Golden Globes Silk Road Tribute Gala-ի առաջին միջոցառումը կանցկացվի Ուզբեկստանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 23-ին և 24-ին։ «Ոսկե գլոբուս» (Golden Globes) մրցանակաբաշխությունն հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի և հեռուստատեսության ոլորտում ակնառու նվաճումները մեծարող նոր նախաձեռնության մասին՝ վերահաստատելով իր շարունակական հանձնառությունը՝ արժևորելու կինոյի և հեռուստատեսության բացառիկ ձեռքբերումները աշխարհի բազմամշակութային միջավայրերում։

«Որպես մեր շարունակական հանձնառության մի մաս՝ մեծարելու արվեստի գերազանցությունը, մենք շարունակում ենք կենտրոնանալ այն վարպետության վրա, որն ընկած է մեծ պատմությունների հիմքում», – ասել է Golden Globes-ի նախագահ Հելեն Հյոնեն (Helen Hoehne)։ «Կենտրոնական Ասիան և Կովկասը հարուստ են ստեղծագործական ավանդույթներով և նոր, ինքնատիպ ձայներով։ Մենք հպարտ ենք գնահատելու այս պատմությունների հիմքում ընկած արվեստը և աջակցելու այն ստեղծագործողներին, ովքեր իրենց աշխատանքով դրանք ներկայացնում են համաշխարհային բեմում»։

Միջոցառումը  կներկայացվի Vivid Strategies ընկերության կողմից՝ Golden Globes-ի և տեղական գործընկեր Leto Productions-ի համագործակցությամբ։ Orlando John-ը կմիանա նախագծին՝ որպես Silk Road Tribute Gala-ի ստեղծագործական զարգացման և տաղանդների հետ հարաբերությունների կառավարման պատասխանատու։

Golden Globes Silk Road Tribute Gala-ն կնշի պատմական Մետաքսի ճանապարհի տարածաշրջանի կինոյի և հեռուստատեսության արվեստագետների բացառիկ նվաճումները՝ մեծարելով այն հարուստ մշակութային ժառանգությունն ու ստեղծագործական փոխանակումը, որոնք դարեր շարունակ կապել են Կենտրոնական Ասիան և Կովկասը։

«Սա պատմական պահ է մեր տարածաշրջանի համար», – ասել է Vivid Strategies-ի համահիմնադիր և գործընկեր Գեորգի Ռցխիլաձեն (Giorgi Rtskhiladze)։ «Տասնամյակներ շարունակ Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոգործիչները ստեղծել են բացառիկ աշխատանքներ, որոնք, ցավոք, հաճախ աննկատ են մնացել համաշխարհային լսարանի համար։ Այս նախաձեռնությունը բացում է նոր հնարավորություններ ճանաչման, մասնագիտական առաջընթացի և միջազգային համագործակցության համար։ Ես և մեր տեղական գործընկեր Leto Productions-ը անհամբեր սպասում ենք այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելուն»։

Միջոցառման ծրագրի, պատվավոր մրցանակակիրների և այլ մանրամասների մասին լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ։

Աղբյուր