Վենետիկի 83-րդ կինոփառատոնում Իլյա Խրժանովսկին, որը մրցութային ծրագրում ներկայացրել էր «Դաու» ֆիլմը, լավագույն ռեժիսուրայի համար արժանացավ «Արծաթե առյուծի»։ Այս իրադարձությունը ոմանց ուրախացրեց, մյուսներին՝ վրդովեցրեց, իսկ երրորդներին տարակուսանքի մեջ գցեց։ Վերջիններիս կարելի է հասկանալ, հատկապես եթե նրանք Վենետիկում չեն եղել, իսկ «Դաու» մեգանախագծին ուղեկցող սկանդալների մասին լսել են դեռ գրեթե քսան տարի առաջ։

Այն մասին, թե ինչպես տարանջատել տարիներով կուտակված մեդիաաղմուկը իսկական արվեստից և, ամենակարևորը, թե իրականում ինչպիսին է հենց ֆիլմը, «Զիմա»-ի համար հանգամանորեն պատմում է լրագրող Անդրեյ Պլախովը, որն առաջին հանդիսատեսներից մեկն էր և հասցրել է գնահատել աղմկահարույց պրեմիերան։

Արդեն մի ամբողջ «Դաու»-սերունդ է մեծացել՝ ներծծված այն պատկերացումներով, թե հանճարն անպայման զուգորդվում է չարագործության հետ, թե Բերտոլուչին «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի նկարահանումների ժամանակ աղաղակող կերպով է «տնօրինել» կարագը, իսկ Խրժանովսկին ավերել է Խարկովի կեսն ու բռնաբարել նկարահանող խմբի կանանց կեսին։

Հենց հիերարխիաների և թունավոր առնականության դեմ պայքարողների այս միջավայրից էլ ծնվեց մի նամակ՝ ստորագրված մի քանի ռուս կինոքննադատների կողմից, որը «Դաու. Նատաշա» ֆիլմի ստեղծողների դեմ մեղադրական նյութեր էր պարունակում և Բեռլինի կինոփառատոնի ղեկավարությանը կոչ էր անում ֆիլմը հանել մրցույթից։ Դա 2020 թվականին էր։ Մատնության նմանվող այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ, իսկ ֆիլմի օպերատոր Յուրգեն Յուրգեսը, որը ժամանակին աշխատել էր Ֆասբինդերի, Վենդերսի և Հանեկեի հետ, Բեռլինի ժյուրիի կողմից արժանացավ «Արծաթե արջի»՝ գեղարվեստական ակնառու նվաճման համար։

Իսկ դրանից մեկ տարի առաջ Փարիզում մեծ աղմուկ էր բարձրացրել «Դաու» ինտերակտիվ շոուն։ Մուլտիմեդիա պերֆորմանսի շրջանակում զարմացած հանդիսատեսին ցուցադրվել էր տասներեք ֆիլմ՝ մոնտաժված 700 ժամ նկարահանված նյութից։ Սակայն դրանք բոլորն էլ զարգացնում էին նախագծի միայն կողմնակի գծերը, մինչդեռ դրա հիմնական կառուցվածքը կամ, ինչպես Խրժանովսկին է ասում, «մայր միջուկը», առաջին անգամ ամբողջացվեց մոնտաժային սեղանի վրա և հանրությանը ներկայացվեց միայն այժմ։

Սա մի ֆիլմ է, որը ծնվել է որպես նախագծի յուրատեսակ «մաքուր մնացորդ»՝ մասամբ նույն հերոսներով, բայց նոր սյուժեով ու դրամատուրգիայով, նոր մոնտաժով և, ամենակարևորը, նոր էներգիայով։ Յուրատեսակ կենսագրական ֆիլմ է՝ բայոփիք, որը, սակայն, խախտում է ժանրի բոլոր ընդունված կանոնները։ Այն խորհրդային տոտալիտար մի միկրոաշխարհի՝ ինչ-որ Ինստիտուտի (պայմանականորեն՝ ֆիզիկայի ինստիտուտի) վերելքի ու անկման երեսնամյա տարեգրությունն է՝ դեպի ապագա որոշակի պրոյեկցիաներով։

Ֆիլմում շատ են կոշտ նատուրալիստական տեսարանները (քննադատներն ու հակառակորդները դա անվանում են «սադիզմի փառաբանում»), սակայն ոճական առումով այն ավելի շուտ կարելի է բնորոշել որպես մոնտաժային էքսպրեսիոնիզմ, որը հիշեցնում է Էյզենշտեյնի և Ֆրից Լանգի ժամանակները։ Հետաքրքիր է, որ The Hollywood Reporter-ը «Դաու»-ն նույնիսկ համեմատել է Էրիխ ֆոն Շտրոհեյմի «Ագահության» (Greed) և, որքան էլ անսպասելի հնչի, Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի հետ։

Ըստ էության, «Դաու»-ի գործողություններն էլ սկսվում են հենց այն ժամանակաշրջանում, երբ աշխարհը ցնցվում էր պրոլետարական հեղափոխությունից, իսկ համր կինոն ապրում էր իր վերջին մեծ վերելքը։ 1920-ականների բոլշևիկյան եռացող կաթսայից ֆիլմը էպիկական անխուսափելիությամբ շարժվում է դեպի ստալինյան «Մեծ ահաբեկչությունը», ապա թռիչք կատարում դեպի խրուշչովյան ազատականացում և բրեժնևյան լճացման տարիներ։

Լճացումը խորհրդանշական կերպով մարմնավորված է գլխավոր հերոսի անդամալույծ մարմնի և դիմականման քարացած դեմքի մեջ։ Մինչդեռ դեռ բոլորովին վերջերս նա կարծես Արծաթե դարի դեկադենտ լիներ կամ արտառոց մի փանք։ Ֆիլմում նրան կոչում են Դաու․ այդպես էին ընկերները դիմում նաև նրա նախատիպին՝ հանճարեղ ֆիզիկոս Լև Լանդաուին, որը հայտնի էր նաև ինտիմ կյանքի նկատմամբ իր ազատ ու արտասովոր հայացքներով։ Նրա կնոջ՝ Կորայի (ֆիլմում՝ Նորա) չափազանց անկեղծ հուշագրությունը հենց այն սկզբնական ազդակն էր, որից ծնվեց Խրժանովսկու ամբողջ նախագիծը։

Նորայի դերը կատարում է կիևցի դերասանուհի Ռադմիլա Շչեգոլևան, սակայն մյուս դերերի մեծ մասում հանդես են գալիս ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ, այլ 2000-ականների հասարակական և մշակութային կյանքի ճանաչված դեմքեր։ Դաուին մարմնավորում է կուլտային երաժիշտ Թեոդոր Կուրենտզիսը, և նրա հունական ծագումն ու ընդգծված առոգանությունն այս կերպարին հաղորդում են էլ ավելի պայմանական բնույթ։

Հերոսի աշխատակիցների ու համախոհների դերերում կան իսկական գիտնականներ, բայց նաև՝ օպերային ռեժիսոր Դմիտրի Չեռնյակովը և մեդիամենեջեր Դեմյան Կուդրյավցևը։ Այդուհանդերձ, զարմանալի չէ, որ դերակատարության մակարդակով նրանց գերազանցում է ռեժիսոր և մանկավարժ Անատոլի Վասիլևը։ Նրա կերպարը Պյոտր Կապիցայի յուրատեսակ վերամարմնավորումն է, որը ֆիլմում վերանվանվել է Կրուպիցա։ Ի դեպ, այս դերի համար Վասիլևը Վենետիկի բիենալեում արժանացել է Cinema&Arts մրցանակի՝ որպես «Լավագույն բազմամասնագիտական արվեստագետ»։

Դաուն և նրան շրջապատող մտավորականները, այսպես ասած, «լույսի ուժերն» են, կամ առնվազն իրենք իրենց այդպիսին են պատկերացնում լենինգրադյան, խարկովյան և վաղ մոսկովյան ռոմանտիկ շրջանում։ Ֆիզիկամաթեմատիկական վերացարկումների միջոցով նրանք հույս ունեն հասնել հոգևոր բարձրությունների և ճանաչողության գագաթներին՝ դեռ չիմանալով, որ նրանց հայտնագործություններին շուտով ձեռք են մեկնելու «խավարի ուժերը»։ Եվ, ըստ էության, ֆիլմի ամբողջ հետագա ընթացքը հենց դրա մասին է։

Նրանք դեռ չգիտեն, որ իրենց ստիպելու են ստեղծել ոչ թե երջանկության բանաձևեր, այլ զանգվածային սպանության գործիքներ։ Չգիտեն, որ իրենց սպասում են ձերբակալություններ, Լուբյանկայի նկուղներում՝ խոշտանգումներ, իսկ շատերին՝ անփառունակ մահ։ Սակայն ամենասարսափելի անդունդները բացվում են հենց հերոսների հոգիներում։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Օփենհայմերի նման նրանք ևս պատասխանատվություն են կրում մարդկության՝ միջուկային դարաշրջան մուտք գործելու համար։ Այլև այն պատճառով, որ նրանց առօրյայի սովորական մաս են դառնում դավաճանությունը, մատնությունը և բարոյական քայքայումը։

Այն ամենը, ինչ ժամանակին ներկայանում էր որպես ռուսական կոսմիզմի պայծառատեսություն, ավանգարդիստական ուտոպիա կամ նույնիսկ Լև Լանդաուի հորինած դեկադենտական «երջանկության տեսություն» ու ազատ սիրո գաղափար, վերածվում է իր իսկ հակադրությանը՝ շամանիզմի սանձարձակության և սատանայական կառնավալի։

Ինչ-որ իմաստով այն, ինչ կատարվում է ֆիլմի երևակայական ու գրոտեսկային աշխարհում, կրկնվեց նաև հենց ֆիլմի շուրջ ծավալված աղմկոտ իրարանցման մեջ։ Նախագծի բոլոր փուլերում քիչ չեն եղել և այսօր էլ քիչ չեն, նրանք ովքեր փորձել են «Դաու»-ի հեղինակին մեղադրել բռնության թեման շահարկելու և մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։ Սա, այսպես ասած, քննադատությունն է «ձախից ու ներքևից»։ Իսկ «վերևից»՝ իշխանության ներկայացուցիչների կողմից, և «աջից»՝ մեղադրանքների նոր ալիք է բարձրացել։ Ընդ որում, ինչպես հաճախ է պատահում այսօրվա «չեղարկման մշակույթի» պայմաններում, աջն ու ձախը, պահպանողական և ազատական ուղղությունները վտանգավոր չափով մոտենում են միմյանց։

Ֆիլմի պարադոքսալ ճակատագրի վերջին շրջադարձը Ուկրաինայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների նամակն էր՝ ուղղված Վենետիկի կինոփառատոնի ղեկավարությանը՝ «Դաու»-ն մրցութային ծրագրից հանելու կոչով։ Նույն հին երգն է՝ միայն նոր բառերով։ Այժմ ֆիլմին մեղադրում են «Կրեմլի նարատիվները» տարածելու մեջ, ինչպես նաև մատնանշում, որ այն ֆինանսավորվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխ Սերգեյ Ադոնևի կողմից։ Ուշադրություն է հրավիրվել նաև Կուրենտզիսի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու և օլիգարխների հետ նրա կապերի վրա։

Շուտով առաջադեմ համարվող պարբերականներից մեկում կարդում ենք նաև, թե Կուրենտզիսը սխալ է ընտրվել Դաուի դերի համար, քանի որ նրան հրավիրել էին որպես հանճարի ու վունդերկինդի, մինչդեռ հետագայում, ըստ հրապարակման, նա դարձել է պուտինյան վարչակարգի սպասարկուն։ Բայց չէ՞ որ ֆիլմի հերոսն էլ է անցնում համանման ճանապարհով՝ միայն ստալինյան ժամանակաշրջանում։ Ուստի մնում է միայն զարմանալ Խրժանովսկու մարգարեական կանխատեսողությանը։

Ոչ, իզուր չէ, որ նրան շնորհեցին լավագույն ռեժիսուրայի մրցանակը։ Ինչպես գրված էր իմ ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններից մեկում և դա դեռ մրցանակների հանձնումից առաջ էր․«Նրան առնվազն «Արծաթե առյուծ» պետք է շնորհել։ Ի վերջո, Իլյա Անդրեևիչը ի ծնե սադրիչ է․ նրան հաջողվել է անել անհնարինը՝ ներսից կոտրելով մեր ժամանակների աբսուրդը. «օտարերկրյա գործակալ՝ Կրեմլի օրակարգը տարածող…» ։ «Հանճարեղ է»։

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը

Աղբյուր