«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Դիլիջանը դարձավ միջազգային կինոհամայնքի ներկայացուցիչների հանդիպման և մշակութային բացահայտումների կենտրոն։ Ֆորմլաբ» ընկերության նախաձեռնած «Քաղաքի արվեստի կոդ» նախագծի շրջանակում փառատոնի հյուրերն այցելեցին քաղաք՝ ծանոթանալու նրա պատմամշակութային ժառանգությանը, ստեղծագործական միջավայրի ոգուն և արվեստի միջոցով ձևավորվող նոր նախաձեռնություններին։
Շրջայցի ընթացքում նրանք եղան պատմական Շարամբեյան փողոցում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում, որտեղ ծանոթացան նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրությանը։
«Քաղաքի արվեստի կոդ» նախագծի հիմնադիր Լուսինե Պապոյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է վերարժևորել Դիլիջանի մշակութային ինքնությունը, բացահայտել քաղաքի ստեղծագործական ներուժը և արվեստի միջոցով ձևավորել հիշողության, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման նոր հարթակներ։ Նրա խոսքով՝ Դիլիջանում իրականացված այս նախաձեռնությունը նախագծի կարևոր հանգրվաններից մեկն է, որը միավորեց միջազգային կինոհամայնքի ներկայացուցիչներին, հայկական մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը։
Եվրոպական կինոյի ճանաչված պրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին նշեց, որ Հայաստանը վաղուց արդեն իր համար հարազատ երկիր է դարձել։ Նրա խոսքով, սա Հայաստան կատարած արդեն վեցերորդ կամ յոթերորդ այցն է, սակայն Դիլիջան նա այցելել էր առաջին անգամ։ «Ֆրանսիայում Հայաստանը և հայկական մշակույթը բավականին ճանաչված են։ Դրան մեծապես նպաստել են բազմաթիվ հայ արվեստագետներ, ուստի Հայաստանը մեզ համար միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել»,– ասաց Վելինսկին։
Նա տարիներ շարունակ համագործակցում է հայ երիտասարդ կինոգործիչների հետ։ Առաջին անգամ Հայաստան է եկել կինոարտադրական ծրագրերի շրջանակում, իսկ հետագայում մի քանի անգամ վերադարձել է՝ երիտասարդ ռեժիսորների համար աշխատարաններ վարելու նպատակով։ Հենց այդ համագործակցության ընթացքում, նրա խոսքով, ձևավորվել է ցանկությունը նպաստելու, որպեսզի հայկական կինոն առավել տեսանելի դառնա միջազգային հարթակներում։ «Մենք հաճախ տեսնում ենք սփյուռքահայ հեղինակների ֆիլմերը, սակայն Հայաստանի կինոռեժիսորների աշխատանքները դեռևս հազվադեպ են հայտնվում միջազգային կինոփառատոներում։ Իսկ ես համոզված եմ, որ այստեղ կան բացառիկ տաղանդներ և ինքնատիպ պատմություններ, որոնք արժանի են միջազգային ճանաչման»,- ընդգծեց նա։
Այս տարի Վելինսկին Հայաստան է վերադարձել արդեն նոր առաքելությամբ՝ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարածաշրջանային ծրագրի ժյուրիի անդամ։ Նրա մասնակցությամբ կընտրվեն չորս երիտասարդ հայ կինոռեժիսորներ, որոնք հնարավորություն կստանան արտասահմանցի գործընկերների հետ համատեղ նկարահանել չորս ֆիլմ։ Նախագծի արդյունքները կներկայացվեն հաջորդ տարվա Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Cannes Docs շաբաթվա ընթացքում։ Խոսելով Դիլիջանի մասին՝ եվրոպացի պրոդյուսերը նշեց, որ քաղաքն ունի բացառիկ կինեմատոգրաֆիկ ներուժ։ «Այն, ինչ հասցրել եմ տեսնել, արդեն իսկ մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Բնությունը, լեռները, անտառները, մթնոլորտը՝ այս ամենը չափազանց կինեմատոգրաֆիկ է։ Կարծում եմ, Դիլիջանը հրաշալի վայր է պատմություններ պատմելու և կինո ստեղծելու համար»,- եզրափակեց նա։
«Քաղաքի արվեստի կոդ» նախագծին միացան քաղաքի կրթական կենտրոններ (Դիլիջանի կենտրոնական դպրոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն), մշակութային հաստատություններ (Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ) և հյուրընկալող գործընկերներ («Վարդո գրուպ» ՍՊԸ՝ «Թավա» և «Կճուճ» ռեստորաններ, «Դիլիջանի տուն», ինչպես նաև «Չեմի Ապիցիուս Արմենիա» ուսանողական սրճարան)։
Վովա Արզումանյան
Լուսանկարները՝ Հայկո Բադալյանի



