Ֆրանսիական կինոյի խորհրդանիշ Անուկ Էմեի ծննդյան 94-ամյակի առիթով ընթերցողներին ենք ներկայացնում մի քանի հատված դերասանուհու տարբեր հարցազրույցներից:

Կեղծանվան մասին

– «Պատկերացրեք, թե ինչպես է հնչում իմ «օրինական» ազգանունը՝ Դրեյֆուս: Դա ակնհայտորեն կինոյի համար չէ։ Պատմությունը պարզ է. իմ երկրպագուներից մեկն ինձ անվանում էր aimee՝ «սիրելի»: Ես մտածեցի, որ գեղեցիկ է հնչում… Ինչո՞ւ ես էլ չդառնամ «սիրելի»: Ահա այսպես ես հորինեցի իմ ազգանունը»։

Առաջին դերի մասին

– «Ես 17 տարեկան էի։ Ես խաղում էի Ջուլիետայի դերը «Վերոնացի սիրահարները» ֆիլմում: Ինձ այդ դերին հաստատեցին միանգամից։ Ինչպես ասում էր ռեժիսորը, ես օժտված էի հսկայական խառնվածքով և համապատասխան արտաքինով։ Այնպես որ, ինձ էլ էր թվում, թե դերը հենց իմ մասին է գրված։ Չեմ կարող ասել, որ նկարահանման հրապարակում ինձ շատ դժվար էր։ Ռեժիսոր Անდրե Կայատը բարի էր ինձ հետ, սովորեցրեց ինձ «խաղալ աչքերով»։ Այն ժամանակ ես չէի հասկանում, որ այդպիսի խաղն ապագայում դառնալու է իմ այցեքարտը»։

Ֆելինիի մասին

– «Նա հույզերի մարդ է։ Հիմա նա քեզ սիրում է և ասում, որ դու լավագույնն ես։ Իսկ հինգ րոպե անց պնդում է, որ դու անտաղանդ ես։ Դա տանելը դժվար է։ Մենք նրա հետ վիճում էինք: Ավելի շուտ՝ վիճում էր նա: իսկ ես պարզապես գլուխս շրջում էի և դադարում խոսել նրա հետ: Ես նույնիսկ այսպիսի մտքեր ունեինի. «Հոգնեցի! Կհեռանամ այս «մեծ» Ֆելինիից!»։ Ես նույնիսկ նրան անվանում էի «վնասակար Ֆելինի»: Բայց ոչ մի տեղ էլ չէի գնում: Հենց պատրաստվում էի հեռանալ, նա անմիջապես ինձ հրավիրում էր… պիցցա ուտելու: Իսկ այդպիսի իտալական համեղ ուտեստից ես չէի կարող հրաժարվել: Հիմա ես հասկանում եմ, որ դա հիանալի ժամանակ էր: Ինչքա՜ն եմ կարոտում»։

Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմի հաջողության մասին

-«Ամենայն հավանականությամբ, այս ֆիլմը նկարահանվել է հենց այն ժամանակ, երբ պետք է նկարահանվեր։ Եթե այն նկարահանվեր երկու տարի շուտ՝ հաստատ լիակատար ձախողում կլիներ, մեկ-երկու տարի ուշ՝ նույնպես: Երևի օդում ինչ-որ բան կար այդ ժամանակ, մի բան, որը զգաց միայն Կլոդ Լելուշը։ Իսկ թե ինչ՝ չգիտեմ։ Բայց, երևի թե, աստղերը դասավորվել էին այնպես, որ կինոնկարը ստացվի։ Նույնիսկ այն փաստը, որ գումարը չբավականացրեց գունավոր ժապավենի համար (իսկ ֆիլմը սկզբում նախատեսվում էր գունավոր), օգուտ տվեց: Ես, օրինակ, չեմ կարող պատկերացնել «Տղամարդը և կինը» ֆիլմը գունավոր»։

Ամուսնալուծության և նոր ամուսնության մասին

–«Պարզապես ես սիրահարվեցի մեկ ուրիշ մարդու: Դերասանական միջավայրում դա պատահում է։ Կան բազմաթիվ գեղեցիկ և տաղանդավոր տղամարդիկ: Մի միջոցառման ժամանակ ես հանդիպեցի տաղանդավոր ռեժիսոր Նիկոսին և հասկացա, որ մենք ունենք, ինչպես հիմա են ասում, բնավորությունների և հետաքրքրությունների նմանություն: Սերը աներկրային, անբացատրելի զգացմունք է։ Այն գալիս է նույնքան անսպասելի, որքան և հեռանում։ Իմ նոր զգացմունքը տևեց երեք տարի: Եվ մարմնավորվեց հրաշալի մի էակի՝ դստեր՝ Մանուելայի մեջ: Էլ ի՞նչ կարող է ցանկանալ կինը»։

Սնապարծության մասին

-«Սնապարծությո՞ւն: Դա իմ մասին չէ: Ի՞նչ է սնապարծությունը դերասանուհու համար: Գլխավոր դե՞ր: Տեսնել սեփական անունը տիտրերո՞ւմ: Դատարկություն է։ Դերասանուհու համար գլխավորը լավ ռեժիսորն է։ Եվ ես ունեցել եմ նրանց…»

Կյանքի հանդեպ սիրո մասին

-«Ինչի՞ց պետք է ափսոսամ: Ոչինչից: Ափսոսանքը ժամանակ է խլում: Իսկ ինձ դուր է գալիս ապրել։ Ես չեմ ափսոսում իմ տղամարդկանց համար։ Ես երբեք չեմ փորձել որևէ մեկին հետ բերել: Ես ունեմ դուստր։ Ես ունեմ հրաշալի թոռ, որին համարում եմ իմ երկրորդ երեխան: Ես պարզապես ապրում եմ: Ես վայելում եմ յուրաքանչյուր օրը: Եվ դա հիանալի է»։

Կինոաշխարհ