Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 25-29-ը  Երևանում և Գյումրիում ։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը` 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է՝ «Մշուշը վերացել է» ռեժ. Սեյեդ Ալի Ղասեմի, Իրան: Հունիսի 26,27-ին փառատոնային ծրագիրը տեղի կունենա Կինոյի տանը: Փառատոնի միջոցառումները հունիսի 28,29-ին կշարունակվեն Գյումրիում,հունիսի 28-ին` Թումո-Գյումրիում,հունիսի 29-ին  ժամը՝19։00, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը,իսկ  աջակիցն է ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

9-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ,դիտում-քննարկումներ,վարպետության դասեր,կլոր սեղաններ,շնորհանդեսներ,փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։ Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է՝ «Միջազգային ծրագիր»՝խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, «Ազգային ծրագիր»՝խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր,«Ուսանողական ծրագիր»՝խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։

Փառատոնի ծրագրի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ փառատոնի պաշտոնական կայքից՝  https://www.ysff.am/, ֆեյսբուքյան և  ինստագրամյան էջերից:

Երևանի կարճամետրաժ  ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի ստացել է 95 երկրից հայտեր։Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝22 երկրից   (Լյուքսեմբուրգ, ԻԻՀ, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Բելգիա, Լեհաստան, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Հունգարիա, Հորդանան, Պաղեստինի Պետություն, Իտալիա, Շվեյցարիա, Չինաստան, Կանադա, Ռումինիա, Կաբո Վերդե,Ղազախստան, Նիդերլանդներ), որից 15-ը՝ ազգային ծրագրում, իսկ 24-ը՝ միջազգային ծրագրում:Հայաստան են ժամանելու կինոգործիչներ ներկայացնելու իրենց աշխատանքները։Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ,կինոյի ինստիտուտների, փառատոնների և կինոընկերությունների ղեկավարներ։Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Վենետիկ, Սանդենս, Լոկառնո, Բեռլին,Կանն, Կլերմոն-Ֆերան, Սան Սեբաստիան, Ռոտերդամ, Տալլինի «Սև գիշերներ»  փառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Լեհաստանից, Իտալիայից,Շվեցարիայից,ԻԻՀ-ից, Ֆրանսիայից, Հորդանանից, Պաղեստինի Պետությունից, Մեծ Բրիտանիայից,Հունգարիայից, Հարավային Աֆրիկայից,Լիբանանից,Նոր Զելանդիայից:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժուրիի նախագահն է՝ կինոռեժիսոր,հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր Սոսո Բլիաձեն, իսկ անդամներն են՝ դերասանուհի,պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, կինոռեժիսոր Արշալույս Հարությունյանը։Ժուրին մրցանակներ կհանձնի 12 անվանակարգերում:

 Փառատոնի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին կինոռեժիսոր,պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից։Այն  filmfreeway.com հեղինակավոր հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոններից է։Փառատոնի գեղարվետական ղեկավարը Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝  ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը։ Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողների, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը, ինչպես նաև օժանդակելու երիտասարդ ստեղծագործողներին ինտեգրվել  ժամանակակից կինոյում՝  խթանելով հայ և օտարազգի կինոգործիչների միջև փորձի փոխանակումը:

Փառատոնի ռազմավարական նպատակներից մեկն է նաև մայրաքաղաքի բրենդն օգտագործել ի նպաստ Հայաստանի ընդհանուր մշակութային միջավայրի ակտիվացման և փառատոնն ապակենտրոնացնելու յուրաքանչյուր տարի բացի Երևանից անցկացնել ՀՀ մարզերում: Փառատոնային ծրագիրը արդեն իսկ անցկացվել է`  ՀՀ Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի,Գեղարքունիքի մարզերում: