Հանրային հեռուստաընկերությունն աշնանը՝ նոյեմբերին, հեռուստադիտողին կներկայացնի նոր մեծամասշտաբ պատմական ընտանեկան դրամա։ 16 մասից բաղկացած սերիալի գործողությունները հիմնականում ծավալվում են 1919 թվականի Երևանում և Գյումրիում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորման ու կայացման շրջանում։ Նախագիծը պատմական իրադարձությունները միահյուսում է մարդկային պատմություններին՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես են երկրի ճակատագրական փոփոխություններն անդրադառնում անհատի ու ընտանիքի կյանքի վրա, և հակառակը՝ ինչ դեր կարող են ունենալ մարդու ընտրություններն ու որոշումները պետության կայացման ճանապարհին։

Սերիալի գլխավոր պրոդյուսեր և կոնցեպտի հեղինակ Լիանա Սմբատյանի խոսքով՝ 1919 թվականի ընտրությունը պատահական չէ. «Սերիալի առանցքում, ըստ էության, պետականություն և մարդ հարաբերությունն է։ Մեզ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կարող է մեկ մարդ իր ընտրություններով և նույնիսկ փոքր ներդրմամբ ազդեցություն ունենալ ամբողջ պետության կայացման վրա։ Եվ հակառակը՝ ինչպե՞ս կարող են պատմական իրադարձություններն անմիջականորեն ազդել մարդու կյանքի, ընտանիքի և որոշումների վրա»։

nor serial hnrayinic

Պատմական միջավայրի վերականգնումը նախագծի կարևորագույն և աշխատատար բաղադրիչներից է։ Նկարահանումներն իրականացվում են ավելի քան 100 լոկացիաներում, նախատեսված է 55 նկարահանման օր։ Ստեղծվել են ժամանակաշրջանին համապատասխան դեկորներ ու հրապարակներ, մշակվել են հագուստներն ու նկարահանման վայրերը։

Ժամանակակից միջավայրի նույնիսկ ամենափոքր դետալները՝ հոսանքի լարերից մինչև պատուհաններ, անհրաժեշտության դեպքում քողարկվում կամ փոխվում են: «Պետք է հնարավորինս ամբողջական վերականգնեինք այդ ժամանակաշրջանի միջավայրը, որպեսզի հեռուստադիտողը լիարժեք տեղափոխվի 1919 թվական»,- պատնում է Լիանա Սմբատյանը՝ նշելով, որ նախագծի մասշտաբայնությունն ընդգծվում է նաև բազմամարդ և լայնածավալ տեսարաններով։

Սերիալի ստեղծմանը նախորդել է երկարատև նախապատրաստական աշխատանք։ Պատմությունը մշակվել է շուրջ յոթ ամիս, իսկ սցենարի վրա աշխատանքը շարունակվել է ավելի քան մեկ տարի։ Նախագծի ռեժիսորն է Արման Գևորգյանը, սցենարի հեղինակը՝ Արման Գիզյանը, երկխոսությունների հեղինակը՝ Լևոն Գալստյանը, պատմական խորհրդատուն՝ Վահրամ Թոքմաջյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Միլենա Ղազարյանը, Թելման Խաչատրյանը, Հրանտ Հովսեփյանը, Վարուժան Մարգարյանը, Յուլյա Ֆինկը, Մինաս Ասրյանը, Աննա Մանուչարյանը և այլ դերասաններ։

nor serial hnrayinic

Միլենա Ղազարյանը մարմնավորում է Սոնային՝ հին երևանյան ազնվական ընտանիքից մի երիտասարդ կնոջ, որի կերպարում միահյուսվում են ընտանիքի հանդեպ պատասխանատվությունը, ավանդույթները, զգայունությունն ու ներքին ուժը. «Սոնայի մեջ այդ միջավայրի ազդեցությունը շատ խորն է։ Նա մեծացել է մի աշխարհում, որտեղ ընտանիքի անունը, պատիվը, ավանդույթներն ու մարդկանց կարծիքը մեծ նշանակություն ունեն։ Դա նրան դարձրել է զուսպ, արժանապատիվ ու ինքնատիրապետող, բայց միևնույն ժամանակ՝ շատ համարձակ ու զգայուն»։

Կերպարի առանձնահատկություններից մեկը ձիավարությունն է, որը Միլենա Ղազարյանի համար դարձել է նկարահանումների ամենամեծ մարտահրավերներից մեկը. «Առաջին անգամ, երբ գնացի ծանոթանալու ձիուս հետ և քշելու իրեն, հասկացա, որ շատ վախեր ունեմ։ Բայց երբ զգում ես, որ քեզ հավատացող կա, ներսիդ պայքարը վախերիդ հետ ավելի հեշտ ես կարողանում անցնել»։

nor serial hnrayinic

Հրանտ Հովսեփյանը մարմնավորում է Արեգին՝ զուսպ, պատասխանատու և ներքին ուժ ունեցող երիտասարդի։ Դերասանի համար կերպարի ամենագրավիչ կողմը նրա ներքին զսպվածությունն է. «Արեգը շատ բան չի ասում, բայց իր պահվածքով կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվում իր ներսում։ Ինձ համար նրա ուժը ոչ թե բարձր խոսելու կամ կոշտ լինելու, այլ ինքնատիրապետման մեջ է»։

Թեև սերիալի գործողությունները տեղի են ունենում ավելի քան մեկ դար առաջ, ստեղծագործական թիմում վստահ են՝ դրա բարձրացրած հարցերը ժամանակ չեն ճանաչում։ Սերը, ընտանիքը, ընտրությունը, անձնական պատասխանատվությունն ու երկրի հանդեպ պարտավորությունն այսօր էլ նույնքան արդիական են։ «Փոխվում են ժամանակաշրջանը, միջավայրը, ավանդույթներն ու արտաքին պայմանները, բայց մարդկային խնդիրների բովանդակությունը, ըստ էության, չի փոխվում»,- ամփոփում է Լիանա Սմբատյանը։ Նոր սերիալը փորձ է ոչ միայն էկրանին վերակենդանացնելու Հայաստանի պատմության բարդ ու կարևոր ժամանակաշրջաններից մեկը, այլև 1919 թվականի մարդկանց ճակատագրերի միջոցով խոսելու մեր ժամանակի մասին՝ ընտանիքի, ընտրության, պատասխանատվության և պետականության հարցերի շուրջ։

Վովա Արզումանյան

Լուսանկարները տրամադրել է  Հանրային Հեռուստաընկերությունը


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05