«Երբ մարդն ինչ-որ բան ստեղծում է, այն իր ներսից է գալիս, իր միջով է անցնում, իր հետ հարաբերվում ու դառնում է… բառեր։ Եվ նա կարողանում է գրել։ Նրա գրածն իր էներգիան է կրում, հետո այդ էներգիան փոխանցվում է ուրիշներին՝ նրանց, ովքեր կարդում են նրա գրածը։ Ընթերցողն էլ է վերապրում գրողի զգացածը, կրում այդ նույն էներգիան։ Ստացվում է էմպատիա»։ Այսպես է ստեղծագործողի և ընթերցողի հոգևոր կապը բացատրում անիմատոր, մանկական գրքերի հեղինակ-նկարազարդող, գեղարվեստական տպագրության ասպարեզում արվեստագետ Լիլիթ Ալթունյանը։

Լիլիթը հրատարակել է իր նոր՝ «Աղջիկը, որ թռչել գիտեր» գիրքը, որն ընթերցողի հետ խոսում է պատկերների լեզվով։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Գրքի երևանյան միջազգային փառատոնի օրերին։

«Աղջիկը, որ թռչել գիտեր» աշխատանքը ձեռակերտ գիրք է, որի էջերում լինոփորագրությամբ ստեղծված պատկերներ են։ Դրանք նույնպես տպագրվել են ձեռքով՝ անալոգային տպագրական սարքի միջոցով։ Պատկերներից յուրաքանչյուրն ինքնուրույն արվեստի գործ է և կարող է գրքից դուրս առանձին կյանք ունենալ, իսկ մեկտեղվելով գրքում՝ դրանք ամբողջացնում են հեղինակի խոհերը, պատկերային աշխարհն ու գեղագիտությունը։ Գրքի շնորհանդեսից հետո հեղինակը կիսվել է իր մտորումներով ու  տպավորություններով՝ անդրադառնալով նաև հանրության արձագանքին․ արդյո՞ք ընթերցողն ընդունել և ընկալել է ստեղծագործության այն կշիռը, որակը և ուղերձը, որոնք հեղինակն իր աշխատանքով փորձել է փոխանցել։

«Գրքում տեքստ չկա, իլյուստրացիաներ են։ Դրանով ուզում էի ինֆորմացիայի հոսքը մի քիչ դանդաղեցնել, մեդիտատիվ ընթերցանության՝ slow reading-ի ձևաչափով, որ մարդը ոչ թե բառերով, բանականությամբ ընկալի գաղափարը, այլ իր էմոցիոնալ դաշտով, իր ենթագիտակցությամբ՝ թերթելով պատկերներն ու ամեն պատկերի մեջ մի քիչ երկար մնալով։ Թողնի, որ այդ պատկերներն իր հետ խոսեն»,- kinoashkharh-ին պատմել է Լիլիթը։

New book-Altunyan-ptezentacia

 Artist’s book. Աշխարհում ընդունված արվեստ, Հայաստանում՝ նորություն

«Աղջիկը, որ թռչել գիտեր» գիրքի պատկերները   սկզբում որպես առանձին աշխատանքներ ցուցադրվել են Ֆրանսիայում, ու  հիմա դրանք ամբողջացրել եմ՝ որպես տպագրական արվեստի ձեռագործ ստեղծագործություն։

Շատ սկեպտիկ տրամադրություն ունեի մինչև գրքի շնորհանդեսը, մինչև այն  շուկա հանելը, չէի հասկանում՝ կլինե՞ն արդյոք մարդիկ, որ կհասկանան իմ ներկայացրած արվեստը, թե՞ կասեն՝ վայ, ինչ թանկ գիրք է։ Ես լրիվ սպասում էի, որ ամեն տեսակի խոսքեր կլսեմ, բայց իրականում շատ մեծ ու դրական արձագանքներ եղան, շատերը  հասկացան  գրքի իմաստը ու չափսոսացին այդ գումարը  տալ, առնել, ունենալ իմ գիրքը: Մարդիկ եղան, որ ասացին՝  ինչ լավ նվեր է։ Մարդիկ եղան, որ ասացին՝ ափսոսում եմ ձեռք տալ, այնքան նուրբ ու լավն է,  տոպրակի մեջ դրած պահում եմ, որ ձեռք չդիպչի։ Գնահատողներ շատ եղան, ու ես շատ ուրախ էի, հաճելիորեն զարմացած։ Հասկացա, որ կան մարդիկ, ովքեր նորարություններ են սիրում, ուզում են այլընտարքային գրքեր ունենալ, սիրում ու գնահատում են արվեստագետի հեղինակային գիրքը։

Սա իմ 4-րդ գիրքն է, նախորդ գործերս մանկական էին, իսկ սա մեծերի համար է։ Հաջորդ գիրքս էլ է մեծերի համար լինելու։ Նորից Artist’s book է։ Այն արդեն իրականացրել եմ գերմանական արվեստի դրմաշնորհով ու Գերմանիայում ցուցադրել, բայց Հայաստանում չեմ ներկայացրել։ Մտածում եմ այդ ուղղությամբ, պարզապես պետք է մի քիչ աշխատեմ, վերափոխեմ ու ձմռանը ներկայացնեմ հայ արվեստասերին։

Եվս մի Artist’s book նախագիծ ունեմ՝ կորստի մասին բանաստեղծություն՝ մեծերին ուղղված, բայց չեմ ուզում ինձ սահմանափակել մեդիայի մեջ, որովհետև հիմնականում  ինձ որևէ բանով չեմ կաշկանդում, չեմ ուզում կրկնել այն,  ինչ արդեն արել եմ։ Ես ազատ եմ, ու անպայման չի, որ շարունակեմ էլի  նույն ոճի մեջ ստեղծագործել:  Այս գիրքը նույնպես  լինոպրինտերով, լինոգրաֆիայով է լինելու՝ մեծ թղթի վրա, մեծ չափերով։ Ես այն անվանում եմ անիմացիոն գիրք, որովհետև ամեն թերթի պատկերը մյուս պատկերի վրա է գալիս. Էքսպերիմենտալ նախագիծ է։

Մեկ այլ մանկական պատմություն էլ ունեմ, հիմա նկարազարդման վրա եմ աշխատում, ուղղակի կողքից մյուս գործերս այնքան շատ են ու բազմազան, որ դրան հազիվ եմ ժամանակ հատկացնում։

New book-Altunyan-ptezentacia

Իմ նախագծերը հիմնականում մենակ եմ անում. դա իմ ընտրությունն է

Առհասարակ պետք է ասեմ, որ հիմա դժվար է ինչ-որ բան անել, հորինել, ստեղծել ու համոզված լինել, որ քեզնից առաջ դա ոչ ոք չի արել։ Ուղղակի այն, ինչ անում եմ, մեր  շուկայում է նորություն, տեղական ստեղծագործողը դեռ նման բան չի արել։  Ինձ համար կարևորն այն է, որ ես անում եմ իմ ձևով, դա իմ թեման է, իմ զգացածն է, իմ հույզերն են, դրանով իսկ ստեղծագործությունը եզակի է, անհատական է, միայն իմն է։

Ես և Կարինե Արոյանը ստեղծել ենք «ՏԵՍԱ պատում» կազմակերպությունը։ Մի օր հասկացանք, որ մեր հեղինակային նախագծերն իրականացնելու համար չենք ուզում դիմել այլ կազմակերպությունների, գտնել մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում։ Այդ փնտրտուքներն ավելի շատ ժամանակ են տանում, ավելի են հոգնեցնում, քան բուն ստեղծագործական աշխատանքը։ Եվ ստեղծեցինք մերը, որը նաև կօգնի այն ստեղծագործողներին, ովքեր մեր կարիքն ունեն։

Առայժմ մեր հեղինակային նախագծերն ենք անում. ես՝ գրքերիս, Կարինեն իր կարճամետրաժ անիմացիոն ֆիմի վրա է աշխատում։ «Աղջիկը, որ թռչել գիտեր» գիրքը «ՏԵՍԱ պատումի» առաջին նախագիծն է։  «ՏԵՍԱ պատումը» որքան օգտակար լինի ինձ, շնորհակալ կլինեմ, բայց իմ նախագծերը ես մենակ եմ անում, այլ մարդկանց կարիք չեմ ունենում։ Բայց հաջորդ գրքիս շնորհանդեսի համար  պետք է դիմեմ այլոց, որովհետև այն, ինչ ներկայացնելու եմ, դրա մասին պետք է հասցեական, ճիշտ, նպատակային  խոսվի ու ներկայացվի, որպեսզի հանդիսատեսը, արվեստագետները հասկանան ինչի հետ գործ ունեն, ընկալեն դրա արժեքը։

New book-Altunyan-ptezentacia

Դրա համար էլ  պրոֆեսիոնալներ են պետք. երբ պահը գա, ես դիմելու եմ այդպիսի մարդկանց, որ շնորհանդեսը ճիշտ արվի։

Եթե հաջորդ ստեղծագործությունս գրքերին կամ կինոյին  չի վերաբերում, չի նշանակում, որ գիքրը կամ կինոն թողել եմ։ Ես աշխատում եմ արվեստի տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ մանկուց անիմացիա շատ եմ սիրում. հենց այդ կրթությունն եմ ստացել, Ֆրանսիայի հետ համատեղ անիմացիոն ֆիլմ եմ արել։ Կախված թեմայից՝ ընտրում եմ այն ստեղծագործաբար արտաբերելու ձևը։ Նոր անիմացիոն նախագիծ ունեի, որ բավականին զարգացրել էի, բայց քաղաքական իրադրությունից, նաև իմ հոգեբանական վիճակից ելնելով՝ ընդհատեցի։ Իհարկե, անիմացիան մոռացության չեմ տալիս, դրան անպայման անդրադառնալու եմ դեռ։

New book-Altunyan-ptezentacia

Օր ու գիեշեր ստեղծագործող, տքնող արվեստագետն ու… ԱԲ-ն

Իմ կարծիքով՝ արվեստագետի առաքելությունն այն է, որ նա ինչ փնտրտուքների մեջ լինում է, դրանք նյութականացնի ու տա մարդկանց։ Հիմա շատ բարդ ժամանակներ ենք ապրում, երբ մարդը ձգտում է հեշտին, արագին։ Ամեն ինչ տրանսֆորմացիայի է ենթարկվում այսօր։

New book-Altunyan-ptezentaciaԲայց հեշտն ու արագն էլ ունեն իրենց բացասական կողմերը։ Արհեստական բանականության գոյությունը բոլոր ոլորտներում ընդունում եմ, բայց ոչ արվեստում։ Արվեստում ես կոնսերվատիվ եմ։ Չեմ կարողանում համակերպվել արհեստական բանականության՝ արվեստով զբաղվելու հետ, որովհետև արվեստը կենդանի, անկեղծ շփում է, մարդու էմոցիաների, իրական ապրածի, զգացածի, ապրումակցման վերածնունդն ու վերարտադրությունը յուրովի, անհատական, չկրկնող, չպատճենվող արտահայտչամիջոցներով։ Արհեստական բանականությունը մեքենա է, որը կարող է ինչ-որ բանի ընդամենը իմիտացիա ստեղծել, բայց ոչ արվեստ։

ԱԲ-ի բումից հետո մարդիկ երկու մասի են բաժանվել՝ ԱԲ-ն անվերապահորեն ընդունող, գործածողներ և ԱԲ-ն մերժողներ,  բացարձակ չօգտոգործողներ։

Գարնանը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին էի ներկա. ընդհանրապես  հաճախ եմ միջազգային փառատոների գնում՝ ոգեշնչվելու, կինոյի, արվեստների առաջընթացը, հաջողությունները տեսնելու,  հիանալու։ Ինչպես հայտնի է, փառատոները ԱԲ-ով սարքած ֆիլմեր չեն ընդունում։ Մի ռեժիսոր իր ֆիլմից մի փոքր հատված ԱԲ-ով էր արել։ Ինձ պատմեցին, որ ցուցադրության ժամանակ ամբողջ դահլիճը դուրս է եկել, հրաժարվել է ֆիլմը դիտել. Բոյկոտել են ԱԲ-ի օգտագործումն անիմացիոն ֆիլմերում։ Ես կողմ եմ դրան՝ արվեստը պետք է մարդը ստեղծի, ոչ թե մեքենան։

Արվեստագետը պետք է ստեղծագործի, ու մարդը պիտի գնահատի նրա ստեղծածը, նրա արարման պտուղները։ Դու ԱԲ ստեղծող ամերիկյան կազմակերպությանն ես վճարում՝ արվեստագետին զրկելով իր ստեղծած արվեստի դիմաց վարձատրվելուց։

Ես դեմ չեմ ԱԲ-ին, եթե այն ճիշտ տեղում է օգտագործվում։ Վերջերս մի ռիլ ընկավ աչքովս՝ դելֆինների  լեզուն են սովորացնում Արհեստական բանությանը, որպեսզի ԱԲ-ն կարողանա արհեստական ձայներ  հանել դելֆինի լեզվով ու դելֆինների հետ կոմունիկացիայի մեջ մտնի։ Հրաշալի բան էին մտածել ու իրականացնել. կարո՞ղ եմ բացասական բան ասել, իհարկե, ոչ։

Գիրքը կենդանի օրգանիզմ է, էներգիա, հոգի ունի

Բոլորիս համար  դժվար անցում էր տպագիր գրքից էլեկտրոնային գրքի անցնելը, երբ գիրքն այլևս չէիր շոշափում, գրքի հոտը չէիր զգում. նրաNew book-Altunyan-ptezentacia ֆիզիկական չգոյությունից շատ բան կորավ։ Երբ ֆիզիկական գոյությունը ջնջում ենք, ծանրությունն ընկնում է  մտքի, բովանդակության, բանականության վրա։ Բայց տարածությունը, բնությունը, գիրքը ֆիզիկապես շոշափելու հնարավորությունը, գրքի ծավալը, չափսերն էլ են կարևոր, չէ՞… գրքի էներգիան։ Այդ ամենի համադրումից է առաջանում մարդու զգացական աշխարհը։ Երբ գիրքը դարձավ էլեկտրոնային, այս ամենը կորավ գրքից, երբ արվեստը «ստեղծվում է» ԱԲ-ով, ֆիզիկական կենդանությունն է կորչում, կենդանի էներգիան է կորչում։ Իսկ միայն միտքն ինքն իրենով, միայն մեքանային այս կամ այն հրաման տալը ինչ-որ տկար, մերկ, անշունչ, ինֆորմացիոն  բան է դառնում։

Երբ գիրքը ձեռքդ ես վերցնում, շոշափում, զգում այն, կարդացածդ տպավորվում է, իսկ էլեկտրոնային գրքերը կարդում ես ու կարճ ժամանակ անց մոռանում՝ ինչի՞ մասին էր…

Մենք հիմա միայն ինֆորմացիա ենք ստանում, ու այնքան շատ, խառնիճաղանջ, քաոսային, մեր կադացածի քանի՞ տոկոսն ենք հիշում… շատ քիչ։

Արվեստագետը պետք է ազգային արժեք լինի յուրաքանչյուր երկրի համար

Ֆրանսիան ամենաշատ արվեստագետներ կրթող  բուհերն ունի՝ նկարիչներ, անիմատորներ, իլյուստրատորներ։ Ֆրանսիան նրանց համարում է  իր ազգային ռեսուրսը։ Անսիում այդպիսի մի  պանելային քննարկման մասնակցեցի. Ֆրանսիան պետական մակարդակով  համագործակցում է տարբեր երկրների հետ, վճարում է, որպեսզի նրանք վարձեն իր երկրի արվեստագետներին, համատեղ արտադրություններ ստեղծեն, որ ֆրանսիացի անիմատորն աշխատանք ունենա, արտադրանք տա, գումար աշխատի, պետությանը հարկեր վճարի։ Այսինքն՝ Ֆրանսիան իր արվեստագետներին վերաբերվում է որպես մեծ ռեսուրսի։  Ֆրանսիայի համար հանքը չի ռեսուրս, այլ՝ մարդը, ստեղծագործողը։ Եվ արվեստագետին արժևորող այս երկրում ամերիկյան  ընկերությունը գալիս-ասում է՝ ես ԱԲ-ով ավելի արագ կարող եմ անիմացիաներ սրաքել։ Բնականաբար, Ֆրնասիան ասում է՝ ոչ, դու չես կարող փոխարինել իմ ազգային արժեքին՝ իմ անիմատորներին, իմ իլյուստրատորներին, իմ արվեստագետներին։

ԱԲ-ն անվերահսկելի է, մեր երկրում դրա կիրառումը խիստ տարերային է ու անչափելի։ Այս իրականության մեջ Լիլիթ Ալթունյանը փորձում է ստեղծել ի՛ր աշխարհը՝ մեր պատկերացրած պատկերներից շատ տարբեր, լուսավոր ու մաքրագործող։

Ու նրան հաջողվում է մեր աշխարհը մի քիչ լիլիթացնել։

 Հեղինակ՝  Նաիրա Փայտյան

Լուսանկարները՝ Արմինե Ոսկանյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12