Մերիլ Սթրիփը դժգոհ է ֆիլմերի «մարվելականացման» տենդենցներից
Մերիլ Սթրիփի մարմնավորած Միրանդա Փրիսլին միշտ էլ դժվար է եղել միանշանակ բնութագրել. նա մի ղեկավար է, որն առաջին հայացքից փշոտ է թվում, բայց իրականում շատ ավելի ըմբռնող է: «Սատանան կրում է Prada»-ի 2-րդ մասի աստղը վերջին հարցազրույցում նշել է, որ ինքը բարձր է գնահատում, թե ինչպիսի նրբերանգներով է օժտված իր կերպարը: Hits Radio Breakfast Show-ի եթերում լրագրող Ֆլյոր Իսթի հետ զրույցի ժամանակ վերջինս նշել է, որ 2006 թվականի ռոմանտիկ դրամայի շարունակությունն էլ ավելի է բացահայտում «Runway»-ի գլխավոր խմբագրի ավելի մեղմ կողմը՝ բավականին անկեղծ ու մտերմիկ ձևով:
«Չգիտեմ: Ինձ թվում է՝ դուք ստանում եք իրատեսական պատկերացում,- ասել է «Օսկարի» եռակի դափնեկիրը:- Կարծում եմ, որ երբ մենք այսօր փորձում ենք ֆիլմերը «մարվելականացնել»՝ ունենք չարագործներ և ունենք լավ տղաներ, ինչը շատ ձանձրալի է։ Եվ այն, ինչն իսկապես հետաքրքիր է կյանքում, այն է, որ որոշ հերոսներ ունեն թերություններ, իսկ չարագործները մարդկային են, հետաքրքիր և ունեն իրենց ուժեղ կողմերը: Այնպես որ, ահա թե ինչն եմ ես հավանում այս ֆիլմում: Այն ավելի անկանոն է ու իրական»։
Իրոք, նոր մասը շարունակում է նախկին օգնականից գրեթե աշակերտի վերածված Էնդի Սաքսի (Էնն Հեթուեյ) և նորաձևության ամսագրի գլխավոր հրամանատարի (HBIC) լարված հարաբերությունները: Մինչ Միրանդան բախվում է հանրային դժգոհությանն ու հրատարակչական ոլորտի անկման ճնշմանը, Էնդին կրկին ձգտում է ստանալ նրա հավանությունը՝ միաժամանակ հավատարիմ մնալով խիստ լրագրության իր որոնումներին:
Ֆիլմի շարունակության մեջ կրկին հանդես են գալիս Էմիլի Բլանտը, Սթենլի Տուչին, Թրեյսի Թոմսը և Տիբոր Ֆելդմանը, իսկ դերասանական կազմին միացել են Քենեթ Բրանան, Սիմոն Էշլի, Լյուսի Լյուն, Ջասթին Տերուն, Բ. Ջ. Նովակը, Փոլին Շալամեն, Ռեյչել Բլումը, Պատրիկ Բրեմոլը, Կոնրադ Ռիկամորան և Լեդի Գագան:
Թեև որոշ գրախոսություններ, այդ թվում՝ Deadline-ի կարծիքը, այնքան էլ տպավորիչ չէին, ֆիլմը մեծ հաջողություն ունի հանդիսատեսի շրջանում՝ ինչպես տոմսարկղերում, այնպես էլ հասարակական կարծիքի դատարանում: