Ֆրանսիան «Օսկարի» է առաջադրել Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավրը»
Կաննի Գրան պրիին արժանացած «Մինոտավրը» ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի առաջին ֆիլմն է 2017 թվականի «Չսեր»-ից հետո։ Ֆրանսիական արտադրության քաղաքական թրիլերը կներկայացնի Ֆրանսիան «Օսկարի» 99-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Ֆրանսիան Անդրեյ Զվյագինցևի «Մինոտավր» (Minotaur) ֆիլմն ընտրել է որպես երկրի պաշտոնական հայտ՝ «Օսկարի» 99-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։
Այս մասին գրում է deadline-ը՝ հավելելով, որ ընտրությունը կատարվել է հինգ ֆիլմից կազմված կարճ ցուցակից, որում ընդգրկված էին նաև Անտոնեն Բոդրիի՝ De Gaulle: Tilting Iron, Լուի Կլիշիի՝ Iron Boy, Մարին Ատլանի՝ La Gradiva և Արթուր Հարարիի՝ The Unknown ֆիլմերը։
«Մինոտավրի» համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է Գրան պրիի։ Այնուհետև այն ընդգրկվել է Թելուրայդի, Տորոնտոյի, Նյու Յորքի և Լոնդոնի BFI կինոփառատոների, ինչպես նաև մի շարք այլ միջազգային փառատոների ծրագրերում։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2022 թվականի Ռուսաստանում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։ Գավառական քաղաքի գործարարները բախվում են պատերազմի նոր իրականությանը․ նրանց աշխատակիցներին զորակոչում են բանակ, իսկ իրենցից պահանջվում է ֆինանսապես աջակցել ռազմական գործողություններին։ Այս հասարակական ու քաղաքական լարվածության կողքին զարգանում է գլխավոր հերոսի անձնական դրաման։ Դմիտրի Մազուրովը մարմնավորում է հաջողակ ընկերության տնօրեն Գլեբին, որի արտաքուստ բարեկեցիկ կյանքը սկսում է քայքայվել կնոջ հնարավոր դավաճանության մասին կասկածների պատճառով։ Գլեբի կնոջ դերում հանդես է գալիս Իրիս Լեբեդևան։
«Մինոտավրը» Զվյագինցևի առաջին լիամետրաժ աշխատանքն է «Չսեր» (Loveless, 2017) ֆիլմից հետո, որն արժանացել է Կաննի ժյուրիի մրցանակին, ապա առաջադրվել «Օսկարի»։
Ֆիլմի սցենարը Զվյագինցևը գրել է Սեմյոն Լյաշենկոյի հետ։ Սա ռեժիսորի վեցերորդ լիամետրաժ ֆիլմն է։ Նա կրկին աշխատել է իր երկարամյա ստեղծագործական գործընկերների՝ օպերատոր Միխայիլ Կրիչմանի, ձայնային ձևավորող Անդրեյ Դերգաչովի և բեմադրող նկարիչ Անդրեյ Պոնկրատովի հետ։ Ֆիլմը համատեղ արտադրել են ֆրանսիական CG Cinéma և mk2 Productions, լատվիական Forma Pro Films և գերմանական Razor Film ընկերությունները։ Ֆրանսիայում տարածումն իրականացնում է Films du Losange-ը, իսկ միջազգային վաճառքը՝ mk2-ը։ Ֆիլմն աջակցություն է ստացել նաև ARTE France Cinéma-ից։
Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ տարին անընդմեջ է, երբ Ֆրանսիան «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում իրեն ներկայացնելու համար ընտրում է ոչ ֆրանսալեզու կինոնկար։ Նախորդ տարի ընտրվել էր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Դա պարզապես պատահականություն էր» (It Was Just An Accident) ֆիլմը։
Ֆրանսիայի թեկնածուի ընտրության հանձնաժողովը նախագահել է կինոքննադատ և Կաննի «Քննադատների շաբաթվա» նախկին գեղարվեստական ղեկավար Շառլ Տեսոնը։ Հանձնաժողովում ընդգրկված էին կինոարտադրության և միջազգային վաճառքի ոլորտի մի շարք մասնագետներ, այդ թվում՝ Կորալի Ֆարժան, Սիլվի Պիալան, Սոֆի Մասը, Ռոն Դիենսը և Ադելին Մոնզյեն։
ԱՄՆ-ում «Մինոտավրի» կինոթատերային ցուցադրությունը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերի 20-ից։
Ռ.Բագրատունյան