Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնին 90 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել, որոնցից փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Փառատոնը կանցկացվի հուլիսի 12–19-ը, ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ ԿԳՄՍ  նախարարության հաղորդմամբ, կայացած ասուլիսում նշվել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնը վարկանիշավորվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից՝ ընդգրկվելով թոփ 50 փառատոների մեջ։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր փառատոնի սկզբից հավատացել են դրա կայացմանն ու եղել են գաղափարի կողքին. «Մենք սկսեցինք փառատոնը, որ կինո ունենանք, և այսօր կինոոլորտի աշխուժությունը վկայում է, որ ճիշտ ուղղության վրա ենք»:

 

voske-tsiarn-2026

Փառատոնի ծրագիրը համառոտ ներկայացրել է տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ «Ոսկե ծիրանի» փառատոնն ունի տարածաշրջանային և միջազգային ազդեցություն, ինչը կարևոր  ձեռքբերում է: Այս համատեքստում նա անդրադարձել է Կաննի կինոփառատոնի հետ համագործակցությանը։ Այս տարի այդ համագործակցության շրջանակում համատեղ արտարդրության չորս կարճամետրաժ ֆիլմ է ստեղծվելու՝ հայ և եվրոպացի ռեժիսորների համահեղինակությամբ:

Կարեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝  հայ-ֆրանսիական համատեղ արտադրության Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի «Միջազգային ժյուրիի» նախագահը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է՝ Ջեսիկա Հաուսները: Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մահմուդ Քալարին, որն իրանական կինոյի հայտնի օպերատորներից է, կգլխավորի «Տարածաշրջանային մրցույթի» ժյուրին։ Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանը։

voske-tsiarn-2026

«Մենք ունենք նաև հռչակավոր պատվո հյուր. աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին է՝ Օսկարի և բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր: Երևանյան հանդիսատեսին կներկայացվի նրա «Fatherland» նոր ֆիլմը», – ասել է Կարեն Ավետիսյանը:

Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝  կինոփառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային․ գլխավոր պաստառի հեղինակը հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է:


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05