2027 թվականին, երբ «Generation» բաժինը կնշի իր 50-ամյակը, Բեռլինալեն նոր էջ կբացի երիտասարդ հանդիսատեսի համար նախատեսված իր նորարարական ծրագրի պատմության մեջ։ Այսուհետ բաժնի խորհրդանշական մրցանակները՝ «Բյուրեղյա արջերը», կհանձնվեն Բեռլինալեի գլխավոր մրցանակաբաշխության ժամանակ՝ «Բեռլինալե Պալատում»։

Ծրագրի նորացված կառուցվածքը հնարավորություն կտա ամբողջ փառատոնի շրջանակում առավել սերտ կապ հաստատել երեխաների, դեռահասների և ընտանիքների հետ՝ միաժամանակ մեծացնելով ծրագրի ազդեցությունը կինոգործիչների և դիստրիբյուտորների համար։

«Generation» բաժնի ղեկավար Սեբաստիան Մարկտն ասում է․ «1978 թվականին հիմնադրվելուց ի վեր «Generation»-ը հետևողականորեն պաշտպանել է այն համոզմունքը, որ երիտասարդ հանդիսատեսն արժանի է բարձրարվեստ և հավակնոտ կինոյի։ Երեխաներն ու դեռահասները պարզապես վաղվա հանդիսատեսը չեն։ Նրանք այսօրվա հանդիսատեսն են, որոնք ֆիլմերն ընկալում են իրենց հետաքրքրասիրությամբ, մտավոր կարողություններով և ուրույն հայացքով»։

Բեռլինալեի տնօրեն Թրիշա Թաթլը հավելում է․ «Նշելով «Generation»-ի 50-ամյակը՝ մենք արժևորում ենք նրա ժառանգությունը՝ միաժամանակ այն ավելի տեսանելի դարձնելով ամբողջ Բեռլինալեի շրջանակում։ «Բյուրեղյա արջերի» հանձնումը «Բեռլինալե Պալաստում» մեր երիտասարդ ժյուրիներին և նրանց ընտրած կինոգործիչներին հնարավորություն է տալիս ներկայանալու փառատոնի ամենամեծ բեմում։ Հաջողված ծրագրում կատարվող նոր լրացումներով մեր նպատակը և՛ մշակութային է, և՛ գործնական։ Մեզանից շատերը կինոն սիրել են դեռ մանկուց, և մենք ցանկանում ենք, որ «Generation»-ը նոր սերունդների մեջ ձևավորի նույն՝ ողջ կյանքում պահպանվող կապը կինոյի հետ՝ միաժամանակ օգնելով, որ բացառիկ ֆիլմերը հասնեն աշխարհի ավելի լայն լսարանների»։

«Generation»-ի նորացված ծրագիրը «Generation»-ի առանցքում նախկինի պես կմնա «Բյուրեղյա արջերի» համար անցկացվող մրցութային ծրագիրը, որը կներառի տասներկուսից տասնչորս միջազգային լիամետրաժ ֆիլմ։

Մրցանակակիրներին կշարունակեն որոշել հենց երիտասարդ հանդիսատեսները՝ երեխաներից կազմված «Generation Kplus» ժյուրին և դեռահասներից կազմված «Generation 14plus» ժյուրին։ Առաջին անգամ «Բյուրեղյա արջերը» կհանձնվեն Բեռլինալեի գլխավոր մրցանակաբաշխության ժամանակ՝ 2027 թվականի փետրվարի 19-ին, «Բեռլինալե Պալատում»։

Նոր՝ ոչ մրցութային «Generation Premieres» ծրագիրը կներկայացնի լայն լսարանի համար նախատեսված չորսից վեց ֆիլմ։ Փառատոնի խոշոր դահլիճներում կազմակերպվող այս պրեմիերաները կոչված են տարբեր տարիքային խմբերի նոր ու ավելի լայն լսարաններին հաղորդակից դարձնելու կինոյին և փառատոնային մշակույթին։

Կապ՝ ֆիլմերի, հանդիսատեսի և կինոարդյունաբերության միջև

Ընդլայնելով իր դերը՝ որպես մանկական և պատանեկան կինոյի ոլորտի առանցքային կենտրոն՝ «Generation»-ը նաև առավել սերտորեն կհամագործակցի «Berlinale Pro»-ի մասնագիտական հարթակների, մասնավորապես՝ Եվրոպական կինոշուկայի՝ «European Film Market»-ի (EFM) հետ։

Այս համագործակցությունը մանկական և պատանեկան կինոյի ոլորտում աշխատող կինոգործիչներին միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպելու ավելի լայն հնարավորություններ կընձեռի և կնպաստի նրանց ֆիլմերի կինոթատերային տարածմանը տարբեր երկրներում։

«Generation»-ի մասին

«Generation»-ը հիմնադրվել է 1978 թվականին՝ «Kinderfilmfest» անվամբ՝ դառնալով A դասի միջազգային փառատոնի շրջանակում երիտասարդ հանդիսատեսի կինոյին հատկացված աշխարհում առաջին մասնագիտացված հարթակներից մեկը։

2004 թվականին ծրագիրն ընդլայնվել է «14plus» մրցույթի ստեղծմամբ, որը նախատեսված էր 14 և ավելի բարձր տարիքի հանդիսատեսի համար։ 2007 թվականին բաժինը վերանվանվել է «Generation»՝ մանկական և պատանեկան ծրագրերը միավորելով Բեռլինալեի՝ այսօր արդեն միջազգային ճանաչում ունեցող որակյալ կինոյի մեկ միասնական բրենդի ներքո։

Բաժնի հիմքում այն համոզմունքն է, որ երիտասարդ հանդիսատեսը հետաքրքրասեր և ներգրավված դիտող է՝ սեփական քննադատական ձայնով։ Ծրագիրն ընտրում է ֆիլմեր, որոնք խորապես արձագանքում են երեխաների և դեռահասների հետաքրքրություններին՝ միաժամանակ գրավելով նաև այլ տարիքային խմբերի հանդիսատեսին։

«Բյուրեղյա արջերը» բացառիկ տեղ են զբաղեցնում Բեռլինալեի գլխավոր մրցանակների շարքում․ հաղթող ֆիլմերն ընտրում են հենց այն հանդիսատեսները, որոնց համար դրանք ստեղծվել են։ Երեխաներն ու դեռահասները ֆիլմերը գնահատում են իրենց չափանիշներով և սեփական հայացքով։ Տարիների ընթացքում «Բյուրեղյա արջի» են արժանացել աշխարհի տարբեր երկրների ֆիլմեր և կինոգործիչներ՝ սկսած Նթշավենի Վա Լուրուլիի «Փայտե տեսախցիկը» ֆիլմից, որը դարձել է «14plus» մրցույթի առաջին «Բյուրեղյա արջի» դափնեկիրը, մինչև Միշել Գոնդրիի «Մայա, վերնագիր տուր ինձ» ֆիլմը, որն այդ մրցանակն ստացել է 2025 թվականին։

Քոլմ Բայրեդի «Լուռ աղջիկը» ֆիլմը 2022 թվականին արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման, իսկ հետագայում դարձել է իռլանդերենով նկարահանված առաջին ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկարի»՝ «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ 

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը