Չնկարահանված «Չարի վերջը»
Լև Ատամանովը՝ խորհրդային անիմացիայի նախահայրերից մեկը, հայկական անիմացիայի հիմնադիրը, 1938 թ-ին որոշում է նկարահանել «Չարի վերջը» մուլտֆիլմ՝ ըստ Հովհանննես Թումանյանի հայտնի առակի։
Ինչպես գիտեք, Ատամանովի արվեստը մշտապես հանդիսատեսին մղել է արդարության հաստատմանը և չարի դեմ հաղթանակին․հիշենք հատկապես «Ոսկե այծքաղ» և «Ձյունե թագուհին» մուլտֆիլմերը։ Եվ բոլորովին զարմանալի չէր, որ հայկական առաջին անիմացիոն ֆիլմի՝ «Շունն ու կատու»-ի մեծ հաջողությունից հետո նա որոշում է անդրադառնալ մեկ այլ հայտնի հայկական, ժողովրդական հեքիաթի, որը հանճարեղ Թումանյանը մշակել ու դարձրել է կատարյալ ստեղծագործություն։
Սակայն Հայաստանի ազգային արխիվում պահպանված նյութերում, որտեղ գրի են առնված «Չարի վերջը» չնկարահանված մուլտֆիլմի սցենարի քննարկումները, ականատես ենք լինում, թե ինչպես են խորհրդային գրաքննիչները հանդգնում քննադատել անգամ Հովհաննես Թումանյանին, չեն խնայում նաև Ատամանովին։
Կարելի է ենթադրել, որ 1937թ-ի ստալինյան դաժան բռնաճնշումներից հետո «Չարի վերջը» համարձակ ուղերձ էր լինելու խորհրդային հասարակությանը։ Նշածս փաստաթղթերում կա հստակ եզրահանգում՝ «Сценарий приемлем», թե ինչու հետագայում տնօրինությունը վերջնականորեն չի հաստատել գաղափարը, մնում է անհայտ։ Սակայն, բարեբախտաբար, Ատամանովը մնում է Հայֆիլմ կինոստուդիայում և միայն 1949 թ-ին մեկնում Մոսկվա՝ աշխատելու «Союзмультфильм»-ում։ Հայաստանում աշխատելու տարիներին (որոնք պատմականորեն բավական բարդ էին) նրա մոտ է գալիս դեռ շատ երիտասարդ Վալենտին Պոդպոմոգովը և աշխատանք խնդրում։ Սակայն թափուր տեղ չունենալու պատճառով Ատամանովը մերժում է։ Երբ Պոդպոմոգովը շրջվում է, որ գնա, Լև Կոնստանտինովիչը տեսնում է, որ վերջինս ոտաբոբիկ է, ու միանգամից ետ է կանչում ապագա հանճարեղ նկարչին։ Եվ, բնականաբար, չի փոշմանում։ Այդ պարզ, մարդկային քայլով առաջ է բերվում հայկական անիմացիայի պատմության հաջորդ նշանավոր ֆիգուրը։
Սակայն վերադառնանք «Չարի վերջ»-ի խորհրդավոր քննարկմանը։ Քննադատության մեծ մասը ծավալվում է ագռավի կերպարի շուրջ։ 12 անձից (13-րդն Ատամանովն էր) բաղկացած թիմի մեծ մասը մտահոգություն է հայտնում այն փաստի շուրջ, թե ինչու է Հովհաննես Թումանյանը ագռավին որպես դրական կերպար ներկայացնում, չէ որ ագռավն ասոցացվում է ամեն տեսակ չար ու բացասական ուժերի հետ, ինչպե՞ս նա կարող էր փրկել կկվին ու գլխի գցել, որ աղվեսն ընդամենը լկտի սրիկա է, բայց ոչ՝ սարերի ու ծառերի տիրակալ։ Մեկն առաջարկում է ագռավին արագիլ դարձնել, մյուսը՝ կաչաղակ, մեկ ուրիշը՝ աղավնի․․․ Առաջարկում են նոր սյուժետային գծեր հորինել, օրինակ՝ կկուն վարձով է վերցրել ծառը ու կախված է աղվեսից։ Սակայն Ատամանովը նրբանկատ, բարեկիրթ պատասխաններ է տալիս բոլոր աբսուրդային առաջարկներին։ Նա մանրամասնորեն վերլուծում է առակը և վերջում բացատրում, որ ժողովրդական իմաստությունը երբեք չի վրիպում։ Ագռավն իմաստուն, երկարակյաց թռչուն է, նաև՝ սկեպտիկ։ Ոչ մի այլ թռչուն այս պատմության մեջ չի կարող նրան փոխարինել։
Ատամանովը նշում է, որ սցենարը գրելիս երկխոսությունները չափից շատ է կրճատել, ինչի արդյունքում ամբողջապես չի բացվել ագռավի կերպարը, այդ պատճառով էլ ամբողջ քննարկումն այդ կերպարի շուրջ է ընթացել։ Որպես իրական կինեմատոգրաֆիստ՝ նա փորձել է հնարավորինս ազատվել ավելորդ դիալոգներից՝ տուրք տալով շարժմանը, գործողություններին, երբեմն էլ ասելիքը փոխանցել է երգի կամ երաժշտական լուծումների միջոցով։ Այդ լուծումները հատուկ են նրա կինոարվեստին։ Հիշենք հատկապես «Բալերինան՝ նավի վրա» մուլտֆիլմը, որտեղ Ալֆրեդ Շնիդկեի երաժշտությունը ներդաշնակորեն միահյուսվում է պոետիկ և միաժամանակ նուրբ հումորով համեմված
պատմությանը։
Ատամանովի «Չարի վերջ»-ն անկասկած լինելու էր իր հերթական գլուխգործոցներից մեկը։ Չէ որ թեման արդիական է մինչև այսօր։ Հայ ազգին նոր պատուհասներից ետ պահելու միակ միջոցն իր իսկ իմաստության ակունքներին վերադարձնելն է՝ գուցե նոր «Չարի վերջ» նկարահանելով։ Մոտեցել է աղվեսներին քշելու ժամանակը, քանի որ արդեն չափից շատ է զիջվել, հանձնվել, տրվել։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իմաստուն ագռավ դառնալ։ Մի՛ հանձնվեք, սիրելինե՛ր, գլխի՛ գցեք կկուներին, եթե նույնիսկ այդպիսով մի փոքր վտանգեք ձեզ։ Չարն անխոցելի չէ․ ինչպես առակն է ցուցանում, այն անխուսափելիորեն վերջ ունի։
Ստորև կարող եք ընթերցել «Չարի վերջը» չնկարահանված մուլտֆիլմի սցենարի քննարկման թարգմանությունից մի հատված։ Այն ընթերցելով՝ կզգաք նշված ժամանակների շունչը, նաև Ատամանովի՝ ռեժիսորական վարպետաց դասի ականատեսը կդառնաք։
© 2026 Անի Հակոբյան, կինոգետ
Ֆոնդ 1381, ցուցակ 1
Գործ N222
Գեղարվեստական խորհրդի խորհրդակցություն
Սղագրությունը՝ «Չարի վերջը» նկարի վերաբերյալ, 1938թ․
Հայֆիլմի ստեղծագործական խորհրդի նիստ
Խորհրդի նախագահ՝ ընկ․Բաբլոյան – Քննարկվում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի հիման վրա գրված հնչյունային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի սցենարը։ Խոսքը տրվում է ընկեր Հարությունյանին։
Հարությունյան Վաչե – Ատամանյանին հաջողվել է միանգամայն հարազատ մնալ Հովհաննես Թումանյանի կողմից գրված նյութին։ Սցենարը հաջողված է։ Ես կուզեի ընկերների ուշադրությունը հրավիրել մի քանի խնդիրների վրա։ Մենք պետք է քննադատական վերաբերմունք ունենանք Հ․Թումանյանի հանդեպ։ Մեզ հայտնի է, որ ժողովրդական գրեթե բոլոր ստեղծագործություններում ագռավը համարվում է չարի սիմվոլ։ Նա խաբեբա է, չար է, լեշերի վրա հարձակվող և այլն։ Համաշխարհային գրականության մեջ նույնպես ագռավը պատկերվում է որպես գող և խորամանկ։ Հովհաննես Թումանյանի մոտ ագռավը ներկայանում է առաջադիմական հատկություններով՝ «սարն ամենքիս է հավասար»։ Հարց է ծագում․ ագռավը՝ որպես այդպիսին, կարո՞ղ է մնալ սցենարում, թե՞ ոչ։ Իմ կարծիքով ագռավը սցենարում պետք է փոխարինվի մեկ այլ թռչունով, ասենք՝ կկուով, որի մեջ մենք տեսնում ենք գարնան սիմվոլը։ Սրանից սցենարը միայն կշահի և մենք ցույց կտանք մեր քննադատական վերաբերմունքը դասականների հանդեպ։
Շայբոն Աշոտ– Սցենարը հիմնականում ուշագրավ ու հետաքրքիր է գրված։ Ես գտնում եմ, որ գտնված կինեմատոգրաֆիական հնարքները զվարճալի կլինեն երեխաների համար։ Գործը ստացված է։ Բայց, այնուամենայնիվ, ծագում են որոշ հիմնավոր հարցեր, թեկուզ աղվեսի վերաբերյալ։ Աղվեսն այստեղ պետք է ներկայանա որպես տե՞ր, տիրակա՞լ, թե՞ նա մնում է միայն որպես ժուլիկ, ավազակ, դա պարզ չէ։ Հաջորդ կերպարը, որը նույնպես բավարար չափով հասկանալի չէ, կկվի կերպարն է, նա հիմա՞ր է, թե՞ թույլ է և չի կարողանում պայքարել։
Դուկոր Ն․– Ատամանովը կարողանում է ճիշտ գործեր ընտրել էկրանավորման համար։ Սա նույնպես այդ դեպքերից է։ Ես կարծում եմ, որ սցենարը շատ ձեռք տալ պետք չէ, միայն ագռավին է պետք փոխարինել։ Սցենարը գրված է բարձր պրոֆեսիոնալիզմով։ Զգացվում է, որ կա կինոարտադրության մեծ փորձ և իմացություն, որը մեզ պարտավորեցնում է հարգանքով մոտենալ նման աշխատանքին։
Կովալևսկայա– Ես կարծում եմ, որ ագռավին պետք է թողնել։
Ջանյան– Արդյոք կարելի՞ է դասական գործի մշակման ժամանակ հավատարիմ չմնալ հեղինակին, նոր կերպարներ ներգրավել։ Եթե նոր կերպարներ կարող ենք ներգրավել, ապա պետք է խոսենք այն մասին, թե արդյոք գաղափարախոսությունը պե՞տք է հանգեցնել չարի վերջին, թե՞ ոչ․․․ Ես չեմ ուզում ագռավին դիտարկել որպես բացասական կերպար։ Ընկեր Ատամանովին առաջարկում եմ սցենարի մեջ ավելացնել փոքր դիալոգի նման մի բան։
/Այնուհետև ագռավին սցենարում թողնելու մասին են խոսում Բաղդասարյանն ու Համդիլյան Կ․-ն, ագռավին այլ թռչունով փոխարինելու մասին բարձրաձայնում են Կարապետյանը, Մարինոսյանն ու Պայազատ Ս․-ն։ Որից հետո հնչում է խորհրդի նախագահի ամփոփումը։ Վերջում եզրափակիչ խոսքը տրվում է Լև Ատամանովին։/
Ատամանով– Այստեղ հնչեցին առաջարկներ՝ ագռավին այլ թռչուններով փոխարինելու մասին, սակայն նրանք չեն կարող աղվեսին արժանի թշնամի լինել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ աղավնին խաբի աղվեսին, նույնը՝ կաչաղակը(նա բամբասկոտ է): Ագռավն իմաստուն թռչուն է, ապրում է երկար, բայց նա սկեպտիկ է։ Ես համարում եմ, որ ես հենց դա չեմ փոխանցել, և դա իմ ամենամեծ սխալն է։ Ագռավի սկեպտիկությունը դրսևորվում է վերջում։ Թումանյանի մոտ դա կա․ ագռավը փոշմանում է, որ խառնվել է ուրիշի գործերին։ Եվ, այնուամենայնիվ, ագռավն ավելի խորամանկ է դուրս գալիս, քան աղվեսը։ Ագռավին պետք է թողնենք սցենարում։ Անհրաժեշտ է ագռավի և աղվեսի միջև երկխոսություն ավելացնել, որպեսզի նրանց միջև փոխհարաբերություններն ավելի պարզ լինեն։
Հիմա մշակման մասին, այն մասին՝ ինչն է այստեղ կիսատ, ինչու չկան մանրամասնություններ։ Հարցն այն է, որ ես ռեժիսորական սցենար չեմ գրել, և դա պետք չէ անել այն պատճառով, որ ռեժիսորն ինքը պետք է ներմուծի բոլոր մանրամասն նկարագրությունները, որոնք աշխատանքի ընթացքում պարզ կդառնան նրա համար։ Օրինակ՝ ձագուկն ընկել է աղվեսի ճանկերը, դա արդեն ռեժիսորական մշակում է․ պատկերացնել աղվեսի մեծ մռութը, թե ինչպես է նա փչում այդ ձագուկի վրա։ Այդ պահը մշակվում է բացառապես ռեժիսորի կողմից։
Երաժշտական լուծումն այսպես եմ կառուցել․ ամեն ինչ տեղի է ունենում մեկ երգի ֆոնին, որն անցնում է սկզբից մինչև վերջ, այդ պատճառով տեքստի առումով այստեղ աղքատ է։ Հետո, երբ կկուն իր յուրաքանչյուր ձագուկի կորստից հետո երգում է, այդ երգը բաղկացած է երեք քառատողից։ Սկզբում այն հնչում է որպես իդիլիա, հետո՝ ավելի մինորային։ Վերջում իր «կու-կու»-ն աստիճանաբար մարում է, որպեսզի ցույց տրվի ձագուկների հանդեպ կարոտը։ Աղվեսը միշտ ուղեկցվում է մարշով։ Վերջում երգ է հնչում։ Բոլորը երգում են ու պարում։
Հանձնաժողովի նախագահ – Ես կարծում եմ, որ սցենարն ընդունելի է։

