Սիմոն Աբգարյանի մասնակցությամբ Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի ճակատամարտը․ Երկաթե դար» («La Bataille de Gaulle – L’Âge de fer») ֆիլմն ընդգրկվել էր այն հինգ կինոնկարների կարճ ցուցակում, որոնցից պետք է ընտրվեր Ֆրանսիայի ներկայացուցիչը «Օսկար» մրցանակաբաշխության՝ «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմում Աբգարյանը մարմնավորել է Շառլ դը Գոլին։

Սակայն սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի (CNC) ընտրող հանձնաժողովը որոշել է երկիրը ներկայացնելու համար առաջադրել Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավրոս» ֆիլմը։ Այսպիսով, «Դը Գոլի ճակատամարտը․ Երկաթե դարը» չի ներկայացնի Ֆրանսիան 2027 թվականի «Օսկարի» մրցույթում։

«Դը Գոլ. մաս I – Դիմադրություն» պատմական դրամայում Շառլ դը Գոլի կերպարը մարմնավորել է Սիմոն Աբգարյանը: Կինոնկարը բաղկացած է երկու մասից, սա էպիկական սագայի առաջին գլուխն է, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր Կաննի կինոփառատոնում: Ֆրանսիայում երկու ֆիլմերը ունեցել են 5 միլիոնից ավելի հանդիսատես:

Կարճ ցուցակում ընդգրկված էին՝ Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի ճակատամարտը․ Երկաթե դար», Լուի Կլիշիի «Կորսետը» («Iron Boy»), Մարին Ատլանի «Գրադիվան», Արթյուր Հարարիի «Անհայտը» («L’Inconnue») և Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավրոսը»։ Ցանկը հրապարակել էր Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնը։

Ֆրանսիան «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում վերջին անգամ «Օսկար» է ստացել 1993 թվականին՝ Ռեժիս Վառնիեի «Հնդկաչին» («Indochine») ֆիլմի համար: