որ դրանցից մեկը երգիծական քաղաքական կատակերգություն է, իսկ մյուսը՝ դեռահասների մասին ֆիլմ նուար։ Երկուսն էլ նկարահանվելու են Ֆրանսիայում և հիմնականում՝ ֆրանսերենով։

Միաժամանակ խորապես զբաղված եմ նաև իմ առաջին լիամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներով, որը որոշակիորեն հիմնված է հենց այս կարճամետրաժի վրա։

Զրուցեց Վովա Արզումանյանը