Ալեքսանդրա Ստրոս. «Մոնտաժը զգալու և պատմելու ձիրքի մասին է»
Ֆրանսիացի մոնտաժի ռեժիսոր Ալեքսանդրա Ստրոսն իր մասնագիտական ուղին սկսել է դեռևս 1993 թվականին։ Մինչ լիամետրաժ խաղարկային և վավերագրական կինոյին անցնելը, նա տարիներ շարունակ հղկել է իր վարպետությունը՝ որպես օգնական աշխատելով կինոյի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Ֆիլիպ Գարելը, Էլեոնոր Ֆոշեն, Օսամա Մուհամեդը, Բենուա Գրաֆենը և Ռաուլ Պեկը։ Նրա կարիերայում շրջադարձային եղավ հատկապես «Ես քո նեգրը չեմ» (I Am Not Your Negro) ֆիլմը, որը դարձավ նրա և Ռաուլ Պեկի երրորդ համատեղ աշխատանքը (ի դեպ, 2026-ի դրությամբ նրանց ստեղծագործական տանդեմն արդեն ութ ֆիլմի հեղինակ է)։
Այս նախագիծը ոչ միայն փոխեց Ստրոսի կյանքը՝ արժանանալով «Օսկարի» անվանակարգի, ֆրանսիական «Սեզարի» և բրիտանական «BAFTA»-ի, այլև մասնագիտական հանրությանը ստիպեց խոսել նրա ուրույն ձեռագրի մասին։ Ստրոսի արվեստում ռիթմը, կադրից դուրս ձայնն ու պատկերը միահյուսվում են սյուրռեալիստական ազատությամբ՝ բարդ իմաստները հասանելի դարձնելով բոլորին։
Հաջողությունից հետո մոնտաժի ռեժիսորը սկսեց ավելի ընտրողաբար մոտենալ իր նախագծերին՝ նախապատվությունը տալով հզոր, քաղաքական կամ անձնական պատմություններին։ Նա առանձնակի հպարտությամբ է խոսում Շահրբանու Սադաթի հետ համագործակցության մասին, որտեղ տարբեր մշակութային ակունքները դարձել են ստեղծագործական լավագույն լուծումների աղբյուր։ Ստրոսի համար յուրաքանչյուր նոր ֆիլմ մի մարտահրավեր է՝ բացահայտելու իրեն անծանոթ աշխարհներն ու ձևերը։
Նրա մասնագիտական պորտֆոլիոյի առանցքային գործերից են նաև Մարկուս Լինդինի «Լաստը» (The Raft), որտեղ նա վարպետորեն համադրել է ստուդիական հարցազրույցներն ու արխիվային կադրերը, և Ռաուլ Պեկի 4-ժամյա էպիկական «Ոչնչացրեք բոլոր բարբարոսներին» նախագիծը։ Իր աշխատանքի համար նա երկու անգամ առաջադրվել է շվեդական «Օսկարի» (Guldbaggen) և արժանացել բազմաթիվ մրցանակների ԱՄՆ-ում։ Հատկանշական է, որ Ալեքսանդրա Ստրոսի ստեղծագործական էներգիան չի սահմանափակվում միայն կինոյով. նա նաև երկու վեպի հեղինակ է, որոնցում շարունակում է իր սիրելի «խաղը» իրականության և երևակայության սահմանագծին։
Kinoashkharh.am-ը հնարավորություն է ունեցել զրուցելու Ալեքսանդրա Ստրոսի հետ։
-Ալեքսանդրա, մոնտաժը կինոարտադրության առանցքային փուլն է։ Որպես պրոֆեսիոնալ, որտե՞ղ եք տեսնում տեխնիկական հմտության և զուտ արվեստի սահմանը: Արդյո՞ք դա այն պահն է, երբ սկսում եք խախտել կանոնները՝ հանուն հուզական ազդեցության:
– Ես ինձ բնավ տեխնիկական մասնագետ չեմ համարում։ Ինձ համար տեխնիկան ձանձրալի է, և ես չեմ կարծում, որ մոնտաժի մեջ կան օրենքներ, որոնց պետք է հետևել։ Ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգուտ է տալիս ֆիլմին։ Կադրերը հերթականությամբ իրար կողք դնելը դեռ մոնտաժ չէ, իսկ օգտագործվող գործիքները մեծ գիտելիքներ չեն պահանջում։ Կարծում եմ՝ մոնտաժը ընտրություն կատարելու մասին է՝ ի՞նչը պահել, ո՞ր տեսանկյունն ընտրել, ի՞նչ տևողություն, ի՞նչ ռիթմ կամ կադրավորում։ Այս ամենը պահանջում է զգայունություն, պատմություն պատմելու ձիրք և մշտապես հանդիսատեսի տեղում լինելու ունակություն։ Ես չգիտեմ, թե երբ է սկսվում արվեստը։ Ֆիլմից լավագույնն ստանալու համար նախ պետք է ծառայել պատմությանը, բայց երբեմն դու ավելացնում ես պահեր, որոնք սցենարում չկային՝ լռության պահեր, զուտ կինոյի պահեր, որոնք ֆիլմին միայն հուզական դող են հաղորդում։
-Մոնտաժողի աշխատանքը ենթադրում է ժամերով մեկուսացում և ինտենսիվ կենտրոնացում։ Ո՞րն է այն հիմնական շարժիչ ուժը կամ «հայտնությունը», որն օգնում է Ձեզ այդ ընթացքում, նույնիսկ ամենահոգնեցուցիչ պահերին: Արդյո՞ք դա կադրի մեջ թաքնված նորահայտ իմաստն է, թե՞ ռեժիսորի հետ համագործակցությունից ծնված լուծումը:
–Մեկուսացումն ու կենտրոնացումը, իհարկե, աշխատանքային գործընթացի բանալիներն են։ Աշխատանքի ընթացքում իմ ամենասիրած պահերը շատ են։ Նկարահանված նյութը դիտելը հուզիչ է, բայց այն ուղեկցվում է անհամբերությամբ՝ դրանց հետ «խաղալու» համար։ Դա այն պահն է, երբ դու ստանում ես քո առաջին էմոցիաները նյութի նկատմամբ, և դրանք կարևոր է հիշել, քանի որ հետագայում, մոնտաժի ընթացքում բազմիցս դիտելով, դու կամաց-կամաց սովորում ես այդ նյութին: Առաջին մոնտաժը լավագույն պահը չէ. այն ի հայտ է բերում խնդիրները և հաճախ հուսահատեցնում է ռեժիսորներին։ Բայց հետո, երբ սկսում ես վերադառնալ ֆիլմի մասին ռեժիսորի երազանքին, երբ սկսում ես զգալ սցենարը, հեռացնել ավելորդ կադրերն ու տեսարանները և հասնել այնպիսի սահունության, որն ընկալվում է բնականորեն՝ կարծես ոչ մի աշխատանք էլ չի արվել, այլ պարզապես կադրերի ու տեսարանների անվիճելի հաջորդականություն է, որն էլ հենց դառնում է վերջնական մոնտաժը։
-Վավերագրական կինոյում մոնտաժողին հաճախ անվանում են «երկրորդ ռեժիսոր» կամ «սցենարիստ», քանի որ կառուցվածքը հաճախ ձևավորվում է հենց մոնտաժի սեղանի շուրջ: Ձեր փորձառության մեջ եղե՞լ են դեպքեր, երբ նկարահանված նյութը թելադրել է բոլորովին այլ պատմություն, քան ի սկզբանե ծրագրված էր: Որքանո՞վ եք Ձեզ թույլ տալիս միջամտել ֆիլմի դրամատուրգիային:
– Վավերագրական ֆիլմի մոնտաժն ամենամեծ մարտահրավերն է, քանի որ դու ունես մտադրություններ, բայց հաճախ չունես սցենար։ Կամ ունես սցենար, բայց չունես ավարտ կամ ձևաչափի առաջարկ։ Այնպես որ, այո՛, երբեմն կարելի է ասել, որ դու երկրորդ ռեժիսորն ես։ Բայց ես փորձում եմ պարզապես ռեժիսորի մտադրություններին տալ լավագույն կինեմատոգրաֆիական ձևը՝ փորձելով գտնել իմաստը և լինել ռեժիսորի գլխի մեջ, որպեսզի ծառայեմ նրա գաղափարների ու մտադրությունների աշխարհին։
– Ի տարբերություն վավերագրական ֆիլմերի, խաղարկային կինոն հիմնվում է հստակ սցենարի և դերասանական խաղի վրա: Որո՞նք են այն հիմնարար սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք գեղարվեստական կինոյում: Ինչպե՞ս եք հավասարակշռում ռեժիսորի տեսլականը Ձեր մասնագիտական կանխազգացման հետ, հատկապես տեսարանի ներքին տեմպի հարցում:
– Խաղարկային ֆիլմերի մոնտաժը նույնպես ծառայում է ռեժիսորին, բայց այստեղ դու այն մարդն ես, ով բերում է թարմ հայացք։ Քանի որ դու ներկա չես եղել նկարահանումներին և չես տեսել դրանց հետ կապված խնդիրները, դու դառնում ես այն «նոր աչքերը», որոնք ընտրում են դուբլերի միջև և վերակառուցում ֆիլմը նախնական մտադրություններից՝ խորանալով պատմության ու կերպարների մեջ, ազատելով ֆիլմը թե՛ նկարահանման ընթացքի, թե՛ սցենարի կաղապարներից։
– Դուք աշխատել եք տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ: Հավատո՞ւմ եք «մոնտաժի համընդհանուր լեզվին», թե՞ գտնում եք, որ ժամանակի զգացողությունն ու ռիթմը, օրինակ՝ ֆրանսիական կամ ասիական կինոյում, պահանջում են բոլորովին այլ մտածողություն: Ինչպե՞ս եք հարմարեցնում Ձեր «մոնտաժային լսողությունը» տարբեր ազգային կինոդպրոցների հետ աշխատելիս:
– Երբ աշխատում եմ ինձնից տարբեր երկրների ու մշակույթների ռեժիսորների հետ, ինչպես աշխատել եմ աֆղանների, պակիստանցիների, չինացիների կամ մոնղոլների հետ, ես երկու պարտականություն ունեմ. պատմությունը դարձնել հասկանալի և հուզիչ աշխարհի ցանկացած հանդիսատեսի համար, քանի որ մեր հույզերի մեծ մասը համամարդկային են, և միևնույն ժամանակ հավատարիմ մնալ այն մշակութային աշխարհին, որի վրա աշխատում ենք։ Սա նշանակում է բազմաթիվ քննարկումներ ռեժիսորների հետ իրենց երկրի, սովորույթների, կյանքի մանրուքների մասին, որպեսզի ես կարողանամ դրանք պարզ դարձնել բոլորի համար։ Իհարկե, ինչ-որ բաներ ճանապարհին կկորչեն, բայց նպատակը համընդհանուր ըմբռնմանը հնարավորինս մոտենալն է։
Զրուցեց Վովա Արզումանյանը