«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Կինոփառատոնի շրջանակում կկայանա ռեժիսոր Անտոնեն Բոդրիի՝ Կաննի կինոփառատոնում ներկայացված մեծակտավ պատմական «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերան, որտեղ Ֆրանսիայի ազգային հերոս գեներալ Շառլ դը Գոլի կերպարը մարմնավորում է Սիմոն Աբգարյանը։

Ֆիլմը պատմում է 1940 թվականի դրամատիկ իրադարձությունների մասին, երբ Ֆրանսիան հանձնվեց նացիստական Գերմանիային, սակայն մեկ մարդ որոշեց շարունակել պայքարը՝ հակառակ բոլոր հանգամանքների։ Երկմասանի այս էպոպեան ներկայացնում է գեներալ դը Գոլի քաղաքական և մարդկային կայացման պատմությունը՝ ցույց տալով, թե ինչպես մեկ մարդու աննկուն կամքը կարող է ոգեշնչել հազարավորներին՝ ազատագրելու հայրենիքը բռնատիրությունից։

Անտոնեն Բոդրիի այս ֆիլմը ֆրանսիական կինոյի պատմության ամենաթանկարժեք արտադրություններից մեկն է։ Այն բացառիկ մանրակրկիտությամբ վերարտադրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Ֆրանսիան, ինչպես նաև այն ճակատամարտերը, որոնց մասնակցել են գեներալ դը Գոլի գլխավորած «Ազատ Ֆրանսիայի» ուժերը՝ հանուն երկրի ազատագրման։

Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական ուղի անցած Սիմոն Աբգարյանն իր կարիերան սկսել է 1980-ականների սկզբին ԱՄՆ-ում, այնուհետև միացել Արիան Մնուշկինի լեգենդար «Թեատր դյու Սոլեյ» (Théâtre du Soleil) թատերախմբին։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ հանդես է գալիս նաև կինոյում և հեռուստատեսությունում՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում։

Աբգարյանը համագործակցել է համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորների՝ Սեդրիկ Կլապիշի, Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Սալի Փոթերի, Ֆաթիհ Աքընի և այլոց հետ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկու, Միսաք Մանուշյանի և բազմաթիվ այլ պատմական ու գեղարվեստական կերպարներ, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շառլ դը Գոլի դերում Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» ֆիլմում, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում։

Սիմոն Աբգարյանը բազմիցս արժանացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր թատերական պարգևներից մեկին՝ «Մոլիեր» մրցանակին։ 2001 թվականին նա ճանաչվել է «Լավագույն դերասան», իսկ 2020 թվականին արժանացել է «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու դրամատուրգ» մրցանակներին։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։