Հայաստանի կինոյի հիմնադրամը 2026 թվականի նոյեմբերին նախատեսում է Երևանում անցկացնել «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Համաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանում։ Միջոցառման անցկացման համար պետական բյուջեից նախատեսված է 9 մլն 12 հազար դրամ:

Նույն աղբյուրը նծում է, որ ժամանակակից կինոարտադրությունում ֆիլմի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ստեղծագործական և գեղարվեստական որակներով, այլև արդյունավետ կինոարտադրությամբ, ֆինանսավորման և համարտադրության հնարավորություններով, միջազգային շուկայում դիրքավորմամբ, տարածման ռազմավարությամբ, փառատոնային և մասնագիտական հարթակներում ներկայությամբ ու միջազգային գործընկերային ցանցերում ներգրավվածությամբ։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է մեկ հարթակում համախմբել պետական և ոլորտային կառույցների, կինոարտադրող ընկերությունների, կինոմասնագետների, միջազգային գործընկերների, սփյուռքի ներկայացուցիչների և ներդրողների։ Քննարկումների առանցքում պետք է լինեն կինոարտադրությունը, ֆինանսավորումը, համարտադրությունը, ենթակառուցվածքները, տարածումը և փառատոնային քաղաքականությունը։ Նպատակներից են ոլորտի ռազմավարական ուղղությունների հստակեցումը, միջազգային համագործակցության ընդլայնումը և հայկական կինոյի տեսանելիության բարձրացումը միջազգային շուկաներում։

Ծրագրով համաժողովը դիտարկվում է ոչ թե որպես մեկանգամյա միջոցառում, այլ որպես ավելի լայն գործընթացի մաս։ Այն պետք է նաև նախապատրաստական փուլ դառնա 2027 թվականի գարնանը նախատեսվող սփյուռքի և մշակույթի ներդրողների գագաթնաժողովի համար և մասնագիտական ու ռազմավարական հիմք ստեղծի հետագա ներդրումային քննարկումների, գործընկերությունների և ոլորտի զարգացման ծրագրերի համար։ Համաժողովի արդյունքներով նախատեսվում է մշակել ճանապարհային քարտեզ և ռազմավարական առաջարկությունների փաթեթ, որոնք հետագայում պետք է ներկայացվեն շահագրգիռ կողմերին, ոլորտային կազմակերպություններին և պետական կառույցներին։

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել առնվազն յոթ պանելային քննարկում։ Մասնակիցների նախատեսվող թիվը շուրջ 50 է, իսկ արտերկրից հրավիրված խոսնակներինը՝ 15։ Նախատեսված են նաև մեկ գործնական աշխատարան, առնվազն հինգ հեռուստատեսային հրապարակում, երեք գործընկեր կազմակերպության ներգրավում և որպես արդյունք՝ մեկ առաջարկությունների փաթեթ կամ ճանապարհային քարտեզ։