Հյուրանոցի սենյակում քնած ճապոնացի տղամարդու մատների թեթև դողը ֆրանսուհուն ակնթարթորեն ետ է նետում տարիներ առաջվա Նևեր՝ սպանված գերմանացի զինվորի մոտ։ Կնոջ համար այդ երկու տարածությունն ու ժամանակը գոյություն ունեն կողք կողքի՝ և՛ 1945 թվականի Հերոսիման, և՛ 1944 թվականի Նևերը։

1959 թվականին էկրան բարձրացած «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմը փոխեց կինոյի մասին հին պատկերացումները։ Ռեժիսոր Ալեն Ռենեն և սցենարի հեղինակ Մարգերիտ Դյուրասը ցույց տվեցին, որ պարտադիր չէ պատմել «սկիզբ, ընթացք, վերջ» հստակ կանոններով, և կինոն կարող է ցույց տալ ոչ թե ուղղակի պատմություններ կամ շարժումներ, այլ հենց ժամանակի խորքային, անտեսանելի կառուցվածքը։ Ի վերջո, հիշողությունը, երազը, իրականությունն ու պատմությունը հավասարազոր են։ Անցյալը կամ երազը չեն սպասում իրենց հերթին։ Նրանք կարող են վայրկենապես ասոցիատիվ ներխուժել ներկայի մեջ՝ դառնալով ներկայից առավել ներկա, իրականից առավել իրական։

Ի դեպ, ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզն իր Կինոաշխատության մեջ հենց «Հիրոսիմա, իմ սեր»-ն է համարում շրջադարձային կետ, որտեղ կինոն «շարժման պատկերից» (Movement-image) անցում կատարեց «ժամանակի պատկերի» (Time-image)՝ ցույց տալով ժամանակը ոչ թե այնպես, ինչպես չափվում է ժամացույցով կամ օրացույցով, այլ ինչպես ապրում է մեր ներաշխարհում և հիշողության մեջ։

Եղել էր Երկրորդ աշխարհամարտ, Հերոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություն, և Ռենեն ու Դյուրասը կարողացան մեկ ֆիլմում միահյուսել աշխարհի հետ պատահած այս երկու ողբերգությունը։

«Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմում գրեթե աննկատ, բայց էական դետալ կա․ ֆրանսուհին Հիրոսիմա է եկել խաղաղության մասին ֆիլմում նկարահանվելու։ Բուժքույր է խաղում, որ պիտի ապաքինի ատոմային պայթյունից հաշմված մարդկանց։

Hirosima my love

Կինը հագնում է ճերմակ համազգեստն այն համոզմունքով, որ արվեստով արտահայտված կարեկցանքն ու խնամքը  կարող են սպիացնել աղետի ու ողբերգության վերքը։ Որպես արտաքին աշխարհից եկած փրկիչ՝ ֆրանսուհին պատրաստ է իր ուսերին վերցնել Հիրոսիմայի ցավը։

Սակայն խիղճն ապահովագրելու արևմտյան պատրանքն ու հավակնությունը ջախջախվում են ճապոնացի տղամարդու մեկ նախադասությամբ՝ «Դու ոչինչ չես տեսել Հիրոսիմայում։ Ոչինչ»։ Ատոմային մոխիրը ենթակա չէ արտաքին ապաքինման։

Ճապոնացի տղամարդու անհողդողդ ռեֆրենին ֆրանսուհին ամեն անգամ արձագանքում է՝ «Ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ»։

Գուցե նա փորձում է հավասարության նշան դնել իր ապրած ցավի և Հիրոսիմայի աղետի միջև։ Գուցե ապրումակցման փորձ է։ Գուցե միջոց է թոթափելու բացարձակ անզորությունն ուրիշի ողբերգության առջև․․․

Հիրոսիմայի լուսավոր, արևոտ փողոցում ընթանում է խաղաղության երթը։ Տեսախցիկը շարժվում է ամբոխի հետ․ հարյուրավոր մարդիկ քայլում են կազմակերպված շարքերով՝ ձեռքերում պահած հսկայական ցուցապաստառներ, պլակատներ ու լուսանկարներ։ Պլակատներից նայում են ատոմային պայթյունի անողոք վավերագրերը՝ ճառագայթումից այրված, մոխրացած մաշկ, հալված մարմիններ, թափված մազերի փնջեր, հաշմված ու դեմքը կորցրած մարդկային ուրվականներ։

-Դու ոչինչ չես տեսել։ Ոչինչ։

-Ես ամեն ինչ տեսել եմ։

Եվ այդ հսկայական, պաստառային մեդիա-հոսքի մեջ հանկարծ հայտնվում են երկու գլխավոր հերոսները։ Ֆրանսուհին դեռ բուժքրոջ սպիտակ կոկիկ համազգեստով է։ Դեռ կադրի մեջ է։ Դեռ խաղում է իր դերը։ Տղամարդը քաղաքացիական հագուստով է։ Ընթացքում երկուսն էլ կորցնում են իրենց կոորդինացիան․ ամբոխը, պաստառներն ու աղաղակող պատկերները սկսում են ճնշել նրանց, խճճել երթի ռիթմի մեջ։

Ապաքինողի զգեստով կնոջ աչքերում սեփական անապաքինելի ցավն է՝ թշնամու կողմից գրավված Նևերը, թշնամու մեջ գտած սիրելին, նրա մահը, մատների վերջին շարժումը, քաղաքի ազատագրումից հետո հանրային խարանը, խուզված մազերը, ընտանիքից և ողջ հանրությունից մերժվելը, նկուղում բռնի փակվելը։ Կարո՞ղ է այս կինը բուժել պաստառների ցավը, երբ ինքն էլ ներսից քանդված է։ Ցուցապաստառների վրա պատկերված ատոմային մոխիրի ֆոնին՝ հալված մարմինների պաստառների արանքում, բուժքրոջ անթերի ճերմակ հագուստը վերածվում է ձևական դեկորի։

-Դու ոչինչ չես տեսել Հիրոսիմայում։

-Ես ամեն ինչ տեսել եմ։

Տղամարդը քայլում է երթի միջով։ Նա Հիրոսիմայի բնակիչ է, կորցրել է ընտանիքը ատոմային ռմբակոծության ժամանակ։ Ձեռքին չունի և ոչ մի պլակատ իր ողբերգության մասին։ Նա՝ իսկական տուժողը, կողքից նայում է, թե ինչպես է իր քաղաքի աղետը վերածվում նկարահանման հրապարակի ու խաղաղության դեկորի։

-Դու ոչինչ չես տեսել Հիրոսիմայում։

-Ես ամեն ինչ տեսել եմ։

——

Մարինա Բաղդագյուլյան